38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մարգարեություններն իբրև աստվածաշնչականության երրորդ ապացույց

Մարգարեություններն իբրև աստվածաշնչականության երրորդ ապացույց
29.05.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ
(ըստ աստվածաբանության և գիտության ռահվիրաների ու նշանավոր անձանց)
Ըստ Հայաստանյայց եկեղեցու ուղղափառ վարդապետության` մարգարեությունը, իբրև աստվածային փրկագործության անքակտելի մաս և Աստծո` Իր ժողովրդի ու մարդկության հետ հաղորդակցության առավել ցայտուն դրսևորում, հեռավոր և մոտ ապագայում կատարվելիք իրադարձությունների ինքնանպատակ կանխասացություն չէ։
Այլ, մղված լինելով Սուրբ Հոգուց, այն մարգարեների շուրթերից հնչում է մե՛րթ որպես նախազգուշացում և դատաստան կամ չար ճանապարհներից խույս տալու և ապաշխարելու կոչ, մե՛րթ փրկության ավետիս խավարի և անհուսության մեջ խարխափող ժողովուրդների համար։ Մյուս կողմից` սուրբգրային մարգարեությունները բացահայտում են Աստծո` բովանդակ տիեզերքը և մարդկության պատմությունը տնօրինելու խորհուրդը, Նրա ծրագրերի անփոփոխելիությունն ու կատարման անխուսափելիությունը։ Այլ կերպ ասած` մինչև աշխարհի վերջն ընդգրկող առավել կարևոր իրադարձությունների մարգարեությունները Սուրբ Գրքի աստվածաշնչականության աներկբա ապացույցներից են։ Ինքն Աստված է բացահայտում դրանց շնորհման նպատակը. «Քեզ պատմվեց մինչև այժմ կատարվածը, դեռ չեղած` դրանց մասին լուր տվի քեզ, որպեսզի երբեք չասես, թե` «դրանք իմ կուռքերը կատարեցին» (Եսայի 48. 5)։ Իսկ այն, որ Աստված նախախնամել է և մարգարեների միջոցով հայտնել մարդկության համար բախտորոշ իրադարձությունները, որոնք ծառայում են բարուն և փրկությանը, Աստծո ամենազորությունն ի հայտ բերելու և մեր հավատքը զորացնելու նպատակն ունի, և ս. Հովհաննես Ոսկեբերանի բնորոշմամբ` «համոզում են ոչ պակաս, քան հրաշքները»։ Աստծո ամենագիտությունը, ինչպես ասում է սուրբ Գրիգոր Նարեկացին` «որ ամեն ինչ գիտի նախապես», բնավ չի նույնանում ճակատագիր հասկացությանը և բռնացում չէ մեր ազատ կամքի վրա։ Մեր մոտիկ ու հեռավոր ապագան, ըստ Ս. Գրքի ուսուցման, կախված է «կյանքն ու մահը, բարին ու չարը» ազատ կամքով ընտրելուց։
Մարգարեություններ կան բովանդակ Սուրբ Գրքում, սակայն դրանք առավել կենտրոնացած են Հին Կտակարանի 16 մարգարեական գրքերում և Նոր կտակարանի Հայտնության գրքի մեջ։ Այս մարգարեական գրքերը չափազանց կարևոր են մեզ համար, քանզի դրանցում գտնում ենք ոչ միայն Իսրայելին և դրացի ժողովուրդներին վերաբերող բացարձակ ճշտությամբ կատարված կանխասացություններ, այլև Քրիստոսի գալստյան ու ժողովուրդների դարձի գալու մասին վկայություններ։ Հիսուս Քրիստոսը` Աստծո Որդին, բազմիցս մատնացույց էր անում դարեր և ամբողջ հազարամյակ առաջ հնչած մարգարեությունները` իբրև Իր և Իր աստվածային առաքելության մասին վկայող ամենահավաստի աղբյուր. «Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք։ Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին» (Հովհ. Ե 39)։
Չորս Ավետարանները, որոնք երկու Կտակարանները կապող օղակն են, անդադրում հղումներ են անում Հին Կտակարանին` լիաձեռն մեջբերումներ անելով մեսիական մարգարեություններից։ Նրանք այնքան հաճախ են վկայակոչում Հին Կտակարանը, որ նույնիսկ հատուկ բանաձևեր են մշակում։ Օրինակ. «Այն ժամանակ կատարվեց մարգարեի բերանով ասվածը», կամ «կատարվեցին Գրվածքները»։ Փաստորեն, Նոր Կտակարանում չկա Մեսիային` Հիսուս Քրիստոսին վերաբերող մի այնպիսի իրողություն, նույնիսկ աննշան մանրամասնություն, որ նախանշված չլինի Հին Կտակարանում։
Ահա մեսիական մարգարեություններից մի քանիսը` գրի առնված Քրիստոսից առաջ 7-րդ դարում ապրած Եսայի մարգարեի ձեռքով։
«Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի Է 14)։
Իսկ Ավետարանում կարդում ենք. «Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. Նրա մայրը` Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց` իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց... Սակայն այս ամենը եղավ, որպեսզի կատարվի, ինչ որ Տիրոջ կողմից ասվել էր Եսայի մարգարեի բերանով» (Մատթ. Ա 18, 23)։
Ընդ որում, մարգարեն խոսում է այդ նույն մանկան աստվածության մասին. «Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն Իր ուսերի վրա պիտի լինի. նա պիտի կոչվի մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, Իշխան, Հայր հանդերձյալ կյանքի» (Եսայի Թ 6)։
Մեսիական մարգարեությունները մեզ պետք են ոչ միայն որպես Քրիստոսի նկատմամբ հավատի ակնառու ապացույցներ, այլև նրանք հաճախ լույս են սփռում նորկտակարանյան այս կամ այն իրադարձության վրա։
Ահա մի հատված Եսայի մարգարեի գրքի 53-րդ գլխից, որն ամբողջությամբ նվիրված է Քրիստոսի տառապանքների ու քավչարար մահվան ճշմարիտ պատճառի և նպատակի լուսաբանմանը։
«Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրինությունների համար դատապարտվեց.
մեր խաղաղության համար նա պատիժ կրեց և նրա վերքերով մենք բժշկվեցինք։
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, բայց Տերը նրան մատնեց մեր մեղքերի համար։
ՈՒ նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Ինչպես ոչխար նա մորթվելու տարվեց և ինչպես գառ անմռունչ կանգնած է խուզողների առաջ» (Եսայի 57.7)։ Այս մարգարեությունը լույս է սփռում շուրջ 7 դար անց հնչած Հովհաննես Մկրտչի խոսքի վրա. «Ահա Գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը»։
Ահա հեթանոսության մեջ խարխափող ազգերի դարձի գալու մասին բազում մարգարեություններից երկուսը։ Առաջինը` Դավթի օրհնության սաղմոսը, որը գրի է առնվել նախքան Քրիստոսը 10-րդ դարում, ազդարարում է. «Աստվա՛ծ, ողորմի՛ր մեզ և օրհնիր,
ցո՛ւյց տուր երեսդ և գթա մեզ
որպեսզի երկրի վրա ճանաչեն ճանապարհը Քո,
և բոլոր ազգերի մեջ` փրկությունը Քո։
Ժողովուրդները քեզ գոհություն պիտի մատուցեն, Աստվա՛ծ,
գոհություն պիտի մատուցեն Քեզ բոլոր ժողովուրդները։ Պիտի ուրախանան ու ցնծան ազգերը, քանզի դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին և երկրի ազգերին դու ես առաջնորդում» (Սաղմ. 60)։
Երկրորդը նույն Եսայի մարգարեի կանխասացությունն է ի Քրիստոս հեթանոսների դարձի գալու մասին.
«Ես` Տեր Աստվածս, արդարությամբ կանչեցի Քեզ,
բռնեցի քո աջ ձեռքից և զորավոր դարձրի քեզ,
իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին,
իբրև լույս` հեթանոսներին, որպեսզի կույրերի աչքերը բանաս և խավարի
մեջ նստած կալանավորներին հանես բանտից ու զնդանից»։

Հիշենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի վկայությունն Իր իսկ մասին. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. Ը.12)։
Նշենք, որ բազմաթիվ ազգերի գրերի գյուտն ու լեզվի ձևավորումն այս աստվածային խորհրդի գրական արձագանքն են:
«Գործք առաքելոցում» խնդրո առարկայի մասին ասվում է. «Նրանք (այսինքն` առաքյալները) մոտենալով, հարցրին Նրան և ասացին. «Տե՛ր, այս ժամանակում է, որ վերահաստատելու ես Իսրայելի թագավորությունը»։ Հիսուս նրանց ասաց. «Ձեզ տրված չէ իմանալ այն ժամերը և ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանության մեջ. այլ, երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք և ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (1. 6-8)։
Որոշ կասկածամիտներ թե՛ անցյալում, թե՛ այսօր, չկարողանալով հերքել մարգարեությունների և նրանց կատարումների իսկությունը, պնդում են, թե մարգարեությունները գրվել են դեպքերը կատարվելուց հետո։ Նշենք, որ Սուրբ Գրքի բնագրերը երբեք չեն եղծվել, ոչ էլ ենթարկվել են հետսամույծ ընդմիջարկումների։ Բացի այդ, Հին Կտակարանը նախքան Քրիստոսը 3-րդ դարում արդեն թարգմանվել էր հունարեն, որը հայտնի է Յոթանասնից անվամբ, ինչը բացառում է նման որևէ միջամտություն։
Ինչ վերաբերում է Տիրոջ երկրորդ գալստյան մարգարեություններին, ապա համոզված ենք, որ դրանք, ինչպես նաև այդ իրադարձությանը նախորդող Իսրայելի վերջնական վերահաստատումը, Նեռի գալուստը, գիտության և տեխնիկայի սրընթաց զարգացումը, ստուգիվ և վստահաբար կկատարվեն, որոնք, սակայն, մեզ համար ճանաչողական արժեքից առավել գործնական նշանակություն ունեն։ «Թզենուց սովորե՛ք առակը,- ասում է Քրիստոս,- որովհետև երբ նրա ոստերը կակղեն, և տերևը ցցվի, կիմանաք, որ ամառը մոտ է։ Նույնպես և դուք` երբ այս բոլորը տեսնեք, իմացե՛ք, որ մոտ է նա դռների առաջ» (Մատթ. 24. 32-33)։ Իսկ այդ օրվա և ժամվա մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ` միայն Հայրը»։ Այդ օրվա անհայտությունը աստվածային անքնին նախախնամությամբ զգոնության է հրավիրում քրիստոնյաներին. «Զգույշ եղե՛ք, հսկեցեք և աղոթեցե՛ք, քանի որ չգիտեք, թե երբ է ժամանակը» (Մարկ. 13. 37)։
Ընդ որում, վերջին ժամանակներում աղանդների մասին Ավետարանը կանխասում է. «Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին մոլորեցնեն։ Եվ անօրենության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի։ Եվ արքայության այս Ավետարանը պետք է քարոզվի ամբողջ աշխարհում` ի վկայություն բոլոր հեթանոսների, և ապա պիտի գա վախճանը» (Մատթ. 24. 11, 12, 14)։ Վերջին ժամանակների նշաններից են նաև հավատի նվազումը (Ղուկ. 18. 8) և բարքերի անկումը։
Պողոս առաքյալը Սուրբ Հոգով մարգարեանում է. «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, որոնք ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են Նրա զորությունը» (Բ Տիմ. Գ 1-5)։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Մի գիրք կա, որի մեջ ասված և լուծված է ամեն ինչ, որից հետո ի դերև են ելնում բոլոր կասկածները. այդ անմահ, սուրբ, հավիտենական ճշմարտության գիրքը Ավետարանն է։ Մարդկության բովանդակ առաջընթացը, գիտության, փիլիսոփայության բոլոր նվաճումները պայմանավորված են միմիայն այդ երկնային գրքի խորհրդավոր խորքերի մեջ առավելագույն ներթափանցմամբ, նրա կենդանի, հավերժ անանց խոսքերի գիտակցումով... Ավետարանի հիմքը ճշմարտության հայտնությունն է սիրո և շնորհի միջոցով»։
Վ. ԲԵԼԻՆՍԿԻ
Ռուս ականավոր քննադատ

