ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՄԱՍՆԱՎՈՐ ԿՐՊԱԿ

ՄԱՍՆԱՎՈՐ ԿՐՊԱԿ
09.03.2010 | 00:00

Անիմաստ զբաղմունք է փորձել խորամուխ լինել ֆինանսական ճգնաժամի պատճառների մեջ, եթե չունենանք պատկերացում ժամանակակից աշխարհի ֆինանսատնտեսական կառուցվածքի վերաբերյալ։ Այդ առումով առաջին հարցը, որը տեղին կլիներ, այն է` ի՞նչ է փողը։ Համարվում է, որ ամենաառաջին դրամները երևան են եկել մ.թ.ա. մոտավորապես 7-րդ դարում Չինաստանում և Լիդիայում։ Դրանից էլի 200 տարի անց պարսից Դարեհ արքան տնտեսական հեղափոխություն կատարեց իր պետության մեջ` շրջանառության մեջ դնելով դրամը և նրանցով փոխելով մինչ այդ տնտեսական հարաբերություններում գոյություն ունեցող ապրանքների պարզ փոխանակությունը։ Դա վիթխարի խթան էր երկրի զարգացման գործում և պարսկական կայսրության սահմաններն անհավանական ընդարձակելու հիմնական պատճառներից մեկը (ռազմական նվաճումների հետ համատեղ)։ ՈՒ քանի որ պետություններ շատ կային, իսկ տարբեր կշռի ու մաքրության դրամներ առավել ևս, ապա դեռևս հին աշխարհում հայտնվեցին առաջին պրոֆեսիոնալ դրամափոխները, որոնք իրենց վրա վերցրին փողի փոխանակման գործը։ Հենց նման պղնձա-արծաթա-ոսկե տեսքով էլ համաշխարհային ֆինանսական համակարգը գոյատևեց գրեթե մինչև 20-րդ դարի սկիզբ։
20-րդ դարի սկզբին երկրները մեկը մյուսի հետևից սկսեցին անցնել միամետաղ դրամական համակարգի, ինչը և գոյություն ունի մինչ օրս։ Ընդհանուր համարժեք մնաց միայն ոսկին, իսկ պետությունների արժույթը դարձավ ոսկե։ Գերմանիայում դա տեղի ունեցավ 1871 թվականին, Հոլանդիայում` 1877, Ավստրալիայում` 1892, Ճապոնիայում` 1897, Ռուսաստանում` 1898, ԱՄՆ-ում` 1900 թվականին։ Մետաղադրամներ թողարկելու գործում գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ կանխիկ փող արտադրելու համար անհրաժեշտ էր ունենալ թանկարժեք մետաղներ։ Բոլոր պետությունները ստիպված էին ապրել «ըստ առկա միջոցների», իրենցից անկախ պահպանելով այդ կանոնը։ Բացի դրանից, տարբեր պատահարների հետ կապված, թանկարժեք մետաղադրամները հաճախ կորչում էին, ծովի տակն անցնում, մաշվում և այլն։ Իսկ այդ կորուստները լրացնելու համար պահանջվում էր դժվարին ու հարատև աշխատանք արծաթի և ոսկու հանքերում։ Միջնադարյան պետություններն իրենց արդյունաբերական արտադրության և առևտրի զարգացման մեջ բախվում էին դժվարությունների, մասամբ և այն պարզ պատճառով, որ չէր հերիքում մետաղադրամը։ Այնքան ոսկի և արծաթ չէին արդյունահանվում, որքան որ ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ տնտեսության վերելքի համար։ Փրկությունը եկավ Իսպանիայի կողմից անդրծովյան նոր տարածքների նվաճման հետ, երբ ինկերի և ացտեկների ոսկին հորդեց դեպ Եվրոպա` ապահովելով Վերածննդի դարաշրջանը և արդյունաբերական աճը։ Իսպանացիների օրինակով թալանելու, կամ, ըստ իրենց, նոր հողեր յուրացնելու նետվեցին պորտուգալացիները, ֆրանսիացիները, անգլիացիները և հոլանդացիները։
