Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

«Դժվար է կարծրատիպերը հաղթահարել»

«Դժվար է կարծրատիպերը հաղթահարել»
29.07.2008 | 00:00

ԿՈՄԻՏԵԻՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի գիտության ոլորտում գործում են կառավարման երեք տարբեր մեխանիզմներ՝ ակադեմիական, որը համակարգում է Գիտությունների ազգային ակադեմիան, ճյուղային, որով նախարարությունների ենթակայությամբ գործող ինստիտուտներն են զբաղվում և բուհական։ Այս երեք համակարգերի միասնական կառավարման մեխանիզմ գոյություն չունի։ Թերևս այս անհրաժեշտությունից ելնելով էլ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կառույցում 2007 թ. ստեղծվեց գիտության պետական կոմիտեն, որի առաջնահերթ նպատակը նշված երեք ճյուղերի աշխատանքը համակարգելն ու գիտության զարգացման միասնական քաղաքականություն մշակելն է։ Գիտության ոլորտում առկա խնդիրների մասին է ներկայացվող զրույցը ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-Պարոն Հարությունյան, կրթության հետ մեկ գերատեսչության մեջ ընդգրկված լինելով՝ գիտությունը կարծես պատշաճ ուշադրության չի արժանանում։ Չե՞ք կարծում, որ նպատակահարմար է գիտության առանձին նախարարություն ստեղծելը, մանավանդ այդ մասին խոսում էին նախագահական ընտրություններից հետո՝ նոր կառավարություն ձևավորելիս։
-Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեր կառույցին նախարարության կարգավիճակ տրվեր, որովհետև այդպես շատ ավելի հեշտ է իրականացնել բոլոր այն խնդիրները, որոնք մեր առջև դրված են։ Կարծում եմ՝ մեր այսօրվա կարգավիճակը ժամանակավոր բնույթ ունի, և հույս ունեմ, որ մոտ ապագայում գիտության պետական կոմիտեն կունենա ավելի բարձր կարգավիճակ։
-ԳԱԱ-ի և գիտության պետական կոմիտեի գործառույթներն արդյոք չե՞ն համընկնում։ Եվ ընդհանրապես, ակադեմիան կարծես խանդով է վերաբերվում Ձեր ղեկավարած կառույցի գոյությանը։ Հակասություններն ինչպե՞ս են լուծվում։
-Թվում է՝ հակասություններ կան, և, ցավոք, ԳԱԱ շատ պաշտոնյաներ նույնպես կարծում են, թե իրենց որոշ գործառույթներ մենք ցանկանում ենք վերցնել։ Նման բան չկա։ Եթե ուշադիր կարդանք «Գիտության մասին» օրենքը, կտեսնենք, որ 8-րդ և 9-րդ հոդվածները նվիրված են ակադեմիայի հատուկ կարգավիճակին։ Այն վարչարարական գործառույթներ չունի։ Գիտության և գիտատեխնիկական գործունեության` պետության կողմից լիազորված մարմինը կրթության և գիտության նախարարությունն է, որի կազմում այսօր գործում է Գիտության պետական կոմիտեն, և որն էլ իրականացնում է գիտատեխնիկական գործունեության քաղաքականությունը: Իսկ ԳԱԱ հատուկ կարգավիճակը ենթադրում է, որ այն պետք է համակարգի հիմնարար գիտությունը։ Ակադեմիան պետության հիմնական խորհրդատուն է հիմնարար գիտության ասպարեզում։ Հատուկ կարգավիճակի դրսևորման ձևերից մեկն էլ այն է, որ ակադեմիայի նախագահն իրավունք ունի ներկա լինելու կառավարության նիստերին։ Բացի այդ, ԳԱԱ նախագահն իրավունք ունի ակադեմիայի գիտական գործունեության հետ կապված ցանկացած խնդիր անմիջապես ներկայացնել վարչապետին, իսկ վարչապետն