Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկը, ելնելով իր համոզմունքներից, որ դեմոկրատները վնասում են ԱՄՆ-ին, սկսել է ակտիվ սատարել ընդդիմադիր ուժին՝ Թրամփի ճամբարին: Եվ արդեն շուրջ 180 միլիոն դոլար է ծախսել իշխանությանն ընդդիմացող ուժին սատարելու համար: Դետալների մեջ չենք մտնում, մեզ առանձնապես դա հետաքրքիր չէ, այսինքն, ճիշտ և սխալ անելու գնահատականներ տալը մեր գործը չէ: Այստեղ էականը սեփական համոզմունքներ ունենալն է և դրանց համար որևէ քաղաքական ուժի սատարելը:
Հատկանշական է, որ սրանից հետո օրերս ԱՄՆ-ի իշխանությունները «հանկարծակի» պարզում են, որ Մասկը Պուտինի հետ հեռախոսազրույցներ է ունեցել: Եվ սա հանրայնացնում են ու սրանով հող են նախապատրաստում նրան ճնշելու ու ԹրամՓին աջակցությունը դադարեցնելու համար: Բայց, միևնույն է, նա շարունակում է իր բռնած գործը:
Հայաստանը աղետի մեջ՝ պետականությունը կորցնելու եզրին, մի մեծահարուստ հայ չգտնվեց իր ռեսուրսներից ընդդիմադիր ճամբարներից որևէ մեկին աջակցելու համար: Նույնիսկ վրացիները ժամանակին ունեցան այդպիսին:
Սրա պատճառը շատ խորքային է: Սրանք բոլորը (Հայաստանի ծագմամբ հայերի մասին է խոսքը) աֆերիստությամբ հարստացածներ են, այլ ոչ թե սեփական խելքով և ունակություններով կարողության տեր դարձածներ: Եվ նրանց համար չկա հայկական պետության գիտակցություն ու դրա կարևորություն: Իրենք կհնազանդվեն նույնիսկ այն դեպքում, երբ Փաշինյան ծագումով հայ օտարահպատակի փոխարեն լինի ինչ-որ փաշա, կարևորը՝ իրենց հարստությունը մնա, և իրենք իրենց բանկային հաշիվներին 9 և 10 նիշերով թվեր տեսնեն:
Հովհաննես Ավետիսյան