ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԻՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՆԱ ԴԵՌ ԿՈՒՆԵՆԱ

ԻՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՆԱ ԴԵՌ ԿՈՒՆԵՆԱ
18.05.2010 | 00:00

Ասում են` ամեն մեկի կյանքում կա երեք շրջափուլ, ու դրանցից յուրաքանչյուրում մարդը դեպքերի զարգացումների վրա արմատապես ազդելու հրաշալի հնարավորություն է ստանում: Որքանո՞վ է հավաստի ասվածը, ո՞վ է որոշել այդ պարբերականությունը, դժվար է ասել, և խնդրի քննարկումը, հասկանալի է, նյութի շրջանակներից դուրս է: Բայց այն, որ մեր հերոսուհու` ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ կյանքում այդպիսին եղավ 2008 թվականը, դժվար է ժխտել:
2008 թիվ: Օլիմպիական խաղերի մեկնարկի տարի: Սակայն մինչ այդ Եվրոպայի առաջնություն, այն էլ` հրաշալի հնարավորությամբ. հաղթում է, և Մելինե Դալուզյանի նման իր առջև էլ բացվում են Պեկինի դռները: Ընդ որում, բացվում են նաև երրորդ մասնակցի համար. հաղթանակը նվերի տեսքով այդ հնարավորությունը տալիս է մեր կանանց հավաքականին: Ինքնին հասկանալի է` պատասխանատվության ահռելի բեռ է ծանրանում մեր մարզուհու ուսերին: Շատ կարևոր է հոգեբանորեն հավաքվելը, որ զգալ չտան նախորդ տարվանից «ժառանգություն» մնացած վնասվածքները: Սակայն լարվածությունն անում է իր չար գործը: Առաջին վարժության երեք մոտեցումների ժամանակ էլ ծանրաձողը համառում է: Վիճակն այլևս անզոր է փոխելու անգամ երկրորդ վարժությունից նվաճած փոքր ոսկե մեդալը. այն եկավ միայն փաստելու, որ պոկում վարժությունում եղածը ճակատագրի քմահաճ խաղ էր սոսկ, սակայն սարսափելի թանկ գին ունեցող։ Եվ, այնուամենայնիվ, ճակատագիրը Հռիփսիմեին Պեկին մեկնելու հնարավորություն ընձեռեց. առողջական խնդիրների պատճառով Մելինե Դալուզյանն ի վիճակի չեղավ մասնակցելու տարվա խոշորագույն մարզահանդեսին, սակայն նույն ճակատագրի հեգնանքով դա պարզ դարձավ միայն օլիմպիական խաղերի նախաշեմին, իսկ պատրաստվելու, ուժ հավաքելու ժամանակը չափազանց սուղ էր: Փաստորեն, մրցաշրջան 2008-ը մարզական առումով ձախողված էր Հռիփսիմե Խուրշուդյանի համար, և համաշխարհային ուսանողական խաղերից բերած մեծ արծաթե մեդալը թույլ սփոփանք էր:
2009-ը եղավ նախորդ մրցաշրջանում թույլ տված վրիպումների շտկման տարի: Բուխարեստում (Ռումինիա) կայացած Եվրոպայի առաջնությունից մարզուհին վերադարձավ երկու արծաթե (երկամարտ, հրում վարժություն) և մեկ բրոնզե մեդալով (պոկում վարժություն): Բրոնզափայլ էր նույն տարվա աշխարհի առաջնությունում ունեցած ելույթը, որը, սակայն, շատ մեծ ցանկության դեպքում կարելի է անհաջող համարել, այն էլ` լոկ Նազիկ Ավդալյանի չեմպիոնական ելույթի ֆոնի վրա: Եթե աշխարհի այս առաջնությանը մեր մարզուհին անպատրաստ էր Ղազախստանը ներկայացնող Սվետլանա Պոդոբեդովայի հետ մրցապայքարին, ապա նույնը չի կարելի ասել չին մարզուհու առնչությամբ: Պարզապես պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ 125 կիլոգրամը ձախողելուց հետո, անկարող եղավ հոգեբանորեն վերականգնվել և ձեռքից բաց թողեց ինչպես հրում, այնպես էլ պոկում վարժությունների փոքր, իսկ վերջնահաշվում նաև երկամարտի արծաթը:
Ինչո՞ւ Գոյանգի աշխարհի առաջնությանն էլ մանրամասն անդրադարձանք: Այն անառարկելի պատճառով, որ, ի դեմս Հռիփսիմե Խուրշուդյանի, ունենք ուժեղ մարզուհի, սակայն նա, կարծես, հոգեբանական խնդիրներ ունի պոկում վարժության հետ կապված: Իհարկե, շատ կուզենայինք սխալված լինել, սակայն օլիմպիական տարվա Եվրոպայի առաջնությունում հիշյալ ձևից վրիպումը, թերևս, թողել է իր բացասական ազդեցությունը, և անհապաղ միջամտության կարիք կա: Մենք անուղղակիորեն մոտենում ենք հավաքականում հոգեբան ունենալու խնդրի կարևորությանը, որի մասին մի պատեհ առիթով արդեն բարձրաձայնել ենք` մեր զարմանքն արտահայտելով, թե հայկական ծանրամարտի համար այդքան մեծ բան արած նախագահ Գագիկ Ծառուկյանն այդ ինչպե՞ս է աչքաթող արել սույն հանգամանքը, թեև ավելի հակված ենք կարծելու, որ խնդրի կարևորությունը նրան ոչ փաստարկված է ներկայացվել։
