ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Գորշ գայլեր»

«Գորշ գայլեր»
26.05.2009 | 00:00

ՃԱՆԱՉԻՐ ԹՇՆԱՄՈՒԴ
(սկիզբը` թիվ 36-ում)
Աշխարհում նոր և բարդ քաղաքական զարգացումներ են ընթանում, որոնք մեզ պարտադրում են զգոն լինել՝ խուսափելու համար նոր կորուստներից: Մենք քաղաքական լուրջ խնդիրներ ունենք, որոնց լուծումը կախված է նաև «Գորշ գայլերի» մասին մեր ունեցած տեղեկությունից, հարցի իմացության խորությունից:
Պանթուրքիզմի գաղափարախոսության հիմնադիր Զիա Գեոքալփը դեռևս օսմանյան ժամանակաշրջանում գործադրեց «Ազգային իդեալ» հասկացությունը (Milli mefkure), որը հետագայում լայն տարածում գտավ 1930-ականների պանթուրքիստների մոտ: Այդ բառի համարժեքն է ulku-իդեալ (գաղափար), որը գործադրվեց 1960-ականներին, Թյուրքեշի կողմից:
Ստելլա Բրամի, Մեհմեթ ՈՒլգերի հրատարակած «Գորշ գայլեր» գրքում կարդում ենք կազմակերպության հիմնադրի և հիմնադրման մասին: Ալփարսլան Թյուրքեշին «Գորշ գայլերը» անվանում են Բաշբուղ (ղեկավար), ինչը և հետագայում դարձավ Թյուրքեշի տիտղոսը: Ասենք, որ այդպես էր սիրում իրեն անվանել նաև Էնվեր փաշան: «Բաշբուղ» անվանումը համապատասխան է ֆաշիստական կուսակցությունների տիտղոսներին (Գերմանիայում` ֆյուրեր, Իտալիայում` դուչե): Թյուրքեշը ծնվել է 1917 թվին, Կիպրոսում, իսկական անունն է Հուսեին Ֆեյզոլլահ: Նա 1938 թվին դարձավ բանակի սպա:
Ալփարսլանն այն սուլթանի անունն է, որը 1071 թվին հաղթեց Բյուզանդիային ու հիմք դրեց Օսմանյան կայսրությանը, իսկ Թյուրքեշ նշանակում է «թուրքերի ընկեր, բարեկամ»:
Նա դեռ երիտասարդ տարիքից տարվել է պանթուրքիզմի գաղափարներով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թյուրքեշը ցանկացավ միանալ Հիտլերին (ըստ որոշ ինտերնետային ռուսերեն վեբ-կայքերի՝ նույնիսկ համագործակցեց Գերմանիայի հետախուզության հետ)` թուրանիզմի գաղափարն իրականացնելու հույսով: Նա չէր թաքցնում, որ Հիտլերի գաղափարները, ինչպես, օրինակ՝ ցեղերի-ռասաների մասին նրա դիրքորոշումը, իրեն դուր են գալիս: Այնտեղ, որտեղ Հիտլերն օգտագործում էր «բարձր, ազնիվ ցեղ» որակումը, Թյուրքեշն օգտագործում էր «ասիլ թյուրքլեր»` «իսկական թուրքեր» բառակապակցությունը: 1944 թվի մայիսին Բաշբուղին և Նիհալ Աթսըզին մեղադրեցին ռասիզմի ու հակակառավարական շարժման մեջ, բայց նրանց շուտով ազատ արձակեցին:
1944 թվի դատավարությունից հետո «Գորշ գայլերը» սկսեցին կազմակերպվել մշակութային ու սպորտային միությունների տեսքով և այդ անվան տակ լույս ընծայել իրենց մամուլը: 1944 թվին ազատ արձակված Թյուրքեշը վերադարձավ բանակ: Շարժման ոգին իրականում Նիհալ Աթսըզն էր, որի մասին «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» գրքում կարդում ենք, թե ինչպես էր ռասիզմի այդ մարդատյաց ամենամոլի քարոզիչը պահանջում ընդօրինակել Հիտլերի գործելակերպն ու թուրքական ռասան մաքրել ոչ թուրք տարրերից: «Ես գտնում եմ,-գրում էր նա,- որ Թուրքիայում պետք է տիրապետի թուրքական ռասան. ով ուզում է թուրք կոչվել, պետք է ապացուցի իր արյան մաքրությունը մինչև երեք պորտը»: «...Ոչ թուրքերը պետք է դուրս շպրտվեն Թուրքիայից: Ոչ մի ոչ թուրք չպետք է լինի ո՛չ պետական կառավարման մեջ, ո՛չ սպայական կորպուսում...»: Իր որդուն թողած հոգևոր կտակի մեջ Աթսըզը գրել է. «Ազգը արյուն է, ուստի ոչ թուրքական ռասայի մարդկանց թուրքեր մի՛ համարիր: Ոչնչացրո՛ւ՛ նրանց՝ հանուն դրա վտանգելով նույնիսկ կյանքդ»:
Բաշբուղը, ինչպես նշվում է Ստելլա Բրամի և Մեհմեթ ՈՒլգերի գրքում, 1948-ին ուղարկվեց ԱՄՆ, ուր ստացավ զինվորական ու տնտեսագիտական կրթություն: Հետո անցավ Գերմանիա՝ միջուկային պատերազմի ռազմավարման ուսուցում ստանալու: 1950-ականներին նա ՆԱՏՕ-ում ներկայացնում էր Թուրքիան: 1960-ին արդեն ուներ գնդապետի աստիճան:
1960-ի մայիսի 27-ին հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ բանակն ուղղակիորեն միջամտեց քաղաքական կյանքին. սպայակազմի մի խումբ անդամներ կազմակերպեցին և իրականացրին ռազմական հեղաշրջում: Երկրում ամբողջ իշխանությունն անցավ նորաստեղծ «Ազգային միասնության կոմիտեի» (ԱՄԿ) (Milli Birlik Komitesi) ձեռքը: ԱՄԿ-ի գործունեության արդեն առաջին իսկ ամիսներին լուրջ հակասություններ առաջացան նրա անդամների միջև` կապված երկիրը ղեկավարելու հետագա ընթացքի հետ: ԱՄԿ-ն բաժանվեց 2 թևի` պահպանողականների և արմատականների: Պահպանողականների խումբը, որի կազմում էին ԱՄԿ-ի անդամ գեներալները` Ջ. Գյուրսելի գլխավորությամբ, փորձում էր շուտափույթ նոր ընտրություններ կազմակերպել և իշխանությունը փոխանցել քաղաքական կուսակցություններին: Իսկ ԱՄԿ-ի արմատական անդամները գտնում էին, որ միայն դեմոկրատական կուսակցությանը իշխանությունից զրկելով` զինվորականության առաքելությունը չի ավարտվում, և զինվորականները պետք է իշխանության ղեկը պահեն իրենց ձեռքում` երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար:
Պահպանողականներն այդ պայքարում հաղթանակ տարան, և նոյեմբերի 13-ին արմատականների խմբի բոլոր 14 անդամները, երկրում ռազմական դիկտատուրա սահմանելու փորձերի համար, հեռացվեցին ԱՄԿ-ից ու զինված ուժերից: Նրանց մեջ էր պանթյուրքիստ Ալփարսլան Թյուրքեշը: Նա մյուս համախոհների հետ, որոնք մասնակցել էին պետությանը զինված հարված հասցնելու անհաջող փորձին, «աքսորվեց» Հնդկաստան` դիվանագիտական պաշտոնով:
1965-ին, իր վերադարձից 3 ամիս հետո, Թյուրքեշը դարձյալ մասնակցեց պետությանը հարված հասցնելու ևս մի փորձի, որը կրկին ձախողվեց: Թյուրքեշը դատարանից ազատվեց իբրև թե փաստերի բացակայության պատճառով: 1965-ին 3 այլ նախկին աքսորյալների հետ մտավ «Գյուղացիների ազգային հանրապետական կուսակցության» (CKMP) (Ջյումհյուրիյեթչի Քյոյլու Միլլեթ Փարթիսի) մեջ, վերցրեց այն իր ազդեցության տակ, դարձավ դրա ղեկավարը: 1969-ին այն արդեն վերանվանվեց «Ազգային շարժման (գործողության) կուսակցություն» (MHP)՝ (Միլիյեթչի Հարեքքեթ Փարթիսի) կամ MHP- «Milliyetci Hedef Partisi» (Ազգային նպատակի կուսակցություն):
