Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մարդու անունը

Մարդու անունը
26.09.2008 | 00:00

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Անունը՝ Հակոբ, հեշտ լսեցի ու հեշտ գրեցի, ազգանունը հեշտ լսեցի, բայց գրիչը չսահեց։ Մարդը ճիշտ արեց, գրիչն առավ ձեռքիցս, նոթատետրս ձեռքի տակ առավ, նայեց ինձ ու ասաց՝ ՀԱԿՈԲ ԱՊՈՒԼԱՖՅԱՆ, այո՛, ես եմ, ասած տառերը գրի պատկեր դարձրեց, գրելով՝ Հակոբ Ապուլաֆեան։ Ինձ մնար, երևի, պիտի գրեի՝ Աբոլավյան։ Մարդը գրեց իր անուն-ազգանունը, հիշեցրեց հայրանունը՝ Միհրան, ասաց՝ իր ազգանվան մեջ երեք ազգի բառեր կան, միայն «յանն» է հայերեն։ Ինձ համոզեց, որ զրուցելու հետ արժե կաթով սուրճ խմել։ Ասաց՝ կաթով սուրճը խմելիս կասեմ՝ «ապուն» որ լեզվով է և ինչ է նշանակում, «լաֆը» որ լեզվով է ու ինչ է նշանակում, իսկ հայերեն «յանը» պետք չէ բացատրել, որովհետև «յան» նշանակում է... Կաթով սուրճը բերեցին, ապու-լաֆի բառաբացատրությունը թողած, ասաց՝ կաթը բերում են մոտիկ Այգեստան գյուղից, մարդկանց պիտի սովորեցնել կաթով սուրճի, հասկացնել, որ կաթով սուրճի հետ պետք չէ ծխել, ընդհանրապես պետք չէ ծխել, ծխելը սուտ խոսելուց ավելի թունավոր ու վտանգավոր է, որ հաղթած ժողովուրդը պետք է չծխի...
Էսքանը՝ որպես նախաբան, ոչ վատ նախաբան, մանավանդ, որպես շարունակություն պիտի ասեմ, որ պատկառելի տարիքի ու փառահեղ արտաքինի զրուցակիցս քառասուն տարի առաջ իր ծննդավայր Հալեպից մեկնել է Սիդնեյ։ Հետաքրքիրը ո՛չ ծննդավայրն է, ո՛չ երկրորդ բնակավայր Սիդնեյը։ Հետաքրքիրն այն է, որ մենք նստել ենք Ստեփանակերտի՝ իր իսկ ձեռքով նախագծած ու կառուցած «Նաիրի» հյուրանոցի բակում, հենց բնության մեջ, հայացքներս Արցախածուխ բնության լեռնապար ու երկնամերձ հրաշքներին, ու լավն էն է, որ մարդը մոռացնում է շատ բան. օրինակ՝ դու ոչ թե նրա հյուրանոցում ես, այլ՝ տանը։ Տանը՝ ոչ թե Հալեպում, Սիդնեյում, այլ Արցախում։ Հալեպում իր դուռը միշտ էլ բաց է եղել, Սիդնեյում բաց է ու բաց։ Հաճախ Սիդնեյ համերգային հրավերներ է շնորհում հայրենի արժանավոր արվեստագետների՝ բարերարի շունչը պահելով նրանց վրա։ Ինքը նույնպես հիացած է Արաքս Մանսուրյանով՝ Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհով, բայց ինչո՞ւ հյուրախաղերի չգան մեր հայրենի արվեստագետները։ Ռոբերտ Ամիրխանյանին, այո՛, նույնպես հրավիրել է։
Իսկ ինչո՞ւ ենք մենք զրուցում հենց Ստեփանակերտում։ Վաղ գարնանից ուշ աշուն նրա տունն Արցախում է, ինքն իր հյուրանոցում՝ ինչպես իր տանը։ Ափսոս, տե՛ս, արևն էլ թեքվել, մայրամուտ է, արևին ի՞նչ, հիմա արևամուտ է, վաղն իր արևելքի տերը կլինի։ Ինքը՝ երկրներ տեսածը, մայրամուտին հասկացավ, որ երկիր ունի, երկիր ու երկինք ունի, անունը՝ Արցախ։ Աշխարհը Հայաստան է ասում, աշխարհը Արցախ է ասում, դու՝ Սիդնեյում ապրող հայ, Հակոբ Ապուլաֆյան, նորի՞ց ես ծնվելու, ջահելանալո՞ւ ես, հենց հիմա Արցախ ասա ու գնա։ Կի՞նդ էլ է գալիս։ Աչքի վրա։ Կարոտ, սեր, աղոթք ունեցող հայուհի է, Վարսենիկ է, ավելի լավ, տեր ու տիկին դարձած կհասնեն Հայաստան, կհասնեն Արցախ ու... Զավակներ, թոռներ, հարազատներ, դուք սպասեք, մենք ճամփա բացենք, գնանք-գանք, հերթը թող ձեզ հասնի...
