Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒԺԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ՈՒ ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒԺԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ՈՒ ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
22.12.2009 | 00:00

Այս խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համամիտ չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Մոտ 3 հազար քառակուսի կմ տարածքով և ոչ պակաս, քան 140 հազար հայ բնակչությամբ Ջավախք նահանգի և հարևան շրջանների իրավիճակն ու հիմնախնդիրները հազիվ թե նկատելի լինեին համաշխարհային քաղաքականության խորապատկերի վրա։ Սակայն եթե Հարավային Կովկասի տարածաշրջանը շարունակում է մնալ միջազգային հարաբերությունների տեսադաշտում, ապա տարածաշրջանի առանձին հիմնախնդիրները չեն կարող դուրս մնալ ավելի լայն շահերի դաշտից։ Այդ շահերը պայմանավորված են եթե ոչ նոր աշխարհաքաղաքական իրողություններով, ապա առնվազն այդ իրողությունների նկատելի սրբագրմամբ, որոնց անհնար է ուշադրություն չդարձնել։ Ավելին, նկատի ունենալով, որ այս պայմաններում անիմաստ է բանավեճը Հարավային Օսիայի ու Աբխազիայի վերաբերյալ, որոնք արդեն շատ թույլ ու բովանդակազուրկ լծակներ են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու տեսանկյունից, առավելապես հայերով բնակեցված Ջավախքի հիմնախնդիրը կարող է դիտարկվել այլ քաղաքական շեշտադրումներով և դառնալ ավելի լուրջ պրոբլեմ կովկասյան քաղաքականության մեջ` շահերի, փոխադարձ պահանջների ու փաստարկների դասավորության առումով։
Մի քանի տարի առաջ Վրաստանի ու Հայաստանի ղեկավարներն առաջարկներ ներկայացրին միմյանց, որոնք ուղղված էին Ջավախքի հայերի հասարակական-քաղաքացիական գործունեության մարմանը և լիարժեք ճնշմանը։ Ինչն էլ հանգեցրեց զգալի, հնարավոր է` դժվար հաղթահարելի վնասների տարածաշրջանի հայ բնակչության համար, որն ընդամենն առաջ է քաշում իր էթնոքաղաքական և սոցիալական իրավունքների պաշտպանության տարրական պահանջներ։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սկզբունքային և ռազմավարական առումով նպատակ ունի զրոյացնելու և օրակարգից հանելու հարևանների, այսինքն` Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ կապված բոլոր հարցերը, և կանգնեց Ջավախքի հայ բնակչության խնդիրների ու պահանջների անտեսման ճանապարհին, ըստ էության, համաձայնելով այդ էթնիկ տարածքի կորստի պատմական հեռանկարի հետ։ Նախկինում փորձելով այդ քաղաքականությունն իրագործել Ջավախքի տարբեր հասարակական կազմակերպությունների վրա հենվելով` Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հասկացավ, որ այդ կազմակերպություններն ու խմբավորումները չեն ընդունի այդ հեռանկարը, և որոշում կայացրեց հենվել որոշակի կիսաքրեական խմբերի վրա, որոնք բացարձակ առնչություն չունեն տեղի հայ բնակչության շահերին ու ձգտումներին։ Այդ մոդելը, որն իրենից ներկայացնում է փոխադարձ կապ Վրաստանի և Հայաստանի իշխանությունների ու նշյալ խմբերի միջև, կոչված է բացառելու Ջավախքի հասարակական կյանքում ցանկացած նախաձեռնություն, որ ուղղված կլինի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանը։ Այս իրավիճակը և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը բացարձակապես «չգնահատեցին» Վրաստանի իշխանությունները, որոնք շարունակեցին ռեպրեսիվ գործողությունները Ջավախքի հայկական կազմակերպությունների ու ակտիվիստների նկատմամբ։ Կասկած չկա, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում վրացական իշխանությունների գործողությունների հաջողության դեպքում Վրաստանի հարավային շրջանների հայ բնակչության նկատմամբ նույնպես կկիրառվեին խտրականության որոշակի գործողություններ` ընդհուպ մինչև էթնիկական զտման դրսևորումները։
