ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԵԹԵ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԱՅԴՔԱՆ ԹԱՆԿ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ, ԵԿԵՔ ՀԱՅԵՐԵՆ ԱՊՐԵՆՔ»

«ԵԹԵ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԱՅԴՔԱՆ ԹԱՆԿ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ, ԵԿԵՔ ՀԱՅԵՐԵՆ ԱՊՐԵՆՔ»
18.06.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հյուրն է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ
-ԱԺ նստաշրջանը խաղաղ ընթացք և խնդրահարույց ավարտ ունեցավ. նկատի ունեմ մեկ ընդունված և մեկ դեռևս չընդունված օրինագծերը: Ձեր կարծիքով` ի՞նչ նպատակ ունեին այդ օրինագծերը, արդյոք խնդիրների խնդիրը որոշակի ժամանակով հասարակության ուշադրությունը շեղելը չէ՞ր ներքին ու արտաքին քաղաքական օրակարգից:
-Չեմ կարծում, թե նման նպատակ կար: Պարզապես հասարակության տարբեր շերտեր շատ ավելի բուռն արձագանքեցին, քան սպասվում էր: Այն տարբերակը, որ առաջին անգամ բերվեց ԱԺ, իրականում արժանի էր հակազդեցության այդ ալիքին: ՀՀԿ-ի ներսում էլ եղան բազմաթիվ քննարկումներ, հանդիպումներ տարբեր ՀԿ-ների ղեկավարների, մասնագետների հետ: Առաջինը հանրապետականներն իրենց առաջարկները ներկայացրին կառավարությանը. բոլոր առաջարկները կառավարությունն ընդունել է: Մենք բոլորին լսեցինք, բոլորի անհանգստությունները, առարկությունները, առաջարկությունները, բայց մեզ չէին ուզում լսել, և մարդիկ, որոնք շատ աղոտ ու հեռավոր պատկերացում ունեին Լեզվի մասին օրենքի առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, ամենից շատ էին մեղադրում:
-Բացի կառավարության կայքում դրվելուց, Լեզվի մասին օրենքի փոփոխության օրինագիծը որևէ տեղ տպագրվե՞լ է։
-Իսկ սայթում տեղակայելը բավական չէ՞ր:
-Իհարկե` ոչ, կայքը հասարակության որոշակի նեղ շերտին է հասու: Կառավարությունը, որ այդքան կարևորում էր օրինագիծը, կարող էր տպագրել թերթում, նույնը` ԱԺ-ն, որ մարդիկ ոչ թե տարբեր մեկնաբանություններ լսելով եզրակացություններ անեին, այլ բնագրին ծանոթանալով:
-Գուցե այդպես է, բայց այն մարդիկ, ովքեր պայքարում են օրինագծի դեմ, ընդդիմանում են, նրանց, փաստորեն, օրինագիծը չի հետաքրքրում:
-Այսինքն, օրենսդրական դաշտից հարցը տեղափոխվել է քաղաքակա՞ն դաշտ:
-Ցավում եմ, բայց առաջին անգամ չէ, որ հասարակությունը դրսևորում է այդ հատկությունները` չլսելու, չհանդուրժելու, հարցի էության մեջ չխորանալով` եզրակացություններ անելու և հանիրավի մեղադրելու: Հախուռն ժխտման, աշխարհը սև ու սպիտակ տեսնելու այդ հակումը ոչ մի ստեղծարար միտում չունի: Օրինագծում այնպիսի դրույթներ են ամրագրվել, որոնք ցրում են բոլոր մտահոգությունները` թե՛ հայերենի ուսուցման, թե՛ դպրոցների թվի, թե՛ այդ դպրոցներում աշակերտների թվի առնչությամբ: Կառավարությունը լիցենզավորման պայմանագրեր է կնքելու, որտեղ հստակ ամրագրելու են պայմանները: Դպրոցների թիվը չի անցնելու 11-ից, 2-ը` մասնավոր, 9-ը` միջպետական համաձայնագրերով: Ինչո՞ւ է ոմանց թվում, թե ներդրումներ անողները գրոհում են մեր երկիրը և երազում այդքան մեծ գումարներ ներդնել մի գործում, որը, բիզնեսի առումով, բնավ շահավետ չէ: Ես անհիմն եմ համարում նաև այն մտահոգությունը, որ այդ դպրոցների շրջանավարտներն արտասահման կմեկնեն. մեկնողը կմեկնի նույնիսկ առանց լեզվի իմացության: 21-րդ դարում, երբ աշխարհի հետ, ինչպես հավասարը հավասարի հետ, հաղորդակցվելու խնդիր կա, այս ամենը կողքից նայողին վայրենություն է թվում: Իրականում այդ դպրոցները պահելը ծանր խնդիր է և մեծ ներդրումներ է պահանջում. միջազգային չափանիշները թղթի վրա են հեշտ ձեռք բերվում, կյանքում դրանք լուրջ ու տևական աշխատանք են պահանջում:
-Ո՞ր դասարանից պիտի օտարալեզու ուսուցումը սկսվի` ըստ կատարված փոփոխությունների:
-7-րդ և 9-րդ, երբ աշակերտներն արդեն ձևավորված անհատականություն են: Ինքս ավարտել եմ անգլիական դպրոց, առաջին դասարանից խորացված անգլերեն եմ սովորել և կարող եմ հավաստել, որ վտանգի պատկերացումը չափազանցված է: Մենք ուզում ենք, որ այդ դպրոցներն օրինական դաշտում գործեն, իրավական կարգավիճակ ունենան: Հայերենի հանդեպ սերն ու հարգանքը նախ ընտանիքից պիտի գա: Եթե երեխան օտար լեզուն ավելի հեշտ է սովորում, պատճառը նրա գիտելիքի սահմանագծվածությունն է, իսկ հայոց լեզուն անսահման խորություն ունի: Ի վերջո, կրթության մասին խոսողը պետք է կիրթ լինի: Իհարկե, մարդիկ նույն հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ կարող են ունենալ, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուրը պիտի իր տեսակետը համարի ու հայտարարի միակ ճշմարտություն ու չցանկանա ոչ մեկին այլևս լսել ու հասկանալ: Իսկ լսել ու հասկանալ պետք է երեխային սովորեցնել փոքր հասակից: Մենք պիտի անցնենք մեր ճանապարհը, դժվարությունները հաղթահարենք` առանց իրար վրա ցեխ շպրտելու, իրար սևացնելու:
-Չե՞ք կարծում, որ մարդիկ սովորաբար ավելի կարևորում են ոչ թե ասվածի բովանդակությունը, այլ ասողի անձը:
-Կա այդ խնդիրը, բայց չի կարելի նույն սխալը մի քանի անգամ կրկնել: Այս քննարկումներից ես հասկացա, որ որոշ մարդիկ գտել են այն բարեբեր դաշտը, որտեղ կարող են ինքնարտահայտվել ու ուրիշի հաշվին ինքնահաստատվել: Բայց նույնիսկ այդ դեպքում մի քիչ էլ պետք է լսել ու բուն թեմային անդրադառնալ: Այդ բարդ մթնոլորտում էլ մեր հանձնաժողովն աշխատել է, հանրապետականների մի ամբողջ խումբ, առաջինից երկրորդ ընթերցում, մեծ աշխատանք է կատարել, ինչն արտահայտվել է օրինագծում:
-Այսինքն, օրինագիծը երևակեց երկու հարթություն. առաջինը` օրենսդրական, որտեղ գտնվող զուտ կրթական խնդիրները գտան իրենց որոշակի լուծումները, պրակտիկան ցույց կտա` ինչ հաջողությամբ, երկրորդ` քաղաքական, որտեղ արտահայտվեց հասարակության ամբողջ բևեռացվածությունը, խորթացածությունը ոչ միայն միմյանցից, այլև իրենք իրենցից: Ո՞րն է այս վիճակից ելքը: Եթե ասում ես` բոլորս պիտի իրար լսենք, ընդհանուր կակաֆոնիայի մեջ քո ձայնը միայն դու կլսես, լսելի դառնալու համար ի՞նչ է պետք:
-Բայց եթե բոլորն աղմկում են, ուրեմն բոլորն էլ նվազագույնը շահագրգռված են: ՀՀԿ-ում էլ տարբեր տեսակետներ են եղել, տեսակետների բազմազանության մեջ շատ կարևոր է ուրիշի տեսակետը հարգելը, այդ դեպքում քո ձայնն էլ լսելի կդառնա: Գուցե ազգային առանձնահատկություն է ջնջելը, ջարդելը, բայց մեր արտահայտչամիջոցներում մենք ավելի կիրթ պիտի լինենք, մեղմ: Կյանքն այնքան բազմագույն է, այնքան խոր շերտեր ունի, մենք շատ ենք մակերեսային դիտարկում: Ելքը, միևնույն է, միմյանց լսելն ու հասկանալն է, երկխոսության մեջ է զարգացման հնարավորությունը:
-Փաստորեն, հանգեցինք քաղաքական մշակույթի պակասի՞ն:
-Քաղաքակա՛ն մշակույթի, ապրելո՛ւ մշակույթի: Գիտեք` կյանքը կողքով է անցնում, նույնիսկ ամենածանր պայմաններում պետք է լիաբուռն ապրել` զգալ, ինչպես արթնացար, ինչպես արևը տեսար, օրվա ընթացքում ինչ իրադարձություններ եղան, ավելի շատ լինել այն մարդկանց կողքին, ովքեր քեզ թանկ են: Մենք մարդկանց մեջ ենք ապրում, չենք կարող հեռանալ ո՛չ նրանցից, ո՛չ ինքներս մեզնից: Ի վերջո, եթե այս օրինագծին դեմ է հասարակության 95 տոկոսը, թող իրենց երեխաներին այդ դպրոցներ ուսման չուղարկեն, և հարցն ինքնին կփակվի: Մարդը կյանքում և օրվա մեջ հնարավորինս պիտի կենտրոնանա լավի վրա:
-Դրան խանգարում է խոսքի ու գործի հակասությունը: Մենք էլ ամեն ինչ ճիշտ ու լավ ասում ենք, իսկ անում ենք այն, ինչ անում ենք. հասարակության 95 տոկոսը կարող է օտարալեզու դպրոցներին դեմ լինել այսօր, իսկ վաղը հասարակության 95 տոկոսը կարող է իր երեխաներին հենց այդ դպրոցները տանել: Հետևողականություն մի՛ փնտրեք:
-Ցավոք, դա վերաբերում է ոչ միայն դպրոցներին: Բայց եթե մեր լեզուն այդքան թանկ է մեզ համար, եկեք հայերեն խոսենք, հայերեն մտածենք, հայերեն ապրենք:
-Հայերեն խոսելուն, մտածելուն, ապրելուն օգնո՞ւմ են այս տարվա հայերենի քննության թեստերը: Նույնիսկ մասնագետները միմյանց մեղադրում են անգրագիտության ու կողմնակալության մեջ:
-Ես մասնագետ չեմ, բայց լսելով բոլորին, հասկացա, որ թեստերի նպատակն է պարզել ոչ թե այն, ինչ գիտի շրջանավարտը, այլ ինչ չգիտի: Չմոռանանք, որ նա ընդամենը դպրոցն է ավարտում, իսկ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտները կկարողանա՞ն այդ թեստերին ճիշտ պատասխանել: Ամեն տարի մայիսից սկսվում է այս նյարդաքայքայումը` համատարած ուսումնատենչությունը, և այն տպավորությունն է, որ ժողովուրդն ազգովին գրոհում ու գրավում է ուսումնական հաստատությունները, և այդքանով էլ ամեն ինչ վերջանում է: Թերևս, չկա մեկ այլ ժողովուրդ, որն այդքան գումար է ծախսում չսովորելու համար` և՛ օրինական, և՛ անօրինական: Ամեն ինչ անում են ընդունվելու համար, ոչինչ չեն անում սովորելու համար. սա է աբսուրդը: Մեզ մոտ ամեն ինչ ծայրահեղ դրսևորումներ է ստանում: Թեստերի հարցում էլ լուրջ խնդիրներ ունենք: Եթե նախարարությունը միավորները բարձրացնելու որոշում է կայացրել, ուրեմն սխալն ընդունել է: Կյանքում մի անգամ գրական մի երկում մի բառ ես կարդացել, ուրեմն պարտավոր ես հիշե՞լ: Այդ բառը տեքստում ընդգրկել ու պարտադրել դրա իմացությունը` նվազագույնը խելամիտ չէ:
-Թեստերի նպատակը գրական հայերենի իմացության ստուգումն է, բայց վերածվում է հնարամտության ու բառարանագիտության մրցավազքի:
-Վիկտորինա է. կարող ես չիմանալ, բայց ճիշտ պատասխանել, կարող ես իմանալ, բայց սխալվել: Լեզուն այդպես չի զարգանում, լեզուն զարգանում է բոլորովին այլ ճանապարհով:
-Նպատակը սովորել սովորեցնելը պիտի լինի, բայց այսօր աշակերտին տրվում է մեխանիկական տվյալների հանրագումար, որը, նախ, գիտելիք չի դառնում, հետո կիրառության դաշտ չունի և դառնում է ինքնանպատակ:
-Մենք կրթական ոլորտի բարեփոխումների մեծ խնդիր ունենք, և ափսոսում եմ, որ այդ բարեփոխումների ընթացքի մեջ հայտնված երեխաները տուժելու են: Ես հույս ունեմ, որ կկայանա ավագ դպրոցը, և մենք կունենանք 9-12-րդ դասարանն ավարտած, մասնագիտական կողմնորոշում, գիտելիքներ ու աշխարհայացք ունեցող շրջանավարտ:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