ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անդրեյ Տարկովսկին ինչ-որ չափով կապված է նաև հայ կինոյի հետ

Անդրեյ Տարկովսկին  ինչ-որ չափով կապված է նաև հայ կինոյի հետ
02.06.2012 | 08:07

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրում այս տարի կնշվեն ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻ, ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ և ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿՈՒ հոբելյանները:
Նշանավորելով Յուրի Երզնկյանի ոչ միայն ռեժիսորական, այլև մանկավարժական բեղուն գործունեությունը` նրա 90-ամյակին նվիրված ծրագրում կընդգրկվեն անվանի ռեժիսորի և նրա աշակերտների գործերը: Ծրագիրը կկրի «Յուրի Երզնկյանը և իր արվեստանոցը» խորագիրը: Մասնավորապես, կներկայացվեն Երզնկյանի «Խաթաբալա», Հարություն Խաչատրյանի «Կոնդ», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը սպասող հյուսնը», Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում», Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա», Արուսյակ Արիստակեսյանի «Յո երթաս» ֆիլմերը: Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակին նվիրված ծրագրում կներկայացվի նրա «Երկունք» ֆիլմը:
Հատուկ կարևորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը, Ծրագիրը կիրականանա ԱՊՀ երկրների կինոծրագրի շրջանակներում` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Կցուցադրվեն Տարկովսկու «Ավետարան ըստ Անդրեյի» և «Սոլյարիս» ֆիլմերը, ինչպես նաև նրա ուսանողական շրջանի «Գլդոնն ու ջութակը» և «Այսօր ազատում չի լինի» ֆիլմերը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Տարկովսկին ինչ-որ չափով կապված է նաև հայ կինոյի հետ: Նրա խոսքով` Անդրեյ Տարկովսկին Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» ֆիլմի գեղարվեստական ղեկավարն է, Արա Ահարոնյանի «Երազ» ֆիլմի սցենարի հեղինակը: Վերջինս հետաքրքիր է նաև նրանով, որ այնտեղ խաղում է Տիգրան Մանսուրյանը: Ծրագիրը կներառի նաև Արսեն Ազատյանի ու Նարինե Մկրտչյանի` Տարկովսկուն նվիրված «Անդրեյ» ֆիլմը:
Նշենք, որ ԱՊՀ երկրների կինոծրագիրը կներառի ԱՊՀ երկրների շուրջ 20 ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ: ԱՊՀ երկրների կինոգործիչների արդեն երկրորդ տարին կայացող հավաքը նպատակ ունի քննարկել կառույցի ներսում կինոյի ոլորտի ձեռքբերումները, առկա խնդիրները և համատեղ արտադրության հեռանկարները:
Հավելենք, որ ռուսական կինոյի ամենաանկախ ռեժիսորներից մեկը` Վադիմ Աբդրաշիտովը, կարժանանա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Կինոյի վարպետ մրցանակի: Ռուսական և բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Սոկուրովին, որին Եվրոպական կինոակադեմիան դասում է համաշխարհային կինոյի 100 լավագույն ռեժիսորների թվում, կշնորհվի Ամենայն հայոց կաթողիկոսի մրցանակ՝ հոգևոր արժեքներին դավանելու համար:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