38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԸ

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԸ
30.01.2009 | 00:00

Հայաստանի Հանրապետության անկախության մասին Հռչակագրի ընդունման օգոստոսյան տաք օրերին շատ քչերս էինք մտածում, որ պետականությունը պահանջելու է նաև սեփական կենսապահովում ու սեփական պաշտպանունակություն:
Սեփական բանակի անհրաժեշտության գիտակցությունն ապրիորի ու տեսականորեն չձևավորվեց. շատ արագ պատերազմը մտավ մեր տուն, և արդեն ոչ մի նշանակություն չուներ` կա՞ բանակ, չկա՞ բանակ, հաշվառման մեջ որսորդական հրացաններն էլ հայտնվեցին: Իհարկե, 70 և ավելի տարիներ անդամ ու մաս լինելով մեծ Միության, օրինաչափորեն անդամության ու մասնակցության մեր չափը պիտի ստանայինք, բայց քաղաքակիրթ ու իրավականորեն սահմանված ընթացակարգերի առկայության դեպքում, որոնք չկային: Պատերազմը մտավ մեր տուն, ու մենք միանգամից հասկացանք, որ ապրում ենք բոլոր կողմերից սահմանամերձ հայրենիքում և ոչ բոլոր կողմերում են բարեկամ հարևաններ:
Դիմացանք, կռվեցինք, հաղթեցինք: Ամբողջ երկրում ընդամենը մի քանի օրվա հացի պաշար ունենալով` փամփուշտի պաշարները պատրաստ պահեցինք, առաջին տանկը տան անդրանիկ տղա զավակի պես ընդունեցինք, առաջին ինքնաթիռից հետո տիեզերք նվաճելու մասին մտածեցինք... Այդպես ապրեցինք:
Պաշտպանության նախարարները մեր երկրում կամիկաձեներ էին` առանց սխալվելու իրավունքի, որովհետև ճապոնացիները ժամանակին տնօրինում էին միայն իրենց կյանքը, նրանք մեր երկրում` երկրի: Այդպես հաղթեցինք:
Այսօր նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում ամենամարտունակ բանակներից մեկը մերն է, թեև ո՛չ ԽՍՀՄ-ի օրոք, ո՛չ հետո, ցավոք, ամենահզոր պետությունը մենք չէինք: Այդպես ստացվեց: Այդպես կարողացանք: Երկրապահից` բանակ: Ազգային:
Այսօր էլ ապրում ենք սահմանամերձ հայրենիքում, և ոչ բոլոր կողմերում են բարեկամ հարևաններ: Այսօր էլ ապրում ենք «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» կարգավիճակով: Մեզնից առաջ եկած-անցած հաղթական զորավարներին ավելի ենք գնահատում, քան մեր օրերի հաղթանակները մեզ բերածներին, որովհետև գենային մակարդակով անընկալունակ ենք դեռ սեփականը հասկանալու, գնահատելու ու պահպանելու համար: Այդպես է ստացվում: Կամ չի ստացվում:
Բանակի տոնն է, ու խոսքս տոնական չէ: Հանրապետության հրապարակում հանդիսավոր շքերթների ժամանակ իմ կոկորդն էլ է սեղմվում, ու հպարտության արցունքի տեսակը ես էլ եմ հայտնաբերում: Տասնութ-քսան տարեկանների այդ սերունդը պետություն է պետության մեջ` միջնաբերդ, Մատյան գունդ, որովհետև բոլոր ժամանակներում էլ, եթե խաղաղություն ես ուզում, պատերազմի պատրաստ պիտի լինես: Երբ մի կողմ ես թողնում տոնական անվանվող բոլոր հավուրպատշաճությունները, երկիրդ մենակ է մնում իր սահմանների հետ, ու միանգամից հասկանում ես` ինչ ասել է սահմանապահ զինվոր: Միանգամից: Որովհետև ներբաններիդ տակ ու ափերիդ մեջ շագրենի կաշին է, որ Հայրենիք է, որի սահմանները քո գիտակցության ու քո զգացողության մեջ են նախ գծվում, հետո փոխանցվում են իրական տարածքներին: Եվ որպեսզի գիտակցություն-զգացողությանդ և իրականության արանքում չճզմվես, քեզ պետք է բանակ, հետո տնտեսություն ու մշակույթ, որ շաղախում է ազգային ինքնությունդ, քեզ լուսանցքից բերում մաքուր էջ ու անվանում ժամանակը, որ նույնպես հայրենիք է։ Ինչպես տարածությունը։ Ինչպես մարդը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3559

Մեկնաբանություններ