Հասան Արցախ ու... հյուրանոց չկա։ Հյուրանոց, իբր, կա, բայց տեղ չկա։ Մի սեփական տուն ճարեցին։ Անհարմար վիճակում հայտնվելու բոլոր պայմաններով։ Մարդը՝ ջահել, եռանդով, Հալեպից Սիդնեյ էր հասել, մտել աշխատանքի մեջ։ Ոչ թե մեջ, այլ ճկռել գործի տակ։ Ամբողջ տասը տարի, օրը 12 ժամ ճգնել էր։ Ձեզ մոտ, ասաց մարդը, որ նույն Հակոբ Ապուլաֆյանն էր, իմ արած գործին «դզող-փչող» կասեք, բայց ես անում էի ավտոնորոգումների գործ։ Տասը տարում ես կիրակի, հանգստի օր, ծննդյան օր, նոր տարվա օր չեմ ունեցել...
Տասը տարի ճկռելուց հետո հասկանում է, որ հարկավոր է շունչ քաշել։ Շունչ է քաշում ու հասկանում, որ բավականին գումար է կուտակել։ Եվ կյանքում չգայթակղված այրը գայթակղվում է իր փողերով։ Մեկ ցանկանում է մսխել կանանց հետ։ Մեկ մտածում է աշխարհի ճանապարհներին իր ոտնատեղն ունենալ։ Հասկանում է, որ հրաշալի խմիչքներ կան։ Մեկ էլ ուշքի է գալիս ինքն իր ձայնից՝ սեփական տուն ունենալու իսկական ժամանակն է։ Տուն է սարքում, իր ընտանիքը փառավորապես տեղավորվում է, բայց զգում է, որ մի բան պակաս է։ Նայում է իր ներսը, գտնում իր Աստծուն, աղոթում ու յոթ օր հետո հասկանում, որ ազնիվ, քափ-քրտինքով աշխատած գումարից արժե բարեգործություններ անել։ Եվ հենց էդ ճանապարհին մարդը ճանաչեց ինքն իրեն։
Եվ Սիդնեյում ճանաչված, մեր լեզվով ասած, «դզող-փչողը» դարձավ շինարար։ Հասկացավ, որ շինարարական բիզնեսից ավելի լավ գործ իրեն այլևս չի տրվելու, մանավանդ՝ Միհրան տղան իրեն թև ու թիկունք է։
Հիմա Սիդնեյից նորից թռչենք Արցախ։ Մարդը մտորում է երկրի և երկնքի միջև։ Սա Արցախի հողն է, սա Արցախի երկինքն է։ Երկնքի և երկրի մեջտեղում մարդն է։ Նաև՝ ինքը։ Իսկ ինքն ինչո՞ւ է հյուր։ Եթե դու քեզ հայ ես զգում, հետո ի՞նչ, որ պատերազմի ժամանակ չես եղել, եթե օգնել ես, ապա Աստծո աչքից հեռու, թող իր անունը չտան, իսկ հիմա... Հյուրանոց սարքելը շատ լավ բիզնես է։ Առանց ընտանիքի հետ, առանց Միհրան աղայի հետ խորհրդի նստելու՝ ինքնագլուխ ոչինչ չի անի։ Լսելուց հետո տղան կարճ կապեց՝ եթե օդը դուրդ է գալիս, եթե բնությունը, իրոք, էնքան լավ է, ինչպես նկարագրում ես, եթե մայրիկի հետ ուզում եք արցախյան ամառ ունենալ, մի՛ մտածիր, սկսիր շինարարությունը՝ երբեք չմտածելով շահելու կամ տուժելու մասին։
Ղարաբաղի իշխանություններն էլ զարմացան. յոթանասունին մոտ մարդը ուզում է հյուրանոց կառուցել։ Քանի՞ տարի կտևի։ Հավանած տեղը, առանց աչք ճպպացնելու, տվեցին։ Ընդամենը մի բան ասաց ԼՂՀ նախագահին՝ խնդրում եմ, երբ հրավիրեմ հյուրանոցի բացմանը, չմերժեք։ Նախագահ էր, մտածեց՝ ծեր մարդու բորբոքված ցանկություն, 4-5 տարում հազիվ... Իսկ մարդը, որ Հակոբ Ապուլաֆյանն էր, 21-րդ դարի մեկ թվականի հունիսի 1-ին սկսեց ու նույն դարի, նույն թվականի, բայց սեպտեմբերի 1-ին ավարտեց «Նաիրի» հյուրանոցի շինարարությունը։ Սքանչելի հյուրանոց։ 100 տեղանոց։ Հանդիսավոր բացումից տասն օր առաջ զանգ տվեց Սիդնեյ. սեպտեմբերի 1-ին «Նաիրի» հյուրանոցի հանդիսավոր բացումն է։ Հյուրանոցը կոչել եմ մեր հին երկրի ու իմ հարսի անունով։ Համեցեք... Համեցեք Արցախ, համեցեք