ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ

ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ
18.06.2010 | 00:00

Անհատի և հատկապես պետական ծառայողի կյանքում ամենապատասխանատու պահն այն է, երբ նա սկսում է գիտակցել ճիշտ կենսակերպի կարևորությունը, դրան հասնելու միակ ճիշտ ճանապարհը և, միևնույն ժամանակ, այդ ճիշտ դրսևորման համար իր կյանքի փոփոխումը սեփական ուժերից վեր համարելը: Այս դեպքում ճիշտ կենսակերպի գիտակցումը վերածվում է սեփական ես-ի դեմ աշխատող հզոր գործիքի: Ինքն իր դեմ անհուսորեն «պայքարող» անհատն արդեն իսկ տառապում է թերարժեքության բարդույթով, որն էլ մշտապես պատճառ է դառնում շրջապատն ու միջավայրը ապականելու: Սա էլ ծնում է սեփական վախի զգացողությունն ու ստրուկին: Մինչդեռ ստրուկները չեն կարող ընդունել որևէ փոփոխություն: Միակ բանը, որ ցանկանում են, դա իրենց նախկին ստատուս քվոյի պահպանումն է, որ ոչինչ չփոխվի` գոյատևեն նույն ձևով, մտածեն նույն կերպ, վայելեն իրենց առջև նետված «ազատությունը»:
Հայկական իրականությունում և հատկապես դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացման համար նախ և առաջ պահանջվում էին բարոյական, արժանապատիվ և քաղաքական կամք ունեցող պետական ծառայողներ, որոնք, թեկուզ և ներքին մեծ տառապանքների գնով, թափելու և այրելու էին այն ամենը, ինչը հին է, անընդունելի ու դեմ է ավանդական բարքերին, առաջ էին շարժվելու դեպի առողջ փոփոխումները, որոնց ակունքը պիտի լիներ նախ և առաջ մարդկային խիղճը: Մինչդեռ նեոբոլշևիկյան ներկայիս ստրկամիտ պետական ծառայողների հոծ բանակը չարիք գործելու կարելիությամբ, նախանձի, պետական լծակների ու անբարո «օրենքների» հզորությամբ միտված է արդարադատության ոլորտը վերածելու անհատական բռնապետության:
Բարեփոխումները Հայաստանում պիտի թևակոխեն մի նոր որակական շրջան` պայքարի շրջան: Պետական ծառայության անհուսությամբ տառապող գզրոցներից այն պիտի դուրս գա, թոթափի իր վրայից ժամանակի կուտակած կեղտն ու փոշին, իր մեջ ընդգրկի հայ հասարակության բոլոր շերտերը և արտահայտի ազգային ավանդական սկզբունքները: Բարեփոխումների նպատակադրությունը որքան էլ արդարացի և երկարաժամկետ լինի, ներկայիս հուսահատ և աղետալի վիճակի սահմանները չի կարող խորտակել, քանի դեռ ընտրված չէ պայքարի ճիշտ ճանապարհ: Հուսահատությունը զարգացնում և խորացնում է հասարակության թուլությունն ու անզորությունը, իսկ անզորությունն անշարժացում է, ճահճացում, որը բարենպաստ միջավայր է անարդարության, ցավ ու տառապանք ծնող ինստիտուտի, իմա` արդարադատության առկա ոլորտի:
Աղետալի սխալների ու անարդարությունների ծանրության տակ կքած հասարակության տառապանքի գլխավոր պատճառներից մեկն առաջնորդ տարրերի անիմաստությունն է: Հասարակությունն իր իսկ գոյությամբ անուղղակի կերպով նպաստում է վերջիններիս թվաճին ու զարգացմանը, հատկապես այն ժամանակաշրջաններում, երբ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում ստեղծվում են շրջադարձային իրավիճակներ, ուր բնական սահմանափակ ռեսուրսների պարագայում ստիպված են լինում անսահմանափակ հետաքրքրությունները հարմարեցնել իրենց գոյության իրական միջոցներին: Նպաստավոր դիրք, միջոցներ ու ազդեցիկ լծակներ ունեցող հզորներն ավելի ընդունակ են գտնվում հարմարվելու ստեղծված նոր միջավայրին` զբաղեցնելով ավելի քան բարվոք դիրք, կեցության ու գոյության ռեսուրսներին տիրանալով ու չեզոքացնելով ոչ կենսունակ և տկար հասարակության զանգվածներին: Եվ, որպես ընդունված կանոն, այն դիտվում է իբրև քաղաքակրթության բարեփոխության օրենք:
