38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հենց երևում է տաղանդը, ամեն կողմից աշխատում են խոչընդոտել»

«Հենց երևում է տաղանդը, ամեն կողմից աշխատում են խոչընդոտել»
19.09.2008 | 00:00

«ԴԱԺԱՆ ԲԱՆ Է ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՅՈՒՐԻՑ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՆՑՆԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՂՈՎ»
Նոր ստեղծվող գրականությանը շատերը ծանոթ չեն, բայց արդեն արմատացած է այն կարծիքը, որ լավ գրականություն չունենք։ Այնուամենայնիվ, երիտասարդները ստեղծագործում են։ Գրողների միությունում գործում է երիտասարդ գրողների բաժանմունք։ 2006-ից լույս է տեսնում «Գրեթերթ» գրական, երիտասարդական ամսաթերթը։ Այն ազատ ասպարեզ է երիտասարդ գրողների համար։ Չկան սահմանափակումներ։ Միակ սահմանափակումը տարիքն է։
Զրուցակիցս արձակագիր, դրամատուրգ, «Գրեթերթ» ամսաթերթի խմբագիր ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆՆ է։
-Ինչպե՞ս է ընդունվում նորը...
-Ամեն նոր բան դժվարությամբ է ճանապարհ հարթում, ես նկատել եմ՝ 60-ականների մի սերունդ կար, որ այդ տարիներին շատ ավանգարդային էր, բայց տարիների հետ, չգիտես ինչու, դարձավ պահպանողական (չգիտեմ, գուցե ես էլ, Աստված ոչ անի, որոշակի տարիքում դառնամ այդպիսին)։ Նրանց թվում է, թե իրենց ձեռք բերած կամ աշխարհի կուտակած արժեքները նոր սերունդն ուզում է քանդել, փչացնել։ Ոչ մի նոր բան չեն ընդունում։ Մտածում են, որ այդպես էլ մնա, լավ է։ Բայց մոռանում են, որ այդպես չի լինում։ Ամեն նորը բերում է իրենը, հետո այդ նորն է դառնում պահպանողական, գալիս է ուրիշ նորը... Այս ընթացքը պետք է ապահովել, թեև եթե չապահովես էլ, միևնույն է, իրենք իրենցն անելու են։
-Եվ ինչպիսի՞ն է փոխհարաբերությունն ավագ ու երիտասարդ սերնդի գրողների միջև։
-Արտաքնապես թվում է նորմալ, բայց, ինչպես ասացի, հին սերունդը դժվարությամբ է ընդունում նորը։ Որոշ հարցերում գուցե ճիշտ են, բայց մոռանում են, որ իրենք էլ անփորձ են եղել և անցել են որոշակի ճանապարհ։ Միանգամից փորձված սերունդ չի գալիս։
-Երիտասարդներն էլ իրենց հերթին երևի չեն ընդունում հինը։
-Բոլորովին։ Երիտասարդները, ի պատիվ իրենց, շատ իրատես են։ Սիրում են գրականությունը և հին գրականությանը նայում են արժեքավորն ու անարժեքն իրարից զատելու աչքով։ Որովհետև եկավ մի շրջան, երբ ամեն բան խառնվեց իրար։ Շատ գովաբանված գրողներ, պարզվեց, ընդամենը խորհրդային պատվեր կատարողներ էին։ Նրանց ստեղծած գրականությունն այնքան էլ ուժեղ չէր։ Դաժան բան է գրականությունը. հարյուրից մեկը չի կարողանում անցնել ժամանակի մաղով։
-Դժվար չէ՞ տաղանդն ու անտաղանդն իրարից զատելը։ Քիչ չեն դեպքերը, երբ տարիներ հետո է բացահայտվում իսկական տաղանդը։
-Դա մի քիչ կախված է մեր մտածելակերպից։ Արվեստի շատ գործիչներ չեն կարողանում պատկերացնել, որ իրենց կողքին, իրենց հարթակում ապրող, իրենց փողոցում քայլող մեկը կարող է տաղանդավոր լինել կամ ավելի տաղանդավոր լինել, քան իրենք։ Դրա համար էլ հենց մի փոքր երևում է տաղանդը, ամեն կողմից աշխատում են խոչընդոտել։ Բայց իսկական տաղանդը, մեկ է, գտնում է իր տեղը։ Տաղանդը նաև շատ փխրուն է. եթե երիտասարդ է և դեռ չի ամրացել, կարող է և ջարդվել։
-Ո՞րն է Ձեր դրամատուրգիայի հաջողության գաղտնիքը։
-Իմ հաջողության գաղտնիքն այն է, որ լավագույն պիեսներս դեռ չեն բեմադրվել։ Ավելի շատ բեմադրվում են ժամանակին առնչվող, պատվերով գրված պիեսներս։
-Ժամանակը թելադրում է իր պահանջները։ Որո՞նք են այդ պահանջները նոր ստեղծվող գրականության համար։
-Լավ կլիներ, որ գրականության վրա ժամանակի պահանջները քիչ ազդեին։ Ժամանակի պահանջները թող ավելի շատ ազդեն ժամանակավորի վրա՝ շոու-բիզնեսի, լրագրության... Գրողը պետք է պահի ժամանակի զարկերակը, բայց առօրեական չպիտի լինի, օրվա մեջ չպիտի փակվի, այլ օրվանը պիտի ներկայացնի ընդհանրացումների մեջ։ Բայց դա արհեստական չի լինում, չես կարող մտածված այդպես վարվել, ինչ է թե գործն արժեքավոր լինի։ Սա տաղանդի խնդիր է։ Տաղանդավոր մարդը չի կարող սահմանափակվել այս օրվա նկարագրով՝ կարճ ընթացքի համար ծափերի արժանանալով։ Դու արդեն չես սպասում, որ ժամանակը կամ մարդիկ քո առաջ խնդիրներ դնեն։ Դու ինքդ ես խնդիրներ, չափանիշներ առաջ քաշում, ստեղծում քո իրականությունը։ Հետխորհրդային շրջանում, օրինակ, ըմբոստանալու խնդիր ունեինք, հոգնել էինք սոցռեալիզմի անընդհատ արգելքներից։ Դա առաջին արձագանքն էր, բայց հետո եկավ հավասարակշռության պահը։
-Այն, ինչ շատերի կարծիքով նորարարություն է, ազատ գրելաոճ, ոմանք որակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Չկա գռեհկաբանություն, եթե դա անում է տաղանդավոր մարդը, եթե նա գիտի` ինչ է անում և ինչի համար։ Օրինակ, Հ. Միլլերին Ամերիկայում չէին տպագրում սեռական չափազանցումների, ազատ գրելաձևի համար, բայց այսօր նա համարվում է Ամերիկայի եթե ոչ լավագույնը, ապա լավագույն գրողներից մեկը։ Պետք է կարդալ տեքստը, տեսնել՝ ինչու է դա արված։ Չէ՞ որ մենք ազատ ենք հիմա, այդքան տաբուներ չկան, պետք չէ վախենալ բառից։ Իհարկե, կան դեպքեր, որ պակաս տաղանդ ունեցող մարդը փորձում է այդ կերպ ուշադրություն գրավել, դրանով տարբերվել։
-Երիտասարդ ստեղծագործողների խնդիրներից ո՞րը կառանձնացնեիք։
-Երեկ ասում էինք, որ երիտասարդները քիչ են կարդում, այսօր արդեն շատ են կարդում, չափից շատ։ Իհարկե, ոչ բոլորի մասին է խոսքը, բայց կա ինտելեկտուալ մի խավ, որ ամեն ինչ «ուտում է» գրքերից, ինտերնետից։ Իսկ դրա արդյունքում կարող են կորցնել իրենց ես-ը։
-Իսկ կա՞ն անուններ, որ կառանձնացնեիք։
-Երիտասարդ սերունդը պայմանականորեն ունի իր ավագ սերունդը, նրանք արդեն «Գրեթերթում» հազվադեպ են տպագրվում՝ Մհեր Բեյլերյան, Արփի Ոսկանյան, Վահե Արսեն, Հովհաննես Թեքգյոզյան։ Մինչև 30 տարեկան գրողներից կառանձնացնեմ Արամ Պազյանին, Հրաչյա Սարիբեկյանին, Սարգիս Հովսեփյանին, Համբարձում Համբարձումյանին, Աննա Դավթյանին...
-Փաստորեն, բավական շատ անուններ կան։
-Այո, և դեռ ոչ բոլորին եմ նշել։ Տաղանդավոր երիտասարդներ են։ Պետք է աշխատեն։
-Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում և ինչո՞վ եք զբաղված հիմա։
-Իմ և Վիգեն Չալդրանյանի համատեղ սցենարի հիման վրա նկարահանվում է «Մաեստրո» ֆիլմը։ Խոստանում է հետաքրքիր լինել։ Ես, իմ սովորության համաձայն, չեմ մասնակցում նկարահանումներին։ Շատ բան, իհարկե, փոխվում է։ Կինոն կոլեկտիվ արվեստ է՝ օպերատոր, դիմահարդար, ռեժիսոր, լույս, գույն, ի վերջո՝ մոնտաժ, որի ժամանակ կարող է ամեն բան փոխվել, և արածիցդ ոչինչ չմնալ։ Դա լինում է ոչ նախամտածված։ Դրա համար կինոարվեստին ես այդքան լուրջ չեմ վերաբերվում։ Թատրոնն ավելի մաքուր արվեստ է։ Մեկ օրվա բեմադրությունն այլևս չի կրկնվում։ Հաջորդ օրը նույն բանը կխաղան, բայց կտարբերվի։
Վերամշակել եմ իմ բոլոր պիեսները՝ թվով 16, շուտով կհրատարակվի ժողովածուն։ Վեպ եմ գրում։ Վեպը խանդոտ կնոջ պես է, չի թողնում տարածվես ուրիշ տեղ։ Եվ եթե հանկարծ հեռանում ես իրենից, հետո պատժում է քեզ դրա համար։ Վերադարձը շատ դժվար է լինում։
-Ինչի՞ մասին է վեպը։
-Չեմ կարող ասել՝ ինչի մասին է, և դա արդեն ինձ ուրախացնում է։ Մարդ-Աստված, մարդ-մարդ, մարդ-երկինք, մարդ-գետին հարաբերություններ են, կարճ ասած։
-Ի՞նչ կմաղթեք ընթերցողին։
-Ժամանակ և ցանկություն՝ ընթերցանության համար։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4902

Մեկնաբանություններ