38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թաղային հեղինակությունից մինչև ազգային արժանապատվություն

Թաղային հեղինակությունից մինչև ազգային արժանապատվություն
12.09.2008 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ՄԵՐ ՈՒՍԵՐԻՑ ՄԻ ՄԵԾ ՀՈԳՍ ԿՊԱԿԱՍԻ»
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար)
-Սեպտեմբերի 11-ին լսվելու է Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանն այս առնչությամբ բավարար քայլեր կատարե՞լ է։
-Կատարված քայլերը բավարար են։ Այլ հարց է, թե դրանք գնահատելիս ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերվի։
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք։
-Ակնկալում եմ, որ նրանք պետք է կարողանան Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրողություններին ճիշտ գնահատական տալ՝ հաշվի առնելով դրանց ծավալն ու իրագործման դժվարությունները։ Այդ ամենը մեկ կամ երկու մարդու հետ կապված չէ, այլ՝ հազարավորների։
-Սակայն առնվազն երկու հարցի առնչությամբ ԵԽԽՎ-ն ստույգ ժամկետ է դրել Հայաստանի առջև մինչև սեպտեմբերի 11-ը, այդ թվում նաև՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Մինչդեռ այս առումով, կարծես, ոչինչ չի փոխվել։
-Նախ` նրանք երբեք «քաղբանտարկյալ» բառը չեն օգտագործել, լրագրողներդ եք այդպիսի գնահատական տալիս։ Եթե կա քրեական գործ, ապա դատարանը կարող է այդ հարցին լուծում տալ, ոչ թե Եվրախորհրդի որևէ կառույց։ Ի՞նչ է, հեռվից կարելի է նկատել, որ մեկը քրեական հանցանք է կատարել, մյուսը՝ ո՞չ։ Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր երկրում ոչ մի դատապարտյալ չլինի։ Բայց արդյոք մեր հասարակությունը կհանդուրժի՞ այսպիսի մոտեցում։ Ի վերջո, երկրում տեղի են ունեցել աննախադեպ իրադարձություններ, որոնց համար պետք է պատասխանատուներ լինեն։
-ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, որը Դուք եք ղեկավարում, այս ողջ ժամանակաընթացքում որևէ արդյունքի հասե՞լ է, և այն Ձեզ գոհացնո՞ւմ է։
-Իմ գնահատականները, կարծում եմ, կլինեն շատ սուբյեկտիվ, սակայն մեր աշխատանքները միշտ եղել են ձեր տեսադաշտում ու այդպես էլ կշարունակվեն։
-Այդ պարագայում ո՞րն է փաստահավաք խումբ հրավիրելու անհրաժեշտությունը։
-Դրա ստեղծումը ԵԽԽՎ-ի պաշտոնյայի ցանկության շրջանակում է։ Չնայած այն ես ողջունում եմ, որովհետև մեր ուսերից մի մեծ հոգս կպակասի։
-Դուք վերջերս դժգոհություն հայտնեցիք ոստիկանությունից՝ Ձեզ համապատասխան տվյալներ չտրամադրելու համար։
-Ես իմ պահանջած փաստաթղթերը կստանամ դատախազությունից։ Հարցադրումներն ուղարկել էի նախաքննական մարմին, որը դրանք համարել էր նախաքննական գաղտնիք։
-Սեպտեմբերի 15-ին ընդդիմության հանրահավաքն արտոնվել է։ Ի՞նչ է փոխվել։ Իշխանություններն ընդդիմության հանդեպ նոր մոտեցո՞ւմ են ցուցաբերում։
-Փոխվել են այն հիմնավորումները, որոնց առկայության պայմաններում հանրահավաքի արտոնումը չէր թույլատրվում։ Եթե իշխանությունները սկսել են արտոնել, ապա այս փաստը շատ ողջունելի է։ Սա այն է, ինչ ընդդիմությունը ցանկանում էր։
«ԿՈԼԱԺԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԵՎ ՔԾՆԱՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ)
-Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Դուք վրդովմունք հայտնեցիք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերանշանից Արարատ լեռան պատկերը հանվել է։ Ձեր գործընկերներից մեկն էլ դա համարեց Գյուլի՝ Հայաստան այցի երաշխիք։
-Իրողությունն այն է, որ տարբերանշանը փոխվեց խաղին նախորդող մի քանի օրերի ընթացքում։ Կարծում եմ, սրանով իմ արժանապատվությունը մի քանի առումով ոտնահարվել է։ Նախ՝ չի կարելի մեր զինանշանի նկատմամբ նման կոլաժային վերաբերմունք ցուցաբերել, որն անպատվություն է հենց մեր պետական խորհրդանիշի՝ զինանշանի նկատմամբ։ Սա անպատվություն էր նաև Արարատի նկատմամբ։ Ավելին, ավելորդ քծնանք, ավելի կոմպլեմենտար քաղաքականություն Թուրքիայի հանդեպ, որի իրավունքը նա չի վաստակել։ Այսպիսով, բոլոր առումներով, նման նահանջն անընդունելի է։ Այն անհամեմատելի է անգամ ֆուտբոլային խայտառակ պարտությունների հետ։ Սա ազգային պարտություն է։ Որևէ մեկը, լինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, թե ֆուտբոլային թիմի համար մեծ ներդրում ունեցող անձ, իրավունք չունի մեր ազգային արժանապատվության հետ խաղալու։
