ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարդկանց և պետությունների մասին

Մարդկանց և պետությունների մասին
27.01.2023 | 07:27

Ուկրաինայում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (գլխավոր դատախազի տեղակալ և այլն) ազատվել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակության, մարդկանց պետության խաղի կանոնն է։ Չի կարող պաշտոնյան, հանրային դեմքը պատերազմի և համատարած ողբերգության պայմաններում քեֆեր անել։ Դա և պետությունը անհամատեղելի գաղափարներ են։ Դա և մարդկանց հասարակությունը՝ ևս։


Նույնը Ռուսաստանում է. տարբեր կալիբրի պաշտոնյաներ և հանրային դեմքեր պատժվում են ցուցադրական կամ բացահայտված վայելքների համար։
Քովիդի սահմանափակումների օրերին Բորիս Ջոնսոնի երեկույթը և բրիտանական հանրային նորմերը անհամատեղելի էին, և նա հեռացվեց։ Որովհետև սրանք, իրենց տարբերություններով հանդերձ, պետություններ են՝ պետական հիշողությամբ և պետականության ավանդույթներով։


Հիմա գանք Հայաստան։ Երկրի վարչապետը իր թիմով քեֆ է անում Ջերմուկում, որտեղ 1-2 ամիս առաջ մարտեր էին ու մեծ թվով զոհեր, քեֆ է անում այն օրերին, երբ երկիրը սարսռում է 15 այրված զինծառայողների փաստից։ Ի դեպ, երեկ առաջարկել էի ընդդիմությանը՝ այս փաստով սկսել վարչապետին անվստահություն հայտնելու պրոցես։ Դեռ ձայն չկա։ Հավանորեն սա չի տեղավորվում հռչակված «Մեր օրակարգում»։
Իրականում պրոբլեմը միայն Նիկոլով չի սահմանափակվում, և եթե դա լիներ այդպես, ապա լուծումը հեշտ էր։


Մենք մի հասարակություն ենք, որտեղ՝
- նոյեմբերի 9-ից հետո քեֆերը չեն դադարել.
- շրջափակված Արցախի պայմաններում ֆինանսա-տնտեսական էլիտաները տաք երկրներում քեֆեր են անում.
- քաղաքական դեմքերը արտերկրից իրենց հանգստի ֆոտոներն են դնում.
- մեդիա դեմքերը, այսպես կոչված, celebrity-ները լողափերից, ինքնաթիռներից իրենց վայելքներն են ցույց տալիս.
- նոյեմբերի 9-ից ցույցերի մասնակցողները, հայրենիքի փրկության համար ոտքի կանգնածները կարող են կարճ ժամանակ հետո տեղավորվել իշխանության մեջ ու աշխատել Նիկոլի նկարի տակ.
- երկրի նախագահը թափառաշրջիկ դաշնակահարի կագավիճակում է և որևէ առիթով, որևէ դեպքի շուրջ իր ժողովրդի հետ չի խոսում.
- տիտղոսային ընդդիմության լիդերները ամիսներով չեն խոսում, չեն շփվում հասարակության հետ։


Հանրային անոմալիաների ցանկը կարելի է շատ երկար շարունակել՝ սկսած մտավորականության, կրթված շերտերի ամուլ լռությունից մինչև տարբեր օղակների կոնֆորմիզմ։


Ինչու՞ է սա տեղի ունենում և շարունակվում ամբողջ թափով։ Կարելի է վերագրել հասարակության ընդհանուր որակին, բայց չի բացառվում, որ այդ որակները խրախուսվում են նպատակաուղղված՝ հանրային դեգրադացիան, հասարակության կազմաքանդումը խորացնելու նպատակով։ Ու՞մ է ձեռնտու, որ մեր հանրությունը վայրենանա և վերածվի սովորական շարքային սպառողի, որը մտածում է միայն սեփական ափսեի պարունակության մասին։ Ու՞մ է ձեռնտու, որ մեր հասարակությունը դադարի ապրել իր երկրի խնդիրներով, դադարի զգալ իր հայրենակիցների ցավը։ Եվ ինչու՞ է այդ ամենը խրախուսվում իշխանությունների կողմից, որոնք նույնն անում են առաջին դեմքերի մակարդակով՝ օրինակ ծառայելով բոլորին։


Վահե Հովհաննիսյան
Այլընտանքային նախագծեր խումբ

Դիտվել է՝ 13267

Մեկնաբանություններ