ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՈՐՊԵՍ ՕՐԵՆՔ` ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Է»

«ՈՐՊԵՍ ՕՐԵՆՔ` ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Է»
15.06.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-ԱԺ յոթերորդ նստաշրջանն ավարտվեց, Ձեր գնահատականով` օրինագծերից որո՞նք էին ամենակարևորները, և ի՞նչ նոտայի վրա ավարտվեց նստաշրջանը:
-Ես կարծում եմ` անկարևոր օրինագիծ չկա, բոլոր օրինագծերն էլ կարգավորում են հասարակական-քաղաքական կյանքը: Աղմկահարույց էր նստաշրջանի եզրափակիչ ակորդը:
-Վերջին օրը քննարկված օրինագծե՞րը նկատի ունեք:
-Այո, լեզվի մասին և հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրինագծերի փոփոխությունները: Քաղաքական առաջնահերթ կարևորություն ունեցող օրինագծերից եմ համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծը:
-Այդ օրինագիծը որերորդ տարին օրակարգից օրակարգ է դեգերում, փոփոխվում են իրավիճակները, բայց օրինագիծը չի քննարկվում ու չի ընդունվում: Կա անանցանելի՞ ինչ-որ պատճառ:
-Տեխնիկական առումով` այդպես է, բայց քաղաքական առումով` ոչ: 1992 թվականից հիմնավորումը մեկն է` օրինագծի ընդունման ժամանակը չէ: Բայց հարցի պատմությունը վկայում է, որ որքան ուշացնում ենք, այնքան մեծ խնդիրներ են առաջանում: Եթե ճանաչեինք 1992 թ., այսօր արտաքին քաղաքական առումով առավել շահեկան վիճակում կլինեինք: Այսօր ևս ԼՂՀ ճանաչումը շատ ավելի նպատակահարմար է, քան լինելու է վաղը:
-Ինչո՞վ եք հիմնավորում այդ լավն ու վատը:
-Իշխանությունները ԼՂՀ ճանաչման գործընթացը պահում են որպես վերջին փամփուշտ:
-Այո՞, վերջին փամփուշտով սովորաբար ինքնասպան են լինում:
-Այո, ինձ կանխեցիք, որպես օրենք` վերջին փամփուշտն ինքնասպանության համար է: Բերվող հիմնավորումներն իրատեսական չեն:
-Օրինակ:
-Օրինակ` եթե Հայաստանը ճանաչի, Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Ադրբեջանը պատերազմ կսկսի, երբ 100 տոկոսով համոզված լինի, որ հաղթելու է:
-Լավ, եթե Հայաստանը ճանաչեց, ուրիշ երկիր չճանաչեց, ի՞նչ է դա տալու:
-Ես չեմ կարծում, որ եթե Հայաստանը ճանաչեց, որևէ այլ երկիր չի ճանաչելու: Ճանաչման մեծ հնարավորություններ կան ժողովրդավար երկրներում, այն երկրներում, որտեղ հայկական ուժեղ համայնք կա:
-Նստաշրջանում նաև կառավարության աշխատանքի արդյունավետությունն էր ի հայտ գալիս: Կարծո՞ւմ եք, որ ՀՀ կառավարությունը ճգնաժամի պայմաններում հնարավորն արել է:
-Այդ առումով կարևոր էր Կենտրոնական բանկի և կառավարության 2009-ին կատարած աշխատանքների հաշվետվությունը: Ցավոք, կառավարությունը և ԿԲ-ն սխալ ֆինանսական և տնտեսական քաղաքականություն են վարել: Գնաճը մեզ մոտ 6,5 տոկոս է եղել, մինչդեռ ամբողջ աշխարհում համատարած դեֆլյացիայի տարի էր: Այս տարի Հայաստանում ավելի է մեծացել ստվերը, կառավարությունը հայտարարում է ինչ-ինչ խնդիրներ, ծրագրեր, բարեփոխումներ, որոնք դեկլարատիվ են, իրականում խորանում է ստվերայնացումը: Եթե իրավիճակը փորձում ես գնահատել համապատկերում, ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ի պատճառները ոչ թե վերացվել, այլ խորացվել են: Եկամուտների բաշխումը շարունակում է կենտրոնանալ, տնտեսական անհրաժեշտ բարեփոխումները տեղի չեն ունենում, տնտեսության