Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Պետք չէ միայն ստուգումներով բյուջեի համալրման խնդիր լուծել»

«Պետք չէ միայն ստուգումներով բյուջեի համալրման խնդիր լուծել»
10.10.2008 | 00:00

«ՀԱՐԿԱՅԻՆ ԼԾԱԿՆԵՐԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ»
Վերջին շրջանում բավական շատ են խոսակցությունները` կապված հարկային վերջին փոփոխությունների հետ: Եվ քանի որ դա վերաբերում է փոքր և միջին բիզնեսի մեծ թվով ներկայացուցիչների, ապա այս առիթով զրուցեցինք ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:
-Նախ` հստակեցնենք՝ ավելացա՞վ հավաքագրվող հարկերի չափը պարզեցված հարկի վերացումից հետո:
-Նախ՝ պարզեցված հարկն ամբողջությամբ չի վերացել, պարզապես տարիների ընթացքում նրանից օգտվողների քանակը նվազել է, քանի որ պարզեցված հարկն ընդգրկում էր տնտեսության շատ ու շատ ոլորտներ, ճյուղեր: Ակտիվ տնտեսավարողների զգալի մասն այդ դաշտում էր գործունեություն ծավալում: Նախ՝ ժամանակի ընթացքում պարզեցված հարկի դաշտից օրենսդրորեն դուրս բերվեցին մի շարք ոլորտներ` շինարարություն, էներգետիկա, այնուհետև՝ բանկային, ապահովագրական և այլն: Այնուհետև մեծ օրենսդրական փոփոխություն կատարվեց. անցյալ տարվա օգոստոսին պարզեցվածի դաշտից դուրս եկան բոլոր ներմուծողները, ինչպես նաև արտադրողները, և պարզեցված հարկի դաշտում մնացին միայն մանրածախ առևտրականները, որոնց շրջանառությունը չէր գերազանցում 58 մլն դրամի շեմը: Այս հարկատեսակով աշխատողները մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը կգտնվեն այս դաշտում և 2009-ից կարող են ընտրել հարկատեսակի այն ձևը, որը կառաջարկվի նրան օրենսդրական վերջին փոփոխություններից հետո: Իսկ հարկերի հավաքագրման նվազումը պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ սուբյեկտների մի մասը՝ պարզեցված հարկի դաշտից դուրս գալով և ԱԱՀ-ով հարկվելու անցումային փուլում ժամանակավորապես դադարեցրեց աշխատանքները, ոմանք լուծարվեցին, իսկ մյուսները սպասողական վիճակի մեջ էին: Այս ամենի հետևանք էր նաև այն, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նրանց մի մասին թույլ կտրվի գործունեություն ծավալել հարկման նոր դաշտում:
-Հարկերի նվազումը, ըստ Ձեզ, պայմանավորված չէ՞ր նաև նրանով, որ տնտեսավարողների մի մասը, պարզեցված հարկից դուրս գալուց հետո, սկսեց նաև հարկերը թաքցնել (իմա՝ քիչ հարկեր վճարել), քանի որ միանգամից դժվար էր այդքան շատ հարկ վճարել:
-Բացառված չէ, որ ավելացել է, սակայն հարկեր չվճարելը, թաքցնելը հարկատուների մի զգալի մասի մոտ առկա է: Նույնիսկ պարզեցված հարկ վճարողներն այնքան էլ շահագրգռված չէին ցույց տալու իրենց իրական շրջանառության չափերը: Այն ժամանակ ևս ներկայումս խոսվող 58 մլն շրջանառության շեմ էր սահմանված: Եթե նրանք գերազանցեին դա, ապա դուրս կմնային այդ դաշտից: Սակայն ուսումնասիրությունների ժամանակ պարզ դարձավ, որ մոտ 26-27 հազար պարզեցված հարկ վճարողների միջին շրջանառությունը տարեկան կազմել է 16-17 մլն դրամ, ամսական` 1,4-1,5 մլն դրամ, այսինքն՝ այնքան էլ փոքր թիվ չէ, եթե բաժանենք օրերի վրա:
-Ինչո՞ւ այդքան ուշացավ ՀԴՄ-ների տեղադրման գործընթացը։
