ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նա լաց եղավ, երբ ստիպված վաճառեց գրասեղանը

Նա լաց եղավ, երբ ստիպված վաճառեց գրասեղանը
05.06.2023 | 07:45

Փորձագետներից շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղել: Նա Չարենցի մասին ասում էր. «Ընկերներ, մեզ բոլորիս համար պարզ է, որ Չարենցն ունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրություն, դա դաշնակցական կոնցեպցիա է»:

Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր մի տեսարանի: Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր…Անտանելի ցավերի պատճառով նա ստիպված էր ամեն օր դեղեր ընդունել: Նրա դեղերը վերջացել էին, ցավերից գալարվում էր: Կինը՝ Իզաբելլան, խնդրում է Իսահակյանին, որ այդ դեղերից հայթայթի: Իսահակյանը խոսք է տալիս և կատարում է իր խոստումը: Որքան էլ շատերին զարմանալի թվա, ըստ որոշ վկայությունների, այդ դեղ կոչվածը մորֆի էր: Ամենամեծ ցավը հենց այդ գրասեղանի վաճառքն էր, որի վրա ամեն օր Չարենցը գրում էր այն գործերը, որոնք պիտի դառնային հայ գրականության նշանավոր էջերը:

Իր գործերի մեջ նա իր հոգին էր դրել, դրա համար էլ լաց եղավ, երբ ստիպված եղավ վաճառել այդ հասարակ, բայց և այնքան թանկ ու հարազատ իրը:

1937 թ. հուլիսի 26-ին Չարենցին հանում են տնային կալանքից ու տանում բանտ: Նա մեղադրվում էր խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար: Բանտում էլ շարունակում էր ստեղծագործել: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 6-ին կնոջը գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»:

Իզաբելան ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա.Միկոյանին նամակ է գրում և խնդրում ազատել Չարենցին՝ հաշվի առնելով նրա անմեղությունն ու առողջական վիճակը:

Ըստ որոշ տվյալների՝ Բերիայի վարձկան լրտեսների «թեթև ձեռքով» այդ նամակն անգամ հասցեատիրոջը չի հասել: Չարենցի օգտին գրված բոլոր նամակները հետագայում գտնում են Բերիայի գրասեղանի գզրոցում: Նույն թվականի նոյեմբերի 27-ին հաղորդվում է, որ Չարենցը մահացել է բանտում, որտեղ էլ դիահերձվել է: Սակայն դրանից մեկ ամիս առաջ նա Իսահակյանին գրում էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չհուղարկավորվեց, որևէ կոնկրետ տեղում չհանձնվեց հողին: Սա շատերին հիմք է տալիս կարծելու, որ նա նման հանգամանքներում չի մահացել: Չարենցի ծննդյան հարյուրամյակի առիթով «Մոլորակ» հանդեսում լույս է տեսնում մի հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» խորագրով: Հոդվածում նկարագրվում է, որ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդ, ով գնդապետ էր և արժանացել էր Լենինի շքանշանի, եղել է Չարենցի դահիճներից մեկը: 1937 թ.նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան կոմիսար Մուղդուսի գլխավորությամբ, ով նաև կազմակերպել էր Վահան Թոթովենցի սպանությունը, Չարենցը հանվում է Երևանի իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին Մուղդուսին, Չարենցը, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ: Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»: Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը:

Այս պատմությունը հետագայում՝ 1970 թ. սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին:

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4410

Մեկնաբանություններ