մոնոպոլացումը խորանում է, փոքր և միջին բիզնեսը ամենամեծ հարկատուն է մնում, թեպետ քանակով պակասում է, ներմուծումը 4,4 անգամ ավելի մեծ է արտահանումից, ժողովրդավարական բարեփոխումները խոսքային մակարդակում են կարևորվում: 2008-ին կար սոցիալական արդարության ապահովման և բարեփոխումների խնդիր, որոնց բացակայության պատճառով իշխանությունը, չկարողանալով օրինական ճանապարհով հաղթանակ ապահովել, դիմեց հակաօրինական գործողությունների: Մարտի 1-ից հետո, ցավոք, իշխանությունն անհրաժեշտ դասերը չքաղեց և շարունակում է հասարակության պառակտման, եկամուտների կենտրոնացման, ժողովրդավարացման գործընթացները հնարավորինս կասեցնելու քաղաքականությունը:
-Չե՞ք արձանագրել, որ երբ արտաքին ու ներքին քաղաքական օրակարգում ինչ-որ բան այն չէ, միշտ հայտնվում է շեղող երևույթ, հիշեք` «Արմենիկումից» սկսած մինչև օտարալեզու դպրոցների օրինագիծը: Սեպը սեպով են հանում. բավարար է մի խայծ` հասարակության ուշադրությունն անցանկալի խնդրից կառավարելի խնդրին դարձնելու համար:
-«Արմենիկումը», «Հյուսիս-Հարավ» երկաթգիծը, Դիլիջանը Հայաստանի ֆինանսական կենտրոն դարձնելը... Բայց չէ որ հասարակությանը հուզող խնդիրները չեն լուծվում:
-Այո, բայց կա լիցքաթափման խնդիր, իսկ հետոն հետո կերևա:
-Ի՞նչ լիցքաթափում, ցանկացած պարագայում չլուծված խնդիրն ավելի է խորանում: Իհարկե, հասարակության ուշադրությունը շեղելու պահը չեմ բացառում, բայց կա նաև փայտի մյուս ծայրը` օրինագիծը ցույց տվեց, որ ազգը դեռ չի կորցրել ինքնապահպանման բնազդը և գիտակցությունը. գործընթացում ներգրավվեցին խմբեր, որ քաղաքականապես պասիվ էին, բացարձակ կուսակցական չէին: Մինչև այժմ նեղմասնագիտական համարվող հ/կ-ները, օրինակ` մարդու իրավունքների պաշտպանության, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահական, ԶԼՄ-ների հետ կապված, կարծես` միաձուլվեցին և հասարակության բոլոր շերտերից միասնական ընդդիմադիր խումբ ձևավորվեց:
-Ի վերջո` օտարալեզու դպրոցներին կո՞ղմ եք, թե՞ դեմ:
-Միանշանակ դեմ եմ, որ լինեն օտարալեզու հանրակրթական դպրոցները:
-Բայց չէ՞ որ հիմնական և ավագ դպրոցներին է վերաբերում խոսքը, այն էլ` մասնավոր: Շատերը կարծում են, որ ավագ դպրոցում կարող է օտարալեզու ուսուցում լինել:
-Ավագ դպրոցը կողմնորոշող, մասնագիտացումը որոշակիացնող առաքելություն ունի, ուստի միայն ավագ դպրոցում կարող է օտարալեզու ուսուցում լինել, և` միայն մասնավոր դպրոցում: Որպես մանկավարժ` ես պիտի ասեմ, որ կա լեզվամտածողության խնդիր, պետությունը պետություն է նախ և առաջ իր քաղաքացիներով, իսկ քաղաքացին այն մարդն է, որն ունի տվյալ պետության լեզվամտածողությունը: Եթե մենք աշխարհում առաջինը թարգմանեցինք Աստվածաշունչը և միակ երկիրն ենք, որի տոնացույցում Թարգմանչաց տոն կա, պարզ է, թե որքան են մեր նախահայրերը կարևորել գիտելիքը բացառապես հայերենով հասու դարձնելը: Լեզվամտածողությունը ձևավորվում է մինչև 14-15 տարեկանը, պետության խնդիրն է, որ իր քաղաքացիներն առավել ընկալունակ տարիքում, ինքնության սաղմերի ձևավորման շրջանում կրթվեն բացառապես հայերենով: Հայկական ինքնության պահպանման երկու հիմնասյուն կա` մեկը քրիստոնեական հավատքն է, եկեղեցին, մյուսը` լեզուն: Դա պատմությունն է ապացուցել: Այս օրինագծով վտանգվում է երկրորդ կարևոր հիմնասյունը: Դպրոցը նաև դաստիարակում է, մենք հայ քաղաքացի պետք է դաստիարակենք:
-Եթե հայ քաղաքացին ազատ խոսում է իտալերեն, դադարո՞ւմ է հայ քաղաքացի լինելուց:
-Բնականաբար` ոչ, բայց դրա համար ընդամենը պետք է օտար լեզվի նորմալ կամ խորացված ուսուցում հանրակրթական դպրոցում: Հենց առաջին դասարանից: Երեխաների ուղեղը սպունգի նման է. որքան տալիս ես, այնքան ընկալում են, որքան փոքր, այնքան հեշտ են լեզուներ սովորում: Ցավոք, անկախությունից ի վեր դպրոցները դարձան սև տեխնոլոգիաների կիրարկման դաշտ: Իհարկե, մանկավարժների ակտիվ քաղաքական դիրքորոշումը ողջունելի է, բայց չի կարելի դպրոցը համատարած ներառել ընտրակեղծիքների համակարգում: Եթե դպրոցների տնօրեններ նշանակվում կամ ազատվում են ըստ տվյալ կուսակցության քաղաքական նպատակահարմարության` կեղծիքներ կանի, թե ոչ, անհեթեթ է խոսել ուսուցման որակի մասին: Պրոֆեսիոնալ շատ մանկավարժներ, որոնք չեն ցանկանում մասնակից լինել սև տեխնոլոգիաներին, ժամանակ առ ժամանակ դուրս են մղվում կրթական համակարգից: Շատ կարևոր է, թե պետությունն իր հիերարխիկ համակարգում ի՞նչ տեղ է հատկացնում մանկավարժին: Ցավոք, իշխանությունների ձևավորած պահանջն այնպիսին է, որ քո կիրթ, գրագետ, փորձառու լինելը կարևոր չէ, կարևորը` կարողանո՞ւմ ես իշխանություններին անվերապահորեն ծառայել, թե՞ ոչ:
-Երբ հասարակություն-պետություն փոխհարաբերություններն իշխանության ուղեգծից շեղվում են, հայտնվում է հերթական օրինագիծը, որ սահմանափակի հասարակության ազատության իրավունքը, թեպետ միշտ «փաթեթավորումը» հավուր պատշաճի է լինում: Այդպիսի՞ն է հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը, թե՞ ընդամենը լուծում է օրենքով սահմանված խնդիրները:
-Դեռ երկու տարի առաջ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից հանդիսավորապես հայտարարեց, որ մրցույթները հետաձգելու օրինագիծը նպատակ ունի խոչընդոտելու թվայնացման կայացումը, իսկ թվայնացումից հետո անսահմանափակ հաճախականություններ են լինելու: Այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ դա արվում է բացառապես ազատ հեռուստաընկերությունները փակելու համար, այս օրինագիծը հիմնավորապես ապացուցեց դա: Բայց այս անգամ պարոն Երիցյանը պատգամավորների հետ որևէ քննարկման չմասնակցեց` հատկապես այդ օրերին խիստ զբաղված էր: Արդյոք օրինագծի նպատակը ազատության կարևորագույն օղակը` քաղաքացու տեղեկացվածության իրավունքը սահմանափակելը չէ՞: Դժբախտաբար` է՛: Այո, դժբախտաբար դա տեղի ունեցավ միջազգային կառույցների հովանավորությամբ` ԵՄ դեսպանները և մի շարք միջազգային կազմակերպություններ դրական են արտահայտվել օրինագծի վերաբերյալ, մինչդեռ հասարակությունն ամբողջովին մերժում է: Ամբողջովին լուծելով հեռուստաընկերությունների խնդիրը, իշխանություններն այս օրինագծով կանխելու են «Ա1+»-ի եթեր վերադարձը, նաև փորձում են ֆինանսական ճնշումներ սահմանել մամուլի վրա զրպարտության և կեղծ տեղեկություններ հաղորդելու անվան տակ: Արդյունքում մենք այսօր ազատ լրատվամիջոց չունենք` ո՛չ հեռուստաընկերություն, ո՛չ ռադիոընկերություն, ո՛չ տպագիր մամուլ: Հեռուստաընկերությունները քաղաքական առումով պատկանում են ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին: ՕԵԿ-ը փորձում է հանրապետականի բազայից կսմթել: Թերթերն էլ բաժանվում են իշխանությունների, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի միջև, այդ թվում` կայքէջերը: Անկախ և ազատ մամուլի ի հայտ գալը հնարավոր է միայն բարեփոխումներից ու իշխանափոխությունից հետո:
-Ինը տարի խորհրդարանում աշխատելով` հնարավորություն եմ ունեցել արձանագրելու մի քանի օրինաչափություններ, որոնցից մեկը Ընտրական օրենսգրքի պարտադիր փոփոխությունն է` հարկավ լավագույն նկատառումներով, բայց միշտ ավելի վատ արդյունքով, քան կար: ԸՕ-ի փոփոխությունների Ձեր նախագիծն ի՞նչ նպատակ ուներ:
-Լիովին համաձայն եմ: Նայած` ինչ խնդիր ես դնում ԸՕ-ի բարեփոխման հիմքում` իրո՞ք գործընթացի բարեփոխումը, թե՞ իշխանությունն ապահովում է իր վերարտադրումը: ԸՕ-ի իմ ներկայացրած տարբերակը նախ և առաջ կարգավորում էր ընտրացուցակների հարցը, որ վերջին պահին ավելորդ մարդիկ չհայտնվեին, 9-րդ ձևը դադարեր երթուղայիններում «շրջագայելուց»: Երկրորդը` մեռյալ հոգիների խնդիրն էր և Հայաստանից բացակայող քաղաքացիների ընտրությանն ակտիվ մասնակցությունը:
-Փաստորեն, դե՞մ եք հանգուցյալների քաղաքական ակտիվությանը:
-Ոչ միայն ես, Աստծո դեմ պետք չէ գնալ: Հայաստանի բնակչության իրական թիվը և ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը հակադարձ համեմատական են` որքան բնակչությունը նվազում է, այնքան ընտրացուցակները մեծանում են: Երրորդ խնդիրը վերաբերում էր լրատվական դաշտի կարգավորմանը` և՛ ֆինանսական, և՛ ժամանակի հատկացման, և՛ քարոզչության հավասարակշռվածության առումով: Ընտրական գործընթացների ֆինանսավորման կարգավորման փորձ էի արել` մուծումները, ծախսերը, թափանցիկությունն ու վերահսկողությունը: Կարևոր քաղաքական քայլ եմ համարում մեծամասնական ընտրակարգից հրաժարվելը և բացառապես համամասնական ընտրակարգին անցումը, որ այսօրվա քաղաքական իրողության պայմաններում համարում եմ ամբողջովին հիմնավորված:
-Դուք լրջորեն կարծում եք, որ Հայաստանում բազմակուսակցական համակարգն այնքան կայացած է, որ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգն ամբողջովին հիմնավորվա՞ծ է: Մոռանո՞ւմ եք, որ կուսակցական ցուցակներում որևէ թեկնածուի տեղը որոշվում է ոչ թե նրա ինտելեկտի, գաղափարների, կուսակցական փորձառության, այլ ընդամենը ֆինանսական հնարավորությունների հանգույն: Ի վերջո` քաղծառայության մասին օրենքն էլ լավագույն մտադրությունների հանգանակ է, աշխատանքի տեղավորում են կուսակցությունները:
-Համաձայն եմ: Այդպես է, որովհետև չունենք նորմալ ընտրական համակարգ, որի պայմաններում կաշխատեր ժողովրդավարական կարևորագույն ինստիտուտներից մեկը` քաղծառայության ինստիտուտը: Ժամանակի ընթացքում անընդհատ օրենքով սահմանափակվեցին քաղծառայողի ազատություններն ու իրավունքները, մեղավորը ոչ թե կուսակցությունն է, այլ իշխանության ձևավորումը:
-Ո՞վ է դառնալու ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:
-ՈՒմ բախտը կբերի և ով այս պահին ավելի ուժեղ է:
-Ո՞Ւմ բախտն է բերելու:
-Հուլիսի 11-ին կերևա, շատ կուզեի, որ Իսպանիայի, Արգենտինայի կամ Անգլիայի հավաքականը լիներ:
-Իսկ ես ուզում եմ գործող չեմպիոնը` Իտալիան, հաղթի:
-Չեմ կարծում` այս անգամ էլ հաղթի:
-Կհաղթի, եթե ուժեղ է, ու բախտն էլ բերի:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