«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Սրբել է պետք հանցավոր անտարբերության փոշին

Սրբել է պետք հանցավոր անտարբերության փոշին
08.05.2012 | 00:00

Երբ գրիչը ձեռքս առա` այս նյութը գրելու, ինձ զգացի մի իրավիճակում, կարծես կանգնած եմ եռադուռ տաճարի առաջ և տատանման մեջ եմ. ո՞ր դռնից ներս մտնեմ։ Մուտքերը տարբեր են, բայց տաճարի հիմքը, սյուները, գմբեթը նույնն են` Դերենիկ Դեմիրճյան-մարդ, քաղաքացի, փիլիսոփա, գրող, դրամատուրգ... Սերո Խանզադյանի փայլուն բնորոշմամբ` «Հայ գրականության հարատևող փառք, մեր լեզվական գանձի անսպառ շտեմարան։ Իր փիլիսոփայությամբ մեր հին, տառապած աշխարհի և վերածնվածի միջև կամուրջ էր Դեմիրճյանը»։

Խոսքս Դերենիկ Դեմիրճյան գրական հոյակերտ տաճարի մասին է, որը, թեպետ, «կործանումից ահուդող չունի», բայց, ավաղ, գրեթե «աղոթող էլ չունի»։ Նշածս առաջին դուռը տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանն է` նվիրյալ, սրտացավ` Դ. Դեմիրճյանի գրական, մարդկային և նյութական ժառանգությանը։ Երկրորդ դուռը Դեմիրճյանի «Դատաստան» դրամային նվիրված այն բաց դասն էր, որին ներկա եղա օրերս։

Չնայած շենքային անմխիթար և անհարմար պայմաններին, Կարինե Ռաֆայելյանը դրվատելի և նախանձելի համառությամբ, հետևողականությամբ, ներքին մղումով կենդանի, տրոփուն է պահում տուն-թանգարանի զարկերակը. այն միայն Դեմիրճյանի գրական երևույթի մասունքների պահպանման և ցուցադրման վայր չէ, գրական և մշակութային տաքուկ, ջերմ օջախ է, Մեծ հայի հիշատակն ու գործը հիշելի և լսելի դարձնելու, չասեմ` շեփորում կամ թմբկահարում, այլ խրախուսելի, դրվատելի ջանք։ Բաց դասի ժամանակ «Անանիա Շիրակացի» ճեմարանի և «Առաջնորդաց» դպրոցի աշակերտները դրվագ առ դրվագ վերլուծեցին, քննարկեցին դրամայի կառուցվածքը, լեզուն, հոգեբանական շերտերը, հերոսների վարքը, մարդկային, բարոյական նկարագիրը` զուգահեռներ տանելով արդի կյանքի և կենցաղի հետ։ Հատկապես «Շիրակացի» ճեմարանի սաները հաճելիորեն զարմացրին տրամաբանությամբ, անկաշկանդ և ինքնատիպ կարծիք հայտնելու, արտահայտվելու կարողությամբ։ Այսպե՛ս են սերունդ կրթում, կապում գրքի և գրականության հետ, զարգացնում ինքնուրույն մտածելու և ազնիվ դատելու կարողությունը։

