Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Մշակութային պատերազմն առավել վտանգավոր է այնքանով, որ անտեսանելի է»

«Մշակութային պատերազմն առավել վտանգավոր է այնքանով, որ անտեսանելի է»
17.10.2008 | 00:00

«ՍՊՈՒՆԳԻ ՊԵՍ ՆԵՐԾԾՈՒՄ ԵՆՔ ՕՏԱՐԻ ԱՂԲԸ»
ՀՀ կառավարությունը, իր իսկ հաստատած 2008-2012 թթ. պետական ծրագրի հիմնադրույթներից ելնելով, մշակույթի նախարարության համար ուղենշել է երեք գերակայություն, որոնք, մեր համոզմամբ, ավելի շատ դեկլարատիվ ուղեցույց են հիշեցնում: Բնականաբար, հարց է ծագում. մշակութային ինչպիսի՞ քաղաքականություն պիտի իրականացնի նույնանուն նախարարությունը` վերոհիշյալ գերակայությունները բարի ցանկությունների դաշտից իրական կյանք փոխադրելու համար: Թեմայի շուրջ զրուցում ենք «Բարեփոխում» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ, արվեստի քննադատ, հրապարակախոս ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
-Որպես թիվ մեկ գերակայություն, կառավարությունը մշակույթի նախարարության առջև խնդիր է դնում մինչև 2012 թիվն ապահովել հանրապետության մշակութային դաշտի համաչափ զարգացումը: Այլ խոսքով` մշակույթի ապակենտրոնացման քաղաքականությամբ աշխուժացնել մարզերում մշակութային կյանքը՝ հընթացս կանխելով մարզերից բնակչության (հատկապես երիտասարդների) արտահոսքը: Որքանո՞վ է իրատեսական այս ծրագիրը:
-Չի կարող իրատեսական լինել, որովհետև ի սկզբանե խոցելի է իր տրամաբանությամբ։ Երբ Երևան քաղաքի սրտում փակվում են ավանդույթ ներկայացնող, քաղաքի պատմության մասը կազմող մշակութային օջախները, որոնցից մեկն էլ «Նաիրի» կինոթատրոնն է, ինչի՞ մասին ենք մենք խոսում։ Երևան քաղաքում երկու կինոթատրոնը շա՞տ էր։ Ես չեմ կարողանում հասկանալ, մենք իսկապե՞ս չենք գիտակցում, որ գոյություն ունեն հանրային արժեքներ, որ մասնավոր սեփականությունը ածանցյալ է դրանց, և այդ հանրային արժեքը կամ շահը էլիտար շենքերի գերշահույթը չէ, այլ՝ այո, «Նաիրի» կինոթատրոնը, եթե, իհարկե, պետություն ենք և ազգ։ Իսկ եթե չե՛նք, եկեք ընդունենք, որ՝ չենք և մտածենք, թե ինչ է պետք անել, որ լինենք։ Եթե, իհարկե, ուզում ենք լինել։ Երբ մոտ տասը տարի առաջ «Նաիրի» կինոթատրոնին հարակից «Արվեստ» ամսագրի խմբագրության տարածքը մշակույթի նախարարության լուռ համաձայնությամբ վաճառվեց «Hugo Boss» խանութին, նրանք, ովքեր սիրում են իրենց քաղաքը, ցավ զգացին։ Դրանից մի քիչ վերև արվեստի աշխատողների տունն էր, որը նույնպես վաճառվեց և փոխարինվեց դարձյալ օտար մի անուն ունեցող կառույցով։ Բազմաթիվ այլ օրինակներ էլ կան, և ամեն անգամ մարդիկ, որոնք իրենց այս քաղաքին տեր են կարծել, ցավ են ապրում, վիրավորանք ու զայրույթ։
