ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ինչպես ասում են` մնացյալը լռություն է

Ինչպես ասում են` մնացյալը լռություն է
14.05.2023 | 19:49

Երբ մեզ ամենաշատը հետաքրքիր է, թե գիշերն ի՛նչ դրություն է եղել երկրում, արդյոք թշնամու կրակոցից մեր զինվորները չե՞ն վնասվել, և ահա նորությունը` Հայաստանը «Եվրատեսիլ» կոչվող մրցույթում ամենաբարձր միավորը տվել է Իսրայելին։

Հիշեցում` հատուկ անհայրենիքների համար. սա այն երկիրն է, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Եվ եթե պարբերաբար որևէ բանաձև է դրվում քննարկման, ապա միայն այդ պահին մեր թշնամի, ցեղասպան պետության վրա ճնշում գործադրելու և զիջում կորզելու համար։

Սա այն երկիրն է, որն Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ դարձյալ մեր թշնամու սերտ դաշնակիցն էր և ժամանակակից զենքերով էր աջակցում։

Եվ ոչ միայն զենք էր տրամադրում, այլև թշնամու անօդաչուներն էլ իսրայելցի մասնագետներն էին գործարկում մեր դեմ։

Իսկ պատերազմից առաջ էլ ծրագիր կար Երևանում բացել այդ երկրի դեսպանատունը։ Արդյո՞ք սա ուղերձ չէր մեզ, որ մեր երկրի ողջակիզումից հետո դա չի դառնալու իրական։ Դա՞ ենք սպասելու առաջիկայում։ Չէ՞ որ «Եվրատեսիլ» կոչվող շոուում ոչ մի` թեկուզ ամենաչնչին միավորը պատահական չի լինում։ Այդ անարվեստ մրցույթը միայն հարթակ է, որ նշմարես, թե առաջիկա տարվա ընթացքում ինչպես են դասավորվելու միջազգային փոխհարաբերությունները, ինչ նոր «արժեքներ» են թելադրելու մարդկությանը` ընդդեմ նրա հոգևոր ու իրական արժեքների։

Բավական է նշել մի օրինակ. նախքան մրցույթը պարզ է դառնում, թե ո՛ր երկիրն ինչպիսի երգով է հանդես գալու։ Զուտ մասնագիտական դիտարկումների համար հասցրել էի տեսնել մի քանիսի կատարումները։ Ալբանիայի պատվիրակությունը ներկայացել էր երգիչ-երաժիշտների ընտանեկան անսամբլով` հայր, մայր և երեք զավակներ։ Իհարկե, նրանց միավոր չպիտի տրվեր, քանի որ նոր աշխարհակարգ հիմնողներին այդպիսի մարդկային կերպար ու արժեքներ պետք չեն։ Հետաքրքիր երգ էր Կիպրոսի ներկայացուցչի համարը` ազգային մոտիվներով։ Բայց` ոչ։ Այսպիսի դրսևորումները տեղ չունեն այս անդիմագիծ մրցույթում։

Իսկ Հայաստանի քվեարկության արդյունքների արձագանքը դեռ կտեսնենք։

Ի՞նչ չափանիշներով առաջնորդվեցին մեր «ազգային ժյուրի» կոչվող թիմի անդամները`

Սոնա Ռուբինյանը,

Հրաչ Քեշիշյանը,

Արսեն Գրիգորյանը,

Դավիթ Բադալյանը,

Վահագն Գևորգյանը։

Թշնամու երկրի դաշնակցին այդ միավորը շնորհելիս չհիշեցի՞ն Արցախյան երրորդ պատերազմի ընթացքը, նրա մատակարարած զենքերից զոհված մեր եղբայրներին, որ գոնե ընդդիմանային իշխանական օղակներից եկած հրահանգին, որովհետև նման քվեարնություն սեփական որոշմամբ չէին կարող անել։

Միայն չասեք` արվեստը և քաղաքականությունը պետք չէ խառնել։ «Եվրատեսիլն» արվեստի հետ ոչ մի կապ չունի։ Սա պետությունների, միջազգային ուժային կենտրոնների փոխհարաբերությունների թատերաբեմ է, որտեղ երեկ Հայաստանը զոհաբերեց ազգային արժանապատվությունը, մեր եղբայրների թափած արյունը, որի հետևանքը տեսնելու ենք։ Իսկ մնացյալը լռություն է...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5681

Մեկնաբանություններ