ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վիճաբանություն 34 համարի ավտոբուսում

Վիճաբանություն 34 համարի ավտոբուսում
25.07.2013 | 15:43

Այսօր, երբ բարձրացա վերոնշյալ ավտոբուս, արտաքուստ ամեն ինչ խաղաղ էր. բոլոր ուղևորները (թվով տասը-տասներկու հոգի), հանգիստ նստած էին: Ես դեռ չէի հասցրել պայուսակում տեղավորել ձայնագրիչս, ձեռքիս էլ ակտիվիստների «նվիրած» թռուցիկներն էին:

Վարորդը անմիջապես գլխի ընկավ` կամ լրագրող եմ, կամ ակտիվիստ: Երբ տեղավորվեցի ամենավերջին ազատ նստարանին, որպեսզի ավելի մոտ լինեմ մյուս ուղևորներին, նա ուշի-ուշով սկսեց հետևել իմ գործողություններին: Զրույցի բռնվեցի կողակիցներիս հետ`թեման ուղեվարձն էր: Հարցրեցի, որքա՞ն եք վճարելու. ձայն չհանեցին: Ասացի` 100 կտաք և ձեռքիս թռուցիկները բաժանեցի կողքիս նստածներին: Մյուսները ևս խնդրեցին:
Թռուցիկներն ընթերցելուց հետո, որտեղ գրված է «Վճարի՛ր 100 դրամ», «Բոյկոտի՛ր թանկացումը», «Թույլ մի՛ տուր քեզ խաբել», «Արթնացի՛ր, հայ ժողովուրդ» և այլն, ուղևորները կարծես, իսկապես «արթնացան» և սկսեցին ոգևորված բարձրաձայն կարծիքներ արտահայտել:
«Հարյուր դրամից ավել չեմ տալու, դա էլ ա շատ... ինչի՞ պիտի 150 տամ: Մի ժամ, արևի տակ կանգնած, ես էլ ճնշումով հիվանդ մարդ, ավտոբուսի եմ սպասել, դրա համա՞ր, թե՞, որ դռներից կախված առավոտները գործի եմ գնում: Էսքանից հետո գոնե սպասարկումը նորմալացնեն»,-ասաց կողքիս նստած մի կին:
«Մեր ժողովրդի մեջ չկա էդ խասյաթը, որ համախմբվեն, մի մարդու նման դրանց սաղի աչքերը հանեն: Բայց լավ եղավ`սենց եղավ, թե չէ մի օր էլ կլսեինք`մեր սուսիկ-փուսիկ Տարոնը նախագահ է դարձել: Լա՜վ եղավ, դե գնացեք, տեսա՞ք ինչ արեց, էնքան էիք պաշտում, Աստված էիք սարքել...էդ էլ ձեր սիրելի Տարոնը»,-լրացրեց մեկ ուրիշը:
«Ամիսը 45 հազար դրամ եմ ստանում, տանն էլ հիվանդ ունեմ, տրանսպորտն էլ սենց թանկացավ, հեչ մտածում ե՞ն ոնց ենք ապրելու»,-ասաց մի կին, ում խոսքով, գումար վաստակելու համար խնամում է մի տատիկ (ի դեպ, նա էլ երիտասարդ չէր, վաթսունին մոտ կին էր):
«Թոշակս բարձրացրե՞լ են, որ տարանսպորտի գին են բարձրացնում: Ես չեմ աշխատում, ոչ էլ աշխատող ունեմ: Մեկը չկա ասի`ես էդ 50 դրամն ունե՞մ, որ քեզ տամ»,-զայրացրած հավելեց մեկ այլ տատիկ:
Վարորդը, որ մինչ այդ համբերատար լսում էր այդ խոսակցությունները և քթի տակ մրթմրթում, էլ չդիմացավ. «Հեսա սաղիդ կիջցնեմ, ներվերս հերիք ա ուտեք, զզվցրիք»:
«Լավ էլ կանես, իջեցրու, գնա գործադուլ արա, պահանջի աշխատավարձդ բարձրացնեն, ոչ թե ուղևորների հետ վիճաբանի… Ի՞նչ անեմ, վարորդը մեղք չունի, բա ես մեղք ունե՞մ, որ հնարավորություն չունեմ»,-ասաց մի պապիկ:
Մի շատ ճարպիկ կին էլ սկսեց ելույթ ունենալ վարորդի դիրքերից. «Շատ անշնորհակալ ազգ ենք, մեզ մի հատ Ստալին ա պետք, որ միշտ բռունցքը գլխներիս լինի: Մի 50 դրամի համար վարորդի վրա եք հարձակվել, էս խեղճն ի՞նչ անի»:
Այս խոսքի վրա` աջ ու ձախից վրա տվեցին. «Ձենդ տաք տեղից ա գալիս, երևում ա վիճակդ լավ ա՞, աշխատող ունե՞ս…»:
«Շատ էլ լավ ունեմ, խի պիտի չունենամ, դուք էլ ունեցեք, նախանձ ազեք եք, նախանձ…»,-պատասխանեց տիկինը:
Ի դեպ, այս ընթացքում, տարբեր կանգառներից ավտոբուս բարձրացող քաղաքացիները նույնպես խառնվում էին այդ վեճին, իսկ իջնողները վճարում էին միայն 100 դրամ:
Ես, որ արդեն պետք է իջնեի`միջամտեցի այդ վիճաբանությանը` առաջարկելով առանց վիճելու և միմյանց վիրավորելու, ինձ պես վճարել 100 դրամ, շնորհակալություն հայտնել և իջնել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Ամբողջ ճանապարհին ինձ մի փոքր մեղավոր էի զգում: Չ՞է որ ամեն ինչ սկսվեց ինձնից: Գուցե չարժե՞ր մարդկանց բորբոքել, վրդովմունք պատճառել: Բայց հետևիցս հնչած արտահայտությունը` «ապրե՛ս, աղջիկ ջան», ոգեպնդեց ինձ և վստահություն ներշնչեց: «ՈՒրեմն`արժեր», մտածեցի:
Սա մեր բոլորի պայքարն է. կարևոր չէ ով ես`լրագրող, վարորդ,
ակտիվիստ, թոշակառու, թե ամենօրյա քաղաքաբնակ ուղևոր…Կարևորն այն է, որ մեր աշխատանքի, ակտիվ գործունեության շնորհիվ` մեր հասարակությունն իսկապես «արթնանում է», և դա անչափ ուրախալի:
Մենք ենք մեր քաղաքի տերը:



Դիտվել է՝ 2187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