ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՏԱՐԱՆՑԻԿ ՄԱՐԳԱՐԻՏԸ» ԽԱՄՐՈՒՄ Է

«ՏԱՐԱՆՑԻԿ ՄԱՐԳԱՐԻՏԸ» ԽԱՄՐՈՒՄ Է
19.03.2010 | 00:00

2010 թ. հունվարի 13-ին վրացական կողմը Փոթիի նավահանգստի մերձակայքում կալանեց Վրաստանի դրոշով երթևեկող թուրքական «Քարահասանօղլու Բալըքչըլըք» նավը: Դա հիմնավորվեց նրանով, որ թուրքական այդ նավը զբաղվում է ապօրինի ձկնորսությամբ: Նավի կալանման արդյունքում առգրավվեց 66420 տոննա ձուկ: Այս դեպքից մեկ ամիս անց` 2010 թ. փետրվարի 16-ին, Փոթիի մոտ ջրատարածությունն աղտոտելու մեղադրանքով կալանվեց թուրքական դրոշ կրող «MECIT KAPTAN» բեռնանավը: Տուգանքն այս անգամ կազմեց 65000 լարի, ինչին գումարվեց շրջակա միջավայրին հասցված 3300 լարիի վնասը:
2010 թ. փետրվարի սկզբին Թուրքիա այցելեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, որը հանդիպեց իր թուրք գործընկեր Մեհմեթ Ալի Շահինի հետ: Հանդիպման ժամանակ Բաքրաձեն Թուրքիային առաջարկեց մասնակցել Վրաստանի մշակած հակամարտությունների կարգավորման ռազմավարական ծրագրին, որով նախատեսվում է տարբեր նախագծեր իրականացնել վրացի, աբխազ և օս ժողովուրդների համար, ինչն էլ իր հերթին կհանգեցնի տարածաշրջանի բնակչության մերձեցմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ցանկանում է Կովկասյան տարածաշրջանում ընդլայնել սեփական ազդեցությունը, պետք է կարծել, որ Վրաստանի այդ առաջարկը համապատասխանում է թուրքական ծրագրերին:
Բաքրաձեն այդ առաջարկը հնչեցրեց նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ)` Վրաստանի բարեկամների խմբի ղեկավար Ջելալ Էրբայի հետ կայացած հանդիպման ժամանակ: Վերջինս իր հերթին նշեց, որ 2008 թ. թուրքական խորհրդարանի կողմից Վրաստանի բարեկամների խումբ ստեղծելու նախագծի հաստատումը (թուրքական խորհրդարանում գոյություն ունի նմանատիպ 99 խումբ) ևս մեկ անգամ վկայում է երկու երկրների միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունների մասին:
Մեհմեթ Ալի Շահինն իր հերթին հանդիպման ժամանակ նշեց, որ Անկարան չի ճանաչում Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի անկախությունն ու կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Չնայած դրան` Շահինը վրացական կողմից պահանջեց կարճ ժամանակահատվածում վերադարձնել նախկինում բռնագրավված թուրքական նավերը, Բաքրաձեն էլ ի պատասխան նշեց, որ այդ նավերը կալանվել են արգելված գոտի մտնելու համար, և վրացական կողմը պատրաստ է «ընդունելի ելք որոնել ստեղծված իրավիճակից»:
Ժամանակին վրացական կողմը կալանված նավերի անձնակազմերը վերադարձրել է Թուրքիային, սակայն նավերը դեռ չի վերադարձրել: Վրացական օրենքների համաձայն` Աբխազիայի ծովափն ու նավահանգիստները հայտարարվել են միջազգային նավարկության համար փակ գոտի: Ի դեպ, 1982-ին ՄԱԿ-ի ընդունած Ծովային իրավունքի կոնվենցիայի համաձայն, յուրաքանչյուր պետություն իրավունք ունի իր ջրային տարածքների լայնությունը 12 ծովային մղոնը չգերազանցող հեռավորության վրա սահմանել: Միջազգային հանրությունը, որը չի ճանաչում Աբխազիայի ինքնիշխանությունը, նրա առափնյա 12-մղոնանոց գոտին համարում է վրացական տարածքային ջրեր:
Հարկ է նշել, որ նախկինում վրացական առափնյա պաշտպանության ձերբակալած նավերի մի մասը բռնազավթվել է ու հանվել աճուրդի: Միևնույն ժամանակ նախկինում խախտում կատարած նավն իր անձնակազմով սովորաբար տուգանք վճարելուց հետո ազատ էր արձակվում, մինչդեռ 2009-ին թուրքական մի շարք նավեր բռնազավթվեցին: 2009 թ. առաջին 8 ամիսների ընթացքում Վրաստանը կալանել է Աբխազիա ուղևորվող 23 նավ, որոնցից 4-ը` «օկուպացված տարածքների ջրեր մուտք գործելու կանոնները խախտելու» մեղադրանքով: Դրանց մեծ մասը բաժին է ընկնում Թուրքիային։
Թուրքական կողմի համբերության բաժակը լցվեց օգոստոսի 16-ին, երբ վրացական առափնյա պաշտպանությունը կալանեց Թուրքիայից Աբխազիա ուղևորվող Պանամայի դրոշով «Բուկետ» հեղուկանավը` 17 հոգուց բաղկացած անձնակազմով (13 թուրք, 4 ադրբեջանցի): Նավը փոխադրում էր 2000 տոննա բենզին և ավելի քան 700 տոննա դիզվառելիք: Այդ բեռը բռնագանձվեց, իսկ նավապետ Մեհմեթ Օզթյուրքը դատապարտվեց 24 տարվա բանտարկության` Վրաստանի պետական սահմանը բազմաթիվ անգամ խախտելու, օկուպացված տարածքներ (Աբխազիա) մուտք գործելու և մաքսանենգ բեռնափոխադրումների համար: Սակայն Քութայիսի բողոքարկման դատարանի վճռով թուրք նավապետն ազատ արձակվեց: Նավապետին տրվեց եռամյա պայմանական բանտարկություն և 30000 լարի վճարելու տուգանք (մոտ 18000 դոլար): Նավապետի ազատ արձակման հարցը լուծում ստացավ 2009-ի սեպտեմբերի սկզբին, երբ Թբիլիսի այցելեց թուրքական արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Վերջինս Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ հանդիպման ժամանակ առաջ քաշեց ձերբակալված թուրք նավապետի ազատ արձակման հարցը, ինչն էլ դրական լուծում ստացավ: Փաստորեն, թուրքական կողմը տարբեր երկրների (և անգամ Վրաստանի) դրոշներ կրող նավերով է առևտուր անում աբխազական կողմի հետ, որպեսզի այդ կերպ «իր վրայից գցի» միջազգային հանրության չճանաչած պետության հետ առևտուր անելու պատասխանատվության բեռը: Սակայն ձերբակալված թուրք նավապետի ազատ արձակման հարցում Ահմեդ Դավութօղլուի (արտգործնախարարի մակարդակով) միջամտությունն ի ցույց է դնում քողարկման այդ միջոցների սնանկությունը:
«Բուկետ» հեղուկանավի կալանումը մեծ արձագանք ստացավ թուրքական մամուլում, հրապարակումներում նշվում էր, որ Վրաստանի կողմից թուրքական նավերի կալանման գործընթացն սկսվել է 1995 թվականից և շարունակվում է արդեն շուրջ 15 տարի: Այդ 15 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները կալանել են շուրջ 100 թուրքական նավ, որոնք սովորաբար հետ չեն վերադարձվել թուրքական կողմին: Այդ ընթացքում թուրքական կողմը կալանված նավերի ու ձերբակալված անձնակազմերի ազատ արձակման համար վրացական կողմին վճարել է 100 միլիոն դոլարի տուգանք:
Վերջին շրջանում վրացական կողմից թուրքական նավերի կալանման ու բռնագրավման ինտենսիվացման հիմքում ընկած են մի շարք հանգամանքներ:
Թուրք-աբխազական հարաբերությունները կարելի է դասակարգել երեք խմբի։
Քաղաքական։ Խոսքը թուրք-աբխազական բարձր մակարդակի առկա ու հնարավոր շփումների մասին է, ինչը ցավագին է ընկալում վրացական կողմը: Աբխազիայի հետ թուրքական քաղաքական-տնտեսական կապերն ակտիվացան 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո: Ինտենսիվ երկկողմանի հարաբերություններից բացի, թուրքամետ աբխազական քաղաքական ընտրանու և Աբխազիայի մահմեդական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվեցին մի շարք հասարակական-քաղաքական և կրոնական կոնֆերանսներ: 2009 թ. սեպտեմբերի 10-ին Աբխազիա այցելեց Թուրքիայի արտգործնախարարի խորհրդատուի տեղակալ ՈՒնալ Չևիքյոզը, որը հանդիպեց Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբայի հետ: Չնայած վրաց ղեկավարությունը նախապես տեղեկացվել էր այս այցի մասին, պարզ է, որ դա նրան դուր չեկավ, քանի որ այդ աննախադեպ այցելությունը թուրք պաշտոնյայի առաջին այցելությունն էր Աբխազիա: Բացի այդ, դրանով Չևիքյոզը դարձավ վրաց-աբխազական պատերազմից հետո Աբխազիա այցելած առաջին արևմտյան դիվանագետը (ի դեպ, Թուրքիայի տվյալ ժամանակվա վարչապետ, ապա նաև նախագահ Սուլեյման Դեմիրելն առաջին օտար հյուրն է, որն այցելել է Վրաստան (1992-ի հունիսին): Չևիքյոզի այցին հետևեց թուրք արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Աբխազիա այցելելու ցանկության մասին հայտարարությունը: 2009-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշն իր հերթին պատրաստվում է ոչ պաշտոնական այց կատարել Թուրքիա: Այդ այցի շրջանակներում նախատեսվում էին հանդիպումներ Թուրքիայի աբխազական ազդեցիկ համայնքի ու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Չնայած այդ այցի ոչ պաշտոնական բնույթին` Վրաստանի իշխանությունները մեծ հիստերիա բարձրացրին ու Թբիլիսիում գտնվող թուրք դեսպանին կանչեցին պարզաբանումներ տալու: Մյուս կողմից էլ` Վրաստանի ու Աբխազիայի միջև միջնորդական առաքելություն կատարելու Թուրքիայի ձգտումը պաշտոնական Թբիլիսիի համար առավել ընդունելի է, քան Ռուսաստանի միջնորդությունը: Տեսնելով թուրք-աբխազական ծովային շփումներում սեփական անզորությունը` Վրաստանը փորձեց ստանալ Անկարայի համաձայնությունը` գոնե վերահսկելու Սուխումից Տրապիզոն (ինչպես նաև Սամսուն ու Ստամբուլ) և հակառակ ուղղությամբ լողացող տրանսպորտային նավերի բեռները: Սակայն վերահսկողություն հաստատելու Վրաստանի այս առաջարկը մերժեցին թե՛ Թուրքիան, թե՛ Աբխազիան:
Տնտեսական։ Թուրքիան բազմիցս շեշտել է, որ կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչի պատճառով էլ արգելք է դրել Աբխազիայի հետ առևտրատնտեսական պաշտոնական հարաբերությունների վրա: Չնայած դրան, Թուրքիայի աբխազական համայնքը և մի շարք թուրքական գործարար շրջաններ խախտում են այդ արգելքն ու կապեր հաստատում Աբխազիայի հետ: Թուրքական կողմը 1990-ականներից սկսած ներդրումներ է կատարում աբխազական ածխի բիզնեսում և ածուխն արտահանում Թուրքիա: Բացի այդ, Թուրքիան Աբխազիայից ներմուծում է փայտանյութ, գունավոր մետաղ և փոխարենն արտահանում տարբեր տեսակի սննդամթերք, վառելանյութ: Ներկայումս Թուրքիան տարեկան 100 միլիոն դոլարի ապրանք է արտահանում Աբխազիա: 2009-ի դրությամբ Աբխազիայում գործունեություն են ծավալել ավելի քան 20 թուրք գործարարներ ու ներդրողներ: 2006-ից սկսած` թուրք գործարարներն ակտիվորեն ներդրումներ են կատարել Աբխազիայի զբոսաշրջային ու հյուրանոցային բիզնեսի ոլորտում: 2009-ի մայիսի վերջին Թուրքիայի և Վրաստանի միջև դիվանագիտական սկանդալ բռնկվեց, երբ «Benetton» ընկերության թուրքական ներկայացուցչությունը, առանց Վրաստանում պաշտոնապես գրանցվելու, փորձել էր Աբխազիայում ներկայացուցչություն բացել: Փաստորեն, Թուրքիան առևտուր է անում Աբխազիայի հետ` «հարգելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը»: Վերջերս դա չի էլ թաքցվում, ինչը երևում է Վրաստանի կալանած թուրքական նավերի թվաքանակի աճից: Սա չի կարող դժգոհություն չառաջացնել պաշտոնական Մոսկվայում, քանի որ այս կերպ Թուրքիան ուղղակիորեն կապ է հաստատում Աբխազիայի հետ, ինչը նշանակում է, որ դեֆակտո ճանաչել է Աբխազիան` որպես Վրաստանից անջատ միավոր:
Կրոնական։ Վրաստանը դժգոհ է, որ Թուրքիան նախաձեռնել է Աբխազիայի իսլամականացումը: 2005-ից սկսած` Թուրքիայի օգնությամբ Աբխազիայում գործում են մի շարք հոգևոր դպրոցներ, որոնց ամենաակտիվ աշակերտներին ուսման նպատակով ուղարկում են Թուրքիա: 2008 թ. դեկտեմբերին, Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը պաշտոնապես երկխոսության մեջ մտավ Աբխազիայի մուֆթիի (մահմեդական բարձրագույն հոգևոր անձ) տեղակալի հետ` Աբխազիայի բնակիչների կրոնական պահանջները բավարարելու շուրջ: Դրա արդյունքում կողմերի միջև ձեռք բերվեցին մի շարք համաձայնություններ, որոնք վերաբերում էին Թուրքիայից Աբխազիա աբխազերենին տիրապետող հոգևոր անձանց ուղարկելուն, Աբխազիայում` Սուխումում ու Գուդաութայում, նոր մզկիթներ կառուցելուն, Ղուրանն աբխազերեն թարգմանելուն ու այն Աբխազիայում տարածելուն: Դրանով Թուրքիան ռիսկի է դիմում` որոշակիորեն փչացնելու ռուս-թուրքական հարաբերությունները (չմոռանանք, որ Աբխազիայի բնակչության 80-90 տոկոսը քրիստոնյա է):
Թուրք-ռուսական հարաբերությունները։ Պետք է նշել, որ վերջին շրջանում թուրք-ռուսական հարաբերությունները, թերևս, ապրում են իրենց լավագույն ժամանակաշրջանը, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Վրաստանին: Չպետք է մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միակն էր, որ «հնգօրյա» պատերազմի ժամանակ հանդես չեկավ Ռուսաստանի քննադատությամբ: Այժմ վրացական կողմին մեծապես անհանգստացնում են 2009-ից շրջանառության մեջ դրված այն լուրերը, թե Թուրքիան կարող է ճանաչել Աբխազիայի անկախությունը, իսկ Ռուսաստանն էլ, փոխադարձաբար, որպես համարժեք քայլ, կարող է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Սակայն հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի նույնատիպ խնդիրը, ինչպես նաև տվյալ հարցում ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի ռազմավարական գործընկերների դիրքորոշումը` Թուրքիան հազիվ թե գնա այդ քայլին: Վրաստանը լրջորեն անհանգստացած է նաև Աջարիայի շուրջ ռուս-թուրքական սակարկությունից: 2009 թ. մարտին Ռուսաստանը թուրքական կողմին առաջարկեց Վրաստանի ինքնիշխանության կորստյան պարագայում Աջարիան հանձնել 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով նրա միջազգային երաշխավոր ճանաչված Թուրքիային: Ռուսական կողմը մատնանշում է, որ մոտ ապագայում Հարավային Կովկասում կարող է առաջանալ այնպիսի իրադրություն, որ Վրաստանն ի վիճակի չլինի կատարելու Կարսի պայմանագրի պահանջները, Ռուսաստանն էլ իր հերթին հրաժարվի դրանից:
Թուրք-հայկական հարաբերությունները։ Ներկայումս Վրաստանը հարավկովկասյան տարածաշրջանում իրեն համարում է «տարանցիկ մարգարիտ», ինչին հաջողվել է հասնել հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանների փակման պարագայում: Դրա համար էլ վրացական կողմը մեծ տագնապով է հետևում հայ-թուրքական հնարավոր մերձեցմանն ու սահմանի բացմանը: Վրաստանին վախեցնում են նաև թուրքական և ընդհանրապես արևմտյան այլընտրանքային նախագծերը: Խնդիրն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանին հնարավորություն կընձեռի ոչ միայն նվազեցնելու Վրաստանից ունեցած աշխարհագրական կախվածությունը, այլև առավել ակտիվորեն առաջ քաշելու վրացահայերի խնդիրները:
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