Թվում էր, թե կանգ ենք առնում արդեն, որովհետև հո ինքնասպան ժողովուրդ չե՞նք վերջապես։ Ինչի՞ համար էր անկախությունը. որ կորցնենք մեր պատմությո՞ւնը, մեր դե՞մքը, ոչնչացնենք ավանդույթնե՞րը, ապականենք այն ամենը, ինչը սիրելի՞ է մեզ, վերացնենք հայկակա՞նը։ Ի՞նչ պետություն ենք մենք ուզում կառուցել այդ դեպքում, անունն ի՞նչ ենք դնելու այդ պետության, գուցե՝ Hugo Boss կամ Morgan։ Ես, ի դեպ, այնքան էլ չեմ շեղվել Ձեր հարցի պատասխանից, որովհետև այս իրականությունը, արդեն տասնամյակներ ձգվող ամպագոռգոռ հայտարարություններով, խառնաշփոթ և մառախլապատ մտքերով, մշակութային ռազմավարության հետևանք է նաև։ Անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը՝ լինելով իր տեսակով ազգային պետություն (թեև ազգայինը, չգիտես ինչու, չի նշված սահմանադրության մեջ), այսօր չունի մշակութային հայեցակարգ, հետևաբար նաև՝ քաղաքականություն։ Ինչպե՞ս էր գրված այդ փաստաթղթում. մշակութային դաշտի համաչափ զարգացո՞ւմ, մշակույթի ապակենտրոնացման քաղաքականությո՞ւն։ Ես, անկեղծ ասած, դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող է մշակույթն ապակենտրոնացվել։ Գուցե շփոթում են գեղագիտական դաստիարակության հետ, որը կարող է և պետք է կենտրոնացած չլինի քաղաքներում և հատկապես մայրաքաղաքում կամ՝ խառնում են ոչ բարձրագույն գեղարվեստական կրթության հետ՝ երաժշտական դպրոցներ, նկարչական, պարի և այլ խմբակներ և այլն, կամ, գուցե, նկատի ունեն արհեստնե՞րը, որոնց զարգացման համար անհրաժեշտ է ապակենտրոնացված քաղաքականություն վարել։ Բայց այդ դեպքում իրերը պետք է իրենց անունով կոչել։ Մենք, այո, ունենք, մարզերի զարգացման կարևորագույն խնդիր, բայց ո՛չ մշակութային դաշտի համաչափ զարգացման խնդիր։ Դրանք տարբեր բաներ են։ Մշակութային դաշտը չպետք է և չի կարող համաչափ զարգանալ, անգրագիտություն է այդպես մտածելը։ Արվեստը հենց նրանով է արվեստ, որ հազվագյուտ է, բացառիկ է, և, հետևաբար, այն միշտ կենտրոնանում է մայրաքաղաքում, լավագույն դեպքում՝ մյուս քաղաքներում։ Արվեստը չի կարող շատ լինել քանակով, որովհետև Աստված այդպիսի շքեղություն չի ընձեռում։ Եվ այդպես է ամբողջ աշխարհում։ Երկրներ կան՝ հարուստ, հզոր երկրներ, որոնք չունեն ոչ օպերա և ոչ էլ կոնսերվատորիա, անգամ մայրաքաղաքում չունեն, հասկանո՞ւմ եք։ Նույնը բարձրագույն կրթությունն է, որը չես կարող ապակենտրոնացնել, որովհետև դասախոսապրոֆեսորական կազմը, որը հասարակության իրական վերնախավն է, միշտ փոքրաթիվ է, և տրամաբանական է, որ այն պետք է կենտրոնացած լինի մայրաքաղաքներում կամ համալսարանական քաղաքներում, կենտրոններում։ Իսկ մարզերի զարգացման խնդիր մենք ունենք, բայց նախքան այն լուծելը պետք է խնդիրը գրագետ շարադրել և չփոխարինել արհեստական խնդիրներով։ Իմ խորին համոզմամբ՝ գյուղն է քաղաքը սնուցող մտավոր պոտենցիալի աղբյուրը, որովհետև այն կտրված չէ իրեն սնող բնությունից։ Գյուղը ծնում է, ստեղծում է, արտադրում է, քաղաքը սպառում է։ Հետևաբար, գյուղն իր մեջ պահում է ազգի և, ուրեմն, նաև մարդկության ստեղծագործական