ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՌԱՎԵԼ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆ ՀՀՇ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂԸ

ԱՌԱՎԵԼ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆ ՀՀՇ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂԸ
18.06.2010 | 00:00

ՀՀՇ-ում և ՀԱԿ-ում կատարվածը մի քանի շերտ ունի: Արտաքին քաղաքական: Ներքաղաքական: ՆերՀԱԿ-ական:
«ՔՈՔՈԲԻՆ» ՍՊԱՍԵԼԻՍ
ՀՀՇ-ում և «Արմատ»-ում ՔՈՔՈԲԵԼՅԱՆ ԽԱՉԻԿԻՆ մտերմիկ` Քոքոբ են ասում:
Բայց նախ` արտաքին քաղաքականի մասով: Ինչպես ցույց են տալիս զարգացումները, Լևոն Տեր-Պետրոսյանի հաշվարկներն այս փուլում լրջորեն առնչվում են Ռուսաստանին: Խնդիրն այն չէ, որ նրա նման ստրատեգը չի հասկանում` ինչ ասել է Ռուսաստան: Էլ առավել` այսօրվա Ռուսաստան: Պարզապես, ՀԱԿ-ի հետևում կանգնած ժողովրդական-քաղաքական լուրջ ռեսուրսը պահելու համար ամենահարմար լուծումն է դա: Ռուսական «լադ»-ից բռնելով` խաղն առաջ տանելը արևմտյան համարում ունեցող, առավել ստույգ` ֆրանսիական բարեկամությամբ հայտնի, ամերիկյան դեմոկրատների հետ ճշգրիտ հարաբերված Տեր-Պետրոսյանը շատ լավ է հասկանում նաև, որ նույն արևմտյան «դեմոկրատները» շատ պինդ են բռնել Սերժ Սարգսյանից: Բոլոր պայմանավորվածությունները նրա հետ են:
Ընդ որում, որքան հմուտ ստրատեգ է Լևոնը, նույնքան հմուտ «հաշվող» է Սերժը: Վերջինս, ինչպես միշտ, այս փուլում ևս դրսի խաղացողներին ապացուցում է` իր հետ պետք է խաղան-խոսեն: Այդպես էր նաև 2006-ից այս կողմ նրա գծած աշխարհագրությամբ: Հիշենք, դեռ այն օրերին ՀՀ պաշտպանության առաջին նախարարն էր, որ հաջողեցրեց լինել Պենտագոնում (դեմոկրատների ներկայացուցիչ Էվանսը, որպես դեսպան, Հայաստանում «կուտ էր գնացել», սակայն ահագին ժառանգություն, բոլոր դեպքերում, թողել էր, որ հետագայում Սերժը «հասնի» նույն ամերիկյան դեմոկրատներին), հետո` Փարիզ, հետո` Բրյուսել, դե, Մոսկվան ինքնին հասկանալի է: Չնայած նույն Մոսկվան (Արևմուտքի ձեռքը բռնած), Քոչարյանով հանդերձ, մարտի 1-ին հաջողեցրեց «ջրել» այդքան մանրակրկիտ գծած «աշխարհագրությունը»:
Այնուհանդերձ, այդ մարտավարությունն արդարացվեց, ու հիմա Սերժ Սարգսյանը, ընտրություններից երկու տարի առաջ, կրկին անցնում է «գրոհի»` փորձելով կարգի բերել իր «տնտեսությունը»` արտաքին քաղաքականից (հիշենք ՀՀ-ում ՌԴ դեսպան Կովալենկոյի վերջին բարձրաձայնումները) մինչև ներքաղաքական ոլորտներ: Կարգի են բերվել Քոչարյան ու «հարակից» փոխկապակցությունները (փաստն այն է, որ Հաագային «սպասող» Քոչարյանը խաղից դուրս է և դեռ տևական ժամանակ, Հովիկ Աբրահամյանն այնքան սիրատոչոր, այնքան «նվիրված» է այլևս և մեկընդմիշտ «շեֆին», որ օրերս նախագահականում կենսաթոշակային հիմնադրամի խնդիրներին նվիրված քննարկումների ժամանակ գրեթե հորդորել է Գագիկ Կոլյայիչին` լեզվի օրենքի հաշվով, թե` «շեֆն ինչ ասում է, աներկբա է, քննարկման ենթակա չէ, ինքն է, որ կա, ինքն է, որ չկա, ինքն է հավիտյանս հավիտենից, ամեն», հետն էլ «թպրտալ» փորձող ԲՀԿ-ական պատգամավորին է սաստել Արգամիչը` խստագույնս օպերատիվ):
Մի խոսքով, Սերժ Սարգսյանը խնդիր է դրել իշխանական բուրգի մոնոլիտացման. այս նույն շարքում են ուժայինների նկատմամբ վերջին կադրային տեղաշարժերը, քաղաքապետարանում ԲՀԿ-ի ներկայացուցչի «իզալյացումը», ՀՅԴ-ի վերաշինումը (այս բոլոր խնդիրներին անդրադառնալու ենք «մեծ մարաթոն» շարքում):
Ընդդիմության նկատմամբ իշխանությունը վերահսկելի դեմոկրատիայի մոդելն է աշխատեցնում: Ընդ որում, այդ շարքում են նաև ազատամարտիկները, որոնց նկատմամբ նույնպես պետական «հոգածություն» է դրսևորվելու առաջիկայում` բոլոր առումներով: Էնտեղ էլ «Ժառանգությունն» է լիքը ջուր լցնելու Սերժի ջրաղացին, չնայած արդեն լցնում էլ է (սրան էլ երբևէ կանդրադառնանք):
Այսպիսով, ղարաբաղյան խնդրի, դեպ ՆԱՏՕ վեկտորալ կողմնորոշումների այս փուլում, երբ ավարտվեց Ռուսաստանի խաղը մեր «մայլում», և Պուտին Վլադիմիրը «դարակազմիկ» հայտարարություն արեց Ստամբուլում` ղարաբաղյան խնդրին չխառնվելու մասով, արձանագրվեց, որ ռուսական «էրան» այս փուլում ավարտվեց, և, ինչպես «խոսել» էր տիկին Յովանովիչը մեր ընդդիմադիրների հետ «պերսոնալ» հանդիպումների ժամանակ, փաթեթն անցնում է Միացյալ Նահանգների ձեռքը: Միջանկյալ էլ ասենք, որ որևէ լուրջ բան պետք չէ սպասել Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումից: Ինչ վերաբերում է Ղարաբաղ ռուսական զորքերի մուտքին, դա այս պահին նույնպես աբսուրդների շարքից է: Այսպիսով, Յովանովիչը հանդիպել էր ՀԱԿ-ի գրեթե բոլոր լիդերներին` գումարած դեմոկրատ Արամ Գասպարիչը (սա առանձին քննարկման թեմա է, ու թե շատ կարճ ձևակերպելու լինենք` ահագին հետաքրքիր), և այսպես, քաղաքական և էզոտերիկ առումով բավականին ինքնատիպ տիկնոջ` Յովանովիչի ասելիքն ընդդիմադիրներին եղել է հետևյալը. չխանգարել Սերժ Սարգսյանին, Ռուսաստանի տակ շատ չմտնել, «չուտել մարդու միս, խմել այծի կաթ». ձեզ համար էլ այդպես լավ կլինի, հորդորել է նա:
Միանգամից հասկացաք, չէ՞, որ տիկնոջ «մեսիջը» երկյարուսանի է, և չի բացառվում, որ իշխանությունների հետ պայմանավորվածության «տարրեր» ունենա: Տիկնոջ խոստումների առարկայական արձանագրումը եղավ այն, որ ՀՀՇ-ն անդամակցեց ԵՄ-ում թվով երրորդ ֆրակցիային` Եվրոպայի լիբերալ կուսակցությանը, ինչն ինքնին արդեն լուրջ ձեռքբերում էր այս կարգի խաղում, կամ, ասենք, հետագայում ՀՀ պառլամենտում հայտնվելու տեսանկյունից:
Եկեք անկեղծ խոստովանենք. իշխանությունների («պոդրազումիվայեմ» Սերժ Սարգսյանին)` ՀԱԿ-ը և ՀՀՇ-ն տեղաշարժելու փուլի ընտրության ժամկետն ու ձևը լիարժեք ապացուցում են` պահը ճիշտ էր ընտրված: Բանն այն է, որ կարելի էր քանդել, կուլտուրական ասած, հետ քաշել ՀԱԿ-ում մեկ ուրիշին ու ոչ ՀՀՇ-ին (վատ վիճակում չէ նաև ազգայնահայրենասիրական Աշոտ Մանուչարյանի հաջորդ «պրոյեկտը» ևս` տեղադրված ՀԱԿ-ի տակ. նկատի ունենք Սեֆիլյան Ժիրայրին ու նրա պառլամենտը), սակայն ամենաօպտիմալ տարբերակն էր ընտրվել. կտրվում էր ճյուղը, որի վրա նստած է Տեր-Պետրոսյանը, որովհետև արտաքին և ներքին բրոունյան շարժման մեջ հայտնված ՀԱԿ-ում քանդվող դոմինոյի էֆեկտն այդքան սահուն այդ դեպքում էր հնարավոր ապահովել: Չմոռանանք, որ ՀԱԿ-ում կա նաև բավականին լուրջ անկանխատեսելիության ռեսուրս: Ինչն էլ «շարժվեց»:
Այնուհանդերձ, պետք է հոտնկայս արձանագրել, որ Տեր-Պետրոսյանն անվիճարկելի, քաղաքական մտածողությամբ, խաղն անչափ գրագետ ու լավագույնս տանող, շատերին (առաջին հերթին իշխանություններին) հոգեխանգարմունքի հասցնող քաղաքական տեսակ է: Պահել երկուսուկես տարի ընդդիմադիր ռեսուրսը` իր վերահսկելի ու անվերահսկելի բաղկացուցիչներով, մշտապես ունենալ ժողովրդական կրիտիկական զանգվածի աջակցությունը, որևէ այլ մեկին մինչ այս չի հաջողվել: Այնուհանդերձ, «игра стоит свеч», և նույն ՀՀՇ-ի «շուրջ» տեղի ունեցող շատ բաներ երևակվեցին այդ դաշտում: Հիշենք` այդ ամենը տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի Մոսկվա կատարելիք այցից «ժամեր առաջ»: Հիմա պատմենք ամենը:
«ՔՈՔՈԲԻՆ» ՀԵՌԱՑՆԵԼԻՍ
Ասենք միանգամից` ՀՀՇ-ն դեռևս խարիզմատիկ կուսակցություն է` բոլոր չափումներով: ՈՒ նույնչափ անկանխատեսելի: Այնտեղ, այսպես ասած, Վանոյի թիմն է դեռ գլխավորը: Հիշում եք` 2002-ի պատմական համագումարը, ուր վտարանդի Վանոն կարողացավ հաղթել և Արոյին (Արարատ Զուրաբյանին) ՀՀՇ նախագահ «նշանակել»` ընտրել տալ: Հիշենք, որ Տեր-Պետրոսյանը եկել էր այդ համագումարին