ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԵՐԲ ՀԱՆԳՉՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԻ ԼՈՒՅՍԵՐԸ...

ԵՐԲ ՀԱՆԳՉՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԻ ԼՈՒՅՍԵՐԸ...
26.01.2010 | 00:00

Երբ հանգչում են քաղաքի լույսերը, նրանց համար սկսվում է կենաց կռիվ: Նրանց կարելի է տեսնել Երևանի տարբեր հատվածներում` բանուկ, թե ամայի: Մի կտոր հացի ակնկալիքը նրանց կարող է ամենուր տանել, և եթե ամռան ամիսներին ավելի ակտիվ են, ձմռան հետ նրանց շարքերն էապես պակասում են. մեռնում են ցրտից, սովից կամ տաքանալու մեծ ձգտումից` այրվելուց: Նրանք, ում հաջողվում է լուսացնել հերթական ձմեռային երկար գիշերը, հաջորդ օրը կրկին ապրում են հացի խնդրով:
Փողոցում նրանց հանդիպողները մի պահ սրտի ճմլոց կամ առավելագույնը խոր կարեկցանք են ապրում, անցնում` մտածելով, թե, միևնույն է, ոչնչով օգնել չեն կարող: Շատերն են այդպես, բայց ոչ բոլորը, պատահում են մարդիկ կամ կազմակերպություններ, որոնց համար անտուն մարդկանց մասին հոգ տանելը ոչ միայն աշխատանք է… «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աշխատակիցներն, օրինակ, ամեն երեկո կամավոր այցելում են նման անօգնական վիճակում գտնվող մարդկանց` տաք թեյ, մի կտոր հաց, երբեմն էլ հաջող, թե անհաջող շտապօգնության կանչ կազմակերպում:
Բարի մարդկանց հետ «Սեբաստիա» այգու լքված մի անկյունում գտանք Ռաֆիկին` քրջերի տակ ցրտից կուչ եկած, կարծեցինք` սառել է. կանչ տվեցինք, շտապօգնության բժշկուհին ինսուլտի ախտանշան նկատեց, տարան հիվանդանոց:
Նման կանչ ունենալն ու այդ տեսակի հիվանդի հանդիպելը շտապօգնության բժիշկների համար առաջին անգամ չէ: Ամեն տարի էլ, ցրտերն ընկնելուն պես, հեռախոսը հաճախ է ահազանգում հերթական սառածի կամ առողջական ծայրահեղ վիճակում հայտնված անօթևանի մասին: ՈՒ շատ հաճախ նման այցերն ավարտվում են անգամ առանց առաջնային բուժօգնության. անօթևանը երբեմն հասարակության որևէ շերտի, դասակարգման մեջ չի մտնում, նշանակում է` նաև չի սպասարկվում:
Հիվանդանոցում կատարվելիքը հասարակական կազմակերպության անդամներին լիովին սպասելի էր: Հիվանդը շտապօգնության մեքենայից բժշկական կենտրոնի ընդունարանում չէր հայտնվի, առավել ևս բժշկի երես չէր տեսնի, եթե մեզ հետ չլիներ ամենազոր տեսախցիկը:
Ախտորոշումը` սրտի կաթված ամիսներ առաջ, նաև այն, որ այս հիվանդանոցը, համենայն դեպս, նրա տեղը չէ: Գիշերը նրան ընդունարանում էլ թողեցին, քանի որ բժիշկները ոչ մի կերպ չհասկացան, թե հիվանդի հետ ինչ պետք է անել: Իսկ առավոտյան գլխավոր բժիշկը տեղեկացրեց, որ իրենց վզին բառացիորեն «փաթաթած» անօթևանից իրենց պետք է ազատել` նա այնտեղ անելու և ստանալու ոչինչ չունի: Երկար զրույցից և խնդրելուց հետո Ռաֆիկին երկու օր պահեցին, մինչև մեզ հաջողվեց նրա համար օթևան գտնել: Բժշկի նկարագրմամբ «առողջ հիվանդի» համար կարողացանք տեղ գտնել անօթևանների կացարանում, որտեղ մարդիկ խնամքի կարիք չունեն: Իսկ մինչ այդ նշենք, որ հիվանդանոցում, գլխավոր բժշկի հոգածությամբ, ամեն դեպքում, անօթևանը երկու օր սնվել էր: «Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տրանսպորտային միջոցով Ռաֆիկը տեղափոխվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անօթևանների կացարան, սակայն, տեսնելով նրան, Երևանի թիվ 1 ինտերնատի տնօրեն Արթուր Մարկոսյանը չկարողացավ զարմանքն ու զայրույթը թաքցնել, երբ առողջ մարդու փոխարեն տեսավ ինքնուրույն շարժվելու անընդունակ, հոգածության ու խնամքի կարիք ունեցող հաշմանդամի: Այդուհանդերձ Ռաֆիկն այստեղ գտավ իր հանգրվանը, որտեղ նրա մասին հաստատ հոգ կտանեն:
Իսկ ահա Աղայանի հերոսուհի Անահիտ թագուհու պատմությունը հաճախ մեջբերող վանեցի Իշխանը թեև անտուն է, բայց իր մասին ինքնուրույն է հոգում և տարիների ընթացքում բավականին հմտացել է այդ գործում: «Վազգեն Սարգսյան» մարզադաշտին հարող տարածքում նա իր պես անօթևանների հետ ապրում, սնվում, անձրև ու ձյուն է դիմավորում, վիճում ու հաշտվում է: Այստեղ անգամ ամուսնանում են, ինչպես, օրինակ, Լարիսան ու Աֆղանստանում ծառայած Էռնեստ Ակոպովը: Օրվա լուսավոր մասը այր ու կին աշխատում են` հին շոր են վաճառում. ապրելու փող պե՞տք է, թե՞ ոչ: Մարդիկ տարբեր են, անցած կյանքի պատմությունները` անհամատեղելի, բայց բոլորին այստեղ մի բան է միավորում` իրենց ակամա ստեղծված համայնքը: Նրանց տանիքը բաց երկինքն է, անկողինն էլ` երկրագունդը: Այս ոչ պաշտոնական համայնքն իր սահմաններից դուրս աշխարհի հետ կապը պահպանում է. թախծոտ հեգնանքով, թե անտարբերությամբ նշում են, որ իրենց հարազատներն ինչ-որ տեղ ապրում են:
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը պատմում է. «Արդեն երեք տարի զբաղվում ենք թափառաշրջիկներով, գիտենք` որ փողոցի որ անկյունում ինչքան մարդ կա: Դրանք 100-ից ավելի են»: Անօթևաններից շատերի հույսը հենց նրանք են. գիտեն, որ ձմռան ցուրտ ամիսներին մութն ընկնելուց հետո կհայտնվեն և իրենց մի բաժակ տաք թեյով կստիպեն մինչև ոսկորները թափանցած ցրտին մի քանի վայրկյանով նահանջել: «Պետք էր, բնակարանս ծախեցի, վարձով էի ապրում: Հիմա էլ ոտքերս ցավում են, չեմ կարող աշխատել, դուրսն եմ մնացել, հացի փող եմ հավաքում»,- ասում է անտուններից մեկը:
25 տարի առաջ Վալենտինա Հակոբյանին Հայաստան բերեց սերը, սիրո հետքը բռնելիս չէր էլ ենթադրում, որ մի օր Հայաստանի փողոցներում է տեղավորվելու: Դեռ մի քանի օր առաջ նրա ողջ ունեցածը լաթերն ու թղթի կտորներն էին: Երևանի թիվ 1 ինտերնատը նրա համար էլ տեղ գտավ: Վալենտինային տեղափոխելը, սակայն, ծանր դեպք էր. նա պարզապես չէր ուզում լքել աղբանոցի իր տարածքը` մի անգամ ոստիկանները նրան արդեն հասցրել էին ինչ-որ հաստատության դարպասների, որից ներս նա այդպես էլ չէր հայտնվել ու մի կերպ դարձյալ հասել էր մեծ աշխարհի իր փոքր անկյունը: Երկար ու բարդ բացատրությունից հետո համոզվեց: Արտասվում էր շարունակ` նախ, որ իրեն ստիպում են լքել «իր» տարածքը, ապա երջանկությունից` բաղնիքից ու մաքուր անկողնում հայտնվելուց հետո:
Մոտ հինգ տարի առաջ հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի չպլանավորված հանդիպումն ու զրույցը անօթևան մարդու հետ ստիպեցին լրջորեն մտահոգվել այդ իրողությամբ: Լրագրողական աշխատանքների համար բավարար նյութ հավաքելն ու երևույթը մինչև վերջ հասկանալը նրանցից խլեց երկու ձմեռ. «Համարյա բոլոր անօթևաններին ճանաչում էինք, քանի որ երբ մի քանիսի հետ ծանոթացանք, նրանք սկսեցին նորերի հասցեներն ասել»,- ասում է Էդիկը: Նրանց հետ անդուլ աշխատանքի շնորհիվ այդ աշխարհը ներսից քաջ գիտի: Նրանց համար հագուստ, սնունդ, անգամ վարձով տուն է գտել. լրագրող ընկերոջ հեռախոսահամարն ու աշխատավայրը անօթևաններն անգիր էին արել: «Էդքան պատմությունները չես կարող մարսել, դրանք ստիպում են քեզ խորանալ, մտածել, որ քո հասարակությունը, դու մեղք ունեք: Մտածեցինք, որ պետք է ցույց տալ խնդիրը, ուսումնասիրեցինք, թե տարիների ընթացքում քանի մարդ է մահանում: Եվ պարզեցինք, որ տարեկան 50-60 մարդ է մահանում: Ֆիլմ արեցինք, նաև ցուցահանդես»,- պատմում է մեր գործընկերը:
Արդյունքները շատ չուշացան` Երևանի թիվ 1 ինտերնատի մասնաշենքերից մեկը տրամադրվեց անօթևանների համար ժամանակավոր կացարան ստեղծելուն: 2005-ի ձմռանը սփյուռքահայ Լևոն Հաբեշյանը վերանորոգեց այն, տաքացուցիչ, անկողին գնեց, իսկ հաջորդ տարվանից մինչ օրս` արդեն 4 տարի, անօթևանների կացարանի ֆինանսական աղբյուրը պետական բյուջեն է: Ի սկզբանե 30 մարդու համար նախատեսված կացարանում այսօր կարող է միաժամանակ բնակվել 60 անօթևան: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանի խոսքերով, այն փողոցում ապրող մարդկանց համար է: Եթե այլ անօթևանների թիվը շատ է` մոտ 60000, ապա այս տեսակինը 100-ի է հասնում: Գլխի վերևում ամուր ծածկ, տաքուկ անկողին, սննդի պահանջված չափաբաժին: Սա ամբողջը չէ: Կացարանի հոգեբանն ու սոցաշխատողը մշտապես աշխատում են յուրաքանչյուր բնակչի հետ. ծանոթանում են նրանց պատմություններին, և եթե պարզվում է, որ նրանք տուն կամ ընտանիք ունեն, փորձում են գտնել անօթևանների հարազատներին: Անահիտ Գևորգյանը նշում է, որ աշխատողների ջանքերն արդյունք են տվել` ընտանիք վերադարձածների դեպքեր կան: Այստեղ հայտնվածների մեծ մասը փաստաթուղթ չունի. կացարանի իրավաբանը զբաղվում է նրանց փաստաթղթային հարցերով: Պարզվում է, ամենաբարդը, նույնիսկ անլուծելին է առողջ, աշխատունակ և ոչ կենսաթոշակային տարիքի մարդկանց հարցը: Ծերանոցում կամ հաշմանդամների կենտրոնում նրանց չես տեղավորի, իսկ կացարանի ծածկն էլ ժամանակավոր է: Կացարանի աշխատակիցները մեծ բարդություններ են ունենում նրանց աշխատանքի տեղավորելու հարցում: Գործատուն հասարակությունից կտրված ու այդքան խոցելի աշխատողի համար տեղ չունի, և ստացվում է, որ նրանց մեծ մասը կրկին վերադառնում է այդտեղ:
Կառավարությունն ամեն տարի կացարանին հատկացնում է 50 մլն դրամ` սննդի, հագուստի, ջեռուցման, բուժօգնության, աշխատավարձերի, կոմունալ մյուս բոլոր ծախսերի համար: Տնօրենի խոսքերով, կացարանը բացվելուն պես` 2006-ի փետրվարից, ունեցել են 1050 անօթևան, ամեն մեկի համար պետությունը հատկացնում է օրական 2300 դրամ: Բնակիչների թիվն ավելանում է ձմռանը, երբ ցուրտն անտուններին սկսում է նեղել: Երբեմն մինչև 60 մահացության դեպք ձմռան ընթացքում` սա մի քանի տարի առաջ, հիմա այս թիվը նվազել է մինչև 20: Փաստորեն, անօթևանների կացարանը ձմռանը սառչելու վտանգից փրկում է առնվազն 60 մարդու, ինչը հարցի լուծում չէ. մոտ 100 մարդ հիմա դրսում է ու աջակցության խնդիր ունի: Եվս մեկ նման հաստատությունը խնդիրը կթեթևացնի:
Բարեգործական հիմնադրամի ներկայացուցչի կարծիքով, փոքր բյուջեով կարելի է փրկել նրանց: «Կոֆոեդը» սպասում է 10 միլիոն դրամի օգնության, որ կարողանա մոտ հիսուն անտունի ձմռանն իր հարկի տակ պահել: Իսկ մինչ այդ, հիմնադրամի աշխատակիցները կշարունակեն ուժերի ներածի չափով, ասենք, գոնե թեյով ու քաղցրեղենով, լինել անօթևանների կողքին:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