ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Մինչև կեսօր գործընկեր են, իսկ հետո՝ ի՞նչ

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Մինչև կեսօր գործընկեր են, իսկ հետո՝ ի՞նչ
11.09.2014 | 13:42

«Բարգավաճ Հայաստանի» և ՀԱԿ-ի առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի նախօրեի հանդիպումը՝ կուսզինակիցների ուղակցությամբ, բնականաբար, չէր կարող վրիպել կամ աննկատ մնալ քաղաքական անցուդարձին մշտապես հետևողների քննախույզ հայցքներից:
Օրինակ «Ժառանգություն»-ից հանրությանը առավելապես ծանոթ, բայց այժմ կուսգործունեությունից մի կողմ քաշված «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտի» նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որ ոչ միայն որպես վերլուծաբան է ծանոթ գործընթացներին, երեկ մասնավորապես նկատել է. «Թե ինչ են քննարկել Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը, միայն գուշակել կարելի է: Սահմանադրական փոփոխությունների շուրջ ԲՀԿ-ի դիրքորոշումը հիմա չափազանց հստակ է՝ դեմ է այդ փոփոխություններին, և այդ հանդիպումը պատահական չէ: Պատճառը քառյակի ներսում առաջացած խնդիրներն են»:
Հարկավ, ձեր խոնարհ ծառան էլ նախընթաց հրապարակումներում արդեն առիթ ունեցել է ուշադրություն դարձնելու «քառյակի» ներսում առկա խնդիրներին ու հնարավոր հակասություններին: Բայց այս պարագայում խնդիրների այլ խուրձ է առավել ուշագրավ թվում:
Եկեք միասին դիտարկենք հետևյալ պատկերը: Թե նախկինում էլ, թե հատկապես վերջին շրջանում հաճախ են տեսակետներ հնչում, որ «Բարգավաճ Հայաստանը» եթե չի էլ սպասարկում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահերն ու ակնկալիքները, ապա առնվազն որոշակի կապի մեջ է: Անուղղակիորեն կամ գուցե լավ էլ ուղղակիորեն այդ մասին են վկայում նախկին նախագահի գործունեությանն նվիրված ֆիլմի ցուցադրությունը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ և այն, որ Ռոբերտ Քոչարյանին քննադատողներին առավել սուր և թունոտ հրապարակումներով արձագանքում են «ԲՀԿամերձ» կամ «Բարգավաճին» համակրող կայքերը, հեղինակները:
Մյուս կողմից, արդեն առանց որևէ թեական մոտեցումների, քաղաքագիտական շրջանակներն ընդունում են, որ ՀԱԿ առաջնորդ, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշակիորեն սպասարկում է «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական ակնկալիքներն ու շահերը: Համենայն դեպս, նույնիսկ «Կենտրոն» հառուստաալիքով այդքան չեն գովաբանել Գագիկ Ծառուկյանին, որքան Տեր-Պետրոսյանը՝ իր հրապարակային անդրադարձերում, ելույթներում:
Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, ով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին եթե խոսում էլ է, ապա միայն քամահրանքով ու մեղադրական շեշտադրումներով: Չհաշված արդեն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որ «Հայերենի արմատական բառարանը» չեն խնայում՝ Ռ.Քոչարյանի հասցեին վիրավորական մակդիրներ ու արտահայտություններ ձևակերպելու համար: Դեռ մի կողմ թողնենք այն ամենը, ինչ նույն Տեր-Պետրոսյանն ու յուր զինակիցները ասում էին նույն ԲՀԿ-ի առնչությամբ ավելի վաղ: Այստեղ շատ ավելի հետաքրքրական է Ռոբերտ Քոչարյանի պահը:
Ու ինքնաբերաբար հարց է ծագում: Զուտ բարոյական տեսանկյունից: Չէ, տողերիս հեղինակը գիտակցում է, անշուշտ, որ արդի քաղաքական անցուդարձին մասնակցող շատերի համոզմամբ քաղաքականությունն ու պոռնկությունը զուգահեռ ընթացող երևույթներ են: Բայց մենք, որ զբաղվում ենք ոչ թե քաղաքականությամբ, այլ նրանցով, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, մի խոսքով՝ քաղաքական գործիչ չլինելով, շատերի նման կարող ենք նման հարց տալ. «Պարոնայք, ո՞ւր մնացին բարոյականության, վեհ ու վսեմ բաների մասին ձեր վերամբարձ ճառերն ու խրոխտ ելույթները»:
Այսինքն, ի՞նչ է ստացվում. ՀԱԿ-ը սերտորեն համագործակցում է ԲՀԿ-ի հետ, որն, իր հերթին, որոշակի կապ ունի նախկին նախագահ Քոչարյանի հետ, որին նույն ՀԱԿ-ը ինչի մեջ ասես, որ չի մեղադրում: Իր հերթին, ԲՀԿ-ն համագործակցում է ՀԱԿ-ի հետ և հանդուրժում Տեր-Պետրոսյանի ու նրա մերձավոր կողմնակիցների սուր արտահայտությունները Քոչարյանի հասցեին, այն դեպքում, երբ այլոց նման կամ ավելի մեղմ արտահայտություններն անուշադրության չի մատնում:
Չէ, ենթադրելի է, որ նման նրբությունները ձեր գործունեության տրամաբանության մեջ կոշիկ չեն, որ ոտքը սեղմեն, բայց գիշերները հանգի՞ստ եք քնում: Այդ հակասությունները ձեզ չեն ստիպո՞ւմ շուռումուռ գալ:
Ու նման հարց ծագում է ոչ միայն կոնկրետ այս դեպքում:
Դիտարկենք մեկ ուրիշ պատկեր: ՀՅԴ-ն, որ քառյակի ուժերից մեկն է,
սահմանադրական փոփոխությունների գործընթացին դեմ չէ: Գիտենք: Մյուս երեք ուժերը դեմ են: Սա դեռ ոչինչ: Բայց նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, հաճախ հայտարարում են, որ դրանց նպատակը իշխանության դիրքերն էլ ավելի ամրապնդելն է, նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը հնարավորինս երկարաձգելը: Ու այդ տեսանկյունից ստացվում է, որ ՀՅԴ-ն, «քառյակի» մեջ լինելով, «խաղում» է իշխանության կողմից: Տրամաբանական է, չէ՞, որ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների հասցեին ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «ժառանգության» ներկայացուցիչների մեղադրական բնույթի արտահայտություններն ու բնորոշումները ինքնաբերաբար տարածվում են նաև ՀՅԴ-ի վրա:
Բայց նույն ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» նույն այդ ՀՅԴ-ի հետ համագործակցում են, որպես «քառյակ», համատեղ հանրահավաք ու այլ քայլեր են ծրագրում և այլն, և այդպես շարունակ:
Հարցն այն չէ, որ տարբեր ուժեր տարբեր տեսակետներ ունեն կամ կարող են ունենալ, դա բնական է: Հարցն այն է, որ այդ տարբեր ուժերի մի մասը մեղադրանքներ ու պիտակավորումներ է շռայլում: Հետաքրքիր է, օրինակ, սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներին «նախշելուց» հետո նրանք ինչպե՞ս են հավաքվում «քառյակային» սեղանի շուրջ և զուտ մարդկային տեսանկյունից ինչպես են նայում միմյանց աչքերին: Կամ նայելիս հայացքները չեն փախցնո՞ւմ:
Ծիծաղելի է կարծել, որ նման «նրբությունները» հանրության ներկայացուցիչները չեն նկատում կամ չեն կողմնորոշվում, թե ով ինչ է անում: Մարդիկ, մեծամասամբ, լավ էլ նկատում, ընկալում և ոչ պակաս վերլուծում են: Հետևաբար, երբ «խաղեր եք տալիս», շրջանցելով անգամ ձեր նախանշած սահմանները, մի զարմացեք, մարդկանց թերահավատության և ձեր գործունեությունից հիասթափված լինելու վրա:
Եվ հետաքրքիր է, եթե «քառյակայինները» գործընկեր են մինչև կեսօր, ապա ո՞վ են միմյանց հանդեպ կեսօրից հետո:

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