ու սպասում էր, որ իր ներկայությունը կզսպի ՀՀՇ-ականներին, և ՀՀՇ նախագահ կդառնա Դավիթ Շահնազարյանը: Չենք խորանում այս ամենի մեջ, պարզապես հիշում ենք` արձանագրումով, որ 2006-ին Նիկոլին տված Վանոյի հայտնի հարցազրույցից հետո, ուր վերջինս ոչ մի դերակատարություն չէր տվել ՀՀՇ-ին, Արոյենք մի լավ նեղացան Վանոյից: Պետք է հիշենք մեկ կարևոր դրվագ ևս, որից հետո արդեն «կզբաղվենք» Խաչատուր Քոքոբելյանի «իշխանական կապերով» և բիզնեսով: Հանքերի: Գրանիտային: «Գրանիտ & Աղվան Գառնիկիչ» ձևաչափով:
Պետք է հիշենք 2007-ի խորհրդարանական ընտրությունները. այդ ժամանակ էր Նիկոլը նստել օպերայի հրապարակում ցույցի, «1+1» ֆորմատով, աջ լիբերալ դաշտը պատրաստում էր խորհրդարանական ընտրությունների: Գլուխ չցավեցնենք, թե «Արմատն» ու Բաբկեն Արարքցյանն ինչքան մանրամասն կարող էին պատրաստվել այդ ընտրություններին, ինչքան դետալային գծագրած կլինեին այդ ամենը: Սակայն պարզվեց, որ Անդրանիկ Մարգարյանն «այդ օրերին» հանդիպել է նույն աջ ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում և` ՀՀՇ-ի, լիքը խոստումներ տվել, բայց չկայացավ աջ ուժերի այդ միավորումը, իմա` «Այլընտրանքը» միայնակ գնաց ընտրությունների:
Այս օրերին ՀԱԿ-ՀՀՇ ընդերքում, փաստորեն, ընթանում էր նույնատիպ պրոցես` հակառակ կողմից: Այսօր արդեն ՀՀՇ-ն էր ուզում, որ աջ ուժերը դուրս գան ՀԱԿ-ից, միավորվեն ու այլ լիդերով գնան 2012 թ. ընտրություններին: Ո՞Ւմ հորդորներով: «Չգիտենք»:
Այսպիսով, Եվրոպական դեմոկրատական կուսակցությանն «անդամագրվելուց» որոշ ժամանակ առաջ` փետրվար ամսին, ՀՀՇ լիդերները (տրվում են Քոքոբելյանի, Ալիկ Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի անունները)` «պատահական» կամ ոչ, հանդիպումներ են ունենում ՀԱԿ-ի աջ ուղղվածության ուժերի հետ` «Հանրապետություն», Հովիկ Հովհաննիսյան, այդ թվում և` ՀԺԿ, բացատրում վերջիններիս իրենց «լավը»: ՀՀՇ-ն, ի դեպ, այդ ընթացքում` եվրոպական ուժին կպնելուց հետո, ասուլիս էր տվել և նետել, որ 2012 թ. ընտրություններին, ինչ կա որ, կարելի է և միայնակ գնալ:
Ահա և երկու ամիս առաջ Լևոն Տեր-Պետրոսյանին «հարկավորները» տեղյակ են պահում այս կենտրոնախուսության մասին: Լևոնը չի հավատում: Ըստ «մերձ» աղբյուրների` կանչում է Արարատ Զուրաբյանին. հնչում է Խաչատուր Քոքոբելյանի անունը, սակայն «առերեսման» ժամանակ Լևոն Զուրաբյանն Արարատ Զուրաբյանին հարցնում է` Արո, ո՞նց տեղյակ չես այս ամենին, չէ՞ որ Խչոյի հետ դու էլ կայիր...