Գալով երրորդ դռանը` շքամուտքին, դրվատելի ոչինչ չունեմ ասելու։ Նույն անմխիթար պատկերն է, ինչ այսօր մշակութային շատ ու շատ երախտավորների տուն-թանգարաններում, բացառյալ` Չարենցի, Թումանյանի, Իսահակյանի, Սարյանի։ Նույն անտեսված կարգավիճակն է` պետության, մշակույթի նախարարության և բարերարների կողմից։ Պարզվեց` տուն-թանգարանը վերջին անգամ վերանորոգվել է 1977-ին` Դեմիրճյանի 100-ամյակի առթիվ։ Չգիտեմ ինչից սկսել` նախատինքի՞ց, սթափության կոչի՞ց, թե՞... Ինձ համար զարմանալի են նաև ջավախքցիների պասիվությունն ու անտարբերությունը (մեր պարծանքներից մեկն է Դեմիրճյանը)։ Մշակույթի նախարարության անտարբերությունը` նման ոչ ռեկլամային, պահանջատեր և պահանջկոտ ժառանգներ չունեցող օջախների նկատմամբ, ասենք, մի կերպ հասկացանք, բայց ջավախքցիների անտարբերությունն ինձ` ջավախքցուս համար աններելի և զայրացուցիչ է։ Դեմիրճյանը սոսկ դասական գրող չէ, նա մեր ժամանակակիցն է և ապագա դարերում և՛ս ժամանակակից է լինելու իր անմահ գործերով։ Նա այժմ էլ մեզ հետ է, մեր յուրաքանչյուր օրվա, վայրիվերումներով լի կյանքի, նաև յուրաքանչյուր հայի մեջ։ Նայենք մեր շուրջը. որքա՜ն քաջնազարներ, հաջիաղաներ, «ավելորդ» սրբուններ, վասակներ, վարդաններ, շատ ու շատ դեմիրճյանական հերոսներ կան մեր մեջ։ Իսկ որքա՜ն շատ ունենք նրա հրաշագեղ հայերենի կարիքը, զտվա՛ծ, մաքրամաքո՛ւր հայերենի, որով հիացել են Չարենցի և Սևակի նման ոչ պակաս հարուստ և բարձրաճաշակ լեզու ունեցող հանճարները։ Իսկ նրա մարդկային նկարագի՞րը։ Դարձյալ մեջ բերեմ Սերո Խանզադյանի խոսքը. «Իմ սերնդի գրողները բախտավոր են, որ մենք ոչ միայն ապրեցինք Դեմիրճյանի հետ, այլև գրեթե ամեն օր լսում էինք նրան, նրա զրույցները, խորհուրդները, խրատները, հումորով շաղախված նրա խոսքը։ Նա մեզ ներշնչում էր լինել խիզախ, ազնիվ, բարի»։

Միայն այդ շնորհներով օժտված մարդը կարող է ներշնչել նման որակներ, և առհասարակ, շատ շատերի և հատկապես Սերո Խանզադյանի գրչով անմահացել է նաև Դեմիրճյան մարդ-քաղաքացու դիմանկարը` նրբազգաց, բարի, չափի զգացմամբ, արդարամիտ, սրամիտ, կամեցող, աննախանձ, անաչառ։

Ինչպե՞ս և ինչո՞ւ հասանք մշակութային այս անկմանը։ Որովհետև պետական սրտացավ վերաբերմունք չկա, որովհետև գիրք չենք կարդում, որ հարուստ ներաշխարհ ձևավորենք, որովհետև այլ «արժեքների» դավանողն ու հետևորդը եղանք` հետամնաց չկոչվելու համար (հայկական անբուժելի հիվանդություն), որովհետև դարերի և ժամանակի վավերաթղթի վրա, անփութության և անհեռատեսության անջնջելի կնիքով հաստատված է` գնահատել, պահպանել չգիտենք այն, ինչը մեր իսկակա՛ն, հոգևո՛ր գանձն է, մեր հարստությունը, ինքնատիպ ձեռագիրը, դիմագիծն ու անձնագիրը, ազգային հավաքական այցեքարտը` մեր մշակույթը, և այդ մշակույթը կերտած երախտավորներին, նրանց թողած ժառանգությունը։

Խոսք չկա, բոլորս միասին փայլո՜ւն «նշեցինք» Մեծ հայի 135-ամյակը` առանց արձանի, առանց պատշաճ տոնակատարության, առանց արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու տուն-թանգարանի, նրա թողած գրական ժառանգության հանդեպ։

Միայն Կարինե Ռաֆայելյանի ինքնայրումն ու պատեպատ զարկվելը քիչ են, միայն նրա ջանքերով ո՛չ հանցավոր անտարբերության փոշին կսրբվի, ո՛չ միտումնավոր մոռացության կամաց-կամաց իջնող վարագույրը կպատռվի, ո՛չ էլ այդ ամենն անող միայնակ ձեռքը ծափ կտա։ Այս ամենի առաջ պատվար դնելու համար նախ ընթերցել և թափանցել է պետք Դեմիրճյանի հայրենասեր, հայասեր, մարդասեր աշխարհը։ Փոխել է պետք հայի հոգեբանությունը կամ մի նոր «Հայը» էսսե գրել։

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