Մարզական առումով բավականին հետաքրքիր ու նշանակալից էր ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնությունում մեր մարզուհու ելույթը: Ճիշտ է, այն ամբողջովին բրոնզաձույլ էր, սակայն, բարձրացված քաշի առումով, չափազանց ներկայանալի: Անցած տարվա աշխարհի առաջնության իր արդյունքը մեր աղջիկն այստեղ նկատելիորեն գերազանցեց, ինչը նշանակում է, որ նա վերընթաց է շարժվում: Եվ հետո, հիշենք, ռուսական հզոր երկյակի հետ մրցակցությունում Հռիփսիմեն ոչ միայն «ատամ» ցույց տվեց, այլև աշխարհի ռեկորդի համը փորձեց ճաշակել. ոչինչ, որ այն այս անգամ չհաղթահարվեց: Շատ ավելի կարևորն այն է, որ մարզուհին ունի հզոր կամք, ուժեղ բնավորություն և եթե նրան հաջողվի հաղթահարել պոկում վարժությունում ունեցած հոգեբանական խնդիրները, կդառնա մրցակիցների ահն ու սարսափը: Ի դեպ, զուտ հետաքրքրության համար նշենք, որ Եվրոպայի առաջնությունում բարձրացրած 273 կիլոգրամ կշռող ծանրաձողը կարող էր նրան հաջորդ քաշային կարգում ապահովել Եվրոպայի փոխչեմպիոնուհու տիտղոսը։ Իսկ գուցե վրա է հասել մարզուհուն նոր քաշային կարգ տեղափոխելու ժամանա՞կը: Կարծում ենք` Հռիփսիմեի անձնական մարզիչ Արման Ղազարյանն ու կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն իրենք կորոշեն բարձրացված հարցի նպատակահարմարությունը:
Խոսելով Հռիփսիմե Խուրշուդյանի անցած ուղու մասին` մենք բաց թողեցինք նրա մարզական կյանքի բավականին մեծ ժամանակահատված, իսկ սկիզբն այսպիսին էր:
Տասներկու տարեկան էր, երբ 1999-ին բացեց հայրենի բնակավայրի մարզադահլիճի դուռը։ Եկավ իր կամքով, ինչպես ասում են` սեփական նախաձեռնությամբ: Երկու տարվա համառ պարապմունքներ վաղամեռիկ Սարմեն Եսայանի գլխավորությամբ, և արդյունքը` պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալ: Հաջորդ նմանատիպ առաջնությունում դարձավ չեմպիոն ու... «ձնագունդը» գլորվեց: 2006-ին Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր դարձավ, նույն հաջողությունը կրկնեց հաջորդ տարի` միայն մեկ տարբերությամբ. այս անգամ արծաթը նվաճեց մեծահասակների հետ մրցակցությունում: Ինչ վերաբերում է 2007-ին, այն բացառիկ է մարզուհու կենսագրության մեջ, մինչև այժմ չգերազանցված բարձունք։ Իր քսանամյակը Հռիփսիմեն արքայավայել տոնեց. ինքն իրեն մատուցած նվերների մեջ էին Եվրոպայի մեծահասակների ու երիտասարդների, աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսները: Եթե հետևենք տրամաբանությանը, որը գալիս է «կլորավուն» տարեթվերի նկատմամբ աղջկա ունեցած «թուլությունից», ապա Լոնդոնի օլիմպիադան տեղի է ունենալու ճիշտ և ճիշտ այն ժամանակ, երբ նա կբոլորի 25-ամյակը: Մերը, ինչպես ասում են, հուշելն ու հիշեցնելն է` նրան օլիմպիական չեմպիոնուհու բարձունքում տեսնելու ցանկություն ունենք: Մնացածի տերն ինքն է: Հավատով սպասենք մարզուհու օլիմպիական խիզախմանը, և գուցե այն ժամանակ նրա ծննդավայրում հիշեն, որ Քասախում ապրում է մի աղջիկ, ով պարզապես համագյուղացի չէ, և եթե նրա պատվին երկրի հիմն է հնչում ու դրոշ բարձրանում, կարելի է գեղատերերի սեփական երազանքների ինքնահմա բարձունքից իջնել ու փոքր-ինչ ուշադիր լինել ծանրորդուհու նկատմամբ` բառիս ուղիղ ու փոխաբերական իմաստով: Այդ աղջկա ձեռքը սեղմողների ու վաստակը գնահատողների մեջ հանրապետության նախագահի նման բարձրաստիճան պաշտոնատար անձ կա: Այնպես որ, կարելի է մի քիչ էլ համեստ լինել: Եվ հետո` հանրապետությունում քանի՞ բնակավայր կա, որ Հռիփսիմե Խուրշուդյանի «տրամաչափի» մարզուհի ունի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