Քաղաքակրթական բարեփոխումները բոլոր հասարակարգերում և բոլոր ժամանակահատվածներում էլ հասարակության ու մարդկանց մեջ միայն և միայն զգայությունների բազմազանության զարգացումն են ապահովում, սակայն ոչ երբեք դրանից ավելին: Որքան էլ քաղաքակրթության աճն ու որակը բարձրանան, միևնույն է, զարգացման աճին զուգընթաց մարդկային բարոյական ու ոգեղեն արժեքները զարգացում չեն ունենում, դեռ ընդհակառակը, քաղաքակրթության ձևախեղման հետևանքով անտեսվում կամ մերժվում են բարոյական ճշմարտությունները, մարդկային խիղճը, արդարամտությունը, կրոնն ու Տերը: Հասարակությունը հայտնվում է բացարձակապես չգիտակցված և կարծեցյալ անսահման ազատությունների դատարկության կառափնարանում, որի արդյունքում աստիճանաբար առաջանում է անհատի ու հասարակության ոգու քաոսը` միևնույն ժամանակ մերկացնելով նրանց մեջ նստած ստրուկին:
Հայկական դատաիրավական ոլորտում բարեփոխության օրենքի ներկա պահապանները մեծ մասամբ իրենց հոգեբանական նկարագիրը կերտել են ավանդական հայի արարչական ոգեկերտվածքի և դարեր շարունակ օտարի լուծը հանդուրժող ստրուկի կենդանի համադրությամբ: ՈՒստի ոչ միայն դժբախտ են, այլև դժբախտացնող, չարագործ, աղետաբեր և նենգավոր: Հանրային շահի գիտակցման նենգափոխումը սեփական շահի ու ազգային արժանապատվության փոխարեն փառամոլությունը բավարարելու մոլուցքն անընդունակ է դարձրել զոհաբերություն պահանջող մեծ և առաքինի գործերի: Նա դարերի ստրկության մեջ իր արիությունն ու ազգային արժանապատվությունը կորցրած ստրուկն է, սակայն իր իսկ պետության համար ավելի վտանգավոր, քան արտաքին թշնամիների հոծ բանակը: Ստրուկը հասարակությանն օգտակար լինելու կարելիությունը կորցրած այն միջակությունն է, որը պատմությունից իրեն տրված մասնավոր առաքելությունն ու իր անձը աճուրդի է հանել և վաճառականացրել բարոյական, իրավական և օրենսդրական բոլոր իրավունքները, քայքայելով պետական իրավասյուները: Ստրկամտությունն է նրանց միակ սրբագույն մայր տաճարը և հասարակության առկա անարդարությունների հիմնական ու գլխավոր պատճառը: Արդարադատության օրըստօրե սեղմվող մետաղյա շղթաների ատամնանիվներում մինչև վերջին կաթիլն արնաքամ լինող հասարակությունը պիտի վերջնականապես գիտակցի, որ քանի դեռ կա դարերի խորքից ժառանգաբար փոխանցված ստրուկը, արդարության և արդարադատության ավելի բարվոք վիճակը Մասիսի նման երազ պիտի մնա հասարակության համար: Սրա չգիտակցումն առկա վիճակն է հասարակության ու մեր անարժան լինելիությանը ոչ միայն պետական, հասարակական ու քաղաքական կյանքի, այլև իր գոյությունը մի կերպ քարշ տվող ժողովրդի:
Մինչդեռ ժողովրդի արդարացի պահանջը, որը պիտի ուղղված լինի նրա միասնականության, ամբողջականության, հիերարխիայի հասկացության վերականգնմանը, և ապա ձգտումը դեպի ազգային ոգեղեն արժեքներն ու միակ Արարիչը, վերակերտելու պատմության ստվերներում մոռացության մատնված բոլոր օրենքները, կարող է ստեղծել բացառիկ բարենպաստ միջավայր մի նոր քաղաքական էլիտայի ու մի նոր իշխանության ձևավորման համար: Եվ եթե ժողովուրդը, իրոք, ցանկանում է բարեփոխումները հասցնել մինչև վերջ, որի մասին այդքան երազում ու բարձրաձայնում էին, ապա պիտի համախմբվեն ներկայիս նախագահի շուրջը և աչալրջորեն վերաբերվեն նրանց, ովքեր գտնվում են պետության գլխին, պիտի վերահսկեն պատգամավորներին ու կառավարությանը, որ նրանք չհեռանան միջին դասից և «չինտեգրվեն» բարձր կարողության տեր դասին: Սա կստեղծի ոչ միայն լայն միջավայր քաղաքացիական հասարակարգի ձևավորման համար, այլև այդ քաղաքացիական միջավայրը կնշանավորվի կարևորագույն սոցիալ-քաղաքական միջավայրով` ավելի քան կարևոր նշանակություն ունեցող պետական, քաղաքական և գաղափարական քննարկումների և որոշումների համար: Այս նորովի ստեղծված միջավայրը կդառնա այն տիտանական զտիչը, որի միջով անցկացված ավելի քան կարևորագույն գաղափարներն ու առաջարկությունները կհամարվեն իշխանության ու կառավարության գործունեության հիմնական առարկաները: Ժողովրդի զորակցումը նախագահին, վերահսկումն ու համագործակցումն ընտրված կառավարության հետ, ակտիվ գործունեությունն ու տեղեկացվածությունը կհանդիսանան հասարակության անվտանգության պահպանման ու արդարության վերականգնման բարձրագույն երաշխիքը: Այս ամբողջական մեխանիզմը նպատակաուղղված պիտի լինի հասարակության երազանքներին ու գաղափարներին հասնելու ասպետական և ոչ թե առևտրական, արժանապատվության և ոչ թե բարեհաջողության, զոհաբերության և ոչ թե օգտագործման կառուցվածքով:
Հայ հասարակության համար արդարության, ավանդական արժանապատվության միակ տիրոջ իրավունքի գիտակցումը կարող է սասանել արդարադատության տառապանք ու ազգային աղետ ծնող ինստիտուտի բռնապետական հիմնասյուները: Ստրուկներից ու ստրկության մայր տաճարից գլխիկոր արդարություն մուրալու, արդարադատության մուրացկանությամբ գոյատևողի աղետալի համաճարակին պիտի գա փոխարինելու հայ ազգի հավաքական ոգու մեջ արդեն հրամայաբար հարություն առած պայքարողի ոգին: Եվ ինչպես մ.թ.ա. 20-րդ դարավերջին հայերը, հայոց արքայի գլխավորությամբ, տապալեցին ՈՒրի 3-րդ բռնապետությունը, նույնպես էլ այսօր հայերս, նախագահի գլխավորությամբ, ևս մեկ անգամ պիտի իրականացնենք «Սրբազան օրենքների երկիր» հայաստանյան բարեպաշտ արիանների ազատարարի առաքելությունը` տապալելով ստրկության տաճարը: Անարդարության փլատակների վրա պիտի վեր խոյացնենք Վահագնի տաճարը, պայքարի տաճարը, արդարության և ուժի տաճարը, քանզի ազատության ու արդարության համար պայքարող ցեղի ոգին է միայն հավիտենական պարտականությունը ստեղծագործ, ազատ ու արարող հայ ժողովրդի:
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ-«Դրո» գործով ցմահ ազատազրկված
14-ը հունիսի, 2010 թ

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