ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աշուն է գալու, թեժ է լինելու

Աշուն է գալու, թեժ է լինելու
20.06.2008 | 00:00

Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, դասական ձևակերպմամբ կոչվում է «մեծ դեպրեսիա»: Պրոգրեսիվ աշխարհն այն հաղթահարել է մեկ դար առաջ:
Ամառը մեզանում ոնց որ նույնքան դեպրեսիվ և թեժ է ստացվում, որքան գարունն էր, սակայն բոլոր հաշվարկներն աշնան վրա են:
Փորձագետները միանշանակ պնդում են` մինչև հոկտեմբեր Սերժ Սարգսյանն ստիպված կլինի փաստաթուղթ ստորագրել: Ղարաբաղի հաշվով: Կլինի` «շրջանակային», կես էջանոց, մեկ տողանոց. էական չէ. «մի բան կստորագրվի». ԱՄՆ-ը և Ալիևն էլ ընտրությունների կգնան այդ թուղթը ձեռներին: «Ա Պոլշա՞»` Ռուսաստանի հաշվով կհարցնեք դուք: Ռուսաստանն էլ դեմ չի լինի. պնդում են փորձագետները:
Սա է նաև պատճառը, որ ընդդիմադիրներն իրավիճակը պահում են լարված, որպեսզի աշնանը, եթե այնպես ստացվի` բանը հասնի «ստորագրելուն», կարողանան ա) հասնել իշխանափոխության, որպես մաքսիմում ծրագիր, բ) ստիպեն, որ Սերժը «խոսի» իրենց հետ, որպես մինիմում ծրագիր։ Այդպես էլ ասացին` «հիմա չէ, բայց աշնանը Սերժն ստիպված կլինի Լևոնի հետ խոսել»:
Այս «սցենարում» փորձագետները չեն բացառում նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ի դեպ. այս «տեսլականով» է ապրում հատկապես Ռոբերտ Քոչարյանը. նա կարծում է, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրի այդ «թուղթն» ու ստիպված կլինի հրաժարական տալ, որովհետև, ըստ նրա, ստորագրելու դեպքում ևս սպառնում է հրաժարականի ուրվականը` ա) փողոցից տուն չգնացող ընդդիմության, բ) քոչարյանական թիմի տորպեդահարման, գ) Ղարաբաղի կողմից անհամաձայնության, դ) Ռուսաստանի ճնշման տեսքերով:
ՈՒստի Քոչարյանն էլ իր հերթին` յուրովսան, ոտքի վրա է պահում սեփական զինակիցներին. Օսկանյանին, որը հիմնադրամ ստեղծելուն զուգընթաց առաջիկայում կկուսակցականացվի... պաուզան միանգամից ձգենք, Նյուտոնի երրորդ օրենքը` «ազդեցությունը հավասար է հակազդեցությանը» չափաբանելու համար. Օսկանյանի նկրտումները միանգամից խեղդվեցին օրորոցում. մերձսերժական միջավայրը կայծակնային արագությամբ հոգ տարավ, որպեսզի «պարզ» դառնա, թե ինչպես է պարոն Օսկանյանը «ոևէ» մեկի փողերը վերցրել ու` «հայդա Փարիզ»` նախընտրական պլատֆորմի համար օգտագործել. տես` հրաժարական տված «Հայաստան» հիմադրամի տնօրենի պատմությունը:
Քոչարյանական սցենարում է նաև հաջորդ զինակցի` Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալու գլխացավանքը: Այդ միայն առաջին հայացքից է թվում, թե Հովհաննեսն ու սեփական ամբիցիաների ձեռը հալումաշ լինող մերձակայքն են ցանկանալով ցանկանում ԱԺ աթոռակը: Դե` ոչ: Այդ աթոռակը մեկ անգամ արդեն օգնել է Քոչարյանին` դառնալու «միակ տղամարդ»` ի դեմս Խոսրով Հարությունյանի: Իսկ այսօր, երբ Քոչարյանն արդեն «անմիակ» է, «սպասվող» հրաժարականի դեպքում ԱԺ նախագահ «դարձած» Հովիկ Աբրահամյանը հանրապետության նախագահի պաշտոնակատար կդառնա, և ով, եթե ոչ «շտաբային» մեծ փորձառություն ունեցող Հովհաննեսը կօգնի պարոն «վոյինին»` հաղթանակով մուտք գործել նախագահական, լուսանցք մղելով փողոցում ամեն գնով պայքարի ելած ընդդիմությանը:
Բայց այս ամենին կրկին խառնվում է Նյուտոնը. պարզվում է` հակազդեցության օրենքը գործում է նույնիսկ Արտաշատում` ի դեմս ընտրական հանձնաժողովների նախագահների. նրանք բոյկոտում են պարոն Հովհաննեսին և հրաժարվում «նրա համար» աշխատել, կեղծիքներ կատարել: Իսկ սա հենց այնպես չի լինում. ուրեմն` ինչ-որ կետից բոյկոտը ղեկավարվում է:
Բայց Քոչարյանն այն տղամարդը չէ, որ նահանջի. հովիկենց միջավայրից արդեն իսկ «քսիֆ» է ուղարկվում առ այն, որ Հ. Աբրահամյանը, Ծառուկյան Գագոյի պես, դուրս կգա «կոալիցիայից», կդառնա ընդդիմադիր. Հովհաննեսը ՀՀԿ-ից կվերցնի իր մասնաբաժինը` կարիերիստ ջահելների, «չստացված» ալեհերների թիմը, ու դուրս կգա Հանրապետականից` հընթացս փոշիացում պարգևելով կուսակցությանը:
Ոնց տեսնում եք, ամառն ահագին թեժ է: Բայց ամենահետաքրքիր պարտիան, թերևս, ստացվեց ու դեռ կստացվի մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի «շրջակայքում»:
Այո, երբեք ու երբեք չի կարելի թերագնահատել Քոչարյանին. մինչ Սերժը դանդաղ շտապելու կոնֆիգուրացիայով հաշվարկում ու մտածում է, որ իր բախտը Ղարաբաղի հարցում կբերի այնքան, որքան բերեց Քոչարյանի բախտը, և «թղթի» ստորագրումը հազար ու մի պատճառով կհետաձգվի հենց միայն այն պատճառով, այս խնդրում այնքան տարամետ, այնքան հակոտնյա շահեր են բախվում, որ երբեք, և այն էլ` այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ դրանք քով քովի բերել: Հետն էլ Սերժը դանդաղում և ուշացնում է ներքաղաքական զարգացումներում երկխոսությունը ընդդիմության հետ և չի գնում լուրջ, արմատական քայլերի, այդ նույն ընթացքում Քոչարյանը` մեկ-երկու-մեկ-երկու. կարողանում է դեֆոլտի ենթարկել դեռ չստեղծված մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը: Այն հանձնաժողովը, որն արդեն իսկ հղել էր հարկավոր մեսիջները` ինչ էր անում օպերայի հրապարակում Գրիշա Սարկիսյանը, ով է տվել կրակելու հրամանը, նաև հիշեցրել էր, որ ուժայիններին դե-ֆակտո ղեկավարում է երկրի նախագահը` պարոն Քոչարյանը:
Եվ ուրեմն` հանձնաժողովը, փաստորեն