Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Ամեն ինչ կանենք, որ իշխանափոխության գործընթացը թավշյա տեսք ստանա»

«Ամեն ինչ կանենք, որ իշխանափոխության գործընթացը թավշյա տեսք ստանա»
05.09.2008 | 00:00

«ՄԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԵՐՆ ՈՒՆԵՆՔ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԱՏԱՄՆԵՐՈՎ ՊԱՀԵՆՔ»
Տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ «Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀՇ վարչության անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ։
-Մոսկվան պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Հայաստանն այս պարագայում ինչպե՞ս պետք է դրսևորի իրեն. հետևի՞ Մոսկվայի օրինակին, թե՞....
-Սկսեմ նրանից, թե ընդհանրապես ինչ տեղի ունեցավ։ Այն, ինչ կատարվեց Հարավային Օսիայում, քաղաքական ավանտյուրա էր, որի մեջ, դժբախտաբար, ներքաշվեցին Վրաստանի իշխանությունները։ Վրացական հարձակումը կարելի էր զսպել և ժամանակին կանգնեցնել։ Ի վերջո, վրաց-ռուսական լարվածությունը սկսվել է միայն մի քանի ամիս առաջ։ Սակայն ամեն ինչ կատարվեց հեշտությամբ, այսինքն՝ Արևմուտքի և ռուսների աչքի առջև վրացիներն արագ գրավեցին հարավօսական գյուղերը և Ցխինվալը։ Դե, ռուսական բանակն էլ, սովորականի նման, մեկ օր ուշացավ, ինչպես ժամանակին ուշացել էր Վարշավայում, Սումգայիթում, Բաքվում։ Երբ վրացիները, ինչպես ասում են, «կոնդիցիայի» բերվեցին, Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա։ Հայաստանն այս պայմաններում հայտնվեց շատ ծանր դրության մեջ, որի նախնական արդյունքները հիմա «ըմբոշխնում» ենք, բայց հետևանքները մոտ ժամանակներս է՛լ ավելի ծանր են լինելու։ Դաշնակից ունենք` աշխարհը չունի` իր որևէ քայլը մեզ հետ երբեք չի համաձայնեցնում։ Լարսի անցակետը փակեց, Հայաստանը տուժեց, բայց ի՜նչ հոյակապ ճառեր արտասանվեցին «Կովկաս» նավահանգիստ-Բաթում ուղեգծով տարիներ շարունակ գործարկվող լեգենդար լաստանավի մասին։ Այսօր էլ Հայաստանի արտաքին բեռնաշրջանառությունը կաթվածահար վիճակում է և գործում է փակվելու սպառնալիքի տակ։
Սեպտեմբերի 5-ին Հավաքական անվտանգության խորհրդի նիստն է, որտեղ առաջնահերթ քննարկվող հարցերն ակնհայտորեն լինելու են երկուսը՝ հավանություն տալ Վրաստանում Ռուսաստանի ռազմական ձեռնարկմանը և ճանաչել Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը։ Երկու դեպքում էլ Հայաստանը ծայրաստիճան բարդ իրադրության մեջ կհայտնվի։ Եթե Հայաստանն այդ հարցերում ընդունի Ռուսաստանի պահանջները, ապա Վրաստանը կարող է շրխկոցով փակել իր երկաթուղային դարպասները մեր երկրի առջև։ Այսպես լինում է, երբ երկրում իշխանությունը զավթում են հանցագործները, որոնք կարող են «վստահաբար» ասել, որ շրջափակված երկիրը կարող է 100 տարի այդ պայմաններում զարգանալ երկնիշ թվերով: 1998-ի իշխանափոխությունն առաջնահերթորեն հենց այս խնդրով էր պայմանավորված, իսկ Ղարաբաղի մասին խոսակցությունները հեքիաթներ էին։ Այդ ժամանակ խոսքն այն մասին էր, թե Հայաստանը ճանապարհներ ունենալո՞ւ է, այսինքն, շրջափակման հարցը պե՞տք է լուծել, թե՞ ոչ։ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտ հանդիսացող շրջափակման հարցի լուծումն է։ Տեր-Պետրոսյանը և նրա քաղաքական թիմը փորձում էին հասնել այն հարցերի քաղաքական լուծմանը, որոնք առաջնահերթ նպատակ ունեին լիցքաթափելու պատերազմի վերսկսման սպառնալիքը և բացելու մեր երկիրն արտաքին աշխարհի հետ կապող բոլոր ճանապարհները։ Իսկ Ղարաբաղի հարցի կարգավորման համար նախընտրելի էր համարվում փուլային տարբերակը, քանի որ այն նախ միակն էր եղած տարբերակներից, որի մեջ չէր արձանագրված, թե Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմում, և ապա իրագործման առումով ավելի պակաս հիվանդագին էր։ Ի՞նչ է, պետք է տասը տարի անցներ, որ Քոչարյանին ու Սարգսյանին ծառայողները վերջապես սկսեին հասկանալ, թե ինչի առջև է հայտնվել Հայաստանն իրենց քաղաքական տգիտության պատճառով։ Մի քանի օրվա ռուս-վրացական ռազմական գործողությունները ցույց տվեցին, թե մեր երկիրն ու ժողովուրդը որքան խոցելի վիճակում են հայտնվել։ Իսկ եթե ռազմական գործողությունները տևեին 15 օ՞ր, 1 ամի՞ս։
-Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանը պե՞տք է նոր ռազմավարությամբ, մարտավարությամբ ներկայանա։
-Հայաստանը որևէ քայլ կատարելիս պետք է ղեկավարվի միայն իր պետական շահերով։ Պետք է հարգենք և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի շահերը, բայց մենք մեր շահերն ունենք, որոնք պետք է ատամներով պահենք՝ անկախ ամեն ինչից։ Ի դեպ, երբ դու խոսում ես քո երկրի շահերի լեզվով, առջևդ նստած ռուսը, ամերիկացին, թուրքը շատ լավ էլ հասկանում են քեզ, քանի որ միջազգային հարաբերություններում միմիայն այդ լեզուն է բոլորին հասկանալի։ Որևէ պետություն իր պետական և ազգային շահերը չի կարող իրացնել մի այլ երկրի պետական շահերի «խողովակներում», ինչպես 1998-ից արվում է Հայաստանում: Սա, իհարկե, ՀՅԴ-ի ազգային «փայլուն» գաղափարն է։ Սեպտեմբերի 5-ին Հայաստանի այս իշխանությունների ազգային շահի պաշտպանության քննությունն է։ Կարո՞ղ է Սերժ Սարգսյանը դիմակայել։ Կարծում եմ՝ ոչ։ Այս իշխանությունների վրա ռուսներն այնքան շատ կոմպրոմատներ, քրեական հանցագործությունների նյութեր ունեն հավաքած, որ սրանք չեն էլ փորձի նրանց պահանջները չկատարել։ Սա է սրանց միակ ռազմավարությունն ու մարտավարությունը: Ներսում «գազան» են, դրսում` կատու:
-Արտաքին մարտահրավերներին զուգահեռ՝ Հայաստանում առկա է նաև ներքաղաքական լարվածություն։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը ներքին զարգացումներին։
-Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանում, բոլոր առումներով, անիշխանություն է։ Ներքաղաքական դաշտում և պետական կառավարման ոլորտներում ամեն ինչ ինքնահոսի է մատնված։ Բացի դատարկախոսություններից և իշխանավարման իմիտացիայից, ես ոչ մի քայլ չեմ նկատում։ Հասարակության մեջ լարումը կրիտիկական զանգվածի է հասնում ու շարունակում է մեծանալ։ Այն մարդիկ, ովքեր մինչև վերջերս իշխանամետ էին, աստիճանաբար լքում են կործանվող նավը։ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ նախկինում խիստ բացասաբար տրամադրվածներն այսօր արդեն այլ լեզվով են խոսում։ Այսպիսով` իշխանությունը, իր անգործությամբ ու հանցավոր գործելակերպով, ընդդիմության շարքերին ամեն օր համալրումներ է տալիս։ Նշեմ, որ դրանց մեծ մասը ներկայացնում է պետական բյուրոկրատիան:
-Բայց իշխանություններն այսօր խոսում են բարեփոխումների մասին։
-Խոսքը բարեշրջումների՞ մասին է։ Դրա փայլուն օրինակը մաքսայինում և հարկայինում կատարվածն է։ Եթե սա է բարեփոխումներ ասվածը, ապա լիովին հասկանալի է դառնում այս իշխանությունների՝ փոփոխություններ կատարելու մտադրությունը։ Այս ամբողջը հեքիաթ է, իմիտացիա, ստախոսություն։
-Անդրադառնանք նաև Հայ ազգային կոնգրեսին։ Այսօր տեսակետներ են հնչում, որ շարժման տեմպերը թուլանում են, որ այն մարման նախանշաններ է ցույց տալիս։ Ձեր կարծիքով, իսկապե՞ս մարում է ընդդիմադիր շարժումը, թե՞ նոր, հուժկու փուլի է պատրաստվում։
-Հանրահավաքների միջև ընդմիջումը մի քիչ երկարեց, և կարող է իշխանությանը թվալ, թե իբր տեմպերը թուլանում են: Դա ինքնախաբեություն է, ես վստահ եմ, որ առաջիկա հանրահավաքից հետո այդպես խոսող մարդիկ այլևս չեն լինի։
-Օրերս Տեր-Պետրոսյանն ասուլիսի ժամանակ ասաց, թե իր համար գլխավոր կարգախոսը շարժումը հզորացնելն է։ Սակայն մինչ այդ կոնգրեսի կարճաժամկետ նպատակը և կարգախոսը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր։ Հիմա Դուք ո՞ր կարգախոսն եք առաջնահերթ համարում։
-Հայաստանի պետական շահերը պահանջում են առաջնահերթորեն իրականացնել իշխանափոխություն, որն իր հերթին ենթադրում է շարժման ամենօրյա հզորացում։ Այստեղ ես հակասություն չեմ տեսնում:
-Ի՞նչ մեխանիզմով եք պատկերացնում Սերժ Սարգսյանի հրաժարականը։
-Սահմանադրական ճանապարհով։ Կվերականգնենք հանրահավաքային այն զանգվածը, որ կար փետրվարի 19-ից հետո։ Այս պարագայում իշխանությունը կհայտնվի երկընտրանքի առջև` կրկնել մարտի 1-ը կամ հանձնել իշխանությունը։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն էլ` ավելի ակտիվ կլինի, քան փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Ավելին, մենք ամեն ինչ կանենք, որ իշխանափոխության գործընթացը թավշյա տեսք ստանա։
-Կոնգրեսում գաղափարապես տարբեր քաղաքական ուժեր են ընդգրկված։ Շարժման հետագա գործողությունների ընթացքում այս առումով խնդիրներ չե՞ն ստեղծվի։ Մեկ միավորի մեջ այդքան ուժերի ընդգրկումը տարաձայնությունների տեղիք չի՞ տա։
-Եթե ասենք, որ այդքան տարբեր գաղափարախոսությունների հետևորդ քաղաքական ուժեր մեկտեղվում են, ու տարաձայնություններ չկան, սխալ կլինի։ Տարակարծություն չկա գլխավոր նպատակի շուրջ, և սա է ամենակարևորը։ Հայ ազգային կոնգրեսը, ըստ էության, ազգային ճակատի կարգի քաղաքական կազմավորում է, որի գլխավոր խնդիրը նախ մեկ կարևորագույն` իշխանափոխության հարցի լուծումն է։ Իսկ այդ հարցի լուծումից հետո կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, կարծում եմ, կշարունակեն իրենց սերտ համագործակցությունը և՛ արդար ընտրություններ անցկացնելու, և հետայդու առաջին պլան մղվող հարցերին համատեղ լուծումներ տալու ներկայիս համագործակցության ավանդույթ դառնալ ենթադրող գործելակերպով: Կարևորը փոխադարձ վստահության այն մթնոլորտի ստեղծումն էր, որն իրականություն դարձավ շատ կարճ ժամանակամիջոցում:
-Ո՞ր ընտրությունների մասին է խոսքը` նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական։
-Ես նպատակահարմար եմ համարում նախագահականը։
-Կարծիք կա, որ իշխանությունը ևս պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Սա Ձեզ համար ընդունելի չէ՞։
-Սա ազգային կոնգրեսի որոշելու հարցն է։ Սակայն ես կարծում եմ, որ այս վարչախմբի հիմնական սյունը նախագահն է, որը ղեկավարում է բոլոր ուժային կառույցները, և առկա խորհրդարանն ընդամենը նրա կամքի կատարողն է։ Այսինքն, պայքարն առաջին հերթին այն ինստիտուտի համար է, որն այսօր ավազակապետության գլուխն է ներկայացնում։ Պետք է նախ չեզոքացնել այդ կառույցների և ընդհանրապես իշխանության մարմինների ազդեցությունն ընտրությունների վրա, և այս առումով, կարծում եմ, առաջնահերթ է նախագահական ընտրությունների անցկացումը։ Չնայած որոշակի իրադրության մեջ կարող է և չբացառվել արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջինն անցկացնելը։
-Որպես 88-ի և ներկայիս շարժման ակունքում կանգնած անձ, ինչպե՞ս եք գնահատում՝ որքանո՞վ են նման, նաև տարբեր 88-ի և այսօրվա շարժման շարքերում կանգնածները։
-88-ին մեր պայքարը ազգային-ազատագրական էր, իսկ այսօր մեր պայքարը քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանվածության, սոցիալական արդարության և մեր պետական անկախության պահպանման ու հզորացման համար է` ընդդեմ քրեականացված իշխանության։
-Ձեր բառերով ասած` այդ «քրեական տարրերով ձևավորված» իշխանության ներկայացուցիչները մեղադրում են Տեր-Պետրոսյանի թիմին, թե այսօրվա արատավոր երևույթները հիմք են դրվել նրա օրոք։
-Ինչ վատ երևույթների մասին այսօր խոսում են, ասում են՝ Տեր-Պետրոսյանի օրոք է հիմք դրվել: Կաշառակերություն, թալան, ընտրությունների կեղծում: Դե, իհարկե, ռուսական ցարական ու կոմունիստական կայսրություններում կաշառակերություն երբեք չի եղել: Թալանն էլ ՀՀՇ-ականների նորագույն ստեղծագործությունն է, քանի որ նրանց օրոք եղած թալանից իրենք, չգիտես ինչու, չեն օգտվել: ՀՀՇ-ի իշխանության օրոք, ինչպես բոլոր ժամանակներում, կային նաև թերություններ: Բայց երբ խոսում են անցյալի կաշառակերությունից, անամոթաբար մոռանում են, որ իրենց իշխանության օրոք ձևավորվել է կոռուպցիոն համակարգ, որը ոչ թե օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններից բխող թերացման հետևանք է, այլ պետականության և ժողովրդի դեմ գիտակցաբար կատարվող ծանրագույն պետական հանցագործություն, քանի որ կոռուպցիոն բուրգի գլխին կանգնած է պետության գլուխը: «Թալանի» և ընտրակեղծիքների մասին այսօր խոսում են միայն բացահայտ թալանչիներն ու ընտրակեղծարարները: Նրանք ունենալով իշխանություն և ատելություն ՀՀՇ-ական նախկին պաշտոնյաների հանդեպ` որևէ լուրջ քրեական հետապնդման նյութ չեն կարողացել գտնել վերջիններիս գործունեության մեջ: Իսկ ահա իշխանափոխությունից հետո նրանք որևէ հնարավորություն չեն ունենա՝ խուսափելու հայտնի և բացահայտման ենթակա ծանրագույն շատ ու շատ հանցագործությունների համար պատասխանատվությունից։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2848

Մեկնաբանություններ