Հարկ է նշել, որ իրավապահ մարմինները, այդ թվում` պետական անվտանգության կառույցը, ձեռնարկում են ցանկացած քայլ Հայաստանում և Ջավախքում ջավախահայերի իրավունքների պաշտպանության դրսևորումները բացառելու համար։ Պետանվտանգության սպաները հարկադրված, իսկ երբեմն էլ մեծ հաճույքով կատարում են այդ աշխատանքը, որը վայել չէ սպաներին, հայերին և, առհասարակ, տղամարդկանց։ Վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունն իր համար լիովին հստակեցրել է, որ սահմանափակ, գավառական ու կապիտուլյացիայի այդ քաղաքականությունը հանգեցրել է Ջավախքում Հայաստանի առանց այն էլ ոչ այնքան ուժեղ դիրքերի կորստյան, որոնք գոյություն ունեին դեռևս 2-3 տարի առաջ։ Հայաստանի ղեկավարության մեջ տեղի է ունենում իրողությունների և հեռանկարի վերագնահատում, կա թափ հավաքող աղետի զգացողություն, և ըստ այդմ եկել է ժամանակը վերացնելու գոյություն ունեցող քաղաքականության ամոթալի մոդելը և վերադառնալու Վրաստանում հայկական հասարակական հատվածին աջակցելու քաղաքականությանը։ Այնուհանդերձ, Հայաստանի այդ դիրքորոշումը, որն աջակցության էր արժանանում նրա իսկ հովանավորած կեղծ-հասարակական խմբերի կողմից, Ջավախքի հայ բնակչության համար չդարձավ «վերին ճշմարտություն», այդ նահանգի հայությունը ցուցադրեց իր ուժեղ ազգային բնավորությունը և Վրաստանի ռեպրեսիվ քաղաքականությանը դիմադրելու ընդունակությունը։
Երկար ժամանակ տպավորություն էր ստեղծվում, որ արևմտյան հանրությունը հետաքրքրված չէ և չի նախատեսում որևէ միջամտություն Ջավախքի հիմնախնդրին։ Իրականում էլ ԱՄՆ-ի ու Եվրամիության որոշակի համատեղ քաղաքականությունը, ռուս-վրացական հարաբերությունների հետ կապված, տեղ չէր թողնում, որպեսզի Ջավախքի հիմնախնդիրը ձեռք բերեր միջազգային ասպարեզում հրապարակային դիտարկման արժանանալու հեռանկար։ Արևմտյան հանրությունը շարունակում էր անտեսել այդ հիմնախնդիրը, ինչպես նաև այլ էթնոքաղաքական և էթնոսոցիալական պրոբլեմները Վրաստանում, համարելով, որ դրանք կարող են վերածվել Ռուսաստանի քաղաքականությանը նպաստող «ռեսուրսի»։ Դա ինչ-որ չափով արդարացված էր, քանի որ Ռուսաստանը Վրաստանի հայերի նկատմամբ վարում էր բացարձակապես սպեկուլյատիվ քաղաքականություն` ներառյալ Ջավախքում ռուսական բազայի խնդիրը։ Միևնույն ժամանակ Եվրամիության վարչական ապարատում և ԱՄՆ-ի պետդեպարտամենտում, եվրոպական առաջատար պետությունների արտգործնախարարություններում կուտակված են բավականաչափ փաստաթղթեր ու նյութեր Ջավախքի և Վրաստանի այլ էթնոքաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս պրոբլեմն իր արտահայտությունն է ունեցել Հարավային Կովկասում լավ հայտնի և իրենց երկրներում ոչ կառավարական կամ կիսակառավարական որոշ կազմակերպությունների գործունեության մեջ` Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, մասամբ նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեդիայում։ Ժամանակին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն կոմիսար Խավիեր Սոլանան բավականաչափ տեղեկացված էր էթնիկական խմբերի նկատմամբ Վրաստանի խտրական քաղաքականությունից, այդ թվում` Ջավախքի հայության առնչությամբ։ Հետաքրքիր է այն, որ նույնիսկ այս հարցում շատ լոյալ դիրքորոշում ունեցող կազմակերպությունները, որոնցից է, օրինակ, Միջազգային ճգնաժամային խումբը, իրենց զեկուցագրերում չկարողացան չարձանագրել Վրաստանի քաղաքականության խիստ վտանգավոր և անթույլատրելի միտումներն էթնիկական փոքրամասնությունների նկատմամբ։ Միաժամանակ Վրաստանի նշանակությունը, որպես հակառուսական էքսպանսիայի առաջավոր բաստիոնի, չափազանց մեծ էր, որպեսզի Ջավախքի հիմնախնդիրն իր արտահայտությունը գտներ արևմտյան հանրության քաղաքականության մեջ։
Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ Եվրամիության քաղաքականության մեջ շատ փոփոխություններ արձանագրվեցին 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո։ Այդ իրադարձությունը, անկասկած, կարևոր ցուցադրական նշանակություն ուներ և լուրջ փաստարկ դարձավ ոչ միայն եվրոպացիների, այլև ամերիկացիների դիրքորոշման փոփոխության համար։ Իրականում ռուս-վրացական պատերազմը վերածվեց լուրջ առիթի և փաստարկի Ֆրանսիայի ու Գերմանիայի համար նոր դիրքեր ձեռք բերելու տեսանկյունից, ինչն իր հերթին հանգեցրեց Եվրամիության քաղաքականության մեջ փոփոխության, չնայած Բրիտանիան դեմ էր հանդես գալիս «եվրոպական մայրցամաքային տանդեմին» և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքականությանը։ Աջերի կառավարությունները Ֆրանսիայում և Գերմանիայում, ինչպես նաև ավելի փոքր եվրոպական երկրներում բազմաթիվ ազդակներ էին հաղորդում ՆԱՏՕ-ի ամրապնդման և ԱՄՆ-ի հետ համագործակցության առումով, սակայն իրականում որոշակի ֆրանսիական «ատլանտիստական մոդեռնիզմի» և գերմանական «հասուն քաղաքական էլիտայի» դիրքորոշումների արտահայտիչն էին, համարելով, որ ատլանտիզմին ընդդիմանալը կհանգեցնի Եվրամիության տեղի ու դերի կորստյան համաշխարհային քաղաքականության մեջ։
Ընդ որում, Ֆրանսիայի ու Գերմանիայի որոշակի տարաբաժանվածությունը, ինչը չկար 20 կամ 10 տարի առաջ, որքան էլ տարօրինակ է, միայն ընդգծում է այդ երկրների պատրաստակամությունը` աշխարհում իրագործելու ավելի նշանակալի, անգլոսաքսոնական բլոկից անկախ քաղաքականություն։ Ռուսաստանի հետ հարաբերություններում քաղաքական, «ռազմավարական ռոմանտիզմը», որի հետևորդներն էին Ֆրանսուա Միտերանը, Ժակ Շիրակը, Հելմուտ Քոլը, Գերհարդ Շրյոդերը, փոխարինվեց Նիկոլա Սարկոզիի և Անգելա Մերկելի քաղաքականության մեջ առկա պրագմատիզմով և «մենեջերական հնարքներով», որոնք, չնայած Ռուսաստանի նկատմամբ տեսանելի քննադատությանը` ոչ համարժեք «ագրեսիա» իրականացնելու հետ կապված, հասկացան, որ հասունացել է հարմար և անկրկնելի պահը ստեղծելու իրական գեոտնտեսական և նույնիսկ ինչ-որ չափով աշխարհաքաղաքական դաշինք Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի միջև։ Այս քաղաքականությունը չէր կարող չհանգեցնել Վրաստանի նկատմամբ եվրոպացիների դիրքորոշման սկզբունքային վերանայման, և այդ ամենը ոչ թե Ռուսաստանին «հարգանք մատուցելու» համար, այլ ԱՄՆ-ի քաղաքականության համոզիչ քննադատության տեսանկյունից։ Եվրոպացիները հարկադրված էին երկար ժամանակ համակերպվել ԱՄՆ-ի բացարձակ անհամարժեք դիրքորոշմանը Վրաստանի առնչությամբ, բայց դա չէր կարող անվերջ շարունակվել, ուստի և հասավ իր տրամաբանական ավարտին։ Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես նաև նրանց այլ եվրոպական գործընկերները, առանց Վաշինգտոնին նայելու Ռուսաստանի հետ համագործակցության մի շարք առաջարկներ առաջ քաշեցին, որոնք վերաբերում են ռազմական և մեքենաշինական ոլորտներում լայնածավալ փոխգործակցությանը, էներգետիկայի բնագավառում որոշիչ նշանակություն ունեցող ներդրումների իրագործմանը։ Այդ ծրագրերը ոչ թե համագործակցության հերթական փուլն են, այլ բոլորովին նոր գեոտնտեսական և ինտեգրացիոն հարաբերությունների ցուցանիշը։