Այդ ընթացքում Տեր-Պետրոսյանը մեկնում է ԱՄՆ (հիշենք, որ այցը մասնավոր էր. ոչինչ պետք չէ փնտրել այնտեղ): Մեկնում է և ցանկանում, որ թիմը որևէ արևմտյան խաղ հանկարծ չտա, ռուսոֆոբիայով չտառապի: Վերադառնում է: Իրենց տանը տեղի է ունենում մինի-հավաք (Անդրանիկ Քոչարյան, Լևոն Զուրաբյան...), կրկին քննարկվում է ՀՀՇ-ի պահվածքը` վերջին ամիսներին «գետնին» վրա: Հիշենք, որ հունիսի 1-2-ին նախատեսված էր ՀՀՇ-ի համագումարը, և եթե այդպես գնար, ապա Տեր-Պետրոսյանը վարչությունում սեփական մարդիկ ունենալու լուրջ խնդրի առջև էր կանգնելու: Ասում են: Հա, ի դեպ, երբ այդ քննարկման ժամանակ ասել են` «կանչեք Արոյին ու Քոքոբին, թող պարզաբանում տան», Լևոնն ասել է` ոչ: Մեղմ ասած:
Անցած շաբաթ օրը ՀՀՇ-ում, փաստորեն, կայացվել է որոշում` «կուժ քեզ ասեմ` կուլա դու լսիր» կոնֆիգուրացիայով, կարծելով, որ ջինը շշից դուրս չի գա: Կպատժեն Խաչատուր Քոքոբելյանին, իշխանությունները և «շրջակա միջավայրը» կհասկանան, թե որտեղ և ինչպես պետք է ձմեռեն ՀԱԿ խեցգետինները: Ջինը` տեղեկատվությունը, թե ինչ է կատարվում ՀՀՇ-ում, իրականում վայրկյանների ընթացքում դուրս էր եկել շշից, տարածվել: Հետո արդեն ՀՀՇ «հետողորմյա» հայտարարություններով մինչև համագումար փրկել իրավիճակը: Ստացվեց, թե ոչ, դատեք ինքներդ, սակայն բանն այն է, որ Քոքոբելյանը ֆինանսավորողն է նաև «Հայքի», ՀՀՇ գրասենյակի, ինչն այս պայմաններում ամենևին էլ «հեշտ» գործերից չէ, իսկ իր վստահության հարցը նույն վարչության առջև դրած Արարատ Զուրաբյանի «կորցրած միլիոնների» մասին արդեն բոլորը գիտեն;
Այնպես որ, այո, վիճակը հեշտերից չէ: Ոչ մի առումով: Մանավանդ որ կա նաև ՀՀՇ ապագա լիդերի հարցը: Հավակնորդներն էլ քիչ չեն` Արամ Մանուկյան, Երջանիկ Աբգարյան... Եվ, իհարկե, Դավիթ Շահնազարյան: Անշուշտ, հետաքրքիր է` արտաքին քաղաքական խաղի առումով ո՞ր վեկտորը ՀՀՇ սպասվող համագումարում կհաղթի:
ՀԱԿ-ում կարծում են, որ այս ողջ թնջուկի պատճառը ՀԱԿ-ի էլիտայում «տեղ գտած» ահավոր ռուսոֆիլ վիճակն է, Ռուսաստանին, որպես «տղա-պապա» Հայաստանի վրա բերելու վերջին շրջանում դրսևորվող աննահանջ-անհարկի տենդենցը, որին, ինչպես տեսնում ենք, նույնքան աննահանջ պատասխանում են Արևմուտքն ու հայաստանյան իշխանությունները: Ավելին, ՀԱԿ-ում կարծում են, որ սեպտեմբերը բավականին վճռորոշ է լինելու կոնգրեսի համար. աշնանը ՀԱԿ-ի ուժերը Տեր-Պետրոսյանին են ներկայացնելու իրենց հայտերը` ապագա խորհրդարանական ընտրություններին վերաբերող. ով որ տեղում է, ինչու, քանի «հատ», բայց` խի՞ տարբերակով:
Իսկ սա, խոստովանենք, առավել լուրջ փորձություն է, քան ՀՀՇ-ում կատարվողը:
Փորձագետների մի մասն էլ կարծում է, որ սպասվող այդ զարգացումներից հետո արդեն հայոց մոնոլիտացվող իշխանությունները կփորձեն անել այն, ինչ մինչ այժմ չեն արել, բայց պարտավոր էին: Այն է` խոսել ընդդիմության և նրա լիդերի հետ:
Որքան էլ ցավալի, բայց արդեն այլ դիրքերից:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