Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«ՈՒզում ենք պատշաճորեն մասնակցել մրցույթի բոլոր փուլերին և, իհարկե, հաղթել»

«ՈՒզում ենք պատշաճորեն մասնակցել մրցույթի բոլոր փուլերին և, իհարկե, հաղթել»
19.09.2008 | 00:00

«ՄԵՆՔ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂ ԵՆՔ»
«Հայկական շուկան հասունացել է հեռահաղորդակցային երրորդ օպերատոր ունենալու համար. սա է ապացուցում մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունների թվաքանակը»,- վերջերս կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր ՀՀ կապի և տրանսպորտի նախարար ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, միաժամանակ հավելելով, որ այս պահի դրությամբ հայտ ներկայացրած 17 ընկերություններից (ի դեպ, 17-ը նախնական թիվ է. իրականում մրցույթին 9 ընկերություն է մասնակցել – հեղ.) հաջորդ փուլ են անցել «Ֆրանս Տելեկոմը» (հայտնի «Orange» բրենդ), «CEO Blackrock Communications»-ը (բրիտանա-իռլանդական կոնսորցիում) և «M$A Tele2 AB»-ն (Շվեդիա): Հավանաբար մրցույթի որոշակի կանոններից ելնելով` նախարարն առայժմ մանրամասն խոսեց ընկերություններին առաջադրվող հիմնական պահանջների ու արդեն նրանց առաջարկների մասին: Սակայն ընդհանուր առմամբ տեղեկացրեց, որ հաղթողը պարտավոր է լիցենզիա ստանալուն հաջորդող 2 տարիների ընթացքում առնվազն 200 մլն եվրո ներդրում անել և էականորեն բարելավել մատուցվող ծառայությունների որակը:
Այս հանգամանքը, ի դեպ, կարծես թե «խուճապի մեջ չգցեց» թե՛ «բիլայնավորված» ԱրմենՏելին, թե՛ VivaCell-ին. առաջին օպերատորը կարծես թե հույսը, այնուամենայնիվ, շուկայում իրենց դոմինանտ լինելու վրա է դրել, իսկ ահա VivaCell-ի Յիրիկյանը հիշել է Հայաստան ոտք դնելու պահն ու հետագա գործունեության տարիները, որոնք բնավ հեշտ չեն եղել և, դատելով իրենց առկա հաջողություններից, եզրակացրել է, թե առաջիկայում էլ իրենց «սուրը փառքով կդնեն պատյան»: Եվ դա չնայած նրան, որ երրորդ օպերատորին, որքան էլ զարմանալի թվա, իրավունք է տրվելու, բջջային ծառայություններից բացի, միաժամանակ ինտերնետ ծառայություններ մատուցել, իսկ հետագայում, երբ տեխնոլոգիաները զարգանան, օգտվել նաև ֆիքսված կապի ընձեռած հնարավորություններից:
Հիմա եթե հաշվի առնենք այն ընդունված տեսակետը, որ «Orange»-ը կամ Ֆրանս Տելեկոմը, ի տարբերություն վերը նշված 2 ընկերությունների, ամենալավն է պատկերացնում հեռահաղորդակցություն-բարձր տեխնոլոգիաներ (ինտերնետ)-հեռուստատեսություն կապը, և այդ իմաստով աշխարհում է առաջատար համարվում, կարծես թե հենց նա էլ հաղթող կհանդիսանա: Բայց ո՞վ գիտե` մեզանում ամեն բան էլ կարող է պատահել: Համենայն դեպս, չի բացառվում, որ ինչպես մնացած բոլոր մրցույթների դեպքում, այս մեկն էլ «ցուցադրական շոու» լինի և ավարտվի ՀՀ նախկին վարչապետ, մեր իրականության ստվերային կարդինալ, «CEO Blackrock Communications»-ի հետևում կանգնած Արմեն Սարգսյանի հաղթանակով… Ամեն դեպքում, հենց «հայկական իրողությունների ճանաչման մակարդակից» ենք մեր զրույցը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում սկսում ԺԱՆ ՄԻՇԵԼ ՄԵՐՐԵԻ հետ, ով ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում համակարգում է «Orange»-ի միջազգային բիզնես-զարգացումը: Զրույցին, ի դեպ, ներկա էր նաև Բերտրանդ Դերոշայնը, ով զբաղվում է ընկերության բրենդով և, որքան հասկացանք, հանրային կապերի հարցերով…
