ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ՕՐԵՑՕՐ ԸՆԿՆՈՒՄ Է»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ՕՐԵՑՕՐ ԸՆԿՆՈՒՄ Է»
02.07.2010 | 00:00

Ինչպես այս օրերին մամուլի բոլոր ակումբներում, «Իրավունք de facto»-ում էլ երեկ ասուլիսի առանցքային թեման ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունն էր, բանախոսը` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։
«Այդ հայտարարությունը հետապնդում էր Ադրբեջանի շանտաժին վերջ տալու նպատակ»,- ասաց ընդդիմադիր գործիչը, հավելելով, թե Աքվիլայի հայտարարության սկզբունքները որոշակի խմբագրմամբ տեղափոխվել են այս փաստաթուղթ։ Ավելին, Շահնազարյանը համոզված է, որ այսուհետ դրանք եռանախագահները չեն խմբագրելու։ «Հայաստանի դիվանագիտության մակարդակն օրեցօր ընկնում է։ Անցել է բոլոր ընդունելի ու անընդունելի սահմանները։ Սա խայտառակություն է, իսկ ընդհանրապես ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված գործընթացն անընդունելի է դարձել»,- շեշտեց բանախոսն ու թվարկեց Ադրբեջանի քարոզչական «արգումենտները», որոնք պաշտոնական պատասխաններ չեն ստանում հայկական կողմից։ Ադրբեջանի «արգումենտներն» ընդդիմադիր գործիչն այսպես ներկայացրեց. «Այդ երկիրն իրավունք ունի ռազմական գործողություններով լուծելու հարցը` ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի. Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջներն ու դուրս չի գալիս օկուպացված տարածքներից. Ադրբեջանի տարածքները շարունակում են մնալ օկուպացիայի տակ. ազգերի ինքնորոշման իրավունքը հայերն արդեն օգտագործել են, իսկ հանրաքվեն պետք է լինի Ադրբեջանի սահմանադրության համաձայն»։
Այնուամենայնիվ, Շահնազարյանի հավաստմամբ` մոտ ապագայում ղարաբաղյան հիմնախնդրում որևէ տեղաշարժ դժվար թե լինի։ «Կա պատերազմի հավանականության աճ, որի մասին, ցավոք, եռանախագահող երկրների ղեկավարները չխոսեցին»,- փաստեց ակումբի հյուրը։ Ինչ վերաբերում է հայտարարության տեքստի անգլերեն և ռուսերեն տարբերակներին, ՀԱԿ-ի ներկայացուցիչն արձանագրեց, որ նախնական տարբերակը եղել է ռուսականը, հետո միայն կատարվել են փոփոխություններ։
Անդրադառնալով Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին` Դավիթ Շահնազարյանը կանխատեսեց, թե Հայաստանում Քլինթոնը կքննարկի ղարաբաղյան հիմնահարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, իսկ Ադրբեջանում` Աֆղանստանին, Իրանին, «Նաբուկոյին», Ղարաբաղին առնչվող հարցեր։ Բանախոսը նաև կոչով դիմեց Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական կազմակերպություններին` 907 բանաձևը նորից ուժի մեջ մտցնելու առաջարկով։ «Այդ բանաձևով Միացյալ Նահանգները չի կարող տնտեսական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ-ի նախագահը չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանը դադարեցրել է շրջափակումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որ Ադրբեջանում չեն խախտվում ազգային փոքրամասնությունների իրավունքները, որ Ադրբեջանը հրաժարվում է ուժային լուծումներից։ Հիմա Ադրբեջանն ամեն ինչ անում է այդ բանաձևերը վերացնելու համար»,- պարզաբանեց ընդդիմադիր գործիչը, իսկ «մադրիդյան սկզբունքներ» ասվածն էլ մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դրանք ընդամենը հակամարտության կարգավորման փիլիսոփայությունն են։ Կարգավորման մեխանիզմների մասին այստեղ ոչինչ չկա ու չի էլ կարող լինել»։
Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաև Հաագայի միջազգային դատարան ուղարկված «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» հայցին։ «Սա դիմում է` ստորագրված տասնյակ հազարավոր մարդկանց կողմից, և չափազանցություն չի լինի ասել, որ ամբողջ հայ ժողովրդի կողմից է ներկայացված։ Թող ոչ մեկը կասկած չունենա, որ ժամանակավորապես ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը կանգնելու է դատարանի առաջ ու պատասխան է տալու հայ ժողովրդի և մարդկության առաջ կատարած իր հանցագործությունների համար»,- եզրափակեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