ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Գորշ գայլեր»

«Գորշ գայլեր»
29.05.2009 | 00:00

ՃԱՆԱՉԻՐ ԹՇՆԱՄՈՒԴ
(սկիզբը` թիվ 39-ում)
1980 թվի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման կազմակերպիչները շատերին ձերբակալեցին, բայց Թյուրքեշը, օգտագործելով ռազմական ղեկավարության մեջ ունեցած իր հին կապերը, նախօրոք իմացավ պատրաստված հեղաշրջման մասին, թաքնվեց ու, խուսափելով ձերբակալումից, այդ ժամանակահատվածում կարողացավ վերափոխել MHP-ի կառուցվածքը։ Վերափոխելու համար վերադասավորեց կուսակցությունը, որից հետո ինքնակամ հանձնվեց ռազմական իշխանություններին: Ռազմական իշխանությունը «ուշադրություն ցուցաբերեց» 650 հազար մարդու նկատմամբ, այսինքն, յուրաքանչյուր տասներորդի։ MHP-ի ու Ulku Ocaklary-ի «գործով» անցնում էր 587 մարդ: 1981-ին դատախազը 200 «Գորշ գայլերի» ու Թյուրքեշի համար մահապատիժ պահանջեց: «Քեմալիզմը» հռչակվեց Թուրքիայի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսություն:
MHP-ի նախկին փոխնախագահ Ռըզա Մյուֆթուօղլուն 2000-ին հրատարակած «Մահակների զինվորները» (Coplarin Askerleri) գրքում նշում է, որ 1980-ի ռազմական հեղաշրջումից առաջ բանակում մի քանի խմբավորում կար, որոնցից մեկը գտնվում էր Ա. Թյուրքեշի ազդեցության ներքո: Թյուրքեշը այդ խմբավորման միջոցով, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Սուաթ Իբրահիմը, ռազմական հեղաշրջում էր նախապատրաստում` երկրում ֆաշիստական դիկտատուրա հաստատելու նպատակով: Եթե ավելացնենք նաև այն հանգամանքը, որ «Գորշ գայլեր»-ը 1970-ականների վերջին կարող էին մոբիլիզացնել մոտ 200 000 զինված համակիրների, կարելի է եզրակացնել, որ իրավիճակի նմանօրինակ զարգացման պարագայում Թյուրքեշն իրական հնարավորություն կունենար իշխանությունը զավթելու համար: Սակայն զինվորական հերթական միջամտությունը Թուրքիայի քաղաքական անցուդարձին խափանեց Թյուրքեշի ծրագրերը:
1980-ի սեպտեմբերի 12-ին թուրքական բանակի ղեկավարությունը` Գլխավոր սպայակույտի պետ, գեներալ Ք. Էվրենի գլխավորությամբ, երկրում ռազմական հեղաշրջում իրականացրեց: Թեև 1980-ին Էվրենի ռազմական հեղաշրջումը մեծ հարված հասցրեց «Գորշ գայլեր»-ի շարժմանը, այնուամենայնիվ, այն վերջնական և մահացու չէր: Հեղաշրջման հեղինակներն ամենևին էլ չէին ցանկանում ամբողջովին ջախջախել «Գորշ գայլեր»-ի շարժումը (ինչը տեղի ունեցավ ձախակողմյան շարժման հետ), և երբ «Գորշ գայլեր»-ը դադարեցին վտանգ ներկայացնել ռազմական իշխանության համար, սկսեցին օգտագործել նրանց PKK-ի և ԱՍԱԼԱ-ի դեմ «սև աշխատանքի» մեջ:
1983-85 թվականներին MHP-ն ներկայացնում էր պահպանողական կուսակցությունը, որը հիմնվել է 1983-ի հուլիսի 7-ին, Մեհմեթ Փամաքի ղեկավարությամբ: Մ. Փամաքը զբաղեցրել է ՊԿ-ի ղեկավարի պաշտոնը ընդամենը 3 շաբաթ: Եղել է ուժեղ ու ազդեցիկ քաղաքական գործիչ: Հետագայում Փամաքն անցավ իսլամիստական-ֆունդամենտալիստների ճամբար: Եղել է Թուրքիայի իրավապաշտպան-մուսուլմանական «Mazlumder» կազմակերպության հիմնադիրն ու առաջին նախագահը): Նա 32 տարեկան էր, ավարտել էր Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, որը Քեմալական Թուրքիայի համար պետական պաշտոնյաների կադրեր պատրաստելու հիմնական դարբնոցն էր: Իրականում, սակայն, Փամաքը «Ulkucu» էր` «Գաղափարապաշտ», սակայն այդ մասին խոստովանում էր միայն յուրայինների մոտ: Այդ փաստի մասին չգիտեին շատերը, քանի որ նա «գաղտնի» անդամ էր, որոնց մասին չգիտեին ոստիկանությունում, և որի շնորհիվ կարողացել էր լավ կարիերա անել: Նա հանդիպեց ձերբակալված Թյուրքեշին և հրահանգներ ստացավ: Նա պետք է Թյուրքեշի առաջարկով «վերստեղծեր» «MHP»-ն: Բայց Փամաքը կուսակցությունը կարճ ղեկավարեց, որն իրականում նույն «Գորշ գայլերի» կուսակցությունն էր: 1984-ի դեկտեմբերին ՊԿ նախագահ ընտրվեց իրավաբան Ալի Քոչը։ Նա 35 տարեկան էր և հայտնի էր որպես Թյուրքեշին նվիրված «Գորշ գայլ»: Ա. Քոչը ծնվել է 1950-ին, Կոնիայի վիլայեթի Բոզքըր իլչեում: Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Կոնիա քաղաքում: Ավարտել է Անկարայի համալսարանի իրավունքի ֆակուլտետը և նշանակվել Թուրքիայի վարչական միավորի (ilce, kaza) ղեկավար (kaymakam): Ֆաշիստական տրամադրություններ ունեցող երիտասարդության շրջանում հայտնի էր «Bozkurt Ali» (Գորշ գայլ Ալի) անունով: 1984-ի դեկտեմբերի 2-ից պահպանողական կուսակցությունը (Muhafazakar Partisi) գործեց միայն 2 տարի ու խթանեց MHP-ի վերածնունդը:
Բաշբուղ Թյուրքեշը մահացավ 1997 թվի ապրիլի 7-ին, ժամը 22 անց 45 րոպեին: Ցավակցություններ հղվեցին ողջ թուրքական աշխարհից: «Turkiye» թերթում հայտնվեցին ամբողջական էջերով ցավակցական ծանուցումներ` Եվրոպայի թուրք կազմակերպությունների կողմից: TRT int. թուրքական պետական հեռուստակայանն ուղիղ եթերով հեռարձակեց հուղարկավորության արարողությունը: Թանսու Չիլերը «Արդար ուղի» (Adalet Yolu) կուսակցության կողմից հրապարակավ ցավակցություն հայտնեց: Նույնն արեց «Մայր հայրենիք» (ANAV) կուսակցության կողմից Մեսութ Յըլմազը: Սա արդեն ակնհայտորեն պետական մակարդակի հուղարկավորություն էր: Իսկ ո՞վ պետք է գրավեր Բաշբուղի տեղը:
1997 թվի մայիսի 18-ին Անկարայում տեղի է ունենում MHP-ի համագումարը: Թեկնածուներն էին Թյուրքեշի տղա Թուղրուլ Թյուրքեշը, Դևլեթ Բահչելին, Էնիս Օքսուզը, Ռամիզ Օնգյունը, Մուհարրեմ Շեմսեքը և Իբրահիմ Չիֆթչին: Վերջին երեքը հանեցին իրենց թեկնածությունը` հօգուտ Բահչելիի: Թուղրուլի հետևորդները չկարողացան զսպել իրենց, և սկսվեց ծեծ ու ջարդ, կրակոցներ օդում: Իրավիճակը հանդարտեցնելու համար Անկարա շտապեց Գերմանիայի թուրքական ֆեդերացիայի նոր նախագահ Մեհմեթ Էրդողանը: Հուլիսի 6-ին, երբ նոր համագումար հրավիրվեց, մասնակիցներն իրենց հանգիստ պահեցին: Նույնիսկ Թուղրուլ Թյուրքեշը շնորհավորեց Բահչելիին:
Կուսակցության նոր նախագահ Բահչելին ծնվել է 1948 թվին, Օսմանիա նահանգում և պատանի հասակից հարել է ՈՒլքյուջու գաղափարներին: Հավանականություն կա, որ Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազն էլ համշենահայ է եղել: Ասեկոսեներ կային, որ MHP նախագահ Դևլեթ Բահչելին էլ հայ է, բայց նման ասեկոսեների առաջն առնելու համար Բահչելին պատվիրել էր գրել իր տոհմի պատմությունը, և արդյունքում ապացուցել էր իր թուրքմեն լինելը:
1967 թվին Բահչելին է հիմնադրել MHP-ի երիտասարդական բաժինը՝ «ՈՒլքյու Օջաքլար»-ը, որ նշանակում է իդեալիստական օջախներ: Ավելի ուշ Ղազի համալսարանում սկսել է դասավանդել հասարակական գիտություններ: Իսկ 1987 թվին թողել է համալսարանի պաշտոնը՝ իրեն լիովին նվիրելով կուսակցական գործին:
Թուղրուլ Թյուրքեշը համագումարին հաջորդած մամուլի ասուլիսում ասել էր. «Քաղաքականությունը մի երկար ճանապարհ է, չպետք է շուտ մի կողմ քաշվել»: Նա սպասեց մինչև հաջորդ ընտրությունները, որ տեղի ունեցան հաջորդ համագումարում՝ հոկտեմբերին, և իրեն կրկին թեկնածու հայտարարեց:
Ըստ ՀՅԴ «Դրոշակ» ամսաթերթի՝ «Գորշ գայլեր» խմբակցությունն անցյալում մաս է կազմել ՆԱՏՕ-ի «Գլադիո» ցանցին: «Գորշ գայլեր»-ի կազմավորմանը և հզորացմանը նպաստեցին արևմտյան երկրների գաղտնի ծառայությունները: Տեղեկություններ կան, որ 1960-ականներին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ստեղծվեցին «կոնտրգերիլաների» (Counter Guerriila-հակապարտիզանական) գաղտնի կազմակերպություններ, որոնց գլխավոր նպատակն էր հակապարտիզանական պայքար մղել ձախակողմյան շարժումների դեմ և ամեն գնով խոչընդոտել դրանց զարգացմանը: Թուրքիայում «կոնտրգերիլաների» գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծվեց Հատուկ պատերազմի բաժինը (այսուհետ` ՀՊԲ Ozel Harp Dairesi), որը գաղտնի կառույց էր և գործում էր սկզբում ՄԻԹ-ի (Milli Istibaharat Teskilati-Ազգային հետախուզական կազմակերպություն), իսկ հետագայում` Գլխավոր շտաբի ենթակայության տակ: Ընդհանուր թշնամու գործոնը, ի դեմս ձախակողմյան շարժումների, անխուսափելի էր դարձնում «Գորշ գայլեր»-ի և ՀՊԲ-ի համագործակցությունը:
Ըստ ռուսալեզու վեբ-կայքերից մեկի՝ «Գորշ գայլ» էր նաև Աբդուլլահ Չեթինը, որը «Milliyet» թերթին 1997 թվի ապրիլի 11-14-ին տված խոստովանության մեջ նշել է, թե ինքը եղել է այն խմբակցության մեջ, որը մահափորձեր էր կատարել Էդուարդ Շևարդնաձեի ու Հեյդար Ալիևի դեմ:
«Գորշ գայլերն» էին կազմակերպել նաև 1981 թվի մայիսին Հռոմի պապ Պողոս Երկրորդի դեմ մահափորձը, որն իրականացնող Մեհմեթ Ալի Աքչան ծանր վիրավորել էր Պողոս Երկրորդին, ապա ձերբակալվել, բանտարկվել, ներում հայցել Հռոմի պապից, ով տեսակցել էր նրան: Չնայած դրան՝ 1997 թվի հունիսի 9-ին «Գորշ գայլեր»-ի երկու համակիրներ գրավել էին մալթայական պետական ավիաուղիներին պատկանող «Բոինգ 737» ինքնաթիռը` 80 ուղևորներով ու պահանջել էին ազատել Աքչային:
(շարունակելի)
Աշոտ ԱՎԱԳՅԱՆ
Արևելագետ

Դիտվել է՝ 3325

Մեկնաբանություններ