«Բոլոր չորս Ավետարաններն էլ, ըստ իս, լիովին արժանահավատ են, քանզի նրանցում երևում է Քրիստոսի երեսից ճառագած մեծության ցոլքը, որն այնքան աստվածային էր, որքան առհասարակ աստվածայինը երբևէ հայտնվել է երկրի վրա... Թող հոգևոր մշակույթը շարունակ առաջ ընթանա, թող բնական գիտությունները բարգավաճեն թե՛ լայնությամբ, թե՛ խորությամբ, և թող մարդկային հոգին կատարելագործվի հնարավորին չափ, այնուամենայնիվ, դա չի գերազանցի Ավետարաններում փայլող և ճառագող քրիստոնեության բարձրությունն ու բարոյական մշակույթը»։
ԳՅՈԹԵ
Գերմանացի բանաստեղծ

«Աստվածաշունչն Աստծո` մարդուն շնորհած լավագույն պարգևն է։ Այս գրքի միջոցով է աշխարհի Փրկիչը բաշխել բոլոր բարիքները։ Առանց նրա մենք չէինք կարողանա տարբերել ճշմարտությունը ստից»։
Աբրահամ ԼԻՆՔՈԼՆ
ԱՄՆ-ի նախագահ

Դիտվել է՝ 2366

Մեկնաբանություններ