«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Դիվանագիտությունը չունի ճշմարիտ խոսք, ունի իր շահերը պաշտպանելու քողարկված խոսքեր»

«Դիվանագիտությունը չունի ճշմարիտ խոսք, ունի իր շահերը պաշտպանելու քողարկված խոսքեր»
28.08.2009 | 00:00

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆՔ ՋԱՎԱԽՔԻՆ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Հայաստանի նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ վերջերս կարևոր մի առաքելությամբ ուղևորություն է կատարել դեպի Ախալցխա, որտեղից վերադարձել է ծանր տպավորություններով: Այդ ուղևորության մանրամասներին ենք անդրադառնում մեր զրույցի ընթացքում:
«ՄԵՐ ԱՅՑԸ ՉԿՐԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ»
-Պարոն Աղամյան, ի՞նչ նպատակով էիք մեկնել Ախալցխա և ի՞նչ բացահայտումներ արեցիք այնտեղ Ձեզ համար:
-Ես Ջավախքը լավ չգիտեի, ըստ երևույթին: Եվ զարմացած եմ, ուրախացած ու տխրած` միաժամանակ: Տխրած եմ, քանի որ նկատեցի, որ հայաբնակ այդ պատմական տարածքներում ապրող հայերը կտրված են մայր հայրենիքից, գուցե անգամ շատ ավելի են կտրված, քան Լոս Անջելեսում ապրող հայերը: Իսկ դա մեր սահմանն է, մեր պատմությունն է և չպիտի մատնվի անուշադրության: Այնտեղ իսկապես մեծ կարոտով էին սպասում Հայաստանից ժամանած պատվիրակությանը և մեծ ոգևորություն ապրեցին` մեզ հետ հանդիպելով: Մեր այցելության շարժառիթը Վարդգես Սուրենյանցի 150-ամյակի կապակցությամբ Ախալցխայում` իր տան մուտքի մոտ, հուշաքարի տեղադրումն էր: Իրականացնողը «Սովռանո» ընկերությունն էր՝ ի դեմս նրա նախագահ, բարերար Սոս Սահակյանի: Վերջինս ծնունդով ջավախեցի է: Նա էր հոգացել մեր բավական մեծ պատվիրակության այցելության հետ կապված բոլոր ծախսերը: Ես ափսոսում եմ, որ այդ պատվիրակության կազմում չկար որևէ հայ պաշտոնյա, ասենք, մշակույթի նախարարությունից, ինչը, մեղմ ասած, անհասկանալի է և զարմանք է հարուցում: Պատվիրակության կազմում էինք ես, Շահեն Խաչատրյանը, Գյումրիի մարզպետ Լիդա Նանյանը, գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, Վահագն Ստամբոլցյանը, այդ նախաձեռնության ոգեշնչող Գագիկ Գինոսյանը և ուրիշներ: Ախալցխայում մեզ միացավ նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Հ. Սիլվանյանը: Ախալցխայի և Ախալքալաքի միջև ընկած տարածքում լեռնային մի գյուղ կա, որ կոչվում է Դամալա: Մայրուղուց մոտ երեք-չորս կիլոմետր հեռու: Այս բնակավայրն աշխարհից կտրված մի տեղ է, որը 1830 թվականին հիմնադրել են էրզրումցի հայերը: Ընդամենը 28 փախստական ընտանիք է եղել այն ժամանակ, իսկ Խորհրդային Միության փլուզումից առաջ գյուղն ունեցել է մոտ 700 ընտանիք: Հիմա պակասել է այդ թիվը, շատերը մեկնել են Ռուսաստան` խոպան: Բայց գյուղը կա, կանգուն է, ունի դպրոց, եկեղեցի, որի խնամքն իր վրա է վերցրել Սոս Սահակյանը: Դամալայից ավելի վեր` սարերում, կա ևս մի կիսաքանդ հայկական եկեղեցի, ուր տանող ճանապարհ, որպես այդպիսին, պարզապես գոյություն չուներ: Ընդամենը գետի հունով ուղղորդվելով` որոշ մեքենաներ են կարողանում բարձրանալ մինչև այդ չքնաղ վայրը: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու այդտեղ պեղումներ չեն կատարվում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ վաղը-մյուս օրը Վրաստանը կանի այդ բանը, կգտնի (իրենց կարծիքով) մի վրացական հետք, ու մենք կկորցնենք ևս մի պատմական փաստ: Էս տխուր և ուրախ տպավորություններն էին մեզ համակել Ջավախքում:
-Չե՞ք կարծում, որ ջավախայության սոցիալական խնդիրներն առավելապես սրվել են նաև այսօրվա տնտեսական ճգնաժամի պատճառով:
-Երկօրյա այցելությունը շատ քիչ հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմելու համար: Բայց իմ մեջ այնպիսի տպավորություն չէր, թե տեսածս ճգնաժամի արդյունք է: Ինձ թվում է, որ այնտեղ վիճակը միշտ է եղել այդպիսին: Իհարկե, նկատվեցին նաև հուսադրող փաստեր: Օրինակ` բուռն ճանապարհաշինություն է իրականացվում այնտեղ, և շատ բարձր որակի: Սա գովելի է. կապ է ապահովվում Հայաստանի հետ: Միևնույն ժամանակ շինարարական ոլորտը նկատելի չէր ինչպես Հայաստանում: Նկատելի էր, որ Ախալցխան շատ ավելի աշխույժ, կենսունակ կյանքով է ապրում, քան Ախալքալաքը: Գուցե պատճառն այն է, որ Ախալցխայում բնակվող վրացիների քանակն օր օրի ավելանում է, իսկ Ախալքալաքում` ոչ այդքան: Սրանով է, գուցե, բացատրվում Վրաստանի կառավարության համեմատաբար մեծ ուշադրությունն Ախալցխայի նկատմամբ: Ախալցխայում փողոցներն ավելի մաքուր ու բարեկարգ էին, ավելի շատ էր աշխուժությունը: Իսկ հայերով բնակեցված Ախալքալաքում, ասես, կանգ էր առել պատմությունը: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ջանք չխնայի այնտեղի հայությանն օգնելու համար, անելու ամեն բան` հայերի ոտքն այնտեղ է՛լ ավելի ամրացնելու համար: Այնտեղ հայերը միշտ էլ ամուր են եղել: Տեսեք, թե ինչպիսի հանճարներ է տվել այդ հողը` Տերյան, Դեմիրճյան, Ջիվանի, նկարիչներ, զորավարներ: Հենց Ախալցխայի այն փողոցում, որտեղ ծնվել է Վարդգես Սուրենյանցը, մի քանի մետր հեռավորության վրա ծնվել են ևս երկու հայ հանճարներ` Հակոբ Կոջոյանը և Վահրամ Գայֆեջյանը: Սա կարծես օրհնված տարածք է, մի փոքր փողոցում (ժամանակին կոչվում էր Սաֆարյան, այժմ՝ Քեթևան թագուհու փողոց) միանգամից երեք հայ մեծ նկարիչ է ծնվել: Մենք իսկապես պիտի փայփայենք այդ տարածքում մեր պատմությունը, նրա հետ կապված թանկ հիշատակները:
«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՐՈՒՄ Է ՀԵՆՑ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ»
-Պարոն Աղամյան, անդրադառնալով ռուս-վրացական պատերազմի քննարկումներին, քաղաքական վերլուծաբանները տարաբնույթ մեկնաբանություններ են անում: Հաճախ է հնչում այն կարծիքը, թե Ամերիկան ուզում է Սաակաշվիլուն պաշտոնանկ անել` նրան, փաստորեն, դարձնելով քավության նոխազ այս արյունահեղության գործում: Վրաստանի նախագահի փոփոխությունը կարո՞ղ է նպաստավոր հետևանքներ ունենալ այդ հանրապետության վարչական տարածքում ապրող հայերի համար:
-Չեմ կարծում, թե ընդհանուր քաղաքականությունը Վրաստանում վարում է հենց Սաակաշվիլին: Այդպես չպետք է մտածել: Չպետք է կարծել, որ Սաակաշվիլուց հետո մեկ ուրիշի գալով հայերի կարգավիճակն այդ երկրում ավելի լավ կամ ավելի վատ է լինելու: Գուցե և հակառակը լինի: Ոչ մի նախադրյալ չկա` լավ բան սպասելու: Չեմ կարծում, թե Սաակաշվիլուց հետո մեկ ուրիշն այլ քաղաքականություն կվարի: Ախալքալաքում (որտեղ հիմնական բնակչությունը հայ է) և Ախալցխայում մարդիկ խոսում էին այն մասին, որ ուժային կառույցների պաշտոնյաները հիմնականում վրացիներ են: Ափսոսում եմ, որ մենք կարծես թե քիչ ենք ուշադրություն դարձնում Ջավախքին: Քիչ ենք խոսում, քիչ ենք հիշում այդ տարածքի մասին, այնինչ այնտեղ բնակվում է մոտ 150 հազար հայ: Սա փոքր թիվ չէ: Հիշենք Արցախը, որ բնակչությամբ ավելի փոքրաթիվ է, այսօր ունի ամուր պետականություն:
-Ռուսաստանում վերջերս անցկացված հասարակական հարցումի պատասխանները հուշում են, որ ռուս ժողովուրդն ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների լուծումը տեսնում է ազգերի ինքնորոշման իրավունքի ձևաչափում: Այսպես մտածող ժողովրդի պետական իշխանությունը կունենա՞ նույն դիրքորոշումն Արցախի կամ, եթե հարկ լինի, Ջավախքի հիմնահարցի միջազգային քննարկումներում:
-Ցանկալի է այդպես մտածել, բայց ո՞վ կարող է ասել, թե ինչ կլինի իրականում: Մի բան է ասելը, մեկ այլ բան` անելը: Եթե խոսքը վերաբերում է ոչ թե քո պետական շահերին, քո ազգին, այլ ուրիշին, մոտեցումները փոխվում են: Դիվանագիտությունը չունի ճշմարիտ խոսք, ունի իր շահերը պաշտպանելու քողարկված խոսքեր:
«ՀԱՃԱԽ ՇԱՏ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԱՆՁԵՐԻՆ»
-Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակվելու հանգամանքը կարո՞ղ է հայկական կողմի համար վատ հետևանքների հանգեցնել ղարաբաղյան հիմնահարցի քննարկումներում:
-Չեմ կարծում, թե հայերիս համար դրական բան կա Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում դեսպան նշանակվելու դեպքում: Չնայած մենք հաճախ շատ մեծ նշանակություն ենք տալիս անձերին: Բայց և չպետք է մոռանանք, որ այդ անձերը գլոբալ քաղաքականության իրականացնողներն են: Մեթյու Բրայզան այսպես կվարվի, թե այնպես, իրենից չի կախված: Թեև պիտի խոստովանենք, որ նրա ձեռքում շատ մեծ հնարավորություններ կան: Շատ բան է պայմանավորված նրանով, թե Մեթյու Բրայզան ինչպիսի տեղեկատվություն կցանկանա տեղ հասցնել:
-Նկատեցիք, որ Արցախն ամուր պետություն է: Բայց չմոռանանք, որ գերտերությունները չեն ցանկանում հաշվի նստել այդ փաստի հետ: Ինչպե՞ս է լուծվելու այս պարադոքսը:
-Ասելով, որ Արցախն ամուր պետություն է, պիտի հասկանանք, որ սա մի քիչ պայմանական է, հարաբերական: Այսքան փոքրաթիվ բնակչություն ունեցող պետության համար, իհարկե, Արցախն ամուր է և կայացած: Քրդերն աշխարհում գրեթե 40 միլիոն են, բայց չունեն իրենց պետությունը: Իսկ մենք Արցախի օրինակով կարող ենք ինքներս մեզ խրախուսել, ոգևորել, որովհետև փոքրաթիվ բնակչությամբ իսկապես ստեղծել ենք պետություն: Իսկ գերտերությունները դրա համար էլ կոչվում են «գեր», որովհետև, դժբախտաբար, նրանք են որոշում այսօր երկրագնդի վրա այս կամ այն փոքր ժողովրդի բախտը: Համենայն դեպս, փորձում են որոշել: Թե որքան է դա նրանց հաջողվում, կախված է նաև այդ փոքրաքանակ ժողովուրդների, փոքր պետությունների կամքից, միասնությունից, միակուռությունից:
-ՀՀ վարչապետն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը վերածել ակտիվ զբոսաշրջության գոտու: Սա իրատեսակա՞ն ծրագիր է` ըստ Ձեզ:
-Իհարկե, իրատեսական է: Մեզ ոչ ոք չի խանգարում նման փորձ անել: Կստացվի, թե չէ, կախված է մեր հնարավորություններից, մեր ուժերից, մեր ճկունությունից, մեր խելքից: Իհարկե, ուղղվածությունը ճիշտ է: Դրան պետք է ձգտել: Սա չի նշանակում, թե հենց մյուս տարի Ղարաբաղը լցվելու է զբոսաշրջիկներով, բայց հեռանկարային առումով այդ միտքն ինձ շատ դուր է գալիս:
«ԵՍ ՁԳՏՈՒՄ ԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԻՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻՆ ՀԱՐԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԵՆԱԼԵ»
-Ի՞նչ հարաբերությունների մեջ են ՀՀ կառավարությունն ու նկարիչների միությունը, եթե բնութագրելու լինենք ընդհանուր գծերով:
-Շատ դժվար հարց տվեցիք: Եթե ասենք, որ հարաբերություններ ընդհանրապես չկան, սխալ կլինի: Եթե ասենք, որ շատ գործնական են, էլի ճիշտ չի լինի: Հարցն ունի երկկողմանի պատասխան. և՛ դրականը կա, և՛ բացասականը:
-Փաստ է, որ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են ներկա լինում նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին:
-Եթե տեսնում եք իշխանությունների ներկայացուցիչներին մեր ցուցահանդեսների բացմանը, դա խոսում է այն մասին, որ, ամեն դեպքում, մենք ինչ-որ ուշադրության արժանանում ենք: Խոսում է նաև այն մասին, որ այստեղ եղող պաշտոնատար անձինք իրենց ներկայությամբ շեշտում են պետության վերաբերմունքը կերպարվեստի, ստեղծագործական միությունների նկատմամբ: Սա, իհարկե, դրական է: Բայց դժվարությունն այն է, որ շատ ուրիշ հարցերում (ընդ որում` բավական հեշտ լուծելի հարցերում) իշխանություններն ուշադիր չեն մեր նկատմամբ: Հիշենք արվեստանոցների գույքահարկի անհեթեթ, տարիներ շարունակ չլուծվող հարցը:
-Վերջերս նկարիչների միությունում բացվեց Ձեր անհատական ցուցահանդեսը: Ի՞նչ է սպասվում հետագա ստեղծագործական կյանքում:
-Ցուցահանդեսից հետո կարծես թե մի փոքր վակուում է գոյացել: Ընդհանրապես այդպես է լինում ինձ մոտ, սա առաջին դեպքը չէ: Կանգ եմ առնում, շունչ եմ քաշում և սկսում եմ գծել հետագա պլանները: Առաջիկայում ունեմ որոշակի ծրագրեր` կապված Ճապոնիայի հետ, երկիր, ուր քիչ է հայտնի Հայաստանը: Առայժմ անձամբ ինձ հետ է հաստատվում կապը, բայց հետագայում, հուսով եմ, այն կդառնա կապ հայ կերպարվեստի և Ճապոնիայի միջև: Հաջորդ ծրագիրը կապված է Տաշքենդի հետ, որտեղ հոկտեմբեր ամսին կմասնակցեմ հերթական Համաշխարհային բիենալեին: Երկու տարի առաջ էլ եմ մասնակցել այդ բիենալեին՝ 58 երկրների ներկայացուցիչների հետ: Ձգտում եմ նման մի բիենալե կազմակերպել հենց Հայաստանում, մեր տարածաշրջանում չի իրականացվում այդպիսի ծրագիր:
-Իսկ Գյումրիում կազմակերպվող բիենալե՞ն:
-Դա ես համարում եմ ավելի շատ բացասական, քան դրական երևույթ: Տեսել եմ, թե ինչ է ներկայացվում այդ բիենալեին: Հարցրեք առողջ մտածելակերպ ունեցող նկարիչներին, թե ինչպիսի տխրությամբ են իրենք ընդունում այդ բիենալեն, ինչպիսի հիասթափություն են ապրում օտարերկրացի մասնակիցների մակարդակի, նրանց ներկայացրած արվեստի որակի պատճառով: Թե ինչպիսի քայքայիչ նպատակ է կրում այդ բիենալեն, հարցի մի կողմն է: Բայց այն, որ մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է այդ ամենը, չեմ կարողանում հասկանալ: Երբ ես հարց եմ բարձրացնում Հայաստանում իսկապես հայ կերպարվեստի զարգացմանը նպաստող, հայ կերպարվեստին դրական լիցքեր հաղորդելու նպատակին ծառայող միջոցառումների մասին, առայժմ ստանում եմ մերժումներ կամ այնպիսի ֆինանսային կրճատումներ, որ անհնար է դարձնում իրականացումը: Իհարկե, բացատրությունն այն է, որ փող չկա:
Ես ձգտում եմ իրականացնել իր մտածելակերպով, իր պրոֆեսիոնալիզմով Հայաստանին, հայ ազգային կերպարվեստին հարիր միջազգային բարձր արվեստի բիենալե:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