38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՌԱՋԱՐԿ ՉԾՆԵՑ

ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՌԱՋԱՐԿ ՉԾՆԵՑ
04.12.2009 | 00:00

Հայաստանում վերջին նախագահական ընտրություններից հետո հատկապես շատ է խոսվում երրորդ ուժի կամ բևեռի ձևավորման անհրաժեշտության մասին։ Ընդ որում, այս թեզը, որպես կանոն, արտահայտվում է այն քաղաքական ուժերի շրջանակում, որոնք արմատական ընդդիմության ճամբարում չեն, բայց միաժամանակ չեն միացել կամ անջատվել են իշխանական կոալիցիայից։
Երրորդ ուժի գաղափարախոսությունը, առհասարակ, ծնունդ է առնում այնպիսի իրավիճակներում, երբ հասարակությունը երկփեղկված է, և կա ծայրահեղ անհանդուրժողական դիրքորոշում իշխանության և ընդդիմության միջև։ Սակայն, դրանով հանդերձ, երրորդ ուժ ձևավորելու համար անհրաժեշտ է մի կարևոր նախապայման. հասարակության մեջ պետք է լինեն բավականին լուրջ շերտեր, որոնք, սկզբունքորեն դեմ լինելով իշխանությանը, նույն չափով պիտի դեմ լինեն նրան տապալել ցանկացող արմատական ընդդիմությանը։ Այսինքն, հասարակության այս շերտերի կամ խմբերի համար իրենց դիրքորոշման արտահայտման ու շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պիտի լինեն դրա համարժեք դիրքորոշմամբ հանդես եկող քաղաքական ուժեր։
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բնութագրելիս յուրաքանչյուր գնահատական պետք է ելնի վերջին նախագահական ընտրությունների արդյունքներից և դրանց պատճառով ստեղծված իրավիճակից։ Միարժեք է, որ եթե նախագահական ընտրություններում իշխանության և արմատական ընդդիմության թեկնածուները ստացան ձայների առավելագույն մասը, այնուհանդերձ, գտնվեց հասարակության մի խումբ կամ շերտ, որը քվեարկեց երրորդ ուժի պոտենցիալ ներկայացուցիչների` ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի թեկնածուների օգտին, որոնք համապատասխանաբար ստացան ձայների 8 և 11 տոկոսը։ Այսպիսով, ընտրություններին մասնակցած քաղաքացիների մոտ 20 տոկոսն իր ձայնը տվեց տվյալ պահի իշխանությունն ու համապատասխանաբար արմատական ընդդիմությունը չներկայացնող թեկնածուներին և այդպիսով ամրագրեց երրորդ ուժի պահանջարկը։
Սակայն պահանջարկն այն ժամանակ առաջարկ չծնեց։ Չարդարացան սպասումները, թե դաշնակցությունը դուրս կգա կոալիցիայից և ՕԵԿ-ի հետ կկարողանա ստանձնել այդ երրորդ, հավասարակշռող բևեռի գործառույթները։ ՀՅԴ-ն մնաց կառավարող կոալիցիայում, թեպետ նրա թեկնածուն հրաժարվեց խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնից։ Կառավարող կոալիցիային կրկին մաս կազմեց նաև ՕԵԿ-ը, որի թեկնածուն ստանձնեց անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Ըստ այդմ, եթե 2008-ի սկզբին կար այն հասարակական շերտը, որն իր քվեարկությամբ ամրագրեց երրորդ ուժի գոյության պահանջարկը, այդ պահանջարկը համապատասխան քվե ունեցող քաղաքական ուժերի կողմից չբավարարվեց։
