ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԻ, ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԻ, ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է
26.01.2010 | 00:00

Թուրքերի բանաստեղծը երդվում էր կտրել հայի իմ ձեռքը, եթե Ղարաբաղին մեկնեմ: Երդվում է, և իր ժողովուրդը նրան ցեղապետ է մեծարում, և իր կառավարությունը նրան զարդարում է շքանշաններով: Եվ դա սահմռկելի է, որովհետև և՛ նա, և՛ նրանք լավ գիտեն, որ Ղարաբաղն ինքնիշխան ժողովրդի հայրենիքն է, այնինչ խոսում են որպես անտեր-անլեզու տարածքների, որպես տիրամեռ տան մասին:
Սա թուրքի ամայացնող հայացքն է. նայում է, և ես չկամ. իմ տունուտեղը, իմ ջուրն ու սարը կան, ես չկամ. չկամ ու չեմ լինի, եթե հայի իմ ձեռքը հանկարծ ու իր Ղարաբաղին գցեմ, չի լինի ո՛չ իմ կենդանի այսօրը, ո՛չ էլ լռիկ պատմությունը, և նրանց պատմաբանը հանուն բարեխղճության կարտագրի իր անգորացի ցեղակցի հիշատակարանը մեր մեծ նախճիրի ու մեր մասին. «Այս վայրերում, ի թիվս այլոց, նաև հայ անվանյալ ժողովուրդ է ապրել, որ երկրի դժվար տարիներին հեռացել է»:
Այսպես գրել են, այսպես կգրեն:
Իսկ իմ նախնին իր ավելի սև ժամանակներում ավելի մարդակեր թշնամու մեջ ասպետական ոգի էր տեսնում, ասում էր` «թուրքի ասպետականությունը»: Եվ թեկուզ սա խոսում է վեհանձն ասպետականության մասին իմ նախնու, քանզի աշխարհն այն է, ինչ որ դու ես, բայց իմ բարձր նախնու հավատամքը ես դավանել ու վստահ էի, թե ասպետական թուրքը հայի իմ թաթը կտրելու է միայն մի դեպքում, եթե հայի իմ ձեռքը չմեկնեմ Ղարաբաղի իմ եղբորը, թքելու է իմ անամոթ երեսին, եթե երես դարձնեմ իմ Ղարաբաղից, հատելու է սրունքներս, եթե կովկասյան իմ հայրենիքից ոտքս փախուստի գցեմ: Սրանք ահա` գոնե հանդուրժման ոգու այս կրողները կամ կրելու դեռևս ունակները, և նրանք, որ բանականության ու բարոյականության օրենքները լեզվի խաղ համարեցին և դավանեցին բռնությունն ու զավթումը, և նրանք, որոնց միջնորդական ջանքերն ազնվությամբ են շողում, և նրանք, որ ահագնացող օրհասի վիշապային ծավալները տեսնում ու մեզ կարեկցում են, նրանք բոլորը` բարեկամներն ու թշնամիները, եթե իմ քարոտ լեռնաստանից չոր մի բլուր անգամ թշնամուն ձգեմ, նրանք բոլորն ինձ դավաճան են խարանելու, և ոչ մի թաքստոցում ես չեմ զորելու թաքնվել նրանց արհամարհանքից, որովհետև չեմ զորելու թաքնվել ինքս ինձնից:
Հաղթանակը, միայն հաղթանակն է ազատելու մեզ թշնամու, կողմնակիցների և մեր իսկ քամահրանքից: Հաղթանակը մեր անցյալի և ապագայի, և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է: Պարտությունը սուտ և անգո մի բան է դարձնելու մեր անցյալը` բանաստեղծ վարդապետների զառանցանք: Պարտությունը անհայրենիք տնանկներ է դարձնելու մեր երեխաներին, մեզ նրանց սև անեծքին է արժանացնելու: Պարտությունը մեզ դարձնելու է արդարության դռներին տաղտկալի քարշ եկողներ, որոնց երբեմն գուցե և կարեկցում են, բայց երբեք` հարգում: Ամեն մի այսօրը նորոգ երեկն է: Մեր հաղթական այսօրից հաղթական էլ անցյալ է հառնելու, մաքուր առանձնատներով ծաղկուն քաղաքների Հայաստան հայրենիք է բացելու մեր հաղթանակած այսօրը, սահման է դնելու խավարի թագավորությանը` հուրախություն բոլորի և թշնամու, և թշնամու նույնպես, քանի որ, ենթադրում եմ, ինքն էլ է նողկում սումգայիթյան իր հարյուրամյա զառանցանքներում տապակվելուց:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
17.03.1994 թ.

Դիտվել է՝ 2896

Մեկնաբանություններ