Այսինքն, «Գորշ գայլեր»-ի կուսակցություն: Բաշբուղ Թյուրքեշի «Թեմել Գյորուշլեր» գրքում կարդում ենք. «Հենց այսօր՝ մեր օրերում, երկրագնդի ողջ տարածքում մղվում է չհայտարարված, բայց ահավոր մի պատերազմ, պատերազմ տարբեր ազգերի միջև, պատերազմ մշակույթների միջև: Կարելի է գրավել մի ազգի բազում ամրոցներ ու բերդեր, բազմիցս պարտության մատնել բանակին, բայց այնքան ժամանակ, քանի դեռ նրա սիրտն ու հոգին չես գրավել, այդ ազգը չես նվաճել: Անժխտելի իրականություն է, որ մարդ այն ազգի մասն է կազմում, որին ինքն է նախընտրում պատկանել: Մշակութային պատերազմում յուրաքանչյուր ազգ ջանում է ոչնչացնել մյուս ազգերի լեզուն, կրոնը, ավանդույթները, ազգային ու հոգեկան արժեքներն ու դրանք փոխարինել իր մշակութային արժեքներով»:
Ալփարսլան Թյուրքեշն իր «Դոքուզ Ըշըք»` «9 ջահեր» գրքում նշում է այն 9 կետերը, որոնք իրագործելուց հետո երկիրը կծաղկի: Առաջինը՝ «Միլլիյեթչիլիք» (նացիոնալիզմ), երկրորդը՝ «ՈՒլքյուջուլուք» (իդեալիզմ), երրորդը՝ «Ահալչըլըք» (բարոյականություն), չորրորդը`«Թոփլումչուլուք» (համայնականություն), հինգերորդը՝ «Իլիմչիլիք» (գիտություն, գիտականություն), վեցերորդը՝ «Հյուրիյեթչիլիք» (ազատություն, ազատականություն), յոթերորդը՝ «Քյոյչուլուք» (հոգատարություն գյուղացու, գյուղի նկատմամբ), ութերորդը՝ «Գելիշմեչիլիք վե հալքչըլըք» (զարգացում և ժողովրդավարություն) ու վերջապես իններորդը՝ «Էնդուստրեչիլիք վե թեքնեչիլիք» (աշխատանք ինդուստրացման ու ճարտարագիտության ասպարեզում):
«Գորշ գայլեր»-ի մի մասի կարծիքով` Բաշբուղ Թյուրքեշը սխալվել էր, երբ իրենց խնդիրների լուծման համար չէր թողնում, որ դիմեն զենքի: Ըստ նրանց՝ ճիշտ չէր գործել նաև Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյը: Նրանք ասում էին. «Ադրբեջանում նախագահ Էլչիբեյը սխալվել է, երբ կառավարման համակարգում չի վերացրել կոմունիստներին ու դավաճաններին»:
Ի միջի այլոց, Չեչնիայում չեչենների կողմից կռվել են հինգ-վեց հարյուր «MHP»-ականներ:
«Գորշ գայլեր»-ը նշել են նաև. «Երանի թե օսմանցիները դեպի արևմուտք կատարած իրենց արշավանքների ժամանակ Իրանն էլ գրաված լինեին: Մենք այլևս ստիպված չէինք լինի գործ ունենալ մեր արևելքում ծվարած այս բուֆերային երկրի հետ»: Իսկ ալևիթներին հաճախ կասկածում են ձախակողմականության ու քրդասիրության մեջ, թեև «լավ» ալևիթներ էլ կան: 1992 թվին Սիվաս քաղաքում հրդեհվեց մի հյուրանոց, որտեղ 37 մտավորականներ ու արվեստագետներ՝ մեծ մասամբ ալևիթներ, ողջ-ողջ վառվեցին, մինչդեռ ոստիկանությունն անհոգ հանդիսատեսի դերում էր:
«Լավ» ալևիթներից մեկը ժողովներից մեկում նշել էր. «Մենք՝ ալևիթներս, որպես Ահմեդ Եսևիի սերունդ, զտարյուն թուրք ենք»: Ահմեդ Եսևին Ալևիթիզմի Բեկթաշ ճյուղի նախահայրն էր:
Թուրքիայում՝ Էրչիսեյ լեռան վրա, կատարվում է «Լեռնագնացություն-տոնահանդես» միջոցառումը, որն իրականում «Գորշ գայլեր»-ի հավաք է: Ատենախոսներից մեկն ասում է. «Էրչիսեյ լեռն իր սեգությամբ չի զիջում թուրք ազգին, բայց մենք եկել ու հասել ենք այստեղ՝ Թեքիրի բարձրավանդակ, որը ծովի մակերեսից 2150 մետր բարձրության վրա է: Մեր նպատակն է նույն ձևով գրավել մնացած ամբողջ աշխարհը»:
(շարունակելի)
Աշոտ ԱՎԱԳՅԱՆ
Արևելագետ

Դիտվել է՝ 5793

Մեկնաբանություններ