ներուժը, պաշարները։ Ինչպե՞ս զարգացնել մարզերը, ինչպե՞ս պահպանել գյուղը, բնությունը, ազգային ավանդույթները։ Այս ամենը լուրջ քննարկումների, գիտական ուսումնասիրությունների նյութ է։ Ազգային ակադեմիան` պատմության, ազգագրության և հնագիտության, արվեստի պատմության, լեզվի, գրականության ինստիտուտներով, պետք է ընդգրկվի այդ աշխատանքներում։ Թե չէ՝ ովքե՞ր են մշակում քաղաքականությունները, ի՞նչ պաշարով, ի՞նչ գիտելիքներով։
-Երկրորդ գերակայությամբ՝ մշակութային ժառանգության պահպանություն և օգտագործում, կառավարությունն ակնկալում է սերունդներին փոխանցել ոչ նյութական ժառանգությունը, պետական թանգարաններում ու գրադարաններում անհրաժեշտ պայմաններ ստեղծել մշակութային արժեքների պահպանության համար: Նախ` ի՞նչ ասել է «ոչ նյութական մշակութային ժառանգություն», և հնարավո՞ր է այն ամփոփել, չասենք` պահպանել, հատկապես մարզային թանգարաններում ու գրադարաններում, որոնց մեծ մասն ավերակ դարձած կառույցների է վերածվել:
-Եթե ընդունենք, որ գոյություն ունի ոչ նյութական մշակութային ժառանգություն, ուրեմն կարելի է ենթադրել, որ կա նաև նյութակա՞ն մշակութային ժառանգություն։ Ո՞րն է դա՝ պոեզիա՞ն, թե՞ երաժշտությունը։ Անհեթեթություն է, չէ՞։ Ընդհանրապես, լեզուն պետք է լինի հստակ, դա վերաբերում է նաև փաստաթղթերի և օրենքների լեզվին։ Եթե լեզվում խառնաշփոթ է, ուրեմն այդպիսին է նաև միտքը։ Նախ՝ «մշակույթ» բառն իր մեջ արդեն ունի ժառանգություն իմաստը։ Ինչ վերաբերում է «արվեստ» հասկացությանը, ապա դա ստեղծագործության բարձրագույն աստիճանն է։ Անցնում է ժամանակ, և արվեստի ստեղծագործությունը դառնում է գեղարվեստական ժառանգություն, մշակույթ։ Բայց կա նաև «լայն իմաստով» մշակույթ հասկացություն, որի մեջ մտնում են նաև լեզուն, կրոնը, ազգագրությունը, ավանդույթները, ազգային խոհանոցը, այն ամենը, ինչը ձևավորում է ազգի դիմագիծը, ազգային առանձնահատկությունները։ Փաստորեն, լայն առումով մշակույթը բաղկացած է գեղարվեստական և ոչ գեղարվեստական մշակույթներից, այդ ոչ գեղարվեստականը, որևէ լեզվից սխալ կամ բառացի թարգմանվելով, դարձել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Ես փոխարենը կառաջարկեի «ոչ գեղարվեստական մշակույթ» արտահայտությունը, իսկ մյուսը՝ արվեստը, որը ժամանակի ընթացքում դառնում է գեղարվեստական ժառանգություն, կանվանեի «գեղարվեստական մշակույթ»։ Քննարկման հարց է, իհարկե։ Բայց, այն, որ «ոչ նյութական մշակութային ժառանգությունը» սխալ ձևակերպում է, անվիճելի է։ Ինչ վերաբերում է մարզային թանգարաններին և գրադարաններին, իհարկե, դրանք անմխիթար վիճակում են, որովհետև չունենք սրանց շահերը պաշտպանող ուժեղ, առանց սողանցքների օրենսդրություն և օրենսդրական միջավայր, որը պայմանավորված է հասարակության կրթվածության աստիճանով։ Իսկ ի՞նչ ունի այլևս անկախությունը, երբ հասարակությունն անկիրթ է։ Այդպիսի հասարակությունը չի կարող ո՛չ անկախությունը գնահատել, ո՛չ էլ որևէ այլ հոգևոր արժեք։ Անկիրթ հասարակությունը դառնում է ոգեզուրկ և, հետևաբար, մշակութազուրկ։
