«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մարգարիտ Բարանկիցե. Մենք բոլորս աշխարհի քաղաքացիներ ենք

Մարգարիտ Բարանկիցե. Մենք բոլորս աշխարհի քաղաքացիներ ենք
25.04.2016 | 13:41

«Ավրորա»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն վստահ է՝ իրեն տրված մրցանակը պետք է վերջ դնի աշխարհում տիրող բռնությունների շղթային՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր փրկած կինը: Նա հիմնել է «Խաղաղության տուն» («Մեյսոն Շալոմ») որբանոցը՝ 1990-ականներին Բուրունդիի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էթնիկ զտումներից երեխաներին փրկելու համար:


«Ինձ համար այս մրցանակը նախ մի հնարավորություն է, որը հարցականի տակ կդնի Բուրունդիի քաղաքական գործիչների գործունեությունը։ Սա կօգնի նրանց մտածել, որ եթե վռնդում են մարդկանց, տարագիր են դարձնում մայրիկներին, կանանց, սխալ է։ Երբ ես մարդկանց տեսնում էի ապստամբության ժամանակ, ասում էի, որ պետք է զենքը վայր դնենք։ Երբ առաջին երեխան սպանվեց, ես ասացի՝ դուք իրավացի չեք, երբ այդպես եք վարվում։ Ես շնորհակալ եմ «Ավրորա» մրցանակի համար, որովհետև սրանով մենք աշխարհին ցույց տվեցինք, որ եթե ինձ մրցանակ տվեցին, գուցե նրանք հասկանան, որ իրենց քաղաքականությունը հարցականի տակ պետք է դնեն։ Բոլոր հանցագործները պետք է իրենց հարց տան՝ ճի՞շտ են վարվում։ Այս մրցանակը բռնությունների շղթային պետք է վերջ դնի»,- շեշտեց Բարանկիցեն՝ հավելելով, որ արդարության հաստատմանը հավատալ է պետք։
Հարցին՝ ի՞նչ պետք է արվի, որ Բուրունդիում նույնը չկրկնվի, մրցանակակիրը պատասխանեց, որ մարդիկ իրենք պետք է հասկանան, որ սխալ են վարվում։


«Ես ատելություն չունեմ ոչ Բուրունդիի նախագահի հանդեպ, որը սպանություններ է կազմակերպում, ոչ մյուս հանցագործների։ Ես նրանց կարեկցում եմ։ Պետք է բոլորս հասկանանք, որ բանակցություններ են պետք, որ բանակցությունն է հաղթանակի ճանապարհը։ Համոզված եմ, որ նրանք կհասկանան։ Հակառակ դեպքում պիտի թողնեն իրենց դիրքը, որ արդարադատությունը, միջազգային քրեական դատարանը որևէ քայլ ձեռնարկի, որովհետև այդ մարդիկ հանցագործներ են։ Նրանք իմ եղբայրներն են մնում, ես ատելություն չունեմ նրանց հանդեպ, կարծում եմ, որ մի օր կասկածի տակ կառնեն իրենց գործելակերպը»,- ընդգծեց Մարգարիտ Բարանկիցեն։ Ըստ նրա՝ բոլորն են աշխարհի քաղաքացիներ ու ճիշտ չէ սահմաններ փակել փախստականների առաջ։ «Մենք բոլորս աշխարհի քաղաքացիներ ենք։ Ինձ առաջին օրից հարց են տվել, երբ ես լքել եմ Բուրունդին, թե ինչո՞ւ եմ եկել, ի՞նչ եմ անելու։ Ես պարտավոր էի գնալ, ինքնաթիռով թռա Բրյուսել ու երբ հասա, ոստիկանը ինձ հարցրեց՝ ինչո՞ւ ես եկել։ Ասացի, որ եկել եմ բաշխեմ իմ երջանկությունը։ Ես աշխարհի քաղաքացի եմ։ Երկրագունդը բավական մեծ է, բոլորի համար է։ Աստված մեզ տվել է այս հողը, որ կարողանանք այստեղ ապրել երջանիկ, ինչպես քույրեր ու եղբայրներ»։ Մրցանակակիրը նշեց, որ ինքը ունի մեկ երազանք՝ որբանոցի երեխաներին ուղարկել աշխարհով մեկ՝ քարոզելու «այլևս երբեք»։

«Եթե ես կարողանամ երեխաներիս ուղարկել Հայաստան, դա կարող է լինել միջոց տեսնելու՝ ինչ է կատարվում աշխարհում, որովհետև մենք ասում ենք՝ այլևս երբեք, բայց դա կրկնվում է»,- ասաց Մարգարիտ Բարանկիցեն։

Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