Գրեթե մեկ տարի անց միայն, ապրիլի 22-ին հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» հրապարակվելուց հետո, դաշնակցությունը վճիռ կայացրեց կոալիցիայից դուրս գալու մասին և այդպիսով ուշացումով, կարծես, երրորդ ուժի դերակատարություն ստանձնելու հայտ ներկայացրեց։ Արձանագրությունների նախաստորագրմանը և ստորագրմանը նախորդած ժամանակաշրջանում այդ փաստաթղթերի վերաբերյալ լուրջ վերապահումներ առաջացան նաև այլ կուսակցությունների, այդ թվում` արմատական ընդդիմությունը ներկայացնող «Ժառանգության» և ՆԺԿ-ի մոտ։ Ընդհանուր հայտարարությամբ ձևավորվեց 12-ի ձևաչափը, որն օրերս կրկին հայտարարություն հրապարակեց հայ-թուրքական արձանագրությունների հետագա հնարավոր ճակատագրի և իրենց հավանական գործողությունների վերաբերյալ։
Առաջին հայացքից, կարծես, իշխանությունների և արմատական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսի միջև ձևավորվել է երրորդ մի բևեռ, որը հավասարապես դեմ է երկուսի հռչակած դիրքորոշումներին էլ, սակայն միայն առանձին վերցրած մեկ խնդրի շուրջ։ Այսինքն, երրորդ բևեռի կողմից քննադատության է արժանանում իշխանության և ընդդիմության կեցվածքը բացառապես հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ և առայժմ ոչ ավելին։ Այս դիրքորոշումը, անշուշտ, ունի իր տրամաբանությունն ու հիմնավորումները։ Սակայն սա, այնուհանդերձ, չի նշանակում երրորդ ուժի` իբրև լիարժեք այլընտրանքային բևեռի ձևավորում։
Որովհետև քաղաքական ուժերի համախումբը չի կարող միասնական տեսակետ ունենալ միայն մեկ հարցի` հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական օրակարգից հանելու վերաբերյալ, և դրանով արդեն բավարարել հասարակական այն խմբերին ու շերտերին, որոնք չեն վստահում ո՛չ գործող իշխանությանը, ո՛չ էլ նրա նախորդը հանդիսացող արմատական ընդդիմությանը։ Հասարակությունը քաղաքական ուժերից սպասում է դիրքորոշումների արտահայտում բոլոր հարցերի` տնտեսական իրավիճակի, ժողովրդավարության հետ կապված խնդիրների, իրավական, սոցիալական և բազմաթիվ այլ հիմնահարցերի վերաբերյալ։ Մինչդեռ այն, ինչ կոչվում է 12-ի ձևաչափ, ակնհայտորեն, իր վերջնական տեսքով չի ձևավորվել։
Ի տարբերություն նույն ՀԱԿ-ի, որը միարժեքորեն հանդես է գալիս իբրև բոլոր դիրքորոշումներում միասնական քաղաքական կուսակցությունների գրեթե միաձույլ դաշինք, և միասնական դիրքորոշում ունի ցանկացած հարցի վերաբերյալ, 12-ի ձևաչափի մեջ մտնող կուսակցությունների դիրքորոշումները, արտաքին քաղաքական կողմնորոշումները, տնտեսական ծրագրերը, այդ ծրագրերի իրագործման ուղիները միմյանցից բացարձակապես տարբեր են։ Այսպիսով, քաղաքական ուժերի այս համախումբն առայժմ չի կարող իրապես ստանձնել երրորդ ուժի գործառույթները և դառնալ իշխանությունների ու արմատական ընդդիմության միջև հավասարակշռող բևեռ։ Այն, նախ, պետք է վերածվի միջկուսակցական լուրջ դաշինքի` որոշակի ծրագրով, հանրությանը ներկայացվելիք սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, տնտեսական, ժողովրդավարական և այլ բարեփոխումների սեփական առաջարկներով։ Միայն այդ դեպքում է, որ հասարակությունը կարող է տեսնել այլընտրանք և սատարել այդ միավորմանը։ Հակառակ պարագայում, եթե դա տեղի չունենա, միավորումը կմնա միայն լոկալ խնդրի շուրջ համագործակցություն ինչ-որ ձևաչափի շրջանակներում և կարող է նաև հեշտությամբ տարրալուծվել ու դադարեցնել իր գոյությունը, եթե, ասենք, հայ-թուրքական արձանագրություններն արժանանան Թուրքիայի մերժմանը, կամ Անկարան երկար ժամանակ ձգձգի դրանց վավերացումը, ինչը համարժեք է մերժման։ Կամ դրանք մերժի Հայաստանը, ինչը թեպետ քիչ հավանական, բայց ամբողջովին բացառված տարբերակ չէ։