-ՀԴՄ-ների տեղադրումը Հայաստանում սկիզբ է առել 1998-ից: Սակայն թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով, հիմնականում նաև օրենքի անկատարության պատճառով, ՀԴՄ-ներ տեղադրվեցին շատ սահմանափակ ոլորտներում: Վերջին տարիներին, սակայն, մոտ 30 հազար տնտեսավարող տեղադրել է ՀԴՄ-ներ՝ մանրածախ առևտրի, կենցաղսպասարկման, նաև առանձին ծառայություններ մատուցող ոլորտում: Սակայն օրենքը պարտադրում էր ՀԴՄ-ներ կիրառել առևտրի կազմակերպման բոլոր վայրերում, նաև տոնավաճառներում: Օրենքով նախատեսված է, որ ՀԴՄ-ներ տեղադրվեն նաև մարզերում գործող առևտրային կետերում, անկախ դրանց առևտրային մակերեսի մեծությունից: Հայաստանում օրենքով նախատեսված էր ՀԴՄ-ների աստիճանական տեղադրման գաղափարը, որը տվեց իր արդյունքը, բայց հարցը վերջնական լուծում չստացավ: Մինչև չկատարվի ՀԴՄ-ների վերջնական տեղադրում, դրա արդյունավետության վերջնական պատկերը չենք ունենա:
Այս պարագայում սպառողը նաև պետք է մտածի իր շահերի պաշտպանության մասին, քանի որ կտրոնի առկայությունը երաշխավորում է, որ ինչ-ինչ ապրանքի ձեռքբերումից հետո խնդիրների առաջացման պարագայում կարող է կտրոնի օգնությամբ պաշտպանել իր շահերը: Նաև 2009-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքի այն դրույթը, որ տնտեսավարողների համար, ովքեր գնումներ են կատարելու, ՀԴՄ-ի կտրոնը հանդիսանալու է ծախս հիմնավորող փաստաթղթին համարժեք գործիք` տարեկան մինչև 36 մլն դրամի սահմանում: Եվ եթե դա հիմնավորեն, ապա այդ ծախսերը հաշվի կառնվեն:
-ՀԴՄ-ները տոնավաճառներում տեղադրվում են, առևտրականները շարունակում են վճարել իրենց գործունեության տարածքի գումարը։ ՀԴՄ-ի կիրառման պարագայում սկսելու են շատ հարկեր վճարել: Դա արդյոք հավելյալ ծանրաբեռնվածություն չէ՞ նրանց վրա:
-Նշեմ, որ դա ամենևին էլ հավելյալ բեռ չէ: Քանի որ տոնավաճառներում հազարավոր մարդիկ տարիներ շարունակ գործունեություն են ծավալել առանց պետական գրանցման, և այստեղ հարկ էր ապահովել բոլոր տնտեսավարողների գործունեության հավասարության սկզբունքը: Եվ նաև կարևոր էր, որ նրանց տրամադրվեր ԱՁ-ի կարգավիճակ և պետական գրանցում: Անհրաժեշտ էր, որ նրանք իրականացնեն իրենց գործարքները ՀԴՄ-ի օգնությամբ: Եվ որպեսզի նրանք հավելյալ ծախսեր չիրականացնեն, այդ ՀԴՄ-ները ձեռք բերվեցին տոնավաճառների կազմակերպիչների կողմից: Տոնավաճառներում տեղադրված բոլոր ՀԴՄ-ներն ունենալու են միասնական ցանց: Դրա սկզբունքն այն է, որ եթե տոնավաճառն ունի 150 ՀԴՄ, ապա ինչ-որ ձևով դրանց տեղեկատվությունը կենտրոնանում է մի սերվերում, որպեսզի այդտեղից հնարավոր լինի պարզել, թե վաճառողներից յուրաքանչյուրն ինչքան հասույթ ունի, ու նաև պարզվի, թե արդյոք նրանք տրամադրո՞ւմ են ՀԴՄ-ի կտրոն: Եվ նաև պարզել, թե արդյոք գերազանցո՞ւմ են սահմանված 50 մլն դրամի շեմը: Սերվերի կիրառումը հնարավորություն է ընձեռում տոնավաճառի առևտրականների մոտ իրականացնել միայն ընտրանքային ստուգումներ, և դրանք կիրականացվեն այն վաճառողների մոտ, ովքեր պարբերաբար զրոյական առևտրի հաշվեկշիռ կունենան: Եվ այդտեղ կիրականացվի հսկիչ գնում, առաջին անգամ կտրոն չտրամադրելու պարագայում տնտեսավարողը կտուգանվի 75000 դրամով, երկրորդ անգամ` 150000 դրամով:
-Փաստացի, բոլոր տնտեսավարողները կազմակերպիչների հետ օրինական պայմանագրեր պետք է ունենան: Եվ այդտեղ պետք է նշված լինի վճարվելիք իրական գինը:
-Սա ավելի կարևոր հարց է: ՀԴՄ-ներից բացի, տոնավաճառի կազմակերպիչները պարզապես պարտավոր են կնքել գրավոր պայմանագրեր, որտեղ կնշվեն գործունեության տեղի համարը, զբաղեցրած տարածքը և գանձվող վճարի չափը: Եվ սա կարևոր է, քանի որ մինչ այդ տոնավաճառում առևտուր իրականացնողը կանխիկ գումար էր վճարում տոնավաճառի կազմակերպչին, սակայն դա ոչ մի տեղ արտացոլում չէր գտնում: Սակայն այս պարագայում, որպես անհատ ձեռնարկատեր և հարկ վճարող, առևտրականը կունենա իրավունք նաև իրավական դաշտում լուծելու ծագող խնդիրները: Մոտ 50 տոնավաճառների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, ՀԴՄ-ներ արդեն բերվել են, գործելու են հիմնականում CPRS համակարգով:
-Սակայն տնտեսավարողների, հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր հաստատագրված վճարների դաշտում են գործում, ինչո՞ւ պետք է տեղադրեն ՀԴՄ:
-Հաստատագրված վճարողներն ունեին գումարային սահմանված շեմ: 2009-ին այդ շեմը բարձրացվում է: Եվ երբ կգործի 58 մլն դրամ շեմի գաղափարը, ապա դա կվերաբերի նաև մինչև 7 քմ տարածքում առևտուր իրականացնողներին: Սակայն եթե առաջ եռամսյակի համար 1 քմ համար առևտրի ծավալային շեմը 1,2 մլն դրամ էր, ապա դա դառնալու է 2,1 մլն: Իսկ ՀԴՄ-ի նպատակն է հենց այդ գումարը ֆիքսելը:
-Եթե հաց վաճառողը իր մոտ ՀԴՄ է տեղադրում և ամեն անգամ պարտավոր է ՀԴՄ կտրոն խփել, ապա ինչքա՞ն հարկ է վճարելու այս պարագայում:
-Միայն հաստատագրված և իրենց ՀԴՄ-ով անցկացված գումարի շրջանառությունից 3% սոցիալական ապահովագրության հարկ են վճարելու: Եթե 5000 դրամ սոցիալական ապահովագրության գումար էին վճարում, և տարվա վերջում պարզվում է, որ ասենք այդ 3 տոկոսը կազմում է 100000 դրամ, ապա հաստատագրված վճարով աշխատողը արդեն իսկ տարվա ընթացքում վճարած է լինում 60000 դրամ, և միայն վճարում է այդ 100000 դրամի 40000 դրամ ավելցուկը: Եվ եթե 58 մլն շեմը չեն գերազանցում, ապա մնում են որպես հաստատագրված հարկ վճարող, իսկ եռամսյակում գերազանցում են 2,1 մլն շեմը, ապա միայն այդ եռամսյակի համար կվճարեն ԱԱՀ-ով:
-Սակայն տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրելու դեպքում ինչպե՞ս պետք է վաճառողը սակարկությունից հետո այն ՀԴՄ-ով անցկացնի, երբ գնապիտակի վրա այլ գին է, իսկ իրական վաճառվող ապրանքինը` այլ:
-Գնապիտակների խնդիրը կարգավորվում է առևտրի և ծառայությունների մասին օրենքով: Այնտեղ գրված է, որ վաճառողը պարտավոր է օգտագործել գնապիտակ: Հարկային օրենսդրության առումով, գնապիտակի բացակայությունն անմիջապես պատասխանատվություն չի առաջացնում: Որովհետև գործ ունենք վաճառքի հետ: Եթե 10000 դրամանոց ապրանք է դրված, վաճառքից հետո նա անմիջապես պետք է դա գրանցի ՀԴՄ-ում: Թեև այդպիսի խնդիրներ էլ կան, որ կտրոնն ավելի քիչ է խփվում, քան իրական արժեքը: Սակայն տոնավաճառի պարագայում ապրանքը վաճառվում է մի գնով, և հենց վերջնական գնով էլ նա պետք է ՀԴՄ-ի կտրոն տրամադրի:
-Արդյոք ոսկու շուկաներում ՀԴՄ-ների տեղադրումը խնդիրներ չի՞ առաջացնի այն առումով, որ ոսկու գինը փոփոխական է, և ՀԴՄ-ով այն անցկացնելու պարագայում խնդիրներ կարող են առաջանալ;