Համաշխարհային պատմության հաջորդ փուլը թղթադրամների ի հայտ գալն էր։ Հակառակ լայն տարածում գտած կարծիքի` թղթադրամների թողարկումն ինքնին չարիք չէր։ Քանի որ ի սկզբանե ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում թողարկել չապահովագրված թղթադրամներ։ Առաջին թղթադրամները հայտնվել են շատ վաղուց` մոտավորապես 7-8-րդ դարերում Չինաստանում։ Եվ այն ժամանակ, երբ եվրոպական ալքիմիկոսներն անկարող գտնվեցին տարբեր մետաղները վերածելու ոսկու, չինական կայսրերը կարողացան ոսկի դարձնել սովորական թուղթը։ Արդեն 13-րդ դարում թղթադրամները Չինաստանում լայն տարածում ունեին։ Դրանք քառանկյուն շերտիկի տեսքով էին և ապահովված էին հատուկ նշաններով ու կնիքներով։ Պատրաստված էին արտակարգ հմտությամբ։ Այդ թղթերն ունեին տարբեր անվանական արժեքների գնողունակություն և մահվան սպառնալիքի տակ պարտադիր էին ընդունման։ Սակայն, մտրակից բացի, կար և բլիթ` թղթադրամների ցանկացած սեփականատեր կարող էր ցանկացած պահի փոխել այն ոսկով։
20-րդ դարի սկզբին ոսկով ապահովված էին բոլոր հիմնական համաշխարհային արժույթները, որոնք վաղուց արդեն անցել էին «թղթե» ձևաչափի։ Իսկ դա նշանակում էր, որ պետության ոսկու պաշարը համապատասխանում էր նրա գանձատան թողարկած թղթադրամների քանակին, և նրանց ցանկացած սեփականատեր կարող էր ուզած պահին այն փոխել որոշակի քանակությամբ դեղին մետաղով։ Սակայն առօրյա կյանքում ձեր ինչի՞ն է պետք ոսկին։ Միանգամայն բավարար էր առաջին իսկ անհրաժեշտության դեպքում այն ստանալու հնարավորությունը։ Նման երաշխիք ամենուր իր վրա էր վերցնում պետությունը, և այդ իմաստով թե՛ ամերիկյան դոլարը, թե՛ ռուսական ռուբլին միանգամայն «ոսկյա» էին։ Հետաքրքրականն այստեղ այն էր, որ կապիտալիստական սկզբունքների վրա կառուցված համաշխարհային տնտեսությունում անսասանորեն պահպանվում էր միանգամայն սոցիալիստական մի դրույթ` բոլորն ապրում էին այնպես, ինչպես աշխատում էին։ Անաշխատ եկամուտներ, ասել է թե` ոսկով չապահովագրված, երկրները չունեին։ Եվ այդպես շարունակվեց մինչև 1913 թվականը, երբ ԱՄՆ-ում կատարեցին, կարելի է ասել, դարակազմիկ մի հայտնագործություն։ Ասենք, այդ մասին բանկիրները գիտեին շատ վաղուց։
Եթե ունենաս հնարավորություն թողարկելու թղթադրամներ, բայց չլինես կաշկանդված դրանք ոսկով ապահովելու պահանջով, հարստությունը կարող է դառնալ անեզր։ Իսկ անսահման հարստությունը մշտապես ձեռք ձեռքի տված քայլում է անսահմանափակ իշխանության հետ։ Հարստություն դիզելու համար բոլոր ժամանակներում էլ իշխանություն է պետք եղել, իսկ այն պահպանելու կամ զավթելու համար` փող։ Համաշխարհային հարստություն ստանալու համար անհրաժեշտ է համաշխարհային իշխանություն։ Իսկ ողջ աշխարհի վրա քո իշխանությունը պահպանելու համար պետք է ունենաս միջոցների անհատնում աղբյուր։
Նման մտքից մարդու շունչ է կտրվում։ Բայց պետք էր ինչ-որ բանից սկսել։ Դրա համար անհրաժեշտ էր վերահսկողության տակ վերցնել մի որևէ մեծ տերությունում դրամի էմիսիան, այսինքն` նրա թողարկումը։ Որպես հաջողության հասնելու երկրորդ նախապայման հառնում էր աշխարհի քաղաքական քարտեզից բոլոր այն տերությունների պարտադիր անհետացումը, որոնք ի վիճակի էին հարցականի տակ դնելու մի տերության կողմից ոչնչով չապահովագրված դրամի թողարկումը։
Համադրեք երկու տարեթվեր.