-Պարոն Մերրե, որքանո՞վ եք Դուք տեղեկացված հայկական իրողությունների, հեռահաղորդակցության մեր շուկայի, մնացած 2 օպերատորների հաջողությունների ու ձախողումների, այսինքն` առկա գործընթացների մասին, և այս համատեքստում` ինչո՞ւ է մեր շուկան շարունակում հետաքրքրել Ձեզ:
-Չեմ կարող հենց հիմա ասել, թե Հայաստանը շատ լավ եմ ճանաչում, բայց արդեն քանիցս այստեղ եմ և ամեն անգամ երկիրը մի փոքր ավելի լավ եմ ճանաչում կարծես թե: Ինչո՞ւ Հայաստանը` բացատրեմ. որքան հասկանում եմ, դուք բավական զարգացում ունեք, և բոլորս հուսով ենք, որ դա կշարունակվի: Նաև` շատ լավ կրթված կադրեր ունեք, լավ հասարակություն` շատ բաց դեպի աշխարհը, որն իր հերթին շատ լավ է ընդունում նորամուծությունն ու առաջընթացը, և հույս ունեմ` այս ոլորտում էլ լավ կընդունի…
-Իմ հարցն ավելի կոնկրետ էր. գիտե՞ք, արդյոք, որ շուկան մեզանում շատ փոքր է, որ այստեղ արդեն իսկ 2 օպերատոր կա, որոնք ժամանակի առումով և մրցակցության իմաստով միգուցե արդեն իսկ շահեկան դիրքերում լինեն 3-րդ օպերատորի նկատմամբ: Ի վերջո, «Orange»-ն այստեղ է գալիս բիզնես անելու, ոչ թե Հայաստանը սիրել-չսիրելու կամ բարեգործություն անելու համար…
-Մենք շատ լավ գիտենք շուկայի չափը, գիտենք նաև գործող օպերատորների մասին, բայց դա մեզ չի մտահոգում: Ձեզ տրված քարտեզում դուք կարող եք տեսնել, որ «Orange»-ը ներկա է, օրինակ, Մոլդովայում, որը նույնպես փոքր երկիր է, բայց, ճիշտ Հայաստանի նման, շարունակում է մեզ համար հետաքրքիր լինել: Այլ կերպ ասեմ. համարել, որ 2 օպերատորների ներկայությամբ Հայաստանում հեռահաղորդակցության զարգացումը կամ դրան վերաբերող հարցերն ավարտվել են, սխալ կլինի: Բազմաթիվ նոր ծառայություններ կան, որ ամեն օր, ամեն ժամ փոփոխվում են աշխարհում, և չեմ կարծում, թե ձեզանում չկա դրա պահանջարկը:
-Շատ լավ է. մենք արդեն «գործնական գետնի վրա եկանք», ինչպես ասում են: Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞րն է ձեր առավելությունը, ինչո՞ւ պիտի մրցութային հանձնաժողովը հատկապես ձեզ ընտրի իբրև 3-րդ օպերատոր: Այլ կերպ ասած` ի՞նչ կարող եք մեզ առաջարկել, որ մյուսները չեն առաջարկել, ի՞նչ տեխնիկական-տեխնոլոգիական նորամուծություններ:
-Կարծում եմ, ավելի շատ կարող են խոսել փաստերը, քան մարդիկ, և մենք Ձեզ հիմա նյութեր կտանք, որոնց մեջ եղած տեղեկատվությունը կօգնի կողմնորոշվել մեր ով լինելու մեջ: Այդ փաստերը, ի դեպ, մանավանդ Արևմտյան Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում ունեցած մեր փորձառության արդյունքներով, ցույց են տալիս, որ «Orange»-ը ողջ աշխարհում «ամենածախսող» ընկերություններից է, և որ ծախսերի մեծ մասն արվում է ուսումնասիրությունների վրա: Մոտ 4000 այդպիսի հմուտ մասնագետներ կամ փորձագետներ ունենք ողջ աշխարհում, որոնք ոչ միայն տվյալ երկրի շուկան ու առկա պահանջարկն են ուսումնասիրում, այլև դրանց հիման վրա մեզ կողմնորոշում են նոր տեխնոլոգիաների և անհրաժեշտ նորամուծությունների հարցում: Այդ պատճառով է, որ «Orange»-ը հնարավոր ամենալավ ցանցերը, նոր տեխնոլոգիաները, դրանց արդյունքում մատուցվող նոր ծառայություններն ու ոլորտի, նաև տնտեսության ընդհանուր զարգացումը ոչ միայն առաջնակարգ մի բան է դիտում իր համար, այլև առաջնորդվում է դրանց հնարավորինս պարզ, ամենքին հասանելի լինելու սկզբունքով: Մենք հենց ասվածի հիման վրա ենք սկսելու աշխատել Հայաստանում, կներեք, որ այդպիսի բան եմ ասում (երբեմն դա ընդունված է բիզնեսի աշխարհում…), բայց «խտրականություն չենք դնելու» և ձեզ առաջարկելու ենք այն ամենը, ինչը Արևմտյան Եվրոպային ենք առաջարկում, և, օրինակ, շարժական կապով արագ և հնարավորինս էժան մուտքը ինտերնետ կամ ձեռնարկությունների դեպքում իրենց պորտալների գործածումն «ամենաթեթև բաները» կլինեն մեզ համար: Եթե, իհարկե, հաղթենք…
-Հարցի «գործնական կողմին» մենք, իհարկե, դեռ կվերադառնանք, բայց ինձ հիմա մեկ այլ խնդիր է հետաքրքրում, ինչի մասին խոսելու առիթ, անկեղծ ասած` կերազեի, չլիներ…Դուք տեղյա՞կ եք, որ մեզանում շատ հաճախ հարցերը միայն կառավարական կաբինետներում են լուծվում, և որ հաճախ իշխանությունն ու բիզնեսն ուղղակի սերտաճած են միմյանց: Այս իմաստով` Ձեզ փակ դռների հետևում տրվե՞լ են խոստումներ, Դուք ինչ-որ բան խոստացե՞լ եք, թե՞ ոչ («սև փողեր» և այլն), և ընդհանրապես` այս իմաստով ինչպիսի՞ն է Ձեր «իմացականության և հրահանգավորված լինելու աստիճանը»…
-Չեմ կարող որևէ մեկնաբանություն անել ձեր ասածների շուրջ և պիտի անկեղծորեն ասեմ, որ ներսից չեմ ճանաչում, թե ինչ է կատարվում երկրում: Միայն գիտեմ, որ մենք որևէ մեկին ոչինչ չենք խոստացել` «ոչ սպիտակ, ոչ սև փող», նաև գիտեմ, թե «Orange»-ն ինչպես է աշխատում բոլոր այն երկրներում, ուր ներկա է: Կարիբյան կղզիներից մինչև Եվրոպա ամենուր նույն ձևով ենք աշխատում` անհրաժեշտ գիտելիքներով, վարպետությամբ ու տեխնիկայով, և միշտ մեր օժանդակությունն ենք բերում երկրի զարգացման գործում, ինչը մշտապես գնահատվում է բոլոր կառավարությունների կողմից: Ես չեմ խուսափում հարցից և վստահեցնում եմ, որ ամեն բան իսկապես այնպես է, ինչպես որ հենց նոր ասացի…
-Մեզանում հաճախ է պատահում այնպես, որ որևէ ընկերության մասին ամենալավ տեղեկատվությունն ունենալով հանդերձ, միևնույն է, մրցույթների ընթացքում, այս կամ այն պատճառներից ելնելով, ընտրվում են կառավարության համար ցանկալի անձինք և ընկերություններ: Տեղյա՞կ եք, որ ձեր մրցակից «CEO Blackrock Communications»-ի հետևում մեր նախկին վարչապետն է կանգնած, և ասում են` քաղաքական վերնախավը հենց նրան է կամենում հաղթող տեսնել: Պրովոկացիոն-վատ հարց եմ տալիս գուցե, բայց դա է հիմա…
-Ի միջի այլոց, ես համոզված եմ, որ վատ հարցեր չկան, կան վատ պատասխաններ: Սա, ի դեպ, մեզ համար սկզբունք է` ԶԼՄ-ների հետ աշխատելիս…Գալով հարցին` միակ բանը, որ կարող եմ ասել, սա է. հնարավորինս ներկայացնել «Ֆրանս Տելեկոմը», հնարավորինս շփվել նաև հասարակության հետ, ճանաչել երկիրը, նրա պահանջները, ցանկությունները, որովհետև դա շատ ենք կարևորում, ուզում ենք պատշաճորեն մասնակցել մրցույթի բոլոր փուլերին և, իհարկե, հաղթել: Մի բան, որ, կարծեմ, մյուս 2 մասնակիցներն էլ են ուզում, և վստահ եմ` անում են: Մենք ամեն բան կանենք, որպեսզի լավագույնս ապացուցվի, երևա, որ արդյունաբերական ներդրող ենք, առաջընթաց ապահովող ներդրող ենք, կարող ուժ ենք և գալով որևէ երկիր` այդտեղ մնացող ընկերություն ենք: Ինչ կլինի հետո` չգիտեմ, որովհետև հիմա՝ այս 40 օրերին, ինքներս էլ հետազոտում-նայում-ճանաչում-իմանում ենք…
-Ի դեպ, զուտ հեռահաղորդակցության շուկայի ուսումնասիրությունից բացի, ենթադրում եմ, որ ընդհանուր տնտեսական իրավիճակին, բնակչության եկամուտներին ու գնողունակությանն էլ եք որոշ չափով ուշադիր եղել: ՈՒրեմն, «Orange»-ի համար, որ ասում եք` արդյունաբերական ու առաջընթաց ապահովող մեկն է, ի՞նչ ասել է ներդրումների վերադարձելիություն հայաստանյան պայմաններում, այն էլ` մնացած 2 օպերատորների առկայությամբ: Որևէ հաշվարկ կա՞ այդ իմաստով…
-Մենք այսօր հենց այդ ամենի դետալային ուսումնասիրման և գնահատման էտապում ենք գտնվում…
-ՈՒզում եք ասել՝ հնարավոր է, որ 40-օրյա ճանաչողության, դետալային հաշվարկի արդյունքում դուք ինքնե՞րդ հրաժարվեք մրցույթի հետագա փուլերին մասնակցելուց…
-Ոչ մի բան չի բացառվում: Այո, հնարավոր է, ինչո՞ւ ոչ: Բայց այնքանով, ինչքանով հնարավոր է այս պահին ընդհանրացում անել` դեռ պայքարում ենք, որ մենք լինենք հաղթող, և դրականորեն ենք տրամադրված… Իսկ այն փաստը, որ կա 2 այլ օպերատոր, կրկնում եմ, մեզ սկզբունքորեն չի մտահոգում: Ասացի արդեն, որ հստակ ներդրող ենք, 170 միլիոն հաճախորդ ունենք աշխարհում և ուզածդ ինտերնետ ծառայությունների հետ կապված` լիդեր ենք…
-Եթե իսկապես այդպես է, ես անկեղծորեն եմ ձեզ հաջողություն մաղթում, որովհետև մեր հիմնական օպերատորի կողմից հատկապես Ձեր նշած ոլորտում առաջացրած պրոբլեմներից մինչև կոկորդներս կուշտ ենք… Բայց վերջին հարցս ձևակերպեմ. ժամանակին և գործի բերումով միջինասիական երկրներից մեկում հեռահաղորդակցային մի կոնֆերանսի մասնակցեցի, որում նաև «Orange»-ն էր ներկայացված, և հիշում եմ, որ շատ տպավորված էի ձեր մի հիմնադրամով (անունը հիմա չեմ կարող հիշել), որն ահռելի գումարներ էր ծախսում և լրջորեն ջանում տվյալ երկրի կրթական, առողջապահական, մշակութային և սոցիալական խնդիրներին աջակցելու համար: Գիտեմ, որ անգամ հունական OTE-ն դրանից «հուզվեց» և նույնիսկ մի փոքրիկ ֆոնդ ստեղծեց` գոնե «ԱրմենՏելի»` իր աշխատակիցների հոգսերը որոշակիորեն հոգալու համար, և որը հիմա վերջնականապես փլվեց: Հույս ունեմ, որ Հայաստան գալու դեպքում ևս ձեր հիմնադրամը ակտիվորեն կներգրավվի հանրային գործընթացներում...
-Գիտե՞ք, դա մեզ համար ամենակարևոր հարցերից մեկն է, և ես հիմա չէի ուզենա դրա վրա շատ կենտրոնանալ, որովհետև իսկապես շատ բան ենք անում, անում ենք անկեղծորեն և առանց գովազդի: Աուտիզմի դեմ պայքարից մինչև ռազմագերիների փրկագնի հարցեր, մինչև աֆրիկյան անուս աղջիկների համար կրթության կազմակերպում, աշխատակցի բնակարանային հարցը թեթևացնելուց մինչև մանկատուն և մշակութային իրադարձության աջակցություն։ Շատ բաներ ենք անում, այսինքն, և այնպիսի բաներ, որ պատմենք, կզարմանաք, որովհետև դրանք Հայաստանում, ասենք, ակտուալ չեն, բայց Աֆրիկայում, օրինակ, շատ ակտուալ են: Այնպես որ, այո, հիմնադրամի մասնաճյուղերը ցրված են ողջ աշխարհով մեկ, և պայման է, որ Հայաստանում էլ ակտիվորեն ներգրավվենք հանրային գործընթացներում, ինչպես դուք եք ասում: Այսինքն` պայման մեր կողմից և մեր առջև դրված: Այլ բան չհասկանաք…
-Չէ, ես շատ ճիշտ էլ հասկացա Ձեզ, պարոն Մերրե: Հետևաբար, նորից եմ կամենում ձեզ հաջողություն մաղթել և շնորհակալ եմ այս բացառիկ հարցազրույցի համար:
-Մենք ենք շնորհակալ ձեզ և չենք կարծում, թե երախտապարտության արժանի մի բան ենք արել: Հույս ունենք, որ գուցե նաև մեր կողմից տրամադրված նյութերն էլ գործածեք Ձեր գրելիք նյութի մեջ, որովհետև, ինչպես Դուք ասացիք, դա կնշանակեր չսահմանափակվել միայն մրցութային հանձնաժողովի «սենյակի պատերով» կամ, ինչպես մենք ենք ասում, հարգել այն հասարակությանը, որի ներսում պատրաստվում ես գործունեություն ծավալել…
Զրույցը վարեց Գոհար ՍԻՄՈՆՅԱՆԸ

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ
«Ֆրանս Տելեկոմը» աշխարհում հայտնի և առաջատար օպերատորներից է, որը երկրագնդի 5 մայր ցամաքներում ծառայություններ է մատուցում 170 միլիոնից ավելի հաճախորդների (դրանցից 120 միլիոնին`«Orange»-բրենդով): Միայն 110 միլիոնն օգտվում է շարժական լայնաշերտ կապից, որոնցից մոտ 13 միլիոնը` նաև Orange World շարժական պորտալից: Լայնաշերտ ծառայությունների (ADSL) իմաստով, ի դեպ, «Ֆրանս Տելեկոմը» առաջատար է հենց բուն Եվրոպայում, որովհետև նրա այս ծառայություններից օգտվում է մոտ 12 մլն եվրոպացի: Ինչ վերաբերում է աշխարհում սփռվածությանը, ապա նա միակն է, որ «Orange Business Service» խմբի հետ միասին ծառայություն է մատուցում ավելի քան 3 750 բազմազգ ընկերությունների: Ողջ աշխարհում ունի մոտ 187 000 աշխատակից, տարեկան հասույթն է 52,9 միլիարդ եվրո, որի 47%-ը` Ֆրանսիայից դուրս, իսկ 2007-ին ունեցել է 4,6 մլն եվրոյի զուտ շահույթ: Սպասարկման կենտրոններ ունի 166 երկրում, ցանցում ընդգրկում է մոտ 220 երկիր, իսկ կապիտալի 27%-ը բաժին է ընկնում Ֆրանսիային: 2 տարի անընդմեջ ստացել է «Աշխարհի լավագույն օպերատոր» և «Լավագույն նորարար» մրցանակը, ինչպես նաև «Շարժական կապի լավագույն օպերատոր» և «Հեռահաղորդակցության համաշխարհային մրցանակ»` World communications Award մրցույթում:

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