Վաշինգտոնն ու Լոնդոնը շատ շուտով հասկացան, որ այդ նախագծերի դեմ հանդես գալն անիմաստ է։ Անգլոսաքսոնական երկրների ԶԼՄ-ները փորձեցին այդ ծրագրերը ներկայացնել իբրև ընդամենը Ֆրանսիայում ու Գերմանիայում կառավարող քաղաքական գործիչների, կուսակցությունների և խմբավորումների շահերի արտահայտություն։ Բայց ամբողջ այդ քարոզչությունը դարձել է առիթ` մայրցամաքային Եվրոպայի կողմից պատասխան գործողությունների։ Ամերիկյան, ինչ-որ չափով նաև` բրիտանական, քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ հանգեցրեց ռիսկերի ու սպառնալիքների ոչնչով չարդարացված աճի և նախադրյալներ ստեղծեց վերոնշյալ լոկալ հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածելու։ Բացի այդ, եվրոպացիները Վրաստանի (նաև ՈՒկրաինայի) հետ կապված հաշիվներ ունեն ամերիկացիների հետ, որոնք պայմանավորված են նաև այդ երկրներին ՆԱՏՕ խցկելու աննրբանկատ փորձերով։ Միխեիլ Սաակաշվիլու այցերը Փարիզ, Բեռլին և Լոնդոն 2007-ի աշնանը, ինչպես նաև 2008-ի ՆԱՏՕ-ի ապրիլյան գագաթաժողովը Բուխարեստում, ցույց տվեցին, որ եվրոպացիների վերաբերմունքն այս հարցում էպիզոդիկ չէ, ոչ էլ պայմանավորված Ռուսաստանի հետ հարաբերություններով։ Եվրոպացիները չէին պատրաստվում ռիսկի դիմել Ջորջ Բուշի վարչակազմի կողմից խաղարկային իրավիճակ ստեղծելու պատճառով և հարցականի տակ դնել իրենց անվտանգությունը։ Անշուշտ, հակաբուշիզմը եվրոպական շրջանակներում որոշիչ դեր ունեցավ նոր եվրոպական արտաքին քաղաքականության ձևավորման առումով, ինչպես նաև եվրոպացիների միասնության` Լիսաբոնյան պայմանագիրը մինչև վերջ առաջ մղելու տեսանկյունից։ ԱՄՆ-ում Բարաք Օբամայի հաղթանակը Եվրոպայում ընկալվեց որպես «սեփական» հաղթանակ, և ԱՄՆ-ի քաղաքականության այդ շրջադարձի հետ Եվրոպայում շատ հույսեր կան կապված, և ոչ միայն նեղ քաղաքական շրջանակներում։ Ամբողջ վերնախավը, հատկապես ձախ լիբերալ ուղղվածության հասարակական շերտերը, սպասում են, որ բուշիզմի «գաղափարախոսությունը» կդառնա անցյալ, և Վաշինգտոնում կգիտակցեն Եվրոպայի հետ գործընկերության անհրաժեշտությունը։ Կարճ ձևակերպելու դեպքում կարելի է արձանագրել, որ Եվրամիության և ԱՄՆ-ի միջև առաջին անգամ սկսվել է արդեն ոչ թե քաղաքական, այլ աշխարհաքաղաքական պայքար, ինչը ենթադրում է նաև ազդեցության համար հակադրություն տարածաշրջաններում։
Միաժամանակ սխալ կլիներ սահմանափակվել Վրաստանի և արևմտյան հանրության հարաբերություններում արձանագրված փոփոխությունը միայն եվրոպական առաջատար պետությունների և առհասարակ Եվրամիության դիրքորոշումներից դիտարկելով։ ԱՄՆ-ում էլ չեն կարող ուշադրություն չդարձնել վրացական էլիտայի ցածր ընդունակություններին` տարածաշրջանում հնարավոր արկածախնդրությունների իրագործման առումով, որոնք ոչ միշտ են լիովին համաձայնեցված։ ԱՄՆ-ի քաղաքականությունը Բալկաններից մինչև Չինաստանի սահմանները նկատելիորեն սրբագրվում է։ Ամերիկացիները հայտնվել են բարդ իրավիճակում աֆղանա-պակիստանյան խնդրի հետ կապված և դա առնչվում է նաև ռազմավարական հեռանկարում Չինաստանի շուրջ գլոբալ անվտանգության «գոտի» ստեղծելուն, ամերիկա-հնդկական դաշինքի ձևավորմանը, ԱՄՆ-ի դիրքերի վերանայմանը