38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այդ օրը Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները խոսել են հայերեն

Այդ օրը Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները խոսել են հայերեն
07.06.2019 | 00:02

Հիսուս Քրիստոսի երկինք համբարձումից ուղիղ տասն օր հետո կատարվեց այն, ինչ Տերն էր խոստացել Իր գնալուց առաջ. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ. ԺԴ, 15-17):


Այս տոնը նաև Պենտեկոստե են անվանում, որ հունարենով պենտա՝ հինգ է նշանակում, քանզի Տիրոջ Հարության Զատկի օրվանից ուղիղ հինգ տասնյակ օր անց տեղի ունեցավ Սուրբ Հոգու գալուստը: Պենտեկոստեի կամ Հոգեգալստյան տոնը կարծես թե այնքան էլ չի հիշատակվում, ինչպես մնացած կարևոր տոները, որովհետև Սուրբ Հոգու Աստծուն մարդկանց մեծ մասը կամ չի ճանաչում, կամ էլ Նրա մասին իմացող քրիստոնյաները մի տեսակ սովորել են առանց Սուրբ Հոգու իրենց հավատի կյանքն ապրել, ինչի մասին Պողոս առաքյալն ասել է. «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3.3-5)։ Իսկ այստեղ Աստծո զորություն անվան տակ հասկանում ենք Սուրբ Հոգուն, որովհետև այդ մասին Տեր Հիսուսն ասաց Իր առաքյալներին. «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորություն պիտի առնեք և ինձ վկաներ պիտի լինեք» (Գործք 1.3)։ «Իսկ որ Նա իսկապես Աստծո զորությունն է, առաջինը Պետրոս առաքյալը զգաց իր վրա, քանի որ մինչ այդ նա մի աղախնի խոսքից երեք անգամ ուրացավ Հիսուս Տիրոջը, բայց Սուրբ Հոգին ստանալուց հետո նույն Պետրոսը հազարավորների առջև վկայեց Հիսուսին, որպես Աստծո Որդի, և այդ օրը երեք հազար հոգի, դարձի գալով, Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունեց»։ Այս օրվա համար գրված է. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին»: Առաքյալները, պահելով Տիրոջ հրամանը, այդ օրերին Երուսաղեմում էին գտնվում՝ ըստ այս խոսքի. «Նստեցե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» (Ղուկ., 24. 49): Ըստ հրեական օրենքի, այդ օրը մեծ տոն էր, որի համար պետք է Երուսաղեմում ժողովվեին բոլոր հրեաները, այդ թվում՝ նրանք, ովքեր այնտեղ էին եղել Քրիստոսի խաչելության օրը, որպեսզի Նրա անարգանքը տեսնողները տեսնեին նաև Նրա փառքը: Սուրբ Աստվածածինը, առաքյալներն ու մնացյալ աշակերտները Վերնատանն էին հավաքվել, երբ Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ նրանց վրա, և սկսեցին տարբեր լեզուներով խոսել: Բայց զարմանալին այն է, որ Երուսաղեմի բոլոր կարևորագույն սրբատեղիները գտնվում են քրիստոնեական հարանվանությունների իշխանության ներքո, բացի Սուրբ Հոգու գալստյան սրահից, որը Պաղեստինի արաբների իշխանության ներքո է. այդ օրը քրիստոնեական եկեղեցիները թույլտվություն ունեն այնտեղ գնալու և այդ մեծագույն տոնը նշելու։ ՈՒ քանի որ հիշյալ սրահը մեզ չի պատկանում, այդ պատճառով այնտեղ սուրբ խորան չկա, որ սուրբ Պատարագ մատուցվի. ըստ իս, դրա պատճառը հենց մենք՝ քրիստոնյաներս ենք, որովհետև կարծես մոռացել կամ ուրացել ենք Սուրբ Հոգու Աստվածային զորությունը և գործում ենք նախնիներից թափ առած ավանդական իներցիայով։ Բայց մինչև ու՞ր կհասնենք այդպես. առջևում Սուրբ Հոգու կրակն է սպասվում, եթե չապաշխարենք մեր մեռած գործերից (սա Պողոս առաքյալի հորդորն է բոլոր քրիստոնյաներիս)։ Առաքյալները Տիրոջ Հոգին ստանալուց հետո խոսում էին մի լեզվով, սակայն լսողներից յուրաքանչյուրը լսում էր իր լեզվով: Եվ այդ հրաշքներն անհավատների համար էին լինում, ոչ թե առաքյալների։ Ինչպես Աստված փակեց դրախտը բոցեղեն սրով և պահեց կենաց ծառի ճանապարհը, այնպես էլ այս օրը կրակի նմանությամբ Սուրբ Հոգին առաքվեց՝ պահելու և պարսպապատելու համար սուրբ Եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, քանզի սատանան Սուրբ Հոգու կրակից հույժ սարսափում է: Իսկ Գրիգոր Աստվածաբանն ասում է, որ երբ հարկ էր լինում որևէ լեզվով խոսելու, խոսում էին և ամեն մի ազգի քարոզում էին իրենց իսկ լեզվով, որպեսզի շնորհը լինի խոսողինը և ոչ թե լսողինը:


Աստվածաբաններն ասում են, որ այդ օրը Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները խոսել են հայերեն, ինչը նշան էր այն բանի, որ նրանք պետք է Հայաստան գնային՝ վկայելու Քրիստոսին։ Այդպես էլ եղավ, և նրանք իրենց վկայությունը կատարեցին հավատարմաբար ու նահատակության գնով։ Իսկ որ Սուրբ Հոգին հույժ անհրաժեշտ է մեր փրկության համար, հայտնի է նաև Տիրոջ խոսքից. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող Աստծո Արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի» (Հովհ. 3.5-6)։ Եվ նման ծնունդը վերստին Սուրբ Հոգին է կատարում մկրտության Սուրբ ավազանում, օծյալ քահանայի միջոցով միայն։ Ասենք նաև, որ Սուրբ Հոգու աստվածային խորհուրդը, որպես Սուրբ Երրորդության երրորդ անձ, իսպառ մերժում են Եհովայի վկաները, համարելով Նրան որպես Աստծո զորություն ընդամենը։ Այժմյան եհովականները նախկինում արիոսական կոչվող հոգեմարտներին են հարում, իսկ Հոգեգալստական քրիստոնեական խմբավորումները միայն կենտրոնանում են զուտ այդ խորհրդի վրա և զանազան, մեր չիմացած լեզուներով խոսելը համարում են Սուրբ Հոգով լցված լինելու միակ չափանիշ, ինչը, իհարկե, թյուր կարծիք է, քանզի Սուրբ Հոգու շնորհները զանազան են։


Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում Հոգեգալստյան տոնը այս տարի կկատարվի հունիսի 9-ին, հետո կսկսվեն սրբերի հիշատակման տոները, որոնցից առաջինը Եղիա մարգարեն է, ով Սուրբ Հոգու զորությամբ, առանց մահ ճաշակելու, երկինք վերցվեց. ապա կհետևեն սուրբ Հռիփսիմյանց և սուրբ Գայանյանց կույսերի հիշատակման օրերը:
Ավարտենք Սուրբ Հոգեգալստի մասին խոսքը Ներսես Շնորհալի հայրապետի աղոթքով.
Հոգի՜ Աստծո, Աստված ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ ավազանի մկրտությամբ, մեղա՜ երկնքի և Քո առաջ, մաքրիր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներինև ողորմի՜ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 18903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