«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞րն է մեղվի գաղտնիքը

Ո՞րն է մեղվի գաղտնիքը
24.07.2015 | 10:26

Այս մեր ապրած ժամանակների առօրյա հոգսերն ու դժվարությունները մոռացած՝ ուզում եմ խոսել ու խորհրդածել մի բարի ու անչար, «անպաշտպան» ու աշխատասեր, անձնազոհ ու նվիրյալ տեսակի մասին, որն էլ զարմանալիորեն իր որոշակի դրսևորումներով հիշեցնում է մարդ էակին խանձուրք-օրոցքից սկսած մինչև իր կյանքի մայրամուտը: Պատմել մեղվի մասին նշանակում է համենալ վերին Արարողի կապույտ սոսափող փեշերը, որ նուրբ, ծալ-ծալ իջնում ծածկում են լեռների երկնահուպ ուսերը: Ինձ միշտ թվացել է, որ մեղրը հրեշտակների արտասուքն է, որ ամպ-անձրևները հոնգուր-հոնգուր լացել են ծաղիկների վրա, որոնք էլ պաղել-մնացել են նրանց աչերին, «բանբեր-սուրհանդակ» մեղուները կաթիլ առ կաթիլ հավաքել են այն և մեղրահացեր «թխել» ծեր ու մենակյաց, ճգնավոր սրբերի, անմեղ-անարատ մանչուկ-երեխաների համար: Եվ ես ուզում եմ դուռ բացել` մտնել այդ ծաղկավոր-ծաղկաբերք ծաղկաշխարհը, ուսանելու նրա բարքն ու վարքը: Աշխարհը հին է, և մարդը նույնպես, մեղուն նրա հասակակիցն է, ասես նրա բարոյահոգեբանության լավագույն գծերի կրողն ու հայելի-արտահայտիչը, ուր բոլորեքյան արտացոլված է «ասուն» կոչվածը:
«Մի կաթիլ մեղրը» պատճառ դարձավ այն աշխարհավեր պատերազմին, որից հետո մնացին մարդկային ահավոր զոհեր, քաղցի և սովի ձեռքերում քամվող ու հեծեծող (երբեմնի ծաղկուն) մի ավերակ-անապատ երկիր: Մեղրը կատարեց իր «քաղցր-դառը» գործը, եղավ պատմության ընթացքը շարժող այն քարավանը, որի առաջնորդ, տանող նառ ուղտը մեղուն էր:
Բայց մեղուն ընդհանրապես ի՞նչ երևույթ է, ինչպիսի՞ միջատ է, ի՞նչ շնորհներով է օժտված։ Դժվարանում եմ ասել, քանզի ես կենսաբան չեմ, բայց նրա ծագման ու բնույթքի, կյանքի ու կենցաղի, ֆիզիկականի մասին, բազմաթիվ գրքեր, ուսումնասիրություններ եմ «հոտոտել», բայց նա ինձ համար էլի մնում է անբացատրելի ու անմեկնելի գաղտնիք, իր բոլոր կողմերով հանդերձ: ՈՒզում եմ գնալ այդ ակունքները և որոշ բաներ պարզել ինձ համար, որոնք ունեն ընդհանրական նշանակություն:
Այս մտածումներն անանձնական են և անցկացված են սեփական «լաբորատորիայով»:
Գիտեմ, որ մեղուն ձմռանը ննջում է, գարնանն արթնանում, սկսվում է նրա աշխատանքային բուռն-եռուն շրջանը` հազարագույն-հազարադեղ ծաղիկներից իր նեկտար-փոշի հավաքելը, փեթակում մշակելը և այն սերեկելը, ինչպես բույսերն են իրենց սերմնահունդերը պատիճ-պատյաններում պահուստում: Լուսահոգի մայրս ասում էր` «Ամառնամուտի մեղրը երիտասարդ է, թունդ ու հախուռն, գինու մաճառ, որն էլ ինչ-որ տեղ վտանգավոր է, իսկ աշնանը` ալևոր, նստած-դադրած, միջի կրակները հանդարտ-հանգած, որն էլ օգտակար է ու բուժիչ»: Մեղրի պատրաստման և հասունացման գործընթացին մասնակցում է ողջ բնությունը` արևն ու ջուրը, հողն ու եթերը, բուսնուբուսանքը, աստղն ու հովը, այն բոլոր տարրերը, ինչով բաղադրված է Աստծո ծեփած մարդ արարածը:
Գարունը երբ գալիս է, ամպերը գոռգոռում են, անձրևները սկսվում, ձյուները հալվում,- մեղուն աչքերը բացում է քնից և մանկան պես, պիշ-դուրս նայում փեթակ-մուտքից, ուր հսկվում է յուրայինների կողմից, «պահնորդ-զինվորները» թույլ չեն տալիս վաղ դուրս գալ, այդպես էլ ողջ պարս-ընտանիքը, որն էլ քնաթաթախ բզզում է մայր մեղվի շուրջը և սպասում նրա «հրամանին»: Սակայն դաշտերի ու արոտների, հանդերի ու ձորերի, նոր արթնացող ձնահամ ծաղիկների ու գառնուկ-բուսական բույրերը, արագիլների միաոտ «կափկափոցները», ծիծեռնակների սուր ծիվ-ծիվները, հարավի հովերը բերում-թափում են փեթակների վրա: Սարսռում է նրանց բեղմնավոր հոգին ու մարմինն արարելու, ստեղծելու բնազդ-ներշնչումները նորոգվում ու բորբոքվում են , ինչպես նուրբ ջութակը, որին հանկարծ կնտոցն է դիպչում: Մեղու-ջութակի մեջ շարժվում են Մոցարտն ու Պագանինին: Գարունը ամեն կողմից կանչում է նրանց` սարից ու ձորից, քարափից ու ջրվեժից, թռչունների համերգից, և ձագ-մեղվապարսը թռչում է դեպի արևը, որի շողերը ողողել էին ողջ աշխարհը, բնությունը արթնացել է հազար ու մի թովչանքներով: Մեղուն բնազդով գիտե, թե որ ձորից և որ ծաղկից պիտի հավաքի իր նյութը և քանի օր թռչի հյուսիս, քանի օր՝ հարավ, այդքան էլ ` արևելք ու արևմուտք, և իր բերածը ամբարի մոմե բջիջների մեջ ու մշակի «բանաստեղծական ներշնչանք-հումքը», որ ստանա այն, ինչ մարդիկ անվանում են մեղր, որի ծորանքը բնատուր արվեստագետը ամեն պահ զգում է իր ներսում: Ժողովուրդն ասում է. «Մեղուն նույն ծաղկից մեղր, օձը` թույն է պատրաստում» կամ «Մեղրը մատ-մատ, չամիչը` հատ-հատ»: Ժողովուրդը իմաստուն է, փորձված դարերով, մանուկ-միտքդ ակամա քաշում է խորհրդածության ափերը, հեռանկարում` մեգն ու մուժը, թախիծն են քեզ պատում, որ այդ հրաշք էակին ով դիպչում է, անդառնալիորեն կործանում է նրան, և նա ինքնապաշտպանության բնազդով զգեցած քեզ կծում է ու մանկան պես «մեռնում», մեռնում է, հանճարեղ «մեղեդին» աչքիդ առաջ, իսկ սրան հակառակ օձը, որն էլ Ադամ-Եվայից սկսած չարության ու նենգության, սատանեական խաբեության ու կործանման, նզովված տիպար է, շարունակում է ապրել: Ահա բարու և չարի հավերժական բախման մի վառ օրինակ, որ արմատացել է մեր մեջ, ուր բարին հաղթում է ի վերջո:
Ես մտածում եմ, թե ինչո՛ւ է այսպես, թող օձը մարդուն խայթելուց «մեռնի», ոչ թե մեղուն. ահա այստեղ են մեր մտքի ու խղճի առաջ ծառանում բազմաթիվ հանգույց-հարցեր, անլուծելի պայմանականություններ, խնդիրներ, անարձագանք հետևանքներ, որոնք կարոտ են պատասխանի, որոնց առաջ մեզ նմանները համր են` դաշտում ընկած մենավոր քարերի պես:
Ի դեպ, «դաշտի քարեր» ասացի, և միտքս նորից ճյուղք տվեց, վերադարձա մեղուների բնութքին, ցեղին ու տոհմին, «դինաստիային», նրանց աներևակայելի խելոք ու խոնարհ տեսակի ու կերպի քննմանը, որը մեր նախնյաց էլ է հուզել, նրանք էլ են ուզել գտնել այն մի այծ-ոտ կածանը, որ տանում է նրանց էության վերծանմանը, սկսած հին դարերից մինչև մեր ապրած օրերը, մեղվապարսը մեզ հետ է գալիս, դեռ մարդու սկզբնարան-կացարան քարայրից, մեր ծեր ունկերում է նրա գվվոցը: Մինչև հիմա էլ նրանց բրդոտ նախնիները ապրում են քարե փչակներում, ծառերի «աչք-ականջներում», ուր արջերն ու սկյուռները խելքամաղ են լինում վայրի մեղրի բուրմունքից, որն էլ հովերն ու զեփյուռները հեռվից հեռու, բերում են իրենց թևերին և խցկում մեր «կույր» հոտոտելիքները:
Անտառների խիտ ու թանձր ծմակուտներում, վայրի հեթանոս ժայռերի այրերում, շատ եմ հանդիպել այդպիսի մեղվաընտանիքների, մանուկ ժամանակ, և երազել հասնել նրանց խորիսխ-բները, բայց «մեղվաբուքը» թույլ չէր տալիս մի քայլ մոտենալ իրենց անմատույց ամրոցներին: Հաստաբուն կաղնու, դարեր ապրած ընկուզենու «ծոցերում» նրանք հյուսում են իրենց բզզուն համայնքը` կենտրոնում մայր մեղուն, գնդվող ձագուկները շուրջը: Լսում ես նրանց համերգը և զարմանում, թե որքան գեղեցիկ է ու խոսուն այդ ամենը` երաժշտական:
Մշո աշխարհում է Արածանի-Մեղրագետը, որի ակունքների ժայռապատ բարձունքներում վաղնջյան ժամանակներից ապրում են մեղվաընտանիքներ: Մշո դաշտը ծաղկափոշու, գազպե-նեկտարի, մանանայի ծով է: Նրանց ամբարները լիքն են մեղրահացերով: Մարդու ոտքը չի հասնում այդ բարձունքներին, և ամռան շոգ-տոթ օրերին (զրույցն է այդպես հիշում)՝ ժայռերի ալևոր երեսների ակոսներով մեղրը հոսում-լցվում է Մեղրագետը, որի ջրերը քաղցրանում են։ Ահա որտեղից է նրա անունը, և թռչունները ամեն կողմից գալիս, ձագեր են հանում նրա ափերին` սնվում են այդ ջրերով, ձագերը ծնվում են անօրինակ գեղեցիկ ու դիմացկուն, առողջ, իսկ պուտ-պուտ խայտուն-խալավոր ձկների համից չէիր կշտանում։ Այդպես էր Շուշան-Շողեր մամ-տատս մեզ պատմում իմ մանկության վաղ տարիներին: Մտքիս մեջ է դեռ նրա մեղրե ձայնը, որով պատված եմ, ինչպես վաղորդյան դաշտը` ցողերով ու լուսատտիկներով:
Այդպես էլ մարդիկ` մեղուներին հանգունակ կառուցել են քարայր տներ, բերդ-ամրոցներ և սերնդաշար շարունակել իրենց տոհմը, ցեղը: Մեղուն ու մարդը, ահա բնության բարձրագույն արտահայտությունները, նմանատիպ-նմանատես որակական և գոյաբանական մոտեցումներով: Բայց ինձ մինչև այսօր զարմացրել են «տնական վերասերված-ընտելացված» և վայրի մեղվի տարատեսակների, իրենց հավաքած ծաղկանեկտարի, մեղրակաթի ու մոմի, նրանց վերջնական պատրաստման, հումքի և նյութի, համերի ու հոտ-բույրերի տարբերությունները: Մարդը, ասես թե, մեղվին ընտելացնելով «բթացրել-կուրացրել» է նրա բնական զգայությունները, նախամորից ժառանգաբար փոխանցված մեղրահունցման և մշակման գոց գաղտնիքները, և այս հարցում էլի մարդն է «մեղավորը», քանզի «սովյալ-անծաղիկ» ժամանակներում նրան կերակրել է անաշխատ հումքով, վարժեցրել ծուլության և «նյուխի» անընկալունակ սովորույթքին, որի արդյունքում մեղրահասույթը երբեմն կորցրել է իր բնական նախաստեղծ-ծաղկահամությունը: Ես նկատել եմ, որ վայրի մեղվաընտանիքներում մեղուները հաստլիկ ու կլորիկ չեն, ավելի պարարտ և նրանց մոտ չկա բոռերի այնքան քանակ, որքան կա գյուղական փեթակներում: Բացի դրանից, մեղուների մարմինները ավելի սրված-երկարացված են ու բրդոտ, որ հիշեցնում են իրենց տարատեսակ կրետներին ու դզեզներին, ամենպահյա աշխատասիրությունը (հույսը իրենց վրա դրած, քամու և անձրևի, տարերքի դիմաց), անտառ ու արոտ չափելը ու շարունակաբար ստեղծագործելու մոլուցքի մեջ գտնվող նրանց մարմիններն ու տեսքը, բնությունը հղկել է ըստ նրանց կեցության, ըստ պատկերի յուրո: ՈՒզում ես ակամա համեմատանք անցկացնել մարդկանց և նրանց միջև: Երբ նախագո մարդը ապրում էր քարայրում, շարունակ ոտքի վրա, անդադար կենաց նյութի փնտրտունքի մեջ, որսի և կռվի պարունակներում, ֆիզիկապես «կրթել» էր իրեն` կոփված էր ու ճկուն, դիմացկուն, հոգեպես էլ` լեցուն:
Ես ապրել ու մեծացել եմ լեռնային գյուղում, ուր բնությունը` գարնանը թե ամռանը, աշնանը թե ձմռանը, տարին իր բոլոր եղանակներով ունեցել է իր յուրահատուկ ազդեցությունը մարդկանց վրա, նրանց արտաքին կազմավորման և հոգեկերտվածքներում: Սարեցի երեխաները, երբ մայր օրոցքից իջնում են, ոտք են դնում հողին, մասնակցում են շրջապատում կատարվող (ըստ եղանակի) բոլոր աշխատանքներին, մանավանդ իմ ապրած սերնդի ժամանակներում, ուր տեխնիկան այսքան զարգացած չէր, ուր վար ու ցանը, հունձն ու կալսը կատարվում էին ձեռքով: Երեխան վայրի մեղվի պես «կրթվում» էր աշխատանքի մեջ և ձևավորվում կենդանիների (տնական) միջավայրում: Մանուկ տարիքում հովվությունը, բնության հետ շարունակ շփվելը, աշխատանքային եռուզեռում թրծվելը հետագայում տալիս էին իրենց անմերժելի ու անբեկանելի արդյունքը, որն էլ նրանց ուղեկցում էր ողջ կյանքում` ոգու, հայեցման, ուժի և դիմացկունության հարցերում:
Ինչո՞ւ գրեցի այս մասին՝ հեռանալով իմ բուն նյութից, ի՞նչ կապ կա գյուղական երեխաների և մեղվաընտանիքների միջև, ի՞նչ ընդհանրական աղերսներ ունեն նրանք իրար հետ և ի՞նչ նյութահոգեբանական վերջույթ-ձևույթ եզրեր: Չգիտեմ: Պատասխանել չեմ կարող: Գուցե մարդագետ ու մարդաբան Տոլստոյը, հոգեբան Դոստոևսկին, գեղագետ Ֆոլկներն ու բիթլիսեցի Սարոյանը և ահնիձորցի Մաթևոսյանը պատասխանեին և ինչ բնորոշումներ կտային իմ այս «թոթով ու նաիվ» հասկացություններին, դժվարանում եմ ասել, քանզի մարդկային կյանքի պատմությունն ունի իր վերելքներն ու վայրէջքները, իր ընդարձակ տարածքներն ու մութ խորշերը, ծածկույթ հեռուները, ուր բնակվում է Ոչինչը` իր աննյութեղեն դավադիր լռությամբ: Չի բացատրվում այս ամենը, ուստի և ես վերադառնում եմ նորից իմ «հին» թեմային` մեղվի ուսմունքին, որ ամենավեհ ու ամենախոր իմաստությունն ու խորհուրդն է պարունակում իր փեթակ-տան մեջ, որ կերազեին աշխարհի բոլոր փիլիսոփաներն ու կենսաբանները, զորավարներն ու առաջնորդները, կյանքի կեցության հավատաքննիչները, եկեղեցական խորհրդագետ-աստվածաբանները:
Այստեղ ակամա միտքս եկավ մի առիթով մեր անվանի գրող Ռազմիկ Դավոյանի բնորոշումը, որ էքսպրոմտ ծաղկածեփել է` «Բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը մեր պոեզիայի Փիրոսմանին է»: Եթե այս հրաշալի-պատկերավոր խոսքի փակագծերը բացենք և խորանանք Փիրոսմանի նկարչի «ինքնուս-պրիմիտիվ» արվեստի հասկացությունում, ապա կերևա իր տեսակի մեջ աննմանելի հայորդու կերպարը, որն էլ մեղվաբնույթք ուներ, պարզ ու հասարակ իր «վրձին-կաթոցով», կերպարվեստում իր նախաստեղծ աշխարհն էր բացել, ինչպես մեղուն է անիմաց ու չգիտակցված պատրաստում իր «դասական» մեղրահացերը: ՈՒրեմն հավելելով այս մտքին, ասենք, որ ամեն բանաստեղծ դեռ մեղու չէ և ոչ էլ Փիրոսմանի: Ճշմարիտ, բնության կողմից կանչվածն է գրականություն բերում իր բնական անարատ (ոչ գրքային) հումքը, որին շաքարաջուր չի խառնված և ոչ էլ «արտագրված-փախցված» է օտար փեթակներից, նրա ոճա-ոլորտի նմանակողն է դառնում ակամա մեզանում:
...Մեղվի մի տեսակ կա, որը կոչում են դզեզ (կրետի մեղրը չի ուտվում, ասում են` իբր թունավոր է), սա մեղվի արտաքինը չունի, ավելի մեծ ու խոշոր միջատ է, սև ու բրդոտ իր տեսակով և մեծ մասամբ հանդիպում է արոտավայրերում, հանդերում, քարեկուտակներում, «չընգլ» կոչվող փռվածքներում, ուր ապրում են նրանք ընտանիքներով, սովորական մասրից մեծ պուտուկ-կարասիկները լցնում են մեղրածորանքով: Այս տեսակ մեղրաստեղծիչ միջատը չի ընտելացված, բայց նրա մեղրը յուրահատուկ դեղորայք է, նրա բնույթքն ու ապրելաձևը կարոտ են խոր ուսումնասիրման ու զննման։
Գյուղական երեխաներս շատ ենք քանդել նրանց քարակուտակ բները և հասել այն խորերը, ուր բնակվում են նրանք: Ծանր բզզալով պտտվում էին մեր շուրջը, մեզ ավար թողած իրենց մեղրափարչերը, որոնց բերանները խուփ գոցել էին ձմռանը բացելու համար: Այդպես հին եգիպտացիները փարավոններին են զմռսել-մոմել, ի քուն դրել քարե դագաղներում, որոնց բժշկական հմտությունները զարմացնում են մեզ: Բայց թե այդ ծորանքը ի՜նչ եթերային բուրմունք ուներ, աննկարագրելի է, ինչպես ջուրը «արտասանես», ամպը «պատմես», կայծակը «զրուցես», հովն ու արևը «ընթերցես» և այլն: Բառերն անզոր են իրենց «վտիտ» թիկունքներին կրելու այս չդատարկվող քթոց-բեռները, որ ծփում են իմ ներսերում:
Մեր գյուղացիք խոսում էին, թե այդ քարե կույտերի մեջ ապրում է նաև կուղբափորսուղանման դաշտային մի գազանիկ, որին ժողովուրդը կոչում է «կուռաբաշ» անունով, որն էլ գժվում է դզեզների մեղրի համար, իր սուր ու կեռ (յաթաղան) ճանկերով, որին հովվաշները մոտենալ չեն կարող (դեմք ու երես կծվատի), էլ ո՞ւր մնաց խեղդել, քանդում-բացում է նրանց բները և վայելում այդ անմահական «սափորիկ-մեղրամանները»:
Փաստորեն այդ մեղրը ուրիշ համ ուներ, չգիտեմ, գուցե մանկության համ։
Մեղվի և նրա (արարած մեղրի) մարդկայնորեն ապրող տեսակի մասին` սկսած Հին ու Նոր կտակարաններում, «Աստվածաշնչում», Ժողովողի սաղմոս-գրյանքներում, «Երգ երգոցում», հնդկա-չինա-ճապոնական վեդաներում ու հոքուներում շատ է խոսվել ու գրվել, բայց ամենաաստվածահաճո նյութը էլի մնում է ինքը` մեղուն, մայր բնության առեղծվածային էությունը, որին մոտենալու-հասկանալու, ի հաճույս բացատրելու նրա «անթարգման» գաղտնիքը, մեր ապրած մի կյանքը քիչ է. նա հազարավոր դարերի էպիկական կուտակումների արդյունք է` գոյության խորհուրդն ու բացասումը, հարաբերական տեսության անվավեր փաստումը տիեզերական բացարձակ վերացականության անեզր ոլորտներում:


Վազգեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5717

Մեկնաբանություններ