38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի երկրի ներսում

Եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի երկրի ներսում
11.09.2009 | 00:00

ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը դարձավ ոչ միայն սենսացիա, այլև գրեթե գլխավոր ինտրիգ համաշխարհային քաղաքականության մեջ։ Այդ փաստաթղթերն անարձագանք չէին կարող մնալ հայ հասարակության մեջ, քանզի խոսքը հիմնարար համաձայնությունների մասին է, որոնք կոչված են փոխելու ոչ միայն երկրի տեղն ու դերը արևի տակ, այլև ենթադրում են ազգային աշխարհընկալման որոշակի տրանսֆորմացիա։ Չնայած այդ իրողությանը, Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին բավականին իներտ է արձագանքում զարգացումներին, քանզի ավանդաբար, առանց քաղաքական գործընթացների կազմակերպիչների, հայաստանյան հասարակությունը չի կողմնորոշվում որևէ գործընթացի կողմ կամ դեմ լինելու առումով։
Մինչդեռ քաղաքական դաշտի համար, անկասկած, գտնվեց ինքնարտահայտման և իր դերակատարության կարևորման ևս մեկ լուրջ առիթ։ Միաժամանակ հարկ է չմոռանալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնել են արտաքին քաղաքական ազդեցիկ կենտրոնները. և հենց այդ հանգամանքն էլ ցույց է տալիս, որ փորձ է արվելու արագորեն այն կյանքի կոչել։ ՈՒ հենց այդ իրողությունը դառնում է երաշխիք, որ բուն հայկական քաղաքական դաշտն անհամեմատ քիչ ազդեցություն է ունենալու գործընթացի վրա, եթե, անշուշտ, ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի երկրի ներսում։
Մյուս կողմից, սակայն, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բոլոր տեսակի զգացմունքային դրսևորումները և քաղաքական գնահատականները կարևոր են թեկուզ այն տեսանկյունից, որ հայ հասարակությունը բացարձակապես հակված չէ ամեն ինչ ընդունելու ոգևորությամբ և դիմելու «լուրջ զոհողությունների»։ Այս հանգամանքը համապատասխանաբար կարող է որոշակի սրբագրումներ մտցնել գործընթացի մեջ, ինչպես նաև հրապարակում եղած փաստաթղթերում։ Որպես հավելում նկատենք, որ գործող նախագահը դեռևս ղարաբաղյան պատերազմի ժամանակներից պետք է որ լավ յուրացրած լինի քաղաքական վերնախավում որոշակի դերաբաշխումից ստացվող առարկայական օգուտները, քանզի ժամանակին ճակատագրական որոշումների հետ կապված այդպիսի դերաբաշխումը միայն ընդլայնում էր իշխանության մանևրելու հնարավորություններն ու ամրապնդում նրա դիրքերն արտաքին քաղաքական գործընթացներում։ Թեպետ այսօր այն ժամանակներից շատ ջուր է հոսել, վերոնշյալ գործելաոճը միանգամայն որդեգրելի է, որպեսզի իշխանությունը կարողանա արտաքին աշխարհին ապացուցել, որ բոլոր ընդունվող որոշումները ձեռք են բերվում մեծ դժվարությամբ, քանզի հասարակության մեջ կա դիմադրության որոշակի ներուժ, բայց իրենք, այնուհանդերձ, վճռական են գնալու նախընտրած ճանապարհով։
Ինչպես և սպասվում էր, իշխանական կուսակցությունները «միասնական ձգտումով ու ոգևորությամբ» ողջունեցին և իրենց աջակցությունը հայտնեցին ստորագրված փաստաթղթերին։ Թեկուզ և հանրապետականների «հին գվարդիայի» շարքերում պետք է որ որոշակի հոռետեսության դրսևորումներ լինեին, իսկ ԲՀԿ-ն, իր առաջնորդով հանդերձ, փորձեր մոտեցումները համապատասխանեցնել նախկին իշխանության տեսակետին ու Մոսկվայի դիրքորոշումներին։ Սակայն Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր աշխարհին ցույց տալ, որ առնվազն իշխանական դաշտում ինքն ամբողջապես տիրապետում է իրավիճակին և իշխանության ուղղահայացը կենսագործում է նորմալ։
Հենց դա էլ տեղի ունեցավ, և գլոբալ փոփոխությունների հորձանուտում բոլոր խոսակցությունները, թե համապատասխան փոփոխություններ տեղի կունենան նաև խորհրդարանական մեծամասնության մեջ, սոսկ քաղաքական պատրանք էին։ Ինչպես հայտնի է, ձիերը գետանցի ժամանակ չեն փոխում, և այս խորհրդարանն ու նրա ղեկավարությունը միանգամայն ներդաշնակ են` իշխանության առջև կանգնած խնդիրները լուծելու առումով, իշխանական կուսակցությունների դերն այս գործընթացում հստակ նախանշված է, ամրագրված և գործնականում չի կարող ենթարկվել սրբագրման։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, այստեղ կարելի է տեսնել քիչ թե շատ հաջողակ կենսագործունեություն` ընդհանուր խաղի շրջանակներում։ ՀԱԿ-ն ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին վաղուց և հաջողությամբ վերահսկում են բնակչության բողոքական զանգվածի հիմնական մասը։ Սակայն նոր արտաքին քաղաքական այս հովերի առումով նրանք նախընտրեցին դուրս չգալ իրենց բնական կերպարից և հիմնական ուղղություններով իրենց հայտարարությամբ ողջունեցին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը։ Սա կարելի է գնահատել ոչ միայն լիբերալ-արևմտամետ ուժերի միանգամայն տրամաբանական արձագանք։ Այն հետապնդում է նաև պրագմատիկ նպատակներ նոր աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։ ՀԱԿ-ի շրջանակից առանձին քննադատական ելույթները, որ հնչեցրին Ժիրայր Սէֆիլյանը, հնչակյան կուսակցությունն ու ուրիշներ, անշուշտ, մոտ ժամանակի կտրվածքով կունենան իրենց հետևանքը։ Անկասկած է, որ հնչակյանների առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանի դժգոհությունը պայմանավորված է սփյուռքի ներազդեցությամբ և հնչակյանների սփյուռքյան շրջանակների միջամտությամբ։ Առայժմ ՍԴՀԿ-ն կմնա կոնգրեսի կազմում, եթե միայն նրա գլխավոր հովանավորների շահերը և «ազգային առաջնահերթություններն» այլ բան չթելադրեն։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի մյուս երկու բաղադրիչներին` Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպությանը կամ «Հայրենիք ու պատիվ» ռուսամետ կուսակցությանը, ապա նրանց դժգոհությունը, ՀԱԿ-ի կազմից դուրս գալու դեպքում անգամ, կսահմանափակվի կլոր սեղանների կամ կոնֆերանսների անցկացումով։ Այս կազմակերպությունների ներուժը բավարար չէ ՀԱԿ-ի միասնական կառուցվածքներից դուրս առանձին գործելու համար, սակայն որոշակի իրավիճակում նրանք կարող են վերակողմնորոշվել իրենց նախապատվություններում և հայտնվել ազգայնական ընդդիմության ընդհանուր ճակատում, եթե այդպիսին ձևավորվի։ Եվ այնուամենայնիվ, այդքանով հանդերձ, Հայ ազգային կոնգրեսը կշարունակի մնալ առավել ծանրակշիռ ընդդիմադիր ուժ։
Եթե անդրադառնալու լինենք հայ-թուրքական հարաբերությունների կտրվածքով «անհաշտ» ընդդիմությանը` ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը», ապա վերջիններիս արտահայտած դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ միանգամայն հասկանալի էր ու բնական։ Սփյուռքի հետ ունեցած կապերը նկատի ունենալով` նույն Րաֆֆի Հովհաննիսյանը հազիվ թե կարող էր պաշտպանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսպիսի սցենարը և դրանով իսկ վտանգել կազմակերպության ֆինանսավորումը։ Թեպետ միաժամանակ «Ժառանգության» գործողությունները շփոթվածության երանգ ունեն ու բավականին դեկորատիվ են։ Մասնավորապես, խիստ կասկածելի և իրականությունից կտրված են նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու նրանց պահանջը և այդ նպատակով սկսված ստորագրահավաքը։ Ամենից առաջ յուրաքանչյուր հանրաքվե սահմանափակված է հարցադրումների շրջանակով։ «Այո» կամ «ոչ» ասելով դժվար է գնահատական տալ այդքան կարևոր և բազմաբնույթ փաստաթղթերին, ինչպիսիք են հայ-թուրքական վերջին արձանագրությունները։ Մյուս կողմից էլ, փորձառու քաղաքական գործիչների ու խորհրդարանականների համար պետք է ակնհայտ լիներ այս նախաձեռնության իրավական խոցելիությունը։
ՀՅԴ-ի պարագայում ամեն ինչ ճիշտ հակառակն է, և վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ հանրությունը կարող է արձանագրել, որ կուսակցությունը վերջապես սկսել է վերադառնալ իր բնական վիճակին։ Բոլորովին կարևոր չէ` դա տեղի է ունենում «հոգո՞ւ պահանջով», քաղաքակա՞ն կոնյունկտուրայից ելնելով, թե՞ այլ «երաշխավորություններից»։ ՀՅԴ-ի ծրագիրը, կանոնադրությունը, կառուցվածքն ու շարքերում տիրող տրամադրություններն այնպիսին են, որ միանգամայն հնարավորություն են ընձեռում հաղթահարելու վերջին տարիներին բնորոշ դարձած իներտությունը, կուսակցական նոմենկլատուրայի շահերը և ըստ այդմ վերականգնելու դաշնակցության դերը քաղաքական համակարգում։ Ընդ որում, դաշնակցականների նախաձեռնած բողոքի գործողությունները ոչ միայն անհրաժեշտ են հնարավոր «ընդհանուր խաղի» շրջանակում, այլև իրենց մեջ ունեն շատ կառուցողական ներուժ։ Օրինակ, շատ դժվար է չհամաձայնել նրանց պահանջներին, որ արդեն այս փուլում անհրաժեշտ է մշակել օրենսդրական մեխանիզմներ` հայ-թուրքական հարաբերությունները որևէ ձևով կարգավորելուց հետո թուրքական էքսպանսիան կանխելու համար։ Ավելին, այդպիսի նախաձեռնությունների դրսևորումը խորհրդարանում միանգամայն համապատասխանում է պետության առջև կանգնած ընդհանուր ռազմավարական խնդիրներին։
Ակնհայտ է և այն, որ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», օգտագործելով բոլոր քարոզչական հնարավորությունները, այդ գործընթացում ձգտելու են մեծացնել նաև իրենց ընտրազանգվածը։ Եվ եթե նկատի ունենանք այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանձնակի աջակցություն չի վայելում հասարակության մեջ, և այդ կապակցությամբ դեռ երկար վերապահումներ կլինեն, այս երկու կուսակցությունների վարկանիշի որոշակի աճ կարող է արձանագրվել։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ երկու քաղաքական ուժերն էլ ներկայացված են խորհրդարանում, կարող են հանդես գալ նաև Ազգային ժողովի ամբիոնից, միջազգային, միջխորհրդարանական միջոցառումներում, և ըստ այդմ, կհաջողվի այս կամ այն չափով հակազդել թուրքական խորհրդարանականների ագրեսիվության կանխատեսելի աճին։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