-Մշակութային գործընթացների խթանում` ներառյալ արվեստի տարբեր ոլորտներում երիտասարդ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: Սա երրորդ գերակայությունն է, որի ներդրմամբ գործադիր իշխանությունն ակնկալում է ապահովել մշակութային արտադրանքի մրցունակություն, հանրապետության համերգային դահլիճներում ու թատրոններում հանդիսատեսի թվաքանակի կտրուկ աճ: Արդյո՞ք միայն կադրերն են մրցունակ ու որակյալ արվեստի խթանիչները:
-Այնքան բազմաշերտ է խնդիրը, որ կարճ պատասխանելը դժվար է, ուստի կխնդրեի կարդալ մշակութային քաղաքականության վերաբերյալ իմ դիտարկումները www.arvest.am էլեկտրոնային ամսագրում, որտեղ յոթ հիմնախնդիր եմ առանձնացրել՝ ներառյալ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտը։ Երբ խորհրդային տարիներին բոլոր հանրապետություններում դասավանդում էին մեկ համընդհանուր մեթոդով, դա հասկանալի էր իշխող գաղափարախոսության տրամաբանությունից ելնելով, բայց չկա այսօր Խորհրդային Միությունը, կա Հայաստանի անկախ Հանրապետությունը, որը, ցավոք, դեռևս չի կանխազգում ժամանակի վտանգները։ Հիշենք միայն, որ խորհրդային հզորագույն բանակ ունեցող երկիրը պարտվեց ընդամենը մշակութային պատերազմում։
-Ի՞նչ ասել է՝ «մշակութային պատերազմ»։
-Մշակութային պատերազմն առավել վտանգավոր է այնքանով, որ անտեսանելի է։ Քեզ վրա հարձակվել են, իսկ դու տեղյակ չես։ Դու տանուլ ես տալիս մի ճակատամարտը մյուսի հետևից, բայց զբաղված ես առօրյա հոգսերով կամ հաճույքներով։ Իսկ ամենազարհուրելին այն է, որ դու մասնակիցն ես դրա, ավելին, դա արվում է քո միջոցներով։ Եվ այդ միջոցներն են հեռուստատեսությունը, մամուլը, ինտերնետը, տնտեսությունը, արվեստը, որտեղ ազգային դպրոցի բացակայությունը զրկում է մեզ սնուցող հողից։ Մոլեռանդորեն շարունակում ենք կապկել երաժշտության մեջ, նկարչության մեջ, պարարվեստում, ճարտարապետության մեջ։ Ժողովուրդ, որը, նաև օտար գիտնականների վկայությամբ, ունեցել է մեծ մշակութային ներդրում համաշխարհային արվեստի պատմության մեջ, այսօր դարձել է անդեմ մի զանգված, որը, չգիտես ինչու, սպունգի պես ներծծում է օտարի աղբը։
-Եվ վերջում` ղարաբաղյան հարցն ու միասնական մշակութային քաղաքականության հրամայականը: Իրականում կա՞, թե՞ չկա նման հրամայական:
-Իհարկե՝ կա։ Արցախյան հարցը որքան արտաքին, նույնքան էլ ներքին հարց է, որքան քաղաքական, նույնքան, և գուցե ավելի, մշակութային հարց է։ Եվ եթե մենք չունենանք մեկ միասնական մշակութային քաղաքականություն, կկորցնենք Արցախը՝ անգամ նրա անկախացումից և միջազգային ճանաչումից հետո։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 3247

Մեկնաբանություններ