Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մեր սերմը շարունակում է մեզ ուտել

Մեր սերմը շարունակում է մեզ ուտել
23.12.2008 | 00:00

ԽՈԿՈՒՄ
Կա՛նք... Չեմ ասում` լավ, վատ, վիճակ չեմ ներկայացնում, ասում եմ` կանք։ Եթե կանք, ուրեմն վախենալու բան չունենք` մեր սերմը շարունակում է մեզ ուտել հենց էսօր, վաղը, էգուց, էլօր, չեմ շարունակում ու չեմ ասում` ընդմիշտ, հավերժորեն, մինչև արևի մի բուռ մոխիր դառնալը մեզ սպանելու է։ Էդպես չի լինում։ Սասունցի Դավթի նման մի անգամ սպանվենք` մեզ հերիք է։
Էս հին արևի տակ ոչինչ նոր չէ։ Եվ մեր արևի տակ նոր չէ մեր վիպերգը` «Սասունցի Դավիթը». և՛ արմատներն են հին, և՛ ճյուղերն են հին, և՛ սաղարթներն են հին։ Հին են պատումները, էնքան հին, որ թվում է` դեռ նոր են ծնվելու, նոր են պատմվելու, նոր են նորոգվելու։ Հազարամյակը և հազարամյակները` մի կողմ, բայց հազարամյակ ու հազարամյակներ էլ անցնեն, մեզ չի լքելու Սասունցի Դավթի ժայթքումը` իմ սերմն ինձ սպանեց։
Եթե ականջեինք ու սրտեինք ու արյուներակեինք էս խոսքը` իմ սերմն ինձ սպանեց, վաղուց զտված կլինեինք։ Բայց մենք մնում ենք ասող, ոչ ականջող ժողովուրդ։ Պատվիրաններ կան, չէ՞, կատարո՞ւմ ենք էդ պատվիրանները։ Դարերի ընթացքում չենք կատարել ՏԱՍԸ պատվիրանները։ Թո՞ւյլ չեն տվել, պատվիրաններ կատարելու ժամանակնե՞ր չեն եղել։ Ինչո՞ւ ենք մերժել նաև տանու խոսք ու խրատը։ Ո՛չ տան մեծի խոսքն ենք ականջներիս օղ արել, ո՛չ հողի ձենն ենք լսել, ո՛չ սարերի կանչն ենք մերը դարձրել։ Հասկացել ենք, որ տանը մի լավ բան կա թաքցրած, բայց ո՞ր քունջ ու պուճախում, հասկացել ենք, որ ջրի ձենի մեջ, լեռան կանչի մեջ, հողի բարբառի մեջ մեզ համար լավ-լավ բաներ կան պահված, բայց թե ի՞նչ, ալարել ենք, ծուլացել, մինչև խելքի ենք եկել, մեր խելքի կեսն արդեն կորցրած ենք եղել` շաղելով աշխարհի ճամփաներին։
Թողած մեր էպոսի արմատները, աշխարհի ճամփաներն ընկած, կանչել ենք` եկա՜ն, մեզ սմբակեցի՜ն, տրորեցի՜ն, թալանեցի՜ն, սպանեցի՜ն, տնազուրկ արեցի՜ն, հայրենազուրկ արեցի՜ն։ Ա՜խ, վաթան, վա՜խ, վաթան... Ազգ էինք, երկիրը կորցնելով դարձանք «քելելաոի» ժողովուրդ, կարոտի թևեր հագանք ու խոսել սկսեցինք թևավորների հետ։ Միշտ մի հույս ծլել է` հույսը վերջինն է մեռնում հուսալի խոսքով։ Փորձեցինք իմաստուն կարգել մեր անցած-գնացած ու զարմանալի հրապուրիչ ապագայից եկող նախնիներին։ Էլի չփրկվեցինք։ Շա՜տ խելք ունեինք, էնքան խելք ունեինք, որ հասկացանք` մեր խելքի ձեռքը կրակն ենք ընկել։ Ոչ միայն կրակն ենք ընկել, այլև մեր տունն ու երկիրն ենք կրակը գցել։ Մեր փրկարար ճակատագիրը մեզ նվիրեց պանդխտելու դրոշմը։ Դարեր շարունակ։ Դրա համար հայրենիքում էնքան էլ մենք մենք չենք, բայց աշխարհում փորձում ենք հաստատվել` մենք ենք։ Տրամաբանությունը փիլիսոփայում է` մենքի գործոնը պիտի հայրենիքում լինի։ Ով էլ թագավորեց-արքայեց-քարտուղարեց-նախագահեց... Հայաստանում, էդ թագավոր-իշխանավորի անունից առաջ ինչո՞ւ դարեր շարունակ որոնեցինք նրա ծննդավայրը, խնամիական կապեր, ճյուղեր որոնեցինք, ինչո՞ւ ասացինք` էսինչ տեղի ժողովրդի համար լավ կլինի, ինչո՞ւ չասացինք` ամբողջ հայ ժողովրդի համար լավ կլինի։ Եվ ով վրա տված, քափ-քրտինք մտած գալիս է Հայաստան, նրա երկրի անունն իմանալուց հետո մտքներովս անցնում է կասկածելի երանություն` դրա նախնիները պիտի որ հայ լինեն։ Էնքան հիվանդ ու շփոթահար ենք, որ զրույց ենք ստեղծում` ԱՄՆ-ի նախագահ պարոն Օբաման դեռ մանկության ժամանակ է լսել հայերի կամ կատարված ցեղասպանության մասին և որոշել է նախագահ դառնալուց հետո...
