38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կարելի էր կատարել Աստծո 10 պատվիրանները, և ներել-չներելու հարց չէր ծագի

Կարելի էր կատարել Աստծո 10 պատվիրանները, և ներել-չներելու հարց չէր ծագի
19.06.2009 | 00:00

ՆԵՐՈՒՄ` ...ՀԱՄԱ
Այսօր, հունիսի 19-ին, Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարում, օրակարգում ունենալով մեկ հարց` համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկության քննարկումը:
Հիմք ընդունելով Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` նախագահն առաջարկում է համաներում կատարել` պատժից ազատելով առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկվածներին, այն անձանց, որոնց պատիժը պայմանականորեն չի կատարվել կամ հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտվածներին: Առաջարկվում է պատժից ազատել առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, 60 տարին լրացածներին, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած և նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց, Հայրենական մեծ պատերազմի, ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներին, նրանց հավասարեցված կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցողներին, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն դատվածություն չունեն: Համաներման ենթակա են 2008 թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձինք:
Համաներմամբ նախատեսվում է նաև պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 5 տարվա ազատազրկման և համաներման ուժի մեջ մտնելու պահին կրել են պատժի 1/3-ը, առավելագույնը 10 տարով ազատազրկման դատապարտվածներին, եթե համաներման պահին կրել են պատժի կեսը:
Համաներումը տարածվում է նաև անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար 5 տարով դատապարտվածների և 10 տարով դատապարտվածների վրա, եթե համաներման պահին կրել են պատժի 1/3-ը:
Օրենքով սահմանված կարգով առաջարկվում է կարճել այն անձանց հանցագործությունների հետաքննության, նախաքննության մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող` մինչև 2009 թ. հունիսի 1-ը կատարած հանցագործություններով քրեական գործերը, որոնցով տվյալ անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործությունների մեջ, որոնց համար նախատեսված է ոչ ավելի, քան 3 և 5 տարվա ազատազրկում ու ազատազրկումից զրկելու հետ չկապված պատիժ:
Համաներման առաջարկով նախատեսվում են նաև այլ հոդվածներ:
Համաներումն առաջարկվում է չկիրառել` համաներման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժաչափը կրճատվել է կամ ովքեր դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատիժը կրելուց ազատվել են ներում շնորհելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերով կամ ՀՀ համաներման մասին որոշումներով, կամ որոնց քրեական գործերը կարճվել են ՀՀ համաներման մասին որոշումներով և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն, բացառությամբ այն դեպքերի, երբ հանցագործության համար դատվածությունը մարելուց հետո անցել է 10 տարի, այն անձանց նկատմամբ, ովքեր քրեակատարողական հիմնարկներում համաներման կիրառման օրվա դրությամբ նորից կատարել են դիտավորյալ հանցագործություն. մինչև որոշման ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, ովքեր մինչև 2009 թ. հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան ՀՀ իրավապահ մարմիններ, իսկ եթե գործը գտնվում է դատարանի վարույթում` դատարան: Համաներումը չի կիրառվի նաև հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում, այն անձանց նկատմամբ, ովքեր չեն վերականգնել դատավճռով որոշված տուժողին հասցված նյութական վնասը, ինչպես նաև Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով դատապարտվածներին:
Համաներման որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2009 թ. հունիսի 1-ը:
ՀՀ նախագահի` 17 կետից բաղկացած առաջարկները հունիսի 17-ին քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
...Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում միանշանակ կընդունի նախագահի առաջարկները, և սահմանված կարգով համաներում կհայտարարվի: 2006 թ. հետո` 3 տարի անց: Մարդասիրության տեսակետից` անխոցելի քայլ, յուրաքանչյուրին, անգամ հանցագործին կյանքը նորմալ շարունակելու շանսի տեսակետից` ճիշտ քայլ, և, ընդհանրապես, մի՞թե որևէ մեկը կարող է համաներմանը դեմ լինել և ճիշտ լինել: Հազիվ թե:
Իսկ ի՞նչ խնդիրներ կլուծվեն:
Իրավական հիմք կլինի` ազատվելու 2008 թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանցից, որոնց հանցանքը կասկածելի արդարադատությամբ է «ապացուցվել»:
Չեղած, բայց եղած քաղբանտարկյալների խնդիրը կփակվի Եվրոպայի համար:
Կկատարվի ընդդիմության պահանջը` քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Ձևականորեն հասարակական համերաշխության վերականգնման քայլ կարվի, որի մասին մի քանի ամիս կտարփողեն էլեկտրոնային ու տպագրվող լրատվամիջոցները:
Կշեռքի մյուս նժարին շատ ավելի իրական խնդիրներ են` կալանավայրերից կազատվեն մի քանի հազար հանցագործներ, որոնց «շնորհիվ» համաներումին հաջորդող մի քանի ամիսներին կտրուկ կաճի հանցագործությունների թիվը` մանր ու մեծ, սկսած գրպանահատությունից մինչև խոշոր չափերի կողոպուտ: Այդ հանցագործությունների մեծ մասը, ինչպես և հիմա, չի բացահայտվի: Որոշ ժամանակից նրանց մի մասը վերստին կվերադառնա կալանավայրեր` կատարած հանցանքների հետ «ստանձնելով» նաև չկատարածի պատասխանատվությունը, որովհետև կատարողին չեն գտնի, իսկ հանցագործությունը բացահայտել պետք է: Եվ այս իրավիճակը չի փոխվի, քանի դեռ նախկին բանտարկյալները չեն գտնի աշխատանք կամ չեն ցանկանա աշխատել:
Համաներումը մարդասիրական սքանչելի քայլ է, որ կիրառվում է քաղաքակիրթ ու ժողովրդավար շատ պետություններում: Բայց նույն այդ պետություններում համաներումը կալանավայրերն ու բանտերը մի քանի տասնյակ կամ մի քանի հազար մարդուց քաղաքական նկատառումներով ազատելու միջոցառում չէ, այդ քայլը համարվում է հնարավոր և նպատակահարմար, եթե համաներվողներն իրական կյանքում ստանում են նորմալ կյանքին վերադառնալու հնարավորություն: Հայաստանի պարագայում դա, իհարկե, ուղղակի կնշանակի համաներում չհայտարարել: Դեռ մի քանի տասնյակ տարիներ: Նվազագույնը:
...Բայց կարելի էր կատարել Աստծո 10 պատվիրանները, և ներել-չներելու հարց չէր ծագի, ոչ էլ ներվել-չներվելու: Ոչ էլ այս ամենը գրելու, ասված է` «Մի՛ դատիր, որ չդատվես»: Թեև միշտ արդիական է հարցը` իսկ ովքե՞ր են դատավորները:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3403

Մեկնաբանություններ