Անշուշտ, երրորդ ուժ ձևավորելու փորձերը միայն 12-ի ձևաչափով չեն սահմանափակվում։ Այնպիսի ներքաղաքական իրավիճակում, ինչպիսին ստեղծվել է ներկայիս Հայաստանում, երրորդ ուժի ձևավորումը, սովորաբար, անհրաժեշտ է տվյալ պահին գործող իշխանությանը, որն արմատական ընդդիմության ճնշումը կամ հանրային ազդեցությունը նվազեցնելու խնդիր ունի` հասարակության մի հատվածին դեպի այլ կուսակցություններ վերակողմնորոշելու ճանապարհով։ Ըստ այդմ, իշխանության դաշտից պատահական չեն հնչում կառուցողական ընդդիմություն ձևավորելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկներ։ Չի բացառվում, որ իշխանությունները, ինչ-որ իմաստով, փորձում են նաև խրախուսել այդ գործընթացը, այսինքն` ձևավորել համապատասխան մթնոլորտ։ Սակայն այդ նույն մթնոլորտում երրորդ ուժի իրական հավակնորդների երևան գալու փոխարեն, չգիտես որտեղից, հանկարծակի ի հայտ են գալիս մի երթուղային տաքսու ուղևորների չափ համախոհներ ունեցող «կուսակցապետեր» և «որոտ ու կայծակ շանթող» կեցվածքով հայտարարում ազգային, հայրենասիրական և զանազան այլ ճակատներ ստեղծելու անհրաժեշտության մասին ու նույնիսկ պնդում, թե պատրաստ են հանդես գալու համապատասխան նախաձեռնությամբ։
Ակնհայտորեն իշխանական դաշտի կամ նրա տարբեր թևերի ազդեցության ուղեծրում գտնվող այս «քաղաքական միավորների» հայտը հասարակությունը լուրջ ընդունել չի կարող։ Նախ` հայտը ներկայացնող մարդիկ չունեն այդ ճանաչումն ու դրական հեղինակությունը։ Բացի այդ, որպես կանոն, «ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտության և հայրենիքը փրկելու» մասին բարձրագոչ, բովանդակությամբ նույնքան դատարկ բառակապակցություններից զատ, ուրիշ ոչինչ չեն առաջարկում։ Եթե մի ժամանակ մոդայիկ էր կրիմինալի դեմ պայքարի դրոշի տակ պատսպարվելը, ապա այժմ դա էլ չի օգնում, որովհետև շատ հաճախ այդ «պայքարողները» չեն խորշում նույն կրիմինալի հետ քողարկված հարաբերություններից ու համագործակցությունից, պարզամտորեն կարծելով, թե այս փոքր երկրում այդպիսի բաները հնարավոր է գաղտնի պահել։
Բացի այդ, քաղաքական սեզոնն ավարտվում է։ ՀՀԿ համագումարից հետո իշխանությունն ավելի շուտ զբաղված է լինելու իր ներսում «հարաբերությունների ճշտմամբ»։ Հնարավոր է, որ տեղի ունենան տարբեր կադրային տեղաշարժեր, որոնց արդյունքում, ըստ ոչ անհիմն կանխատեսումների, ավելի կամրապնդվեն հանրապետության վարչապետի դիրքերը։ Սակայն քաղաքական ակտիվություն իշխանություն-ընդդիմություն պայքարի իմաստով հազիվ թե լինի։ Ինչ վերաբերում է երրորդ ուժին, ապա նախագահական ընտրություններից հետո անցած մեկուկես տարվա ընթացքում հասարակական շատ որոշակի և լայն շերտեր իրապես հիասթափված են թե՛ իշխանության գործողություններից, թե՛ արմատական ընդդիմությունից։ Եվ, անկասկած, կցանկանային ասպարեզում տեսնել այնպիսի ուժի կամ կուսակցությունների դաշինքի, որն ստեղծված իրավիճակից իրատեսական, հասարակության մեծամասնության շահերից բխող հստակ ելքեր կառաջարկեր։ Սակայն պահանջարկն առայսօր իրական առաջարկ չի ծնել։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