Հարավարևելյան, Կենտրոնական և Հարավային Ասիայում։ Այս պրոբլեմը դժվար է լուծել ոչ միայն առանց եվրոպացիների, այլև առանց ռուսների հետ համագործակցության։ Ռուսական և կենտրոնասիական կոմունիկացիաների օգտագործումն է, որ հնարավորություն կտա լուծելու այդ խնդիրներն ավելի քիչ ծախսերով և օպերատիվ։ Առանց Եվրոպայի և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության անհնար է նաև Իրանի միջուկային ծրագրի պրոբլեմի լուծումը։ Այս իմաստով նկատելիորեն սրբագրվում են նաև Հարավային Կովկասի դերն ու գործառույթները։ Այս տարածաշրջանի նշանակությունը, որն ուներ երկու հիմնական բաղադրիչ` ռազմական տրանզիտն ու էներգետիկ կոմունիկացիաները, սրբագրվում է ռազմական տրանզիտի ակնհայտ նվազման միտումով, ինչի արդյունքում տարածաշրջանը դիտարկվում է որպես «ռեզերվային», բայց ոչ որոշիչ։ Էներգետիկան մնում է կարևոր ոլորտ, սակայն Ռուսաստանը 2008-ի ամռանը ցույց տվեց, որ իր գործողությունները բավական համակարգված էին` էներգետիկ կոմունիկացիաներին հարված չհասցվեց։ Դատելով նավթի գներից, այդ իրադարձություններն էներգետիկ իրավիճակի վրա մեծ ազդեցություն չեն ունեցել ո՛չ գների, ո՛չ էլ ապահովագրական ռիսկերի տեսանկյունից։
Ամերիկացիները շարունակում են ամրապնդել Վրաստանի պաշտպանական ներուժը, տրամադրել տարաբնույթ սպառազինություն։ Սակայն նույնիսկ Հարավկովկասյան տարածաշրջանի մասշտաբներով դա բավական սահմանափակ նշանակություն ունի։ Այդ ջանքերն ուղղված են Վրաստանի տրանզիտասերվիսային կարողությունների ամրապնդմանը։ Վրաստանի պաշտպանական ներուժի փլուզումից հետո նրա անվտանգության արտաքին ու ներքին պայմանները չեն փոխվել, և նրա գործառույթները շարունակում են պայմանավորված լինել ԱՄՆ-ի քաղաքականությամբ։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ի կոմունիկացիոն ռազմավարության «վրացական տեղամասն» առավել ծախսատար է և խնդրահարույց անվտանգության ապահովման առումով։ Բայց տրամադրվող զենքն ամերիկացիների համար նշանակալի չէ գլոբալ խնդիրների լուծման տեսանկյունից։ Այս իրավիճակում եվրոպացիները սկզբունքորեն շահագրգռված են վարկաբեկելու այն քաղաքականությունը, որն ուղղված է ժողովրդավարության և հանդուրժողական, լիբերալ քաղաքականության վերաբերյալ վրացական բեմադրությունները կյանքի կոչելուն։ Վրաստանին վերապահված է շարունակելու իր տրանզիտասերվիսային գործառույթները, բայց ավելի սահմանափակ ձևաչափում և նոր, փաստացի «ճանաչված» սահմաններում։ Վրացական քաղաքական դասակարգը նպատակ չունի լիարժեք ու վերջնական էթնիկական զտումներ իրականացնելու վերահսկվող տարածքներում, որովհետև դա երկիրը կկանգնեցնի աղետի առջև։ Վրաստանի էթնիկական քաղաքականությունը, անկասկած, ավելի կարևոր նշանակություն ձեռք կբերի համաշխարհային քաղաքականության մեջ, որովհետև Վրաստանը բոլոր հնարավորություններն ուներ դառնալու բազմաէթնիկ, ժողովրդավարական երկիր, բայց դա տեղի չունեցավ նրա էլիտայի մանր, ոչնչով չարդարացված հավակնությունների պատճառով, քանի որ նա հետևություններ չարեց վերջին 20 տարիների իրադարձություններից։
Ինչպես տեսնում ենք, Ջավախքի հիմնախնդիրը հասարակ և ամուր ժողովրդի հիմնախնդիր է, որը չցանկացավ զիջումներ անել «շարժական կրկեսի ժամանակավոր ծաղրածուներին»։ Եվ այդ խնդիրը համաշխարհային քաղաքականության մակարդակում, անկասկած, ուշադրության է արժանանալու` նույնիսկ Հայաստանի ղեկավարության այսքան անտաղանդ քաղաքականության պարագայում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