-Ոսկու վաճառքը հարկվում էր հաստատագրված վճարով: Նոր օրենքով արդեն վաճառատեղի համար պետք է վճարի ամսական 18150 դրամ՝ նախկին 1815-ի փոխարեն: Սակայն եթե նրա շրջանառությունը չի գերազանցի տարեկան 70 մլն դրամը, ապա նա կմնա հաստատագրված վճարի դաշտում: Եթե հարկայինը հիմնավորի, որ նա այդքան վաճառք է ունեցել, ապա վերջինս կդառնա սովորական հարկ վճարող: Իսկ որպեսզի նրանք հաշվապահական հաշվառման հետ գործ չունենան, ապա դեռևս կգործի հարկման նախկին դրույթը: Սա վերաբերում է նաև փոքր բիզնեսի այլ ներկայացուցիչներին: Այսինքն, վճարելու են 2 տոկոս շահութահարկ, եթե ձեռնարկություն է, իսկ եթե անհատ է` եկամտահարկ: Ասենք, ամսական հասույթը 4 մլն դրամ է, 2 տոկոսը կազմում է 80000 դրամ, և այդպես կլոր տարին: Եթե 12 ամիս հետո ցույց տա, որ ունեցել է 60000 մլն, դրանից հանում է իր շահութահարկի գումարները, հաշվում է ծախսերը, որոնք կարող են կազմել մինչև 90 տոկոս, և մնացորդից վճարում է 20 տոկոսը, իսկ հավելյալ արդեն մուծված գումարները պետությունը համարում է գերավճար:
-Այսինքն՝ տոնավաճառում առևտուր իրականացնողը մտավախություն չի ունենա, որ վերջին հաշվով ինքն ավելի է վճարելու:
-Մտնում է օրինական դաշտ, հաշվապահություն չի վարելու, ամսական միայն վճարելու է իր հասույթի 2 տոկոսը, պայմանագրով գործունեություն է ծավալելու: Նշեմ, որ տոնավաճառի կազմակերպիչները 2009-ին ևս կաշխատեն հաստատագրված վճարով, իսկ 2010-ին կանցնեն սովորական հարկային դաշտ: Թանկացման ահազանգեր դեռևս չկան, կազմակերպիչը կարող է վարձը թանկացնել, սակայն օրենքի մեջ այնպիսի դրույթներ են ներառված, որոնք զսպում են այդ միտումները: Օրենքում նշված է, որ վարձավճարի գումարը չի կարող ավելի լինել, քան այդ վաճառողի հասույթի 1,5 տոկոսը: Եվ կարևորը, վաճառողը պետք է շահագրգռված լինի, որ տարածքի պայմանագիրը կնքվի իրական գնով, քանի որ դա հարկային մարմիններին որպես ծախս է ցույց տալու:
-Իսկ մեծածախ առևտրի ի՞նչ փոփոխություններ են սպասվում։
-Մեծածախ առևտրի համար գործելու է միայն փաստաթղթային շրջանառության հիմնավորումը: Իսկ ՀԴՄ-ները այստեղ վերանալու են, քանի որ մեծածախ առևտրում վերջում մի գումար էին խփում, և դրա հիման վրա կատարվում էր հարկահանությունը: Եթե խանութում վաճառվում է 50 տոննա կարագ, ապա դա նորմալ է, քանի որ ՀԴՄ-ով այն ինչ-որ ձևով արտացոլվում է, սակայն եթե այն վաճառվում է անդեմ մարդու, ապա նորմալ երևույթ չէ: Անուն չնշեմ, 2007 թ. կազմակերպությունը ներմուծել է 4,3 մլրդ դրամի ապրանք և ներքին շուկայում իրացնելուց հետո մուծել է ընդամենը 59 մլն դրամի հարկ: Սա նորմալ երևույթ չէ, քանի որ 10 տոկոս հավելավճարի պարագայում էլ նրա մուծած հարկերը պետք է ավելին լինեին: Եթե ներմուծման ամբողջ ծավալը հաշվառվի և հարկում չկատարվի, մենք բյուջե չենք կատարի:
-Արդյոք հարկային վարչարարության միջոցով հնարավո՞ր է զսպել գնաճը, և հարկային ստուգումներն ավելանալո՞ւ են նոր օրենքի գործելուց հետո:
-Հարկային լծակները զարգացած երկրներում կարող են զսպել գնաճը: Եթե ապրանքի գինը թանկանում է, այսինքն՝ խաղի կանոններ են սահմանում շուկայում գերշահույթ ստանալու նպատակով, գոնե պետք է վճարեն դրան համապատասխան հարկերը: Եվ եթե դրանից հարկեր չեն գանձվում, դա գերշահույթի լուրջ աղբյուր է դառնում: Սակայն եթե սուբյեկտը հաշվում է, թե գնի թանկացումից ինչքան շահութահարկ է վճարելու, և նրանից այն շատ գանձվի, դա կարող է զսպաշապիկի դեր կատարել:
Ստուգումներ այս տարվա կտրվածքով 20-30 տոկոսով ավելի քիչ են անցկացվել: Պետք չէ միայն ստուգումներով բյուջեի համալրման խնդիր լուծել, պետք է ընտրել ռիսկային ոլորտները և այդտեղ կենտրոնացնել հիմնական ուշադրությունը, իսկ դա հիմնականում խոշոր բիզնեսն է:
Զրուցեց Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