1. 1913 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում ստեղծվեց Դաշնային պահուստի համակարգը (ԴՊՀ) (Federal Reserve System) - մարդկության պատմության մեջ առաջին ՄԱՍՆԱՎՈՐ ԿՐՊԱԿԸ, որն իրավունք ստացավ փող տպելու։
2. 1914 թվականի օգոստոսին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որի հետևանքով անհետացան չորս համաշխարհային կայսրություններ` գերմանական, ռուսական, ավստրո-հունգարական և օսմանյան։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտնվեցին ծանրագույն տնտեսական իրավիճակում, իսկ համաշխարհային տնտեսությունը վերապրեց իր նախադեպը չունեցող մի ճգնաժամ։
ԱՄՆ-ում ԴՊՀ-ի ստեղծման գործընթացը չափազանց հետաքրքրական է և առավել քան արժանի մանրամասն դիտարկման։ Միապետական երկրներում դրամի հատումը միշտ էլ եղել է պետական գանձարանի մենաշնորհը, որը տարբեր երկրներում բազմաթիվ անուններ է ունեցել, բայց մշտապես պահպանել է իր պետական կարգավիճակը։ Ինչպես հայտնի է, դեմոկրատական Ամերիկայում հիմնական օրենքը Սահմանադրությունն է։ Բացում ենք այն, կարդում. «Կոնգրեսն իրավունք ունի... դրամ հատելու, կարգավորելու նրա արժեքը և արտասահմանյան դրամի արժեքը»։ Ամեն ինչ ճիշտ է, ԱՄՆ-ի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, Կոնգրեսը` նրա ներկայացուցիչն է։ Հենց նրանք էլ տնօրինում են դրամ հատելու լիազորությունները։ Այդպես էր մինչև 1913 թվականի դեկտեմբերի 23-ը, երբ ժողովրդի ընտրյալները հաստատեցին Դաշնային պահուստի մասին դարակազմիկ ակտը։
Այդ պահից սկսած Ամերիկայում դրամը հատում է մասնավոր մի կրպակ։ Այդ գրասենյակի մեջ եղած «դաշնային» բառը չպետք է ձեզ շփոթեցնի։ Դա ամենասովորական ընդօրինակում է, իսկ «ֆեդերալիզմ» այնտեղ կա ոչ ավելի, քան «Ֆեդերալ էքսպրես» մասնավոր փոստային ծառայության մեջ։ Ձեր ձեռքը վերցրեք մի որևիցե արժեքի ամերիկյան թղթադրամ և ուշադիր նայեք։ Անմիջապես վերևում գրված է` «Federal Reserve Note», որը նշանակում է «Դաշնային պահուստի բանկատոմս»։
Ձեզ համար պա՞րզ է։ Ձեր առջև է ոչ թե ԱՄՆ-ի, այլ ԴՊՀ-ի դոլարը։ Փոքր-ինչ ներքևում տեղադրված «United States of America» բառերն ունեն զուտ աշխարհագրական նշանակություն, որը ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում այն կազմակերպությունը, որը թողարկում է տվյալ դրամը։ Այդ բառերը չեն նշանակում, թե դուք ձեր ձեռքում պահում եք ԱՄՆ-ի դրամը։ Ավելին, մինչ ԴՊՀ-ի ստեղծումը դոլարի վրա հենց ամենայն հստակությամբ գրված էր, որ դա ԱՄՆ-ի բանկատոմս է։ Անգլերենով դա հնչում էր այսպես` «United States Note»։ Առաջին անգամ նման գրությամբ դոլարներ թողարկվել են ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի (1861-1865) տարիներին։
Ովքե՞ր են ստեղծել ԴՊՀ-ն։ Այն հիմնել են 12 դաշնային պահուստի բանկեր։ Իսկ ո՞վ է հիմնել այդ բանկերը։ Պետությո՞ւնը։ Ո՛չ, ԱՄՆ-ում պետական բանկեր գոյություն չունեն, դրանք բոլորը մասնավոր են։ ԴՊ բանկերի հիմնադիրներն են ամենասովորական կոմերցիոն բանկերը, որոնք համախմբվել էին տարածքային հատկանիշներով։ Ո՞Ւմ է վերահսկում ԴՊՀ-ն։ Կոմերցիոն բանկերին։ Բայց չէ՞ որ ԴՊՀ-ն... հենց նրանք էլ ստեղծել են։ Ստացվում է, որ ԴՊՀ-ն վերահսկում է... ինքն իրեն։