Մենք ամենուր հայի արյուն, հայի արմատ ենք փնտրում` խախտելով ամեն սահման ու չափանիշ, զոռ տալով բորբոքուն մեր երևակայությանը։ Օրը ցերեկով ցնդում է Հայոս-Քարթլոս եղբայրական լեգենդը` անհանգիստ են մեր թանկ աճյունները Թբիլիսիում, հայոց հերթական եկեղեցին է սարսռում` նախիջևանյան հնությունների նման չի քանդվի, չի աղացվի, կվրացականացվի։
Օտարին շատ հեշտ սիրել սովորեցինք։ Մեր սերն առ մեզ դատապարտելիորեն շատ ենք ուշացնում, ուշացրել ենք մեր ապրած-չապրած բոլոր դարերում, անգամ ոսկեղենիկում։ Քերթողահոր Ողբից առու-առու, երակ-երակ հոսած ցավը մեր երկար ճանապարհին դեռ չի սպիացել, իսկ մեր օրերում պարզապես ծովացել է` դառնալով «Հայոց վիշտը անհուն մի ծով»։ Մի բան չենք անում, որ մարդու սրտով լինի։ Օրենսգետ ժողովուրդ ենք ու... էդպես էլ չսովորեցինք անաչառ դատել։ Պարա՞պ էինք, որ պարապ վախտի խաղալիք ընտրեցինք ՌՔ-ին ու դարձանք նրա խաղալիքը։ Պկու ենք, շվի ենք, մեզ լավ էլ շվվացրեց ու դեռ երկար կշվվացնի, որովհետև ազգովին թույլ տվեցինք, որ թանկ շաբաշով շվվացնի։ Եվ ոչ միայն երկիրը, ժողովրդին, այլև մեր բառ ու բանը։ Նա մեղավոր չէ։ Մեղավոր չէ նրա ժամանակը։ Նրան իր ժամանակը հանձնարարել է` քեզօգուտ ամեն ինչ արա։ Նա հեզորեն լսեց իր ժամանակին ու իրօգուտ էնպիսի բաներ արեց, որ զարմացած մնաց նույն ժամանակը։ Եվ ժամանակը գլխի ընկավ, որ առանց արյան թալան չի լինում։
Եվ ժամանակն ապշեց, փշաքաղվեց։ Զարմացավ ժամանակը. էս ո՞նց է լինում, որ հայոց վիպերգի մեջ հայի սերմը սպանում է ժողովուրդ-Սասունցի Դավթին, դրանից հետո ամեն գյադա-գյուդա սպանում է, բայց Սասունցի Դավիթ-ժողովուրդը շարունակում է ապրել։
Լեզվակռվի անեծք կա` վա՜յ քո ցեցը քեզ ուտի, հա՜, էն էլ մենակ դու իմանաս, մին էլ քո ցեցը։ Ցեցը նույն սերմն է։ Գեղջուկներն անգամ վեճ-կռվի ժամանակ ամաչել են սերմ բառը թափահարել իրենց գլխավերևում, էն էլ զենքի նման, թրի, սրի նման ցեց են ասել։
«Այ, ցեցը քեզ ուտի, հա՜...»։ Ցեցն եկել ու մեզ ուտում է։ Գոռում ենք, ճչում ենք, աղմկում ենք, անգամ Եվրադատարան ու արդարություն ու արդարադատություն ենք հիշում, բայց էս անտեր ցեցը կպել է ազգի ջանին (հողին, հացին, ամեն ինչին, ընտրովի մարդկանց), թե ես ձեր ցեցն եմ, իմ ցեցությունը պիտի անեմ։ Մինչև ե՞րբ։ Ցեցը լավ գիտե դինաստիական իր գործը։ Ցեցական իր գործը կանի, քանի վրան հալ կա, ապա, որպես ժառանգություն, կփոխանցի վստահելի իր ցեցին։ Ժողովրդի, երկրի վրա հալ կա, հալ չկա, դա կարևոր չէ։ Ցեցը կույր է սերմի նման, բայց սերմի նման աչքերը չի բացում։ Սերմն աչքերը ուշ է բացում, բայց բացում է։ Իսկ ցեցն իրենով է անում շա՜տ շատերին, հավատացնելով, որ բոլորը ցեց են, իր ցեցն են, և իր ցեցերն անելու են էն, ինչ ինքը` մեծ ցեցն է ուզում։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5539

Մեկնաբանություններ