-Դաշնակցության ակցիաները ևս քաղաքական թիմակիցների, և ոչ միայն նրանց, կողմից որակվեցին որպես ոչ նպատակահարմար քայլ։
-Մենք մի կողմից Հայ դատի խնդիրներն ենք բարձրացնում, մյուս կողմից` շեշտում, որ չհիմնավորված կոմպլեմենտար քաղաքականություն է իրականացվում։ Մեր քայլերով մենք կոալիցիայի որդեգրած ընդհանուր նպատակները չենք խախտում։ Դաշնակցությունը հավատարիմ է իր քաղաքական արժեհամակարգին։ Մենք միշտ գիտակցում ենք, որ Հայ դատի պաշտպանությունն ու ճանաչումը մեր քաղաքական օրակարգի գերակայություններից է։ Կոալիցիայի մեջ մտնելով՝ դաշնակցությունը երբեք չի նահանջել իր սկզբունքներից։
-Նոր իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում ցեղասպանության հարցը գերակա ուղղություն չէ, սակայն։
-Այսինքն, ջնջե՞նք մեր հիշողությունից ցեղասպանությունը։ Թուրքիան նախ և առաջ պետք է վերանայի իր անցյալն ու մաքրված խղճով անդամակցի եվրոպական ընտանիքին։
«ՄԵԿԸ ՎՐԵԺԽՆԴԻՐ Է ԼԻՆՈՒՄ, ՄՅՈՒՍԸ ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է» ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Պարոն Պետրոսյան, Ձեր որդին Նոր Նորք համայնքում կրկին թեկնածու է առաջադրվել։ Որոշ համայնքներում թաղապետի վերջին ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ դրանք առանց լուրջ միջադեպերի չեն անցնում։ Բացառո՞ւմ եք այդ ամենի կրկնությունը Նոր Նորքում։
-Որքան ես քաղաքականության մեջ եմ, Նոր Նորքում ընտրությունների ժամանակ երբևէ նման արտառոց դեպքեր չեն արձանագրվել։ Հույս ունեմ, որ այս անգամ էլ այդպես կլինի։ Որևէ արտակարգ դեպք, դանակահարություն, սպանություն չի լինի, որովհետև Նոր Նորքը մյուս համայնքներից տարբերվում է իր բնակիչների հանդուրժողականությամբ։
-Ասում են` Նորքում գործող համայնքապետը՝ Ձեր որդին, կաշառք է բաժանում։
-Դա հերյուրանք է։ Գործող թաղապետը չի կարող ընտրակաշառք բաժանել, քանի որ վեց տարի աշխատելով՝ բնակիչների խնդիրներն այնպես է լուծել, որ այժմ ժողովուրդը վազելով գնում է ընտրելու։ Կաշառքի անհրաժեշտություն չկա։ Այս տարիների ընթացքում Նորքի բնակիչները «կաշառք» ստացել են իրենց շենքերի, վերելակների վերանորոգումների և թաղապետի աջակցությամբ՝ այլ կարիքներ հոգալու տեսքով։ Կարիքավոր մարդկանց թիվը, ի տարբերություն մյուս համայնքների, այստեղ մեծ է։ Սա Երևանի ամենաաղքատ շրջանն է։
-Ամենաաղքատ շրջան լինելը հիմք չի՞ կարող լինել, որ թաղապետը կաշառք բաժանելով ձայներ հավաքի։
-Ամենաաղքատ շրջանն է, բայց մարդկանց գիտակցական մակարդակը շատ ավելի բարձր է։ Նոր Նորքի բնակչությունը գրագետ է և երբեք կաշառքով ընտրության չի գնա։
-Իսկ այդ ինչպե՞ս է ստացվում, որ այն համայնքներում, որտեղ ՀՀԿ-ն պաշտպանում է գործող թաղապետին, նրա ստացած քվեն ավելի շատ է լինում։
-Այդպես է, քանի որ ՀՀԿ-ն այսօր Հայաստանի ամենահզոր կուսակցությունն է՝ իր բազմահազար անդամներով։ Մասնավորապես, Նոր Նորքում ՀՀԿ-ն ունի վեց հազար անդամ, իսկ վեց հազար անդամ նշանակում է վեց հազար ընտանիք, ինչը բազմապատկելով՝ ստանում ենք 18 հազար մարդ, այսինքն՝ այսքան ընտրողը ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու։ Ահա այս հաշվարկից էլ ակնհայտ է, որ ՀՀԿ թեկնածուի հաղթանակն ապահովված է։
-Ասել է՝ ՀՀԿ-ի պաշտպանությամբ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը երաշխավորվա՞ծ է։
-Կուսակցության սատարմամբ, բնականաբար, թեկնածուի հանդեպ վստահությունը մեծանում է։
-Իսկ այն թեկնածուները, որոնք Ձեր որդու հետ են առաջադրվել, լո՞ւրջ մրցակիցներ չեն։
-Մենք նրանց մրցակից չենք դիտում, քանի որ թեկնածուներից մեկը չորս ամիս առաջ հեռացվել է թաղապետարանից և այժմ վրեժխնդիր լինելու համար է իր թեկնածությունն առաջադրել։ Մյուսը թաղային հեղինակություն է, որը ևս չի կարող լուրջ հակառակորդ դիտվել։
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5043

Մեկնաբանություններ