Ստեփանակերտ, համեցեք «Նաիրի» հյուրանոց։ Շինարար Ղարաբաղը, շինարար ժողովուրդ ղարաբաղցին զարմացավ. ընդամենը 90 օրում նման հյուրանո՞ց են կառուցում, գրավիչ տների համալիր, երբ հնարավոր չէ անգամ մի խրճիթ, մի բնակարան կառուցել։ Տղան ու հարսը, իհարկե, եկան Սիդնեյից, ինչպես ասում են՝ ինքնաթիռից առաջ ընկնելով եկան, զավակի ուրախությամբ մասնակցեցին հայրիկի տան բացման արարողությանը, խաղաղ քնեցին, խաղաղ արթնացան ու ինքնաբուխ կանչեցին՝ համոզվեցինք՝ Ղարաբաղը մերն է։ Իսկ Հակոբ Ապուլաֆյանը ավելի ինքնաբուխ ասաց՝ ես իմ բժշկությունը գտա։
Ես չեմ ցանկանում գովազդել հյուրանոցը՝ երկհարկանի տների ներդաշնակությունը, տներ, որ աչք ու հայացք ունեն ու նայում են հեռաստան-լեռնաստաններին։ Մարդն ասում է՝ Հալեպում թատրոն եմ խաղացել, հիացմունքով շեշտում է՝ Ավետիս Ահարոնյանի գործերով մինչև հիմա էլ տարված է։ Չի սիրում երկար զրուցել, եթե խելոք զրուցակից է պատահում, շատ լավ է, թող նա խոսի, իսկ ինքը կլսի։ Շնորհակալ է կնոջից. մարդու թևերը կոտրողը և թևավորողը կինն է։ Մեղավոր չէ, որ իրեն թևավորող կին է պատահել։ Ինքը գնացել, աչք-աչք տեսել է Արցախի հնությունները։
Խաղաղ, հանգիստ մարդ, բայց միշտ շարժման մեջ։ Մտքի շարժում։ Գալիս են։ ՈՒսումնական համալիր պետք է կառուցվի։ Մարդը նստում-հաշվարկ է անում. ինքը կկառուցի էսքան ժամանակում, գինն էլ սա է։ Պատվիրատուն չի կարողանում թաքցնել ժպիտը. քանի շինարարական կազմակերպության է դիմել՝ կկառուցեն, իհարկե, բայց ժամանակը... ցույց կտա ժամանակը, իսկ գումարը... Առանձնատներ են ուզում։ Ինքը պատրաստ է կառուցելու։ Ախր, Արցախին շատ են սազում մենատները։ Չէ, ինքը համաձայն է, սիրով, բայց վաղը առավոտյան գնում է Բերձորի գյուղերը։ Ես եմ հարցնում՝ եթե գաղտնիք չէ։ Մարդը և ոչ մեկից գաղտնիք չունի։ Գնում է ընկնի Բերձորի գյուղերը։ Օրը միջին հաշվով քանի՞ լիտր կաթ կարելի է հավաքել։ Իսկ ինչո՞ւ չկառուցել կաթի վերամշակման գործարան։ Ամենահամով, ամենաառողջարար կաթնամթերքը՝ պանիրը, կարագը, կաթնաշոռը, կաթնասերը, մածունը, կարելի է արտադրել հենց տեղում։ Կշահի... կով պահողը։
Մեղր է դրվում սեղանին։ Մարդիկ կան, որ բերանի համ չունեն։ Քանի՜ հարյուր կիլոգրամ մեղր էր տարել Սիդնեյ։ Արցախի գովական, առողջարար մեղրը։ Չառան։ Ինքը շա՞տ տուժեց։ Ինքը չտուժեց։ Տուժեց նա, ով չգնեց։ 400 զույգ կոշիկ էր բերել, իհարկե, գուլպաները հետը։ Եկան, լցվեցին, կոշիկ են ուզում։ Այ եղբայր, այ քույրիկ։ Խնդրում եմ, մի նեղացեք, զոհված ազատամարտիկի, վատ ապրող ազատամարտիկի ընտանիքի, նրա զավակների համար է։ Դու աշխատա՞նք չունես, արի աշխատանք տամ։ Գյուղերն է գնում. ինչո՞ւ եգիպտացորեն չեն մշակում։
-Եթե ուզում ես առողջ լինել, հոգիդ մաքուր լինի, պիտի բարեգործություն անես, հավատաս Արցախի հաղթանակին, արդարության հաղթանակին,- ասում է Ստեփանակերտում, Արցախում ճանաչված մարդը, որը Հակոբ Ապուլաֆյանն է, որը ճարտար ձեռքեր ունի, ունի մեղրահամի զգացողություն, ունի հայրենիք՝ Հայաստան-Արցախ։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4570

Մեկնաբանություններ