արդեն գիտության պետական կոմիտեի միջոցով պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ԳԱԱ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել այդ հարցերն ու լուծում տալ։ Այսինքն՝ մեր գործառույթները տարանջատված են։ Սակայն երկուսիս նպատակը մեկն է՝ գիտության զարգացումը։ Գիտության մենեջմենթը՝ կառավարումը, ֆինանսավորումը, միջազգային կապերը, ֆինանսավորման ձևերի հստակեցումը, գիտական քաղաքականությանը վերաբերող այս և այլ հարցերը մեր իրավասության շրջանակներում են։ Գիտության պետական կոմիտեն և ԳԱԱ-ն իրար լրացնող կառույցներ են։ Ամեն մեկն աշխատանքի իր ոլորտն ունի, և միմյանց պետք է օգնեն, ոչ թե խանգարեն։
-Հայաստանն ունի հսկայական գիտական տնտեսություն՝ ԳԱԱ-ի 40 գիտական հիմնարկները, տարբեր նախարարությունների 30 ճյուղային ինստիտուտները։ Արդյո՞ք այն ուռճացված չէ, և օպտիմալացման կարիք չկա՞։
-Օպտիմալացման անհրաժեշտությունն ակնհայտ է։ Հայաստանում մոտ 130 հիմնարկ կա, որ սնվում է գիտության բյուջեից։ Իտալիայի նման երկիրը, որն ունի 70 մլն բնակչություն, այդքան շատ գիտական հիմնարկներ չունի։ Ընդ որում, գիտության ոլորտի՝ մեր և Իտալիայի բյուջեներն անհամեմատելի են։ Միևնույն ժամանակ կան հիմնարկներ, որոնք զբաղվում են գրեթե նույն խնդիրներով։ Բնականաբար, պետության առջև խնդիր է դրված օպտիմալացման միջոցով գիտական խնդրի շուրջ միավորել այդ հաստատությունները։ Իսկ ազատված տարածքները, ըստ իս, ոչ թե պետք է օտարվեն, այլ օգտագործվեն գիտակրթական գործունեությունը բարելավելու համար։ Այդ տարածքներում կարելի է ստեղծել գիտաուսումնական լաբորատորիաներ։ Հայաստանը լուրջ հիմքեր ունի Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի այլ երկրների համար լինելու գիտելիք վաճառող երկիր։ Այսինքն՝ մենք կարող ենք դրսից մագիստրոսներ, ասպիրանտներ բերել և այդ տարածքներն օգտագործել որպես գիտակրթական լսարաններ, լաբորատորիաներ կամ հանրակացարաններ, որի դիմաց կստանանք համապատասխան վարձավճար։ Դա օգտակար է նաև բուհերի համար, որտեղ մակերեսների լուրջ խնդիր կա։ ԵՊՀ մեկ ուսանողին, օրինակ, բաժին է ընկնում մոտ 3,5 քմ համալսարանական տարածք։ Դա միջազգային ոչ մի ստանդարտի մեջ չի մտնում։ Եվրոպական չափանիշերով յուրաքանչյուր ուսանող պետք է ունենա 12-16 քմ մակերես։ Այսինքն՝ մեր բուհերն այսօր զարգացման ոչ մի հեռանկար չունեն։ Գիտելիքի առևտրայնացման միջոցով ԱՄՆ-ը տարեկան 120 մլրդ դոլար է աշխատում, Անգլիան՝ մինչև 10 մլրդ ֆունտ ստեռլինգ։ Օգտագործելով մեր գիտական ներուժը՝ մեր գիտելիքը կարող ենք վաճառել օտարերկրացիներին, ինչն էապես կլուծի բյուջեի որոշ խնդիրներ։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ գիտական բոլոր հիմնարկները գոյատևում են պետական դոտացիայի շնորհիվ։ Դա նորմալ երևույթ չէ։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ նման հիմնարկները մահանում են։ Ճիշտ է, գիտության ոլորտին հատկացվող գումարները մեծ չեն (22 միլիոն դոլար), սակայն այդ գումարի նպատակային օգտագործումը, կարծում եմ, արդյունքներ կապահովի։
