Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Կյանքը հրաշք է, երբ երկուսը գտել են իրար»

«Կյանքը հրաշք է, երբ երկուսը գտել են իրար»
06.04.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ նախագահության խորհրդի անդամ, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ: Թեև տիկին Խոդիկյանը դեմ է կյանքի, տարվա այս կամ այն ժամանակահատվածը կանանց կամ ոչ կանանց ձոնելուն, այնուամենայնիվ, մենք կանանց նվիրված զուտ հայկական մեկամսյակի շրջանակներում նրան հրավիրել ենք զրույցի «…և ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո և, ինչպես միշտ, անդրադարձել հայ մարդուն, նախ և առաջ` հայ մտավորականին հուզող օրախնդիր հարցերի:

«ՈՄԱՆՑ ԳՐԱԾԸ ԿԱՄ

ԿԵՆԱՑԱՃԱՌ Է, ԿԱՄ ՄԻ ՏԵՔՍՏ,

ՈՐԻ ԵԶՈՊՈՍՅԱՆ

ԱՅԼԱՍԱՑՈՒԹՅԱՆԸ ԵԶՈՊՈՍՆ

ԱՆԳԱՄ ԿՆԱԽԱՆՁԵՐ»

-Տիկի՛ն Խոդիկյան, 2001-2004 թթ. Դուք զբաղեցրել եք «Գրական թերթի» գլխավոր խմբագրի պաշտոնը: Այժմ կրկին Ձեզ է վստահված այդ առաքելությունը: Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ է ենթադրում երկու տարբեր ժամանակահատվածներում միևնույն գործով զբաղվելու պարագան:

-Նախ, անցել է ութ տարի, այդ տարիներն այնքան տարողունակ, բազմաշերտ ու հակասական են, որ միանգամից հարցին պատասխանելը դյուրին չէ: Ամենակարևորը, թերևս, այն է, որ «Գրական թերթից» գնացի` «հետ նայելով». ես թողել էի համախոհներիս, համերաշխ մի ընտանիք, ընտանիքից հեռանալու զգացողությունը կար, ուստի և վերադարձս, այս առումով, դյուրին էր, որովհետև հիմնական «կորիզը» մնացել է, իսկ նորերի հետ էլ փոխըմբռնումը եղավ պարզ և անմիջական. մեզ միավորում է թերթը ժամանակի ընթացքին համահունչ, հետաքրքիր դարձնելու նպատակը: Արդեն մերժված հեղինակներից մեկը փորձել էր հեգնել, թե «նորանշանակ խմբագիրը հայտարարել է, որ թերթը գրական է և ոչ թե գրականագիտական»: Ասել եմ, բայց նա մի բառ է ընդամենը մոռացել(՞): «Սա գրական թերթ է և ոչ թե գրականագիտական հանդես»,- սրանք են իմ բառերը, և սա իմ համոզմունքն է: Հիմնավորեմ. շաբաթաթերթ, որն ընդամենը (առայժմ) ութ էջ ունի, չի կարող իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ և էջերով գրականագիտական մտորումների հարթակ դառնալ, որի արդյունքում էլ գոնե աղոտ չես պատկերացնում, թե գրախոսվող գիրքը կամ հեղինակը, ի վերջո, ընթերցողին որոշակի ուղղորդում տվեցի՞ն, թե՞ ընդամենը բառահեղեղ է` սեփական իմացությունը ցուցադրելու ևս մի պատեհ առիթ: Հեծանիվ հորինել պետք չէ, օրինակները բազմաթիվ են, երբ հեղինակավոր թերթի կիրակնօրյա հավելվածում կամ շաբաթաթերթում գոյություն ունի «հեղինակային սյունակ» հասկացությունը: Խնդրեմ, պարոնա՛յք, կարողացեք այդ սյունակի տարածքում ներկայացնել այսօրվա գրական հունձքը, նրա արժեքավոր կամ անարժեք լինելը` ուղղված ընթերցողին, իսկ ձեր մասնագիտական տուրն ու առը շարունակեք հատուկ այդ նպատակով հրատարակվող հանդեսներում: Թե չէ ոմանց գրածը կամ կենացաճառ է, կամ մի տեքստ, որի եզոպոսյան այլասացությանը Եզոպոսն անգամ կնախանձեր: Հաջորդ խնդիրը` ևս խնդրահարույց, ինչ տպելն է: Ասել, թե գրական գործեր չեն բերվում խմբագրություն, սխալ է, բայց բերվածի ո՞ր մասն է արժանի տպագրվելու… այստեղ սկսվում է պրոբլեմը: Մեկը վկայաբերում է տասնամյակներով իր ՀԳՄ անդամ լինելը, բայց տեքստում, որտեղ նկարագրում է ներկան, օգտագործում է «խոջա»-ն ու «բեգ»-ը (իրականում նկատի ունի օլիգարխին, պարզապես մինչ այդ բառը դեռ չի «հասունացել»): Կամ հրապարակախոսական հոդված են բերում, որտեղ անարգանքի սյունին են գամում բոլորին ու ամեն ինչ` առանց մի փաստ, իրողություն կամ անուն հիշատակելու: Մեկը մեր ոգու այսօրեական թշվառ վիճակն է քննում, և դրա համար Մսրա Մելիքից հասել էր Քրիստոսին: Մեկ ուրիշն անխնա է ադրբեջանական բարբարոսության հանդեպ (նրանք, պարզվում է, մեր հուշարձաններն են ավերում), իսկ ես առաջարկեցի. այսքանի փոխարեն հենց հիմա գնացեք Մաշտոցի պուրակ ու մի կարճ ինֆորմացիա բերեք, թե այս պահին այնտեղ ինչ է կատարվում: Ինֆորմացիան այդպես էլ չբերեց: Բայց եթե ո՛չ «Գրական թերթը», ապա ո՞ր լրատվամիջոցը պիտի լինի հրատապ, սուր, ասելիք ունեցող, առավել ևս, եթե հեղինակները ներկայանում են որպես «գրողներ»: Գրողի ասելիքն այն դեպքում արձագանք կունենա ու կլսվի, երբ ազատագրվի «շառից, փորձանքից հեռու» ԱՊՊԱ-ից, ու երբ գրվի իրական-անկողմնակալը: Ասվածից հետևություն. այս պայմանները, որ առաջադրում եմ որպես թերթի խմբագիր, շատերի առջև են դուռ բացում, բայց շատերի համար էլ կդառնան «փակ դուռ»: ՈՒռա-հայրենասիրական ճառերից կուշտ ենք, քաղաքական գործիչներն էլ վաղուց այդ ժանրն «իրենցով են արել», մնացել են ճերմակ թուղթն ու գրողի խոսքը, որին սպասում եմ անհամբեր ու հարգանքով:

«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ

ՀԱՆՃԱՐԵՂ «ՏԵՐԸ» ԱՅՍՕՐՎԱ

ԹԻՎ ՄԵԿ ԳԻՐՔԸ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ

ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԻՆ»

-Ես հետևում եմ Ձեր առաջնորդող հրապարակումներին: Դրանցից մեկում Դուք արծարծում եք մեզանում այսօր շատ ընդունված «Էս երկիրը» չարչրկված արտահայտությունը, որն անհիմն չի մտել մեր լեքսիկոն: Սա հասարակությա՞ն, թե՞ երկրի որակական փոփոխության հետևանք է:

-Սա այսօրվա գաղափարախոսությունն է: ԷՍ-ը օտարում է: ԷՍ-ը պատասխանատվությունից խուսափում է: Եթե երկիրը ԷՍ է, ուրեմն` իմը չէ: Իսկ օտար երկրի հետ ի՞նչ են անում… Այնպես որ, այդ չարաբաստիկ ԷՍ-ը լավ էլ մտածված գործելակերպ-արդարացում է: Պատահակա՞ն է, որ այդպես խոսում են հիմնականում խոսափողների առաջ կանգնածները, որոնք, ԷՍ-ից մի քիչ շատ կամ քիչ օգտագործելով, արժեզրկել են նաև «ժողովուրդ» բառը:

-Ձեր կողմից մատնանշված ևս մեկ մտահոգություն, որ օրախնդիր է մեզ համար. մեր քաղաքը կորցրել ու չի վերագտնում իր դեմքը: Ինչո՞ւ:

-Հրանտ Մաթևոսյանի հանճարեղ «Տերը» այսօրվա թիվ մեկ գիրքը պիտի լիներ մեր իրականության հենքին: Կորցվում, կորսվում, անհետանում է անտերը, տեր չունեցողը: Սրտացավը ստվերում է, լուսանցքված, հրապարակը «էս սարն իմն է…»-ն մի կերպ հոդաբաշխող ունեցվորն է, որի ամենօրյա խոսքում գերակշռում են «էս»-ն ու «իմ ժողովուրդը»:

-2000 թվականից տպագրում եք «Դրամատուրգիա» հանդեսը, դրսևորման ասպարեզ տալիս հատկապես երիտասարդ դրամատուրգներին, մի հանգամանք, որ նկատվել և 2009-ին Ձեզ Ոսկե հուշաշքանշանով պարգևատրելու հիմք է տվել ՀՌԱԿ-ին: «Գրական թերթը» չի՞ խանգարի «Դրամատուրգիային»:

-«Դրամատուրգիայի» տպագրվելուն չի խանգարել անգամ նախարարությունում աշխատելը, իսկ այն օրերի ծանրաբեռնվածությունը սրա հետ ի՜նչ համեմատություն… Իսկ, ավելի կոնկրետ, ինչ էլ պատահի, քանի ես կամ, կլինի նաև «Դրամատուրգիան», և այդ գործը շարունակողն էլ կա:

«ՉԿԱ ԱԶԳԱՅԻՆ

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ, ՉԿԱ

ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ»

-Պետական երաժշտական կամերային թատրոնում բեմադրվել է «Լույսը կբացվի» ներկայացումը` Ձեր թատերգության հիման վրա: Իբրև դրամատուրգ` բավարարվա՞ծ եք այս բեմադրությամբ:

-Պիեսը գրվել է հատուկ տաղանդավոր դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի համար: Կարինեի ցանկությամբ ու խնդրանքով այն բեմադրել է տաղանդավոր բեմադրիչ Արթուր Սահակյանը: Ի՞նչ եք կարծում, այսքան սիրով ստեղծված գործը կարո՞ղ էր ինձ դուր չգալ:

-Հաճախ ենք խոսում այս կամ այն ոլորտում, այդ թվում և` թատրոնում առկա ճգնաժամի մասին: Այս ճգնաժամը դրամատուրգների՞, թե՞ բեմադրիչների մեղքով է առավելապես:

-Նախ, մեղքը միակողմանի երբեք չի լինում: Մեղքը գործում են երկուսով: Բայց… լրջանամ: Սա այն դեպքն է, որ եթե դրամատուրգն ու բեմադրիչը միասին աշխատեն, դա կլինի ոչ թե մեղք, այլ համագործակցություն, ինչի արդյունքում կշահի երկու կողմն էլ: Համենայն դեպս, իմ փորձը ասածիս ապացույցն է: Մոտ մեկ տասնամյակ համագործակցում եմ Հակոբ Ղազանչյանի հետ: Բավական է միայն ասել, որ նրա առաջարկ-պատվերով չորս պիես է գրվել ու բեմադրվել, իսկ վերջերս մի նոր պիեսի մասին խոսեցինք… Փառք Աստծո, ես ունեմ այդ հնարավորությունը, բայց սա եզակի օրինակներից է: Ցավն այն է, որ մեր բեմադրիչները, չգիտես ինչու, շատ հեշտ կրկնում են` դրամատուրգ չկա: Բայց, ախր, երբ որոշ վայ-բեմադրիչների ներկայացումներն ես դիտում, դու էլ կարող ես, չէ՞, հայտարարել. «Բեմադրիչ չկա»: ՈՒ եթե մինչև հիմա այսպիսի հայտարարությունները կամ շատ սակավ էին, կամ ասվում էին անկյուններում, հնարավոր է, որ մի օր դրամատուրգները, իրենց բնածին դաստիարակությունը մի կողմ թողած, ասեն` բեմադրիչ չկա` վերջիններիս նման «թացն ու չորը» իրար խառնելով: Բայց վե՞րջը… Սա լուծում չէ, փակուղի է: ՈՒզում եմ անպայման հիշել մեր թատրոնի երախտավորներից Երվանդ Ղազանչյանին, նրա ամեն խոսքն ու ելույթը այդ ցավի մասին են` չկա ազգային դրամատուրգիա, չկա և ազգային թատրոն: Մնում է` ոմանք լսելու կարողություն ունենան:

-Ի՞նչ կասեք այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխության մասին:

-«Արտավազդում» արդեն իր տեղն ունի նաև «Լավագույն պիես» անվանակարգը: Գնահատում եմ այս իրողությունը, թեև տարի է եղել, երբ որևէ պիես չի արժանացել «Արտավազդի», եղել են նաև տարբեր կարծիքներ։ Բայց կարևորն այն է, որ հայ թատրոնի ամենամյա իրականության մեջ արդեն նորմալ է ընդունվում ազգային պիեսի լինելությունը և, առիթից օգտվելով, շնորհավորում եմ մեր ժամանակների տաղանդավոր դրամատուրգ և արձակագիր Գուրգեն Խանջյանին. նրա «Անմեղսունակների պարը» պիեսը հաղթող ճանաչվեց «Լավագույն պիես» անվանակարգում:

«ԵԹԵ ՄԱՐԴԸ ՄԱՐԴ ՉԷ,

Ո՛Չ ՍԵՐ,

Ո՛Չ ԱՅԼ ԲԱՆ ՆՐԱՆ

ՎԵՐԱՓՈԽԵԼ

ՉԵՆ ԿԱՐՈՂ»

-Ձեր ուշադրության կիզակետում հիմնականում կինն է: ՈՒժեղ, կամային կնոջ կերպար է «Կտակ» պատմվածքի հերոսուհի Շուշանը, որն իր աշխատասեր ամուսնուն այսպես է բնութագրում. «…նրա տուն բերածը փող էր, ոչ թե աշխատավարձ»: Այսօր ոչ միայն փող, այլև աշխատավարձ բերող տղամարդկանց դեֆիցիտ կա Հայաստանում: Սա պայմանների՞, թե՞ հայ տղամարդու որակական փոփոխության հետևանք է:

-Իհարկե, պայմանների: Հայ տղամարդու ամենամեծ հպարտությունն ու վայելքն իր ընտանիքն արժանապատիվ պահելն է: Ասում ենք` այսօր շատ բան է խեղվել մեր կյանքում. պատճառներից մեկն էլ, եթե ոչ առաջինը, դա է: Օտարության մեկնած տղամարդը թողնում է տունը կնոջ ուսերին, ինքը դրսերում ծառայում է արժան-անարժաններին, երեխաները մեծանում են հայրական խիստ ու գորովալից հայացքից զուրկ… Ողբերգություն է, որի հետևանքները դեռ նոր-նոր են երևան գալիս:

-Ձեր «Դինոզավրերի ու մարդկանց մասին» պատմվածքում սիրո հրաշագործ ուժն է նկարագրվում: Սերը պատմվածքի հերոսին` «մեծ ականջ-խրտվիլակ-այսբերգ-մարդարարած»-ին վերածում է կենդանի, դրական առումով, անհանգիստ մարդու: Սիրուց բացի, ուրիշ ի՞նչ ազդակների շնորհիվ կարող է վերափոխվել, կատարելագործվել մարդը:

-Եթե մարդը մարդ չէ, ո՛չ սեր, ո՛չ այլ բան նրան վերափոխել չեն կարող: Ես հավատում եմ ժառանգականությանը, հնարավոր եմ համարում, որ սրիկային կարելի է մի կարճ ժամանակով «դարձի բերել», կթվա` վերափոխվել է, բայց «իքս» պահին կարթնանա ժառանգական կոդի համապատասխան օղակն ու… Իզուր չեն զգուշացնում մարգարիտները խոզերի առաջ չփռելու անհրաժեշտության մասին: Օրինակ, մանկապիղծ անասունին ի՞նչը կարող է վերափոխել: Ասում են, երկրներ կան, որտեղ դեռ էլեկտրական աթոռն է գործում դրանց համար:

«ԿԱՆԱՆՑ ՄԻՕՐՅԱԿ,

ՄԻԱՄՍՅԱԿ…

ՔԻՉ ԷԼ ՄՆԱ`

ԿԻՍԱՄՅԱԿ ԿԴԱՐՁՆԵՆ»

-Մի քիչ էլ հաճելի թեմայով խոսենք: Կանանց մեկամսյակ է: Ի՞նչ կմաղթեք հայ կանանց այս առիթով:

-Կանանց միօրյակ, միամսյակ… քիչ էլ մնա` կիսամյակ կդարձնեն: Դեմ եմ այսպիսի հատուկ առանձնացումներին, կյանքը հրաշք է, երբ երկուսը գտել են իրար ու իրենց համատեղ ապրած ամեն օրը եթե ոչ տոնի նման, ապա գոնե լիարժեք են վայելում:

Զրույցը վարեց

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