Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Սև ագռավ, կաց մոտս, զրուցենք իրար հետ. Վարդան Խարազյան

Սև ագռավ, կաց մոտս, զրուցենք իրար հետ. Վարդան Խարազյան
30.01.2023 | 07:30

Ինձ թվում է՝ թռչունները մի քիչ գինի խմած են ստեղծված Աստծու կողմից, դրա համար են նրանք կարողանում թռչել: Էսօր դուռս բացեցի, ելա իմ փողոց, գլուխս կախ, ձեռքերս վիլվետե տաբատիս փափուկ գրպանները դրած, մտածեցի, որ եթե ես նույնիսկ հազար շիշ գինի խմեմ՝ թռչուն չեմ դառնա, մինչդեռ ուզում էի կորչել էս աշխարհից... Բզեզը թևիկներ ունի, և ես քանի-քանի բզեզ եմ գտել Երևանի իմ արևոտ տան պատուհանի փեղկերում, գտել ու մատներովս վերցրել, մանրամասն նայել եմ տոտիկները իր, թևիկները իր, իր մահացած մարմինը...

Մի սև ագռավ իջել էր ու փողոցը փակել, շատ մոտ էր ինձ, և ես հիացա նրա գույնով, բայց ավելի ուզեցի մի հատ դրա աչքերը տեսնեմ ու հարցնեմ , թե ախր ինչպե՞ս է ինքը ապրում այս աշխարհում առանց տան վարձ մուծելու, առանց գազ ու լույսի վարձ մուծելու, բայց դե նա նույնիսկ փողոցային կանոնների վրա թքած ուներ, քանի մեքենա չէր եկել՝ փողոցը իրենն էր, իսկ հետո՝ երկինքն էր իրենը, շենքերի տանիքներն էին իրենը...

Մի շարժում արի թե չէ, թռավ գնաց դիմացիս հոլիվուդյան կինոստուդիայի շենքի գլխին նստեց ու կռռալով հայտարարեց, որ ես զրո եմ Հոլիվուդում, որ ես չեմ Հոլիվուդի ու Երևանի թագավորը, այլ ինքը... Ու ես Հոլիվուդի սուտ ձմեռի մեջ, Հոլիվուդի ինձ անգին ու անուշ ձմեռի մեջ նստեցի մայթեզրին... Մայիս ամսվա պես տաք էր, պատուհանիս տակ իմ տնկած դեղին վարդը պտղունցիս չափ բացվել էր, բայց ես ուզում էի ինչ-որ տեղ գնալ, անհայտ մի տեղ, մարդկության աշխարհ վերադառնալու, իմ լեզուն հասկացող մարդկանց աշխարհ վերադառնալու նախապայմանով մի տեղ, մի ագռավի թռիչքի չափ մարդկանցից հեռու մի տեղ գնալ, գոնե մեկ օրով, որ կարենամ կլլեմ էս չարությունը, էս մեծ մարդասպանությունը, որ նորից մարդկանց կարոտեմ, և այնքան մենակ լինեմ, այնքան մենակ մնամ, որ կարոտեմ անգամ ամենավատ մարդկանց, որ հետները կամենամ խոսել՝ ի դարձ մարդ արարածի, ի դարձ Նրա, Ով ստեղծել է մարդուն՝ սիրուն ու թռչնային կյանքի համար...

Դիտվել է՝ 25126

Մեկնաբանություններ