-Գիտության ոլորտը բարեփոխումների շեմին է։ Ի՞նչ ուղղությամբ են ընթանալու բարեփոխումները։
-Նախևառաջ պետք է որոշվեն գիտական գերակայությունները, ինչն այս տարվա ընթացքում փորձելու ենք անել։ Շատ կարևոր են նաև համաշխարհային գիտական գերակայությունները, որովհետև Հայաստանը չի կարող մեկուսացած գոյություն ունենալ։ Հաջորդ խնդիրն առաջիկա 10-15 տարիների համար գիտության զարգացման ռազմավարական ծրագրի մշակումն է։ Լուրջ բարեփոխումների կարիք ունի «Գիտության մասին» օրենքը, որը պետք է լինի մեր ժամանակներին համահունչ։ Ե՛վ ակադեմիան, և՛ ճյուղային ինստիտուտները պետք է հստակ պատկերացնեն՝ խաղի ինչ կանոններով են աշխատելու։ Պետք է վերանայվի նաև գիտական աստիճանաշնորհման համակարգը։
-Հայաստանում չի ապահովվում կրթություն-գիտություն-տնտեսություն կապը։ Այդ ուղղությամբ ի՞նչ է արվում։
-Համակարգի օպտիմալացման հիմնական նպատակներից մեկն այս հարցին պատասխան տալն է։ Մշակվում է գիտական կենտրոնների ստեղծման կարգ, որը շուտով կներկայացվի կառավարություն։ Ենթադրվում է, որ կենտրոններում այդ հարցն առանցքային է լինելու։ Դրանք կձևավորվեն հիմնականում կրթություն-գիտություն-արտադրություն կապն ապահովելու սկզբունքով։ Ապագայում կզարգանա խիստ ծրագրային ֆինանսավորման տարբերակը։ Շուկայական հարաբերությունների համակարգ ունեցող պետության մեջ խաղի կանոնները սրանք են։ Եվ ինչքան շուտ հասկանանք դա, այնքան մեր վիճակն ավելի շուտ կբարելավվի։
-Վերջերս հաճախ քննադատում են Ձեզ՝ որպես կառույցի ղեկավարի։ Ակնհայտ է, որ գիտության ոլորտում խաղի նոր միասնական կանոններ սահմանելով՝ շատերի ոտքը տրորում եք։ Այդ դժգոհության կապակցությամբ ի՞նչ կարող եք ասել։
-Գիտության պետական կոմիտեն պետական կառույց է և աշխատում է պետության կողմից սահմանված օրենքների շրջանակում։ Բոլորը պետք է հասկանան՝ օրենքը բոլոր պարագաներում գերակա է։ Եթե պետությունը գումար է ծախսում, դրա դիմաց ինչ-որ բան պետք է ակնկալի։ Գիտությունը փակ համակարգ չէ։ Այն զարգանում է բաց համակարգում։ Հետևաբար բաց համակարգին յուրահատուկ խաղի բոլոր կանոնները մեզ համար պետք է ընդունելի լինեն՝ անկախ առանձին անձերի ցանկություններից։ Ես շատ լավ հասկանում եմ՝ ինստիտուտների տնօրենների մի մասը լոկալ տարածքում իրենց իշխանիկներ է պատկերացնում, բայց այդ հիմնարկների հիմնադիրը պետությունն է, որի սահմանած խաղի կանոնները պարտավոր ենք ընդունել բոլորս։ Իհարկե, դժվար է արմատացած կարծրատիպերը հաղթահարել։ Երբ ես նշանակվեցի այս պաշտոնում, հանրապետության նախագահն ինձ զգուշացրեց, որ ոլորտը ծանր է, հավակնոտ, և անելիքներ շատ կան։ Ես զգում եմ պատասխանատվության հսկայական բեռը, ամեն ինչ շատ լավ պատկերացնում եմ՝ գիտեմ թե՛ լաբորանտի, թե՛ լաբորատորիայի վարիչի, թե՛ գիտական հիմնարկի ղեկավարի հոգսերը։ Ինքս անցել եմ բոլոր ճանապարհներով։ Մեր հիմնական նպատակն այդ հոգսերը հնարավորինս թեթևացնելն է, որպեսզի շարքային գիտնականն իր աշխատանքից և՛ հաճույք ստանա, և՛ ունենա ազատ ստեղծագործելու հնարավորություն։
Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3224

Մեկնաբանություններ