Վերջապես, ի՞նչ է իրենից ներկայացնում Դաշնային պահուստի համակարգը։ ԴՊՀ-ն մի մասնավոր բանկ է, որին տիրում են այլ մասնավոր բանկեր։ Եվ այն թողարկում է դրամանիշներ, որոնք, ըստ հին սովորության, կոչվում են ամերիկյան դոլարներ։ Գրված էր «U. S. Note» ամերիկյան արժույթի վրա, այժմ այն անհետացել է։ Բայց քանի որ դոլարն ինքը մնացել է միևնույն տեսքի, տարբերությունը ոչ ոք չի էլ նկատել։ Այսօր մենք պահում ենք մեր ձեռքերում կանաչ գույնով ներկած թղթի մի կտոր` չկասկածելով անգամ, որ այն ԱՄՆ-ի պետության հետ ոչ մի կապ չունի։
Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, որ 1913 թվականից սկսած Միացյալ Նահանգներում կոպտորեն խախտվում է Սահմանադրությունը, համաձայն որի միայն «Կոնգրեսն իրավունք ունի... դրամ հատելու»։ Որպեսզի պարզ դառնա նման իրավիճակի ողջ անհեթեթությունը, եկեք պատկերացնենք, թե, ասենք, ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի նախագահները, ովքեր իրենց երկրների զինված ուժերի գլխավոր հրամանատարներն են, վերցնեն ու հրամանագիր ստորագրեն այն մասին, որ հետայսու իրենք իրենց վրայից վայր են դնում այդ պարտականությունները և որպես այդպիսիք նշանակում այլ անձանց։ Ձևականորեն ամեն ինչ օրինական է` պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել, այն մտել է ուժի մեջ, բայց, ըստ էության, դա հիմնական օրենքի կոպիտ խախտում է, որտեղ պարզ ու հստակ գրված է, թե ով է համարվում երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատար։
Բայց այս ամենով անակնկալները չեն ավարտվում։ Հերիք չէ, որ ԴՊՀ-ն բոլորովին «դաշնային» չէ, այն նաև «պահուստային» էլ չէ։ ԴՊՀ-ն ոչ մի պահուստ էլ չունի։ Ո՛չ ոսկե, ո՛չ արծաթե, ո՛չ էլ որևէ արժույթով։ Բացարձակապես ոչ մի։ Չունի ոչինչ` միայն գրասենյակներ, քարտուղարուհիներ և համակարգիչներ։ Բայց ԴՊՀ-ն ունի ամենագլխավորը` դոլար թողարկելու ՄԵՆԱՇՆՈՐՀ իրավունքը։ Եթե դուք ձեր ձեռքերում եք պահում «փող տպող մեքենան», ոչ մի այլ արժեք ձեզ իսկապես էլ պետք չէ։ Դուք կարող եք տպել որքան ցանկանում եք այդ դրամներից և գնել ձեզ անհրաժեշտ ամեն ինչ։ ԴՊՀ-ն տերն է այդ տպագրական մեքենայի։ Այն իրականացնում է նաև վերահսկողական գործառնություն ու միաժամանակ և՛ դատախազ է, և՛ դատավոր, նաև` փաստաբան։ Համաձայնեք, որ այդպես շատ հարմար է։ Ստացվում է, որ ոչ կառավարական կառույցը վերահսկողություն է իրականացնում ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի նկատմամբ, մի երկրի, որն աշխարհում գերիշխող դերակատարում ունի։ Իսկ դա արդեն նշանակում է, որ Դաշնային պահուստի համակարգը վերահսկում է ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև ողջ աշխարհի ֆինանսական կյանքը։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1761

Մեկնաբանություններ