Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Այն գումարներով, որ ծախսում եմ հեռախոսազրույցների վրա, կարող էի մի քանի տեսահոլովակ նկարահանել»

«Այն գումարներով, որ ծախսում եմ հեռախոսազրույցների վրա, կարող էի մի քանի տեսահոլովակ նկարահանել»
26.09.2008 | 00:00

«ԵԹԵ ՈՒՆԵՍ ՀՄԱՅՔ, ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ՝ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ ԵՍ»
ԱՆԻ ՔՐԻՍՏԻՆ փորձում է ավարտին հասցնել իր երկրորդ ձայնասկավառակի հետ կապված աշխատանքները, նկարահանել մի քանի տեսահոլովակ և մեկնել ԱՄՆ, ուր կայանալու է նրա հարսանյաց հանդեսը։ Աշխատանքի առաջարկներ արդեն կան, ուստի չի պատրաստվում թողնել բեմը։ Խոստանում է նաև չմոռանալ հայ հանդիսատեսին։
-Ես այստեղից եմ սկսել և այստեղ եմ դարձել Անի Քրիստի, ինչն առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու իմ հանդիսատեսին,- ասում է երգչուհին։
-Ո՞ր երգով Ձեզ ճանաչեց և սիրեց հանդիսատեսը։
-«Կարոտ» երգն էր դա։ Այնքան սիրեցին, որ բոլորը «Կարոտ» էին երգում։
-Այսինքն՝ կարևո՞ր է, թե ինչ երգով ես ներկայանում։
-Իհարկե, բայց կարևոր է նաև, թե դրանից հետո ինչ ես երգում։ Դու կարող ես ունենալ ձեռքբերումներ, բայց դժվարը դրանք պահելն է։ Շնորհակալ եմ ընկերներիս, որ լավ երգեր են գրում, և հանդիսատեսին, որ ըմբռնում է իմ ոճային փոփոխությունները։ Ես միօրինակություն չեմ սիրում։ Պատկերացրեք, որ արտիստը մշտապես բեմ դուրս գա միևնույն զգեստով։ Եթե կարող ես տարբեր ոճերով ներկայանալ և քիչ թե շատ ճաշակով ես դա անում, ուրեմն՝ պետք է անես։
-Բայց պետք չէ՞ առանձնանալ ոճով։
-Պետք է առանձնանալ ձայնով։
-Հաճախ են ասում, որ բեմը պետք է սիրի արտիստին, միայն տաղանդը բավական չէ։ Ի՞նչ կասեք բեմական հմայքի մասին։
-Առաջին հերթին պետք է աշխատասեր լինել, հակառակ դեպքում տաղանդը կարող է քիչ-քիչ մարել։ Իսկ հմայքը, իհարկե, կարևոր է. եթե ունես հմայք, կարելի է ասել՝ արդեն հաղթել ես։
-Անի, որքան գիտեմ, ոչ ոք Ձեզ չի օգնել երգի ասպարեզ մուտք գործելու ճանապարհին։ Դժվար չէ՞ ինքնուրույն կատարել առաջին քայլերը։
-Հիմա էլ օգնող չունեմ։ Միշտ էլ դժվար է եղել։ Աշխատասիրության շնորհիվ է, որ հասել եմ Անի Քրիստի անվանը։ Բայց դեռ շատ անելիքներ ունեմ, այն, ինչ անում եմ, դեռ թերի է։ Ինչ վերաբերում է առաջին քայլերիս, մասնակցել եմ շատ մանկապատանեկան համերգների։ Հետո արդեն ասպարեզ եմ դուրս եկել պրոֆեսիոնալ մակարդակի երգիչների հետ։ «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել եմ «Տարվա լավագույն երգչուհի-կատարող» մրցանակին։ Այդպես է սկսվել իմ ճանապարհը։
-Մրցակցությանը ո՞նց եք վերաբերվում։
-Ցանկացած բնագավառում պետք է մրցակցություն լինի, որ լինի նաև որակ։ Բայց ես, ցավոք, ոչ մեկի հետ մրցակցելու ցանկություն չունեմ, այսինքն, չկա մեկը, որն ունենա մի բան, ինչը չունեմ ես։ Բարի նախանձը չեմ ընդունում, բայց եթե նախանձեի, ապա միայն աշխատասեր մարդկանց։ Քանզի եթե ավելի աշխատասեր լինեի, ինձ մոտ ամեն բան շատ ավելի լավ կստացվեր։
-Սովորաբար արտիստների մասին լսում ես բաներ, որոնք, ինչպես պարզվում է հետո, ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում բամբասանքներին։
