«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ԱՂԲԻ ՄԵՋ ԿՈՐԱԾ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ

ԱՂԲԻ ՄԵՋ ԿՈՐԱԾ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ
15.10.2010 | 00:00

Գաղտնիք չէ, որ մեր երկիրը, ի տարբերություն այլ երկրների, չի փայլում մաքրությամբ: Տխուր է պատկերը հատկապես քաղաքից դուրս տանող ճամփեզրերին, մայթերին: Սոսկալի են մանավանդ Սևանի մայրուղին, գետերի ու գետակների ափերը, անտառները, որտեղ մարդիկ իրենց անմաքուր հետքն անպայման թողնում են (լճի մաքրության մասին խոսելն արդեն ավելորդ է): Լճի աղտոտվածության մասին շատերը կարող են վկայել. ջուրն այնքան պղտոր է, որ անմիջապես չես կողմնորոշվում` գույնը կանա՞չ է, կապո՞ւյտ, թե՞ սև: Սակայն պետք է փաստել, որ այդ պայմաններում ևս հանգստացողների թիվն այս ամառ փոքր չէր, որոնք երկար փնտրտուքից հետո, եթե թեկուզ հաջողեցնում էին գտնել մի փոքրիկ մաքուր կանաչ տարածք` խոտերի վրա նստելու, պառկելու, ապա իրենցից հետո այնպիսի աղբակույտ էին թողնում, որին նայելիս ուղղակի սարսափում էիր: Հանգստացողները մեծ մասամբ մայրաքաղաքից էին: Դե, ի՞նչ կարող էին անել այն խեղճ քաղաքաբնակներն ամռան տապին և անտանելի շոգերին, որոնց հնարավորությունները, իհարկե, բավականին համեստ են, և որոնք ավելի մեծ շռայլություն ի վիճակի չէին իրենց թույլ տալու:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները նույնպես չեն ժխտում, որ «վիճակն ահավոր է», սակայն, իրենց խոսքով, տեղի իշխանություններն անում են ամեն ինչ, ձեռք առնում ցանկացած միջոց` այդօրինակ չարիքի դեմ պայքարելու: Բայց ապարդյուն, վերջիններս ոչ միայն չեն ուղղվում, այլև, ընդհակառակը, աղտոտվածության ծավալները քանի գնում, ավելի են մեծանում:
Խնդրի առնչությամբ բազմաթիվ քննադատական հրապարակումներ են եղել տեղի լրատվամիջոցներով, բայց դա էլ չի օգնել, ընդհակառակը` ավելի է բարդացել իրավիճակը: Շրջակայքի մաքրությանը հատկապես անտարբեր են, մեղմ ասած, համայնքապետերը: Իսկ այս հարցում, մարզպետարանի աշխատակիցների համոզմամբ, առաջնայինն ու կարևորը վերջիններիս դերն է:
Թեև տեղի իշխանությունները մտահոգված են խնդրով, բայց, ինչպես իրենք են խոստովանում, «առանց համայնքապետերի օգնության ոչինչ անել չեն կարող»: Ըստ նրանց` բնության և շրջակա միջավայրի նկատմամբ նման անսիրտ, անմարդկային վերաբերմունքը ոչ միայն դաստիարակության պակասից է բխում, այլև իրավասու մարմինների անարդյունավետ ու անբարեխիղճ աշխատանքից:
Հարկ է նշել, որ աղբով լի արկղերի ու գարշահոտություն տարածող աղբակույտերի կարելի է հանդիպել ոչ միայն գյուղական վայրերում: Նման տեսարանների ականատես ենք քաղաքի ցանկացած հատվածում, ամեն քայլափոխի, որոնցից յուրաքանչյուրն առանձին թեմա է։ Ցավալի է, բայց փաստ, որ ոլորտը տնօրինող համապատասխան կառույցները ևս շատ դեպքերում աչք են փակում այս իրողության առաջ։ Իսկ օդն աղտոտող գարշահոտության առաջ աչք փակել արդյոք հնարավո՞ր է:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6458

Մեկնաբանություններ