ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լրջանալը չէր խանգարի

Լրջանալը չէր խանգարի
25.07.2008 | 00:00

ՉՀՈՒՄՈՐ
Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային դատարան հայց ներկայացնելու՝ ընդդիմության նախաձեռնությունը շարունակում է նոր թափ հավաքել: Երկու շաբաթ առաջ մեկնարկած այս նախաձեռնությունն արդեն իսկ հասցրել է լուրջ իրարանցում առաջացնել հայաստանյան թեժ ամռան նույնքան թեժ քաղաքական դաշտում, չնայած այն հանգամանքին, որ Քոչարյանը դեռևս հումորով է վերաբերվում Հաագայի դատարանի առջև կանգնելու հեռանկարին: Մինչ իշխանամետ որոշ ուժեր բացասաբար են վերաբերվում այս նախաձեռնությանը` դա համարելով հերթական անգամ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու առիթ, ընդդիմադիրները միանգամայն այլ կարծիքի են: Համաժողովրդական շարժման անդամ Լևոն Զուրաբյանը, օրինակ, նման գնահատականը «աբսուրդ» է համարում։ «Մենք պատրաստվում ենք դիմել շատ կոնկրետ հայցով: Թե դա ի՞նչ կապ ունի Ադրբեջանի բարձրացրած հարցի հետ, ոչ ոք չի կարող բացատրել: Դա նույնն է, թե հայց բարձրացնեք մեկի նկատմամբ` գողության մեղադրանքով, և ասեն, որ դա կարող է օգտագործվել մեկ այլ մեղքի` ասենք, բռնաբարության մեջ մեղադրելու համար»,- ասում է նա: Այսուհանդերձ, ամեն օր Հյուսիսային պողոտայում Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու գործընթացին ստորագրության տեսքով իրենց հավանությունն են տալիս բազմաթիվ քաղաքացիներ: Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից փորձեցինք պարզել՝ որքա՞ն ստորագրություն է հավաքվել, և մինչև ե՞րբ է շարունակվելու ստորագրահավաքը: Մուսինյանը տեղեկացրեց, որ ամեն օր ստորագրությունների թիվն ավելանում է, ուստի ստույգ որևէ թիվ չի կարող ասել: Միայն Երևանում, ըստ մամուլի խոսնակի, 60-70 հազար քաղաքացի է ստորագրել այդ նախաձեռնության տակ: «Պատկերն ամբողջական չի կարող լինել, քանի որ մարզեր ուղարկված ստորագրության բլանկները դեռևս չենք հաշվել»,- ասաց Մուսինյանը` հավելելով, որ «ստորագրահավաքը կշարունակվի այնքան ժամանակ, որքան քաղաքացիները հետաքրքրություն կցուցաբերեն գործընթացի նկատմամբ, իսկ առայժմ ստորագրել ցանկացող մարդկանց թիվը շատ մեծ է»:
Այնպես որ, հումորը՝ հումոր, սակայն մի քիչ լրջանալը Քոչարյանին, կարծում ենք, բնավ չէր խանգարի։

Դիտվել է՝ 4371

Մեկնաբանություններ