-Կան մարդիկ, որ զբաղմունք չունեն և անպայման պետք է խոսեն հայտնի մարդկանց մասին։ Նույնն անում են իրենց երկրորդ հարկի հարևանի նկատմամբ։ Մի ժամանակ նույնիսկ լաց էի լինում նման բամբասանքներ լսելիս, հիմա ինձ համար միևնույն է։ Կարևորը՝ ինքս գիտեմ, թե ով եմ ես։
-Ի՞նչը կփոխեիք կյանքում։
-Օրինակ, չէի ուզենա, որ հանրաճանաչ երգիչները երգեն ակումբներում։ Ես ինքս չեմ երգում, բայց չեմ էլ մեղադրում իմ կոլեգաներին։ Կուզեի շատ լինեին կենդանի համերգները, բարձր լիներ աշխատավարձը։ Ես լսել եմ, որ հարկային դաշտի բարեփոխումները պետք է անդրադառնան նաև երգիչների վրա։ Դրա համար նախ պետք է լավ վարձատրեն, և պետք է վերահսկվի «ձախ գործարարությունը», ինչի պատճառով երգիչը չի կարողանում իր ներդրած գումարից շահույթ ստանալ։
-Ինչպիսի՞ն է Անի Քրիստին բեմից դուրս։
-Աշխույժ ավելի, քան բեմում, մարդամոտ, անկեղծ, բայց միևնույն ժամանակ` ինքնամփոփ։
-Հաճախ մեր արվեստագետները հայտնի են դառնում Եվրոպայում, նոր միայն ընդունում ենք, որ տաղանդ են ունեցել։
-Դա օտարամոլություն է։ Ես շատ համերգներ եմ ունեցել օտարերկրյա հանդիսատեսի համար։ Համագործակցել եմ հնդիկների հետ։ Նույն բեմում երգել եմ Նալի Ֆորտադոյի հետ։ Երբեք դրա մասին չեմ ասել։ Եթե դու որևէ մեկի անունով պետք է քեզ հռչակես, ուրեմն որպես անհատականություն կայացած չես։ «Նորից» երգս, որի երաժշտության հեղինակը բելգիացի է, ռեմիքս տարբերակով հնչում է Բելգիայի ակումբներում։ Այսինքն՝ Եվրոպայի երիտասարդությունը լսում է, բայց, ցավոք սրտի, չգիտե՝ ով է այդ երգչուհին, շատերն անգամ չգիտեն՝ ինչ երկիր է Հայաստանը, որտեղ է գտնվում։
-Բացի երգելուց` ուրիշ ի՞նչ եք սիրում։
-Սիրում եմ շփվել ընկերներիս հետ։ Մեծ գումարներ եմ ծախսում հեռախոսազրույցների վրա։ Այնքան, որ կարող էի այդ գումարներով մի քանի տեսահոլովակ նկարահանել։
-Դա լա՞վ է, թե՞ վատ։
-Վատ է, բայց փաստ է։
-Ի՞նչ երաժշտություն եք լսում։
-Շատ սիրում եմ լսել իմ լավ ընկերոջ՝ Վահրամ Պետրոսյանի գրած նոր երգերը, որոնք հետո դառնում են էստրադային հիթեր։ Առհասարակ, սիրում եմ լավ և որակյալ երաժշտություն լսել՝ բոլորից քաղելով լավը։
-Կարծում եմ, արդեն կարող եք ասել՝ ի՞նչն եք կարևորում ընտանիքում։
-Փոխըմբռնումը և վստահությունը։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ավանդույթին։
-Եթե ինչ-որ չափով չպահպանվեն ադաթները, կստեղծվի անկանոն և շատ վատ ընտանիք։
-Ի՞նչ կմաղթեք ընթերցողին։
-Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել «Իրավունքը de facto»-ի խմբագրությանը՝ ինձ չմոռանալու համար։ Ընթերցողին, առհասարակ, հայրենակիցներիս մաղթում եմ խաղաղություն ու ամենայն բարիք։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.
-Այն հարցին, թե ինչ հետաքրքիր դեպք կարող է պատմել, Անի Քրիստին չպատասխանեց՝ դժվարանալով մտաբերել։ Նրա փոխարեն պատմեց երգահան Վահրամ Պետրոսյանը, որը ներկա էր մեր զրույցին։
Վ. Պ. -Մի հավաքույթի ժամանակ խոսում էինք վատ նկարահանված տեսահոլովակների մասին։ Անին մեծ ոգևորությամբ սկսեց քննադատել «Ռուբիկոնով» ցուցադրված նոր տեսահոլովակը և հարցրեց, թե ով է այդ անճաշակության հեղինակը։ Հավաքվածներից մեկն ասաց, որ ինքն է ռեժիսորը։ Ես լրիվ կորցրել էի ինձ։ Իսկ Անին նույն ոգևորվածությամբ շարունակեց՝ լռիր, հնարավոր չէ, որ դա դու լինես նկարահանած, և գրեթե համոզեց ռեժիսորին, որ նա կապ չունի տեսահոլովակի հետ։

Դիտվել է՝ 2878

Մեկնաբանություններ