ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ. «Ամենացավոտ բարձրությունը»

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ. «Ամենացավոտ բարձրությունը»
29.06.2012 | 22:21

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ

(գրախոսություն)

Արամ Պաչյանի «Ռոբինզոն և տասներեք պատմվածք» ժողովածուն ներփակ հոգեկան տարածություն է, որտեղ տող առ տող կառուցվող տեքստը դառնում է արտացոլքային մի ինքնավերլուծություն` արտաքին աշխարհի հետ բարդ ու անվերջ չստացվող փոխհարաբերությունների: Պատահական չէ, որ գրքի «Ռոբինզոն և տասներեք պատմվածք» վերնագրում առաջնային նշանակություն է տրված «Ռոբինզոն» պատմվածքին, որն իր սիմվոլիկայով ու առաջադրած թեմաներով` կղզիացում, երկատում, լռություն, վերջին փրկության կղզի, Արամ Պաչյանի ողջ արձակի ներքին փիլիսոփայություն է ամբողջացնում: Համաշխարհային գրականության մեջ ամենատարբեր վերծանումների ենթարկված Ռոբինզոնի ու կղզու սիմվոլը (ի դեպ, հեղինակը տեքստի մեջ, անմիջական հղումներ կատարելով, օգտագործում է համաշխարհային գրական փորձը), ինքնին անչափ գրավիչ ու միևնույն ժամանակ երիտասարդ արձակագրի համար ծայրաստիճան պարտավորեցնող մի քայլ է`արդեն գոյություն ունեցող մեկնություններից դուրս գալու, նոր եզր գտնելու համարձակություն, ինչը, մեծ հաշվով, կարող էր փակուղի տանել, եթե ռոբինզոնացումը լիներ սիմվոլիկ պարտադրանք, այլ ոչ` հերոսների սեփական կեցությամբ պայմանավորված բնական ընթացք: Կղզին Արամ Պաչյանի հերոսների պես երկակի էությամբ օժտված սուբստանց է` նեղ, սեղմող հոգեկան թաքստոցից, մինչև կորած երկնային դրախտի մարմնավորում, երկատված հոգիների ներկա և ակնկալվող կացարան. «Սենյակը նմանվել է կաշվե մաշված կազմով Աստվածաշնչի» («Ռոբինզոն»): Կղզու նմանակներն են նաև հիվանդասենյակը («Գիշերը ստվերի տակ»), ճամպրուկը («Երկու պատմություն սիրո մասին»), վեր խոյացող սունկը («Տորոնտո»), որտեղ մենանալով ամբողջական Եսը (նաև` երկնային, հողեղեն, տառապող եսը)` ոչ միայն պաշտպանություն է ակնկալում արտաքին աշխարհից, այլ նաև ձեռք բերում որոշակի բարձրության դիտարան` առօրյա կյանքի անցուդարձը ուսումնասիրելու, փրկության նոր ափի մասին երազելու: «Իմ թանկագին Ուրբաթ, ամեն օր ես ու Հիսուսը պատուհանի մոտ կանգնած` քո նավակի ալիքներին ենք սպասում»[1],-գրում է «Ռոբինզոն» պատմվածքի հերոսը`որպես հպանցիկ նախասկիզբ հիշատակելով Հիսուս անունը (պատմվածքում Հիսուսը տղայի մենության լուռ ընկեր թութակն է), իսկ նավակի, ալիքների ու փրկության կղզու ակնկալվող սպասումն արդեն առավել ակնհայտորեն մատնանշում են Քրիստոս-Ուրբաթին, որ պետք է գա ջրերի վրա քայլելով և բոլոր տառապող ռոբինզոններին դեպի փրկության ափ ուղղորդի: Ուրբաթի կերպարի զուգահեռումը Քրիստոսի հետ դեռևս Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն»-ից եկող հուշում է. սիմվոլիկ այդ անունը` Ուրբաթ, որ Ռոբինզոնը տալիս է վայրենուն, մատնանշում է Քրիստոսի խաչելության ուրբաթ օրը, երբ մարդկությունը մեղանչելու հնարավորություն ստացավ, իսկ հարության կիրակին` որպես ընձեռնված նոր կյանքի խորհրդանիշ, ավելի ուշ պետք է գար: Իսկ նոր կյանքի խորհրդանիշն, այս դեպքում, ներհոգեկան պատյանից դուրս գտնվող այն մյուս կղզին է, հենց այն փրկության ափը, երանգավորված դրախտի ներդաշնակությամբ, որտեղ ձգտում են հասնել Արամ Պաչյանի` երկրային կյանքում տառապող հերոսները (կղզին սպասում է, ինչպես հայրը որդուն): Փրկության ափ կղզու մեկ այլ մարմնավորում է Տորոնտո քաղաքը (համանուն պատմվածքից). Տորոնտոն ճիշտ այն նույն լռության կղզին է, որի փնտրտուքով զբաղված է Ուրբաթը: Սակայն Տորոնտոյի իրական լինելը դեռևս ոչ մի երաշխիք չի տալիս, որ փրկության կղզին ի վերջո գտնված է. քանզի Արամ Պաչյանի Տորոնտոն նույնքան մտացածին ու անհաս է, որքան այնտեղ հասնելու համար հավաքաված գումարը` 15 600 դրամ: Նույնքան անորոշ տարածական հեռավորության վրա է նաև Ռոբինզոնի Ուրբաթը. ավելին` Ուրբաթի նամակները Քրիստոսի ու ենթադրյալ կղզու միայն հեռակա թուղթ- վկայություններ են. «Ծանր սրտով հեռացա կղզուց, տեր իմ, հետո եղա բազմաթիվ այլ կղզիներում, որոնք չէին տարբերվում միմյանցից, ամեն տեղ մարդիկ էին, ովքեր պատերազմում էին տխրության դեմ, իսկ ամենասարսափելին մինչև տիեզերք հասնող աղմուկն էր, որի ներքո սովորել էին հանգիստ ննջել» («Ռոբինզոն», էջ 8): Փրկության կղզու մատրիցայի ամենակարևոր բաղադրիչը լռության ներդաշնակություն է, իսկ այնտեղ հասնելու ամենակարճ ճանապարհը` խոսքի ներքին լռությունը:

Սակայն իրական փրկության ափը ամբողջ գրքում այդպես էլ մնում է անորոշ հեռավորության վրա, և հենց այստեղ է, որ քրիստոնեական փրկության հավատը փոխարինվում է պոստմոդեռնիստական անհուսությամբ, իսկ ներդաշնակ լռությանը փոխարինելու է գալիս լռության մոռացությունը, հերոսների ճանապարհային վերջնակետի ընտրության անորոշությունը: («Ռոբինզոն» պատմվածքի վերջում հերոսը հեռանում դեպի անորոշ ուղղությամբ գտնվող ենթադրյալ նավակը, «Տորոնտո»-ում` փակվում նկուղում ու թթվի տակառին նստած «ենթադրյալ թռիչքի» նախապատրաստվում, «Երբը միշտ հիշել քեզ» պատմվածքում` ծղրիդի մեջքին նստելով հեռանում, « Տխուր նավակներ»-ում` մեքենայով ինչ-որ անորոշ ուղղություն վերցնում, «Գիշերը ստվերի տակ» պատմվածքում`հիվանդասենյակի երկու տղաները դուրս են գալիս ու աշնանային այգում խոսելով`անորոշ հեռանում): Սակայն հետաքրքրական է, որ անորոշության տանող ծայրակետային ու ինչ-որ տեղ նաև հակասական այս երկու գաղափարները (փրկության կղզին ու դրան հասնելու անորոշությունը), վերջնահաշվարկում ներկայանում են որպես փրկության մի նոր ճանապարհի որոնման հնարավորություն: Նաև`փրկության ու ապրելու օգտին իրենց ընտրություն են կատարում Պաչյանի գրական հերոսները` շատ հաճախ կարծես անհարմար դրության մեջ դնելով հենց հեղինակին: Օրինակ` «Թռչուններ» պատմվածքի նախասկզբի գրությունը` «Իմ կյանքի ամենակարևոր օրը… Բժիշկն ասում էր` ահավոր սուր ցավ ես զգում, հետո շոկ ու վերջ, շատ, շատ ուժեղ ցավ… Ոչինչ, մի պահ կդիմանամ… Գլուխս կպայթի… մաման շատ կմտածի. հենց ասեն, երևի ուշքը կգնա, չի հավատա… Հետո մի քանի ամիս հիվանդանոց կպառկի…Կարող ա ինքնասպան էլ լինի…» (էջ 58), հետմահու խոստովանություն է հիշեցնում, սակայն պատմվածքի ամենավերջին նախադասությունը` «Սևը շարունակեց կարդալ Օձը» վկայում են, որ հեղինակը, անկարող լինելով հաղթել սեփակսն հերոսին (որն, ի դեպ, Պաչյանի ամենահակասական ու չենթարկվող կերպարն է), նրան ապրելու նոր, անորոշ մի հնարավորություն է տրամադրել: Սակայն, ամեն ինչ միշտ չէ, որ այսքան բարեհաջող է ավարտվում: «Ռոբինզոն» պատմվածքում հերոսներին ևս մեկ ապրելու հնարավորություն տրամադրելու ցանկությունը ստիպել է հեղինակին` ի դեմս քննիչի, նոր կերպար ներքաշել պատմության մեջ, ինչի արդյունքում պատմվածքը ձգձգվածության տարրեր է ձեռք բերում ու տպավորություն ստեղծում, որ հեղինակը մինչև վերջ անկարող է վերջնակետին հասցնել սեփական հերոսների ճակատագիրը: Մեկ այլ պատմվածքի`«Գիշերը ստվերի տակ» ամենավերջին պարբերությունում հնչած կարկոցի ձայնը կարծես դատարկ ինքնասպանության հրաման է` հեղինակի կողմից հերոսին պարտադրված, այն դեպքում, երբ իրական հերոսը շատ վաղուց արդեն հեռացել է նախանշված վայրից:

Կղզին հասրակությանը վերաբերմունքի պատասխան հակազդումն է, որի ներսում հաճախ կուտակվող հուզումները, ապրումներն ու էներգիաները արտահայտման այլ ելք չգտնելով` ներքին պայթյուն են ապրում` ստեղծելով մեծ Ես-ի երկատված կիսադեմքեր, որոնք միմյանց կողքից դիտարկելով ու ինքավերլուծելով`փորձում են որոշակի հեռավորությունից հասկանալ ամբողջական Ես-ի առանձնահատկություն ու ապրումները, հասարակության մեջ իրենց տեսակի գտնվելու անհնարինությունը: «Գիշերը ստվերի տակ» պատմվածքի հիվանդասենյակի երկու տղաները նույն կիսադեմքերն են մի ամբողջական Ես-ի: Արտացոլանքային զուգաձևումների նպատակը` հոգեբանորեն տղայի` իր իսկ ձեռքով թութակի գլուխը պոկելու դրդապատճառը հասկանալն է: Նմանատիպ մի իրադրությւն է նաև «Ռոբինզոն» պատմվածքում, որտեղ բոլոր հերոսները` գրատախտակին խաչված ուսուցիչը, գրքեր կարդալու համար զուգարանում ծեծված տղան ու ծովախուզուկով փոքրիկը, սենյակում փակված տղայի (Ռոբինզոն տեսակ մարդու) ինքամեկուսացման դատապարտված արտացոլանքային վերատպումներն են: «Երբը միշտ հիշել է քեզ» պատմվածքում գլխավոր հերոսի կերպարը ստեղծվում է ընթացքի ամբողջականացման սկզբունքով. վերջնական հերոսը շրջակա աշխարհի, մարդկանց ու իր ապրած կյանքի համատեղ արարչագործություն է:

Երկատվածության, նույնականացման, սեփական խաչը տանելու այս ինքնակամ դատապարտվածությունը ներքին, ենթագիտակցական հուշումով բոլոր հերոսներին համախմբում է Քրիստոսի կերպարի շուրջ` նրա աստվածային ու մարդկային էության, տառապանքն ու աշխարհը դիտարկելու այն բարձրության, որտեղից մարդկային կյանքը ներկայանում է իր անզոր փոքրությամբ ու չնչինությամբ: Երկնքի ու երկրի արանքում տեղակայված այդ բարձրունք-կղզին աշխարհը դիատարկելու ամենցավոտ հեռավորությունն է: «Մենք գետնից բարձր ենք, հավասարված շենքերի կտուրներին, վազում ենք հոսանքագծերով» («Վերադարձս»), «Պապս խոսում էր, իսկ սունկը ընթացքում երկարում, ոտքերս կտրվում էին հատակից, և ես տերև ձեռքումս պինդ պահած` բարձրանում էի, հասնում համարյա երկինք» («Տորոնտո»), «Առաստաղից կախված Հայր և որդի ջազի ներքո, հիշում են» («Ջազ»):

Քաղաքական շատ հստակ իրադարձության մասին պատմող «Տխուր նավակներ» պատմվածքն ամբողջովին ինքավերացարկման որոշակի բարձրությունից կատարված դիտարկում է: Գլխավոր հերոսի սահմռկեցուցիչ նույնականացումը հեղափոխական անիմաստ իրարանցման զոհ դարձած երիտասրադի հետ, նման է սեփական կամքով ինքախաչման: Զոհված երիտասարդի գրպանում գտնված բուլկին առօրեականության սովորական ընթացքի ընդհատվածություն է նախանշում, սովորական մի կյանք, որ բուլկի ուտելու չափ հասարակ գործողության համար էր նախատեսված, իսկ այժմ` չկա: Միաժամանակ բուլկին պտտահողմի պես բերում է մանկության անզորություն ու անպաշտպանվածությունը, ու ցավն էլ ավելի խորքից է հնչում` այն ցավոտ բարձունքից` դեպի այն այն հեռավոր մանկությունը: Բոլոր հուսահատությունների զուգաձևումը հասնում է մինչև մանկության անզորություն. «Դու չես նկատել, որ ուսուցիչը երկար ժամանակ կանգնած է կողքիդ ու քեզ հետ միասին անհամաչափ շարժում է ծնոտը: Դու բուլկին վախվորած խոթում ես գրպանդ, արագ սրբում բերանդ, ներողություն ես խնդրում: Քեզ միշտ թվում է, որ բուլկի ուտելիս թիկունքիցդ մարդիկ են նայում, դրա համար էլ տագնապով ու ամոթխած ես ուտում: Երանի ես տալիս, որ հանկարծ ծանոթ մարդ չհանդիպի… Մի տեսակ լավ չի զգա, որ բուլկի ես ուտում, կնեղվի ...» (էջ 122), «Մոխրագույն տաբատը գոտկատեղից ներքև մուգ է, տանձաձև, կարծես Աֆրիկա մայրցամաքը լինի… Դու շատ ամաչկոտ էիր: Երբ տակդ էիր անում, մեղքի զգացողությունից ամբողջ օրը լաց էիր լինում, մտնում էիր տուփերից պատրաստած տնակդ, դուրս չէիր գալիս… Հիմա ի՞նչ… Մահը մեղքի զգացողությու՞ն է…» (էջ126): Իր փոքրության ու խեղճության մեջ մարդը միշտ միայնակ է լինում. բուլկի ուտելն անհատական գործողության է, որի իրավունքը կարծես թե խախտվել է. մարդը դադարել է ինտիմ կյանք ունենալուց` իր բաց գաղտնիքի հետ հայտնվելով հասարակության առջև: Սակայն հետաքրքրական է, որ սեփական եսը ինքնախաչման դատապարտած հերոսն անկարող է ընդունել Աստծո նախանշած ճակատագրի հնազանդությունը. «…պատարագ, մոմավառություններ… ձևամոլության անխախտ հերթականություն… բայց մենք երկուսս էլ գիտենք, որ Աստված չկա, Աստված չի կարող լինել, որովհետև Աստված չի կարողանում մարդ լինել, Աստված չկա, որովհետև Աստված չի կարող Աստված լինել» (էջ 130): Ի տարբերություն իրական Ռոբինզոնի, ով կղզում հայտնվելու իրողությունն իր գործած մեղքերի համար բնականոն պատիժ էր համարում, Պաչյանի Ռոբինզոն-հերոսները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել իրենց տառապանքի ու մենության դատապարտվածության նախահիմքերը: Ակամա հայացքն ուղղվում է դեպի մանկություն, սեփական ընտանիք, և հանկարծ իր ամբողջ կերպարով հայտնվում է հայրը` որպես Աստծո նախակերպար, և բանավեճը երկու հայրերի միջև տեղափոխվում է միևնույն հարթություն: Համանման ակնկալիքներ ու հիասթափություն, որ անկարող են իրենց իսկ արարածին փրկել տառապանքից. սա առավելապես մանկական հուսահատությունից առաջացող վրեժխնդրություն է, որը սակայն վերջնարդյունքում անկարող է թաքցնել անսահման սերն ու ակնկալում է փոխադարձ ներողամտություն: («Ես Աստծուն չեմ հավատում, բայց չգիտես ինչու համոզված եմ, որ նա հավատում է ինձ»): «Տեր Վիլիկը» պատմվածքում հեղինակը նույնիսկ փորձ է անում միմյանց մոտեցնել երկու հայրերի կերպարները, և ի դեմս հոգևորական Տեր Վիլիկի` ստանալ իդելական հոր կերպար` օժտված ամենակարևոր հատկանիշով` դիմացինին լսելու կարողությամբ:

Գրականությունն ու թուղթը նոր բացահայտված մի տարածություն են դառնում (գուցե նաև մի նոր կղզի) հոր կերպարը վերլուծելու, հոգում կուտակված տխրությունը վերհանելու: Բառերը նմանվում են կրակահերթի հաջորդականությամբ հնչող տարափի: «Թափանցիկ շշեր» պատմվածքը մի շնչով գրված ստեղծագործություն է. պատմվածքի հերոսը ավտոմատացված ռեժիմում գտնվող հերոսն է, և թվում է` եթե մի պահ կանգ առնի, կարող է կորցնել սեփական հավասարակշռությունն ու գլորվել ինչպես ոտքերի վրա հարբածությունից երերացող հայրը: Վազել` սեփական ուսը որպես հենարան մեկնելով, վազել` չզգալու սեփական ընդարմությունը: Վահրամ Դանիելյանն այս պատմվածքի մասին գրած իր վերլուծականում ճշմարտորեն նկատում է, որ Արամը բառերը ոչ թե գրում, այլ «արտասնում է», «սղագրելու պես դուրս է թողնում»: «Արտահայտման ձևը չի փնտրվում, գտնված է` «պարտադրված». երկար, բարդ նախադասություններով պատմելու ժամանակ չկա, չսկսվող ու չավարտվող` կրկնվող պատմության սղագրողը «կրկներգի մեջ» է` սղագրելիս էլ «վազում է», որովհետև «նա սպասում է», դրա համար էլ չի պատմում-վերլուծում` վազելիս արտ-ասանում-սղագրում է»[2]: Համանաման մի ջղաձիգ ընթացք է նաև «Տորոնտո» պատմվածքի այն հատվածում, որտեղ որդին կրկին հոր փնտրտուքով է զբաղված. «…գնում եմ դիահերձարան, գնում եմ տուն, գնում եմ ամառանոց, գնում եմ հիվանդանոց, գնում եմ դիահերձարան, գնում եմ տուն, գնում եմ ամառանոց, գնում եմ հիվանդանոց… Ես գնում եմ ու գալիս, հովհարային անջատումների պես, տարվա եղանակների պես, աներես կատվի պես…» (էջ79): Բայական կառույցների նույնական կրկնությունը, ամեն ստորակետից հետո հնչող դադարը դեպի սկզբնակետ վերադարձնող շունչ է, հավերժական ընթացքի ու կրկնվածության ներքին ռիթմ, որը ձգված նյարդի պես միմյանց է կապում հորն ու որդուն: Ներքին նյարդի անտես կապվածության մեկ այլ օրինակ ենք հանդիպում «Ջազը» պատմվածքում: Այստեղ էլ միաբառ, կարճ նախադասություններ են, որոնք սաքսոֆոնի երաժշտության պես քերող նվվոցի ձայն են արձակում` անսահմանորեն դանդաղ ընթացք ստեղծելով. առաստաղից կախված, իրար հետ զրուցող հայրն ու որդին կարծես ժամանակ են շահում` հնարավորինս դանդաղ միմյանցից բաժանվելու: «Երբը միշտ հիշել է քեզ» պատմվածքի ամբողջ շարադրանքը «կ» եղանակավորիչով գրված պատում է, որն արդեն ինքնին վերջավոր բարձրությունից դեպի ներքև-անցյալ նետած հայացք է, և միայն «Երբը միշտ հիշել է քեզ» նախդասության անորոշություն է, որ գալիս է միմյանց միացնելու բոլոր ժամանակները` որպես նվիրվածության ու սիրո շարունակվող ընթացիկություն: Իսկ ահա «Տխուր նավակներ» պատմվածքում` ձայնը լսվում է երկատված եսերի միջև ընկած օտարված հեռավորությունից. խախտված քերականական կառույցում բառերը դասավորված են ոչ թե արտաբերված, այլ իրենց ցավեցնող ուժի հերթականությամբ. («Չի բուլկին ուտի հասցրել անասունը չի հասցրե...»): Համարյա բոլոր քերականական խոտորումները Արամ Պաչյանի արձակում նպատակային են և իրենց ուսերին են կրում տեքստի ներքին հոգեբանության որոշակի զարգացման պատասխանատվությունը: Այս գծի հեռանկարային շարունակությունը Արամ Պաչյանի ապագա տեքստերի համար որպես նոր լեզվի, լեզվական նոր կառույցների ստեղծման հաճելի կանխատեսում կարող է լինել` ճանապարհ բացելով առավել մեծ արձակ:

«Ռոբինզոն և տասներեք պատմվածք» ժողովածուն արձակագրի առաջին գիրքը լինելով հանդերձ` ամրակուռ լեզվական հիմքեր ունեցող տեքստ է` սիմվոլիկ պատկերների ինքնատիպ վերլուծությամբ, իսկ նույնականացման ընթացքի անկեղծությունը սեփական հերոսների ճակատագրի հետ այն ամենամեծ հաղթաթուղթն է, որով հեղինակը գերում է իր ընթերցողներին:

Դիտվել է՝ 153275

Մեկնաբանություններ