Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Այսօր ում էլ նստեցնեն բարձր աթոռի, մարդիկ կխոնարհվենու կաղոթեն նրա համար»

«Այսօր ում էլ նստեցնեն բարձր աթոռի, մարդիկ կխոնարհվենու կաղոթեն նրա համար»
17.10.2008 | 00:00

«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՈՉ ԹԵ ՄԱՐԴՈՒՆ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄ, ԱՅԼ՝ ԱԹՈՌԸ, ՊԱՇՏՈՆԸ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Երևանի Մոսկովյան այգին, Շառլ Ազնավուրի հրապարակը, «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահը զարդարող գեղեցկությունների մեջ աչքի են զարնում ԱՐԱ ԱԼԵՔՅԱՆԻ մետաղե քանդակները: Արտառոց այդ գործերի հեղինակը մեր զրուցակիցն է այսօր:
«ՏԵՂԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՐԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ, ԿՏՐՈՒՄ ԾԱՌԵՐ, ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԱՅԳԻՆԵՐ, ՎԵՐԱՑՆՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ, ԱՂԱՎԱՂՈՒՄ ՏԱՐԱԾՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ»
-Արա՛, Դուք ապրում եք Վեդիում և Ձեր մաշկի վրա եք զգում մեր հանրապետությունում առկա բևեռացման երևույթը: Ի՞նչ եք կարծում՝ մայրաքաղաքի և մարզերի միջև կենցաղային, հոգեբանական, սոցիալական և այլ կարգի տարբերություններն իսկապե՞ս աղաղակող են:
-Երևանի ծայրամասերի և Հայաստանի մարզերի միջև այդ տարբերություններն այնքան էլ նկատելի չեն: Մարդկանց հոգեբանությունը, կենցաղը, բարքերը կարծես թե նույնն են այդ տարածքներում: Իսկ Երևանի կենտրոնում բոլորովին այլ պատկեր է: Այն էապես տարբերվում է մյուս թաղամասերից: Բայց ես ավելի հեշտությամբ կարող եմ թվարկել Երևանի և մարզերի ոչ թե տարբերությունները, այլ՝ ընդհանրությունները: Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, տեղային իշխանությունները կամայականորեն բաժանում են հողատարածքներ, կտրում ծառեր, ոչնչացնում այգիներ, վերացնում խաղահրապարակներ, աղավաղում տարածքի՝ տվյալ քաղաքի, բնակավայրի ճարտարապետական պատկերը: Օրինակ, ցավով լսել եմ, որ Վեդիում վերջերս վաճառել են հիվանդանոցի դիմացի մայթը, որը տանում է դեպի դպրոց: Այդտեղ պիտի փոքր խանութներ տեղադրեն և, փաստորեն, մարդկանց զրկեն քայլելու համար նախատեսված ճանապարհից: Բայց երբ նույն բանը կատարվում է նաև Երևանում, ես ի՞նչ ակնկալեմ մարզերի դեպքում:
«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆ ՈՒՆԵՑԱԾ ՄԱՐԴԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ԿԱՐԵՎՈՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ»
-ԱԺ նորընտիր նախագահը Ձեր մարզից է: Հետևե՞լ եք այդ ընտրությանը:

-Ճիշտն ասած՝ շատ հեռու եմ քաղաքականությունից: Գուցե զարմանաք, բայց անգամ անուն-ազգանունը չեմ հիշում: Ես ընդամենը կողքից լսում եմ այդպիսի բաների մասին, բայց երբեք չեմ խառնվում, որովհետև ունեմ իմ պատճառները: 1988-ից մասնակցել եմ մեր ազատագրական շարժմանը, Երկրապահի անդամ եմ եղել, Երասխավանի կռիվների ժամանակ կռվել եմ առաջին շարքերում: Մասնակցել եմ Վազգեն Սարգսյանի կազմակերպած գրոհներին, նրան ճանաչել եմ շատ մոտիկից՝ որպես մեր շրջանի տղա, ոչ թե որպես երկրի ղեկավարներից մեկը: Բայց 93-ին, երբ ստեղծվեցին վաշտերը, երբ կազմավորվում էր Հայկական բանակը, դուրս եկա այդ ասպարեզից: Դուրս եկա, որովհետև հասկացա, թե ովքեր են կռվում իրենց հայրենիքի համար, ովքեր՝ կարիերա անելու: Չեմ ուզում անուններ թվարկել, բայց հանուն կարիերայի կռվողները քիչ չեն այսօրվա վերնախավում:
-Ստացվում Է՝ կանոնավոր Հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած են այն մարդիկ, ովքեր կռվում էին կարիերայի՞ համար:
-Ո՛չ: Երբ ստեղծվեցին երկրապահ ջոկատները, դրանց կազմում բոլոր ընդգրկվածները հայրենասեր տղաներ էին: Նրանցից ոչ ոք ամբիցիաներ չուներ: Հետագայում ինչ-որ մարդիկ սկսեցին գալ-խառնվել նրանց: Մարդիկ, ովքեր նախկինում՝ խորհրդային տարիներին, պաշտոն էին ունեցել, ղեկավար դիրքեր էին զբաղեցրել: Հետագայում երկիրը ներքաշվեց քաղաքական գործընթացների մեջ, անկախություն ձեռք բերեց, և այդ նույն մարդիկ դարձյալ հայտնվեցին կարևոր դիրքերում, դարձան առաջնորդներ: Այսինքն՝ ինչպես ուզում ես երկիրը շուռ տուր, միևնույն է, այն մարդը, ով կարողանում է լավ շուռ գալ, երկրի հետ շուռ կգա: Պետք լինի՝ ոչ թե երկու, այլ չորս անգամ շուռ կգա, չորս անգամ գույնը կփոխի:
«ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԴԵՊՔԵՐԸ ԼՌԵՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ, ՁԱՆՁՐԱԼԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»
-Վազգեն Սարգսյանի վերելքը քաղաքական դաշտում ինչպե՞ս ընդունեցիք:

-Ես դա համարում էի հրաշալի երևույթ: Գուցե գտնվեն մարդիկ, որ համաձայն չլինեն ինձ հետ, բայց իմ վերաբերմունքը միանշանակ է: Ես Վազգենի հետ մեծ հույսեր էի կապում: Հուսադրվել էի, որ երկրի վարչապետ էր դարձել, որովհետև մտածում էի, որ անպայման ինչ-որ բան կփոխի մեր կյանքում: Բայց, չգիտես ինչու, այդպիսի մարդկանց թույլ չեն տալիս իրագործել իրենց գաղափարները, իրենց ծրագրերը:
-Ձեզ բավարարո՞ւմ են այն բացահայտումները, որոնք կատարվել են այդ ոճրագործության առնչությամբ:
-Ո՛չ: Դրանք կարծես թատերականացված ներկայացումներ լինեին: Ես հասկացել եմ, որ այդպիսի աղմկահարույց դեպքերը լռեցնում են երկարատև, ձանձրալի դատական գործընթացների միջոցով: Այսինքն՝ այնքան են ձգձգում գործը, որ մարդիկ սովորում, ընտելանում են դրան, ապա՝ մոռանում դրա մասին:
-Ձեր գնահատականը վերաբերում է միայն հոկտեմբերի 27-ի դատավարությա՞նը, թե՞ քաղաքական հիմքով կատարված հանցագործությունների բացահայտմանն ընդհանրապես:
-Բանն այն է, որ ես ընդհանրապես չեմ հավատում մեր հանրապետության դատաիրավական համակարգի գործունեության անաչառությանը: Ամենաներքևի օղակներից մինչև ամենավերիններն անազնիվ են: Այդպես չե՞ք կարծում: Առանց փողի ոչինչ հնարավոր չէ անել: Նույնիսկ ամենապարզ գործն են բարդացնում, որպեսզի մարդիկ հոգնեն, որոշակի գումար առաջարկեն ու իրենց հարցերը լուծեն: Բոլորն էլ գիտակցում են, որ ուրիշ ձև գոյություն չունի, հասկանում են, որ չեն կարող այլ կերպ հարցեր լուծել և ընտրում են կաշառքի ճանապարհը: Ճիշտ է, ես նման գործարքների մեջ անձամբ չեմ եղել, բայց օրինակները հենց իմ ամենամտերիմ մարդկանց շրջանակում բազմաթիվ են: Եվ խոսքը միայն դատաիրավական ատյաններին չի վերաբերում, բյուրոկրատական համակարգն իշխում է ամենուր:
«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԸ ԽԵՂԴԵԼ Է ԲՈԼՈՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՎ ԻՐԵՆ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻՆ»
-Նման գանգատներ լսում ենք նաև սփյուռքի գործարարներից: Բողոքում են, որ իրենց նախաձեռնությունները հայրենիքում մշտապես հանդիպում են բյուրոկրատական քաշքշուկների, արհեստական խոչընդոտների: Վերջերս մեզանում ձևավորվել է նոր նախարարություն երկրորդ կին նախարարի՝ Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, որն զբաղվելու է սփյուռքի հարցերով: Այս կառույցը որակական փոփոխություններ կմտցնի՞ հայրենիք-սփյուռք հարաբերություններում:
-Նախ` ասեմ, որ քաշքշուկների ու խոչընդոտների են հանդիպում, որովհետև մեր երկրում ձևավորված բյուրոկրատական ապարատը խեղդել է բոլորին, այդ թվում և իրեն ստեղծողներին: Վերջիններս էլ են միմյանց հետ բարդ, առևտրային հարաբերությունների մեջ: Բայց չէ՞ որ կա քաղաքակիրթ, պարզ, հասկանալի ձև, որը գործում է աշխարհի շատ երկրներում: Ամեն տեղ չէ, որ փողով, կաշառքով են լուծում հարցերը: Ինչո՞ւ չսովորել նրանցից: Իսկ սփյուռքի հարցերով զբաղվող նախարարությունը, կարծում եմ, հերթական ձևական կառույցն է մեր հանրապետությունում: Երբեք չպատկերացնեք, թե որևէ սփյուռքահայ հայրենիքում ներդրում է անում՝ առանց հաշվարկելու իր անձնական շահույթը: Օրինակ, հենց իմ դեպքում. երբ սփյուռքահայ մեծահարուստը գնում է իմ ստեղծագործությունը, նա լավ գիտի, որ այդպիսի աշխատանքները դրսում վաճառվում են տասնյակ հազարավոր եվրոներով, բայց ինձանից գնում է չափազանց ցածր գնով: Նրանք վստահ են՝ քանի որ ես հայաստանցի եմ, առավել ևս՝ արվեստագետ, ուրեմն՝ ունեմ սոցիալական դժվարություններ, հետևաբար կհամաձայնեմ իմ ստեղծագործությունը վաճառել շատ էժան: Նրանք գիտեն, որ ինձ նման արվեստագետն այստեղ շուկա չունի, այստեղի ճաշակն ու մոտեցումներն ուրիշ են, ուստի և սակարկում են ինձ հետ մինչև վերջին ցենտն ու վճարում հնարավոր ամենացածր գինը:
«ԱՅՆ, ԻՆՉ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՏՎԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԱՅՍՕՐ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՒՄ»
-Դուք կապ պահպանո՞ւմ եք Ձեզ հետ կռված ազատամարտիկների հետ:
-Օրեր առաջ ենք հանդիպել «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ կայացավ «Սասունցի Դավիթ» ֆիլմի պրեմիերան: Ազատամարտիկներին նայելով՝ դժվար չէ հասկանալ, թե ինչ վիճակում են: Դեմքի արտահայտությունից, հագուստից, տրամադրությունից երևում է, որ լավ չեն ապրում: Այսինքն՝ այն, ինչ ազատամարտիկները տվել են հայրենիքին, այսօր չի փոխհատուցվում:
-Իսկ նրանց մեջ շա՞տ են այնպիսիք, ովքեր այսօր Ձեզ նման հետ են քաշվել պայքարից:
-Երևի թե կան: Բայց հետ քաշվելը հարաբերական է: Ասում ենք, թե հետ ենք քաշվել, որովհետև չենք կարող մտնել կեղտոտ քաղաքականության մեջ, եթե դա, իհարկե, քաղաքականություն է կոչվում: Բայց եթե մեր կարիքն իսկապես զգացվի, մենք դարձյալ կլինենք անհրաժեշտ տեղում:
«ԵՍ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՄ, ՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԲՂԱՎՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՅՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԵՐԻ ՁԵՌՔՆ ԷԻՆ ՏԱԼՈՒ»
-Մարտյան դեպքերի բերումով արցախյան պատերազմում կռված տղաներից ոմանք հայտնվել են բանտերում: Դուք նրանց ճակատագրով հետաքրքրվո՞ւմ եք:
-Ես ընդամենը քանդակագործ տղա եմ, որը փորձում է մի գեղեցիկ բան թողնել իր ժողովրդի համար ու գնալ այս աշխարհից: Աստված, թե չգիտեմ՝ ով, ինձ հատուկ հանձնարարություն է տվել՝ ծառայելու իմ ժողովրդին, ստեղծելու այս գործերը նրա համար: Ես շատ կուզենայի, որ ամեն մարդ իր գործով զբաղվեր Հայաստանում: Այդ դեպքում այս խժդժուկը չէր լինի: Իսկ մարտի 1-ին հանրահավաքի գնացած և բանտում հայտնված տղաների մեջ գլուխ էր բարձրացրել բողոքի, պայքարի ոգին: Նրանք ուզում էին ինչ-որ բան փոխել, բայց փոխելն էլ է հարաբերական: Կկարողանայի՞ն փոխել: Ես հույս չունեմ, որ հրապարակում բղավող ազատամարտիկներն այս իշխանությունը տապալելուց հետո այն ավելի լավերի ձեռքն էին տալու: Ավելի լավը չի կարող գալ: Ավելի լավը կգա այն ժամանակ, երբ մարդիկ սոցիալապես ապահով վիճակում լինեն: Եթե այս երկիրը սոցիալապես չզարգացավ, եթե ժողովուրդը չունեցավ մի կտոր հացից անկախ գիտակցություն, չի կարելի սպասել, որ երկրի ղեկավարը լավը կլինի: Ամեն մարդ ինքն է ընտրում իր ղեկավարին: Այսօր մեր ժողովուրդը չի գիտակցում իր գլխի գալիքը: Նրան կարելի է շատ հեշտությամբ՝ ընդամենը մի քանի դրամով, գրավել և ուզածդ կողմը թեքել:
-Այսօրվա մեր ղեկավարներին այդ մի քանի դրամո՞վ են ընտրել:
-Ցավոք, այո՛: Ինձ հաճախ կանչել են՝ մասնակցելու ընտրական գործընթացներին: Միշտ խուսափել եմ: Բայց նկատել եմ մի բան. միշտ ընտրովի պաշտոնում աշխատող մարդիկ անպայման ընտրվում են նաև երկրորդ անգամ: Չի լինում այնպես, որ իրենց ընտրվելու վերջին հնարավորության ժամկետը չլրացած՝ ընտրվի մեկ այլ թեկնածու: Եվ բոլոր մեծ ու փոքր իշխանավորները՝ ոստիկաններից, տնային լիազորներից ու թաղայիններից մինչև ամենաբարձր պետական պաշտոնյաները, ամեն ջանք թափում են, որ ընտրվի գործող ղեկավարը: Հակառակ դեպքում՝ մտավախություն են ունենում, որ իրենց աշխատանքից կհանեն, իրենց նկատմամբ բացասական վերաբերմունք կառաջանա: Հենց այդ ղեկավարի աշխատանքային ժամկետները լրանում են, և ուրիշն է գալիս փոխարինելու, նույն մարդիկ նույն ջերմեռանդությամբ սկսում են սրա համար աշխատել: Այսինքն՝ մեր երկրում «ընտրություն» հասկացությունը հենց այստեղից սկսում է վերանալ: Այն պարզապես գոյություն չունի այս երկրում: Ականատես եմ եղել, թե ինչպես միևնույն մարդը ժամանակին քարոզչություն էր տանում հօգուտ Լ. Տեր-Պետրոսյանի: Տարիներ անց արդեն Լևոնի դեմ էր և Քոչարյանին էր սատարում: Այսօր ում էլ նստեցնեն բարձր աթոռի, մարդիկ կխոնարհվեն ու կաղոթեն նրա համար: Այսինքն՝ ոչ թե մարդուն են ընտրում ու գնահատում, այլ աթոռը, պաշտոնը:
-Հասարակության շրջանում անընդհատ շշուկներ են պտտվում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, մինչդեռ ինքը՝ Քոչարյանը, հերքում է դրանք և գոնե առայժմ չի վերադարձել: Ո՞վ է տարածում այս լուրերը:
-Երևի հենց քաղաքական շրջանակներում էլ տարածում են: Չեմ կարծում, որ ժողովուրդն այնքան պարապ է մնացել, այնքան զերծ է հոգսերից, որ զբաղվում է նման խոսակցություններով: Գուցե ընդդիմության ուժերով են տարածվում շշուկները:
-Մեզ մոտ ձևավորվա՞ծ է սկզբունքային ընդդիմություն, թե՞ նրանց կռիվը սոսկ աթոռի համար է:
-Ինձ թվում է՝ աթոռի համար է: Կմտածեք, թե անհույս հոռետես եմ, բայց այդպես չէ: Հավատացե՛ք, մարդ պիտի բավականաչափ զարգանա, հասնի գիտակցական որոշակի մակարդակի, որպեսզի կարողանա ստեղծել իր պետությունը: Այսօր մեր ժողովուրդը չունի այդ մակարդակը: Թող տպավորություն չստեղծվի, թե վատաբանում եմ իմ ժողովրդին, բայց նա չունի այն որակները, որ կարողանա ստեղծել իսկական դեմոկրատական երկիր: Նա հարցերը լուծելու ուրիշ ձև չգիտի, բացի յուրաքանչյուր գործի համար այս կամ այն չափի կաշառք տալուց: Սովետական հին մոտեցումները մինչև հիմա նստած են մեր ժողովրդի մեջ: Նա գիտի, որ «բարձր» աթոռին նստած որևէ մեկն առանց փողի գործ չի անում, որ եթե փող չտա, մռութները կախ ու փնթփնթոցով կպատասխանի իրեն, կձգձգի գործը: Մենք ներսում ենք, այս բաները շատ չենք զգում, բայց երբ դրսից մարդ է գալիս մեր երկիր ու հանդիպում այսպիսի բաների, զարմանում է, որ կարողանում ենք դիմանալ այս ամենին, այս զավեշտալի իրականությանը: Եվ մենք ուզում ենք, որ սա դեմոկրատական երկի՞ր դառնա: Չի դառնա: Ես այդ հավատը չունեմ:
-Բայց մենք դրսի աշխարհում, Եվրախորհրդում փորձում ենք դեմոկրատական երկիր երևալ:
-Մեր այդ փորձը ծիծաղելի է: Մեր երկրում դեմոկրատիան միայն թղթի վրա է:
«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՉՎԱԾ ԱՅՍ ՀՈՂԸ ՄԵՐՆ Է»
-Դուք արվեստագետ եք, և կարծում եմ, որ առավել քան որևէ մեկը պետք է ներդաշն լինեք բնության հետ: Հայաստանում առկա էկոլոգիական խնդիրները մեզ ո՞ւր են տանում:
-Դա շատ մեծ ցավ է, հատկապես՝ Վեդիի համար: Խոր Վիրապ չհասած՝ երևում է Վեդին՝ ամբողջությամբ կորած ցեմենտի փոշու մեջ: Այդ փոշու ծածկույթը տեսնելով՝ զարմանալ կարելի է, թե ինչպես են մարդիկ այդտեղ ապրում: ՈՒ ապրում են անտրտունջ, որովհետև բողոքելն իմաստ չունի: Ոչ ոք չի արձագանքի բողոքին: Փաստորեն, այդ գործարանը շահագործում են, եկամուտներ ստանում՝ ուղիղ իմաստով մարդկանց առողջության, մարդկանց կյանքի հաշվին: Եվ դա համատարած երևույթ է Հայաստանում, միայն Վեդիում չէ, թեև Վեդիում վիճակը ծայրահեղ է: Իմ ցանկությունն է, որ մեր ժողովուրդը գոնե իր կարողացածի չափով հոգա էկոլոգիական վիճակի մասին: Մենք սիրում ենք մեր բնակարաններում մաքրամաքուր վիճակ ստեղծել, բայց միջանցքներն ու բակերը թաղված են աղբի մեջ: Դա էլ հայկական հիվանդություն է. միջանցքն իրենը չէ, դուրսն իրենը չէ: Ինչո՞ւ: Մենք չունենք գլոբալ մտածելակերպ, չենք գիտակցում, որ Հայաստանը (չեմ ասում՝ երկրագունդը) մերն է, որ Հայաստան կոչված այս հողը մերն է: Մենք միայն մեր փոքրիկ անկյան տերն ենք: Սա հայի հոգեբանությունն է, որը պիտի փոխվի: Երբ փոխվի, մենք ամեն ինչի կհասնենք:
-Ձեր քանդակները որոշ ժամանակ Երևանում ցուցադրվելուց հետո «մեկնում են» արտասահման: Մտադիր չե՞ք դրանցից որևէ մեկը մշտապես թողնել Երևանում, օրինակ՝ հենց վերջերս ստեղծված «Սարդ» քանդակը:
-Որպեսզի իմ գործը մշտապես մնա Երևանում, որի համար ես շատ ուրախ կլինեմ, Երևանի իշխանությունները պետք է գնեն այն ինձնից և մշտական ցուցադրության տեղ հատկացնեն: Ես դրանք վաճառում եմ արտասահմանցիներին՝ անհրաժեշտությունից դրդված. այդպես եմ հոգում ընտանիքիս սոցիալական կարիքները: «Սարդը» նույնպես, ինչպես և նախորդ աշխատանքներս, կմնա «Մոսկվա» կինոթատրոնի առջև այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել համապատասխան գնորդ: Ցավոք, այդ գնորդները միշտ արտասահմանցիներ են լինում:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2529

Մեկնաբանություններ