Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Փոքր պետությունից» կարող ենք վերածվել «ձախողված պետության»

«Փոքր պետությունից»  կարող ենք վերածվել «ձախողված պետության»
22.05.2024 | 08:27

Ակնհայտ է, որ օրվա իշխանությունները չունեն արտաքին և ներքին քաղաքականության ռազմավարություն։ Սա, թերևս, նկատելի է իշխանությունների կողմից վարվող հախուռն, անհավասարակշիռ, երբեմն իրար հակասող արտաքին քաղաքական խոսույթից, հանդիպումներից և այլն։

Ժամանակակից աշխարհում, երբ պետությունները մեծ փոխկապվածության մեջ են, երբ անգամ ներքին քաղաքական գործընթացներն են հաճախ միջազգային քաղաքականության մաս դառնում, արտաքին քաղաքականությունը պետությունների, թերևս, ամենանուրբ և ամենանպատակային աշխատանքի ոլորտն է դառնում։

Սակայն, արտաքին քաղաքականության ռազմավարություն գծելիս, կարևոր է հստակ պատկերացնել երկրի տեղը և դերը պայմանական՝ 5 տարի հետո, 10 տարի հետո, 20 տարի հետո։ Միևնույն ժամանակ, կարևոր է սահմանել, թե քո երկրի մրցակիցը ո՞ր երկիրն է, ո՞ւմ ես պատրաստվում դիմակայել։ Որպես մրցակից եթե սահմանում ես երկրի, որը հնարավորություններով քեզ հավասար է` որին պետք է դիմակայես, նշանակում է զրկվել մրցունակությունից, առաջադիմելուց և ապահովել երկարաժամկետ հեռանկարում անխուսափելի ռեգրես։ Հետևաբար, տարածաշրջանում քո հավակնությունները պետք է հավասարեցնես ռեգիոնալ առավել զարգացած տերություններին, որոնց դիմակայելու կանխավարկածով պետք է զարգացնես ՝

ա․ տնտեսությունը,

բ․ բանակը և ռազմական տնտեսությունը,

գ․ արտաքին քաղաքականությունը,

դ․ պետության քաղաքական համակարգը։

Ունենալ ռազմավարական հայեցակարգ, նշանակում է ունենալ դինամիկ, ռիթմիկ և պրոակտիվ արտաքին քաղաքականություն, նպատակային գործողություններ։

Հայաստանի պարագայում նրբությունն այն է, որ երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքական ուժերի բախման էպիկենտրոնում՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ռեգիոնալ քաղաքական ակտորների հավակնությունների թիրախում։

Հետևաբար, նրբությունն այն է, որ արտաքին քաղաքական ռազմավարությունը պետք է լինի տարածաշրջանային ուժերի և տանդեմների հավասարակշռումը՝ մի կողմից, աշխարհաքաղաքական գործող ակտորների բախման վտանգը երկրի սահմաններից վանելու քաղաքականությունը՝ մյուս կողմից։

Երկրի համար ստեղծված ժամանակավոր՝ այսրոպեական և երկարատև համընկնող շահերի ամբողջական օգտագործումը ենթադրում է առանձին կարճաժամկետ կամ երկարաժամկետ, երկկողմ կամ բազմակողմ տարածաշրջանային և արտատարածաշրջանային դաշինքների ձևավորում, որոնք հնարավորություն կստեղծեն անվտանգության միջավայրի բարելավման և ներպետական հիմնախնդիրների լուծման, քաղաքական համակարգի մոդեռնիզացման, զինված ուժերի վերակազմակերպման համար։

Արտաքին քաղաքականության ռազմավարության բացակայության պայմաններում պետությունը ո՛չ միայն կզրկվի «փոքր պետության» տիտղոսից, այլև աստիճանաբար կմոտենա «ձախողված պետության» աստիճանին։

Արա Պողոսյան

Քաղաքագետ

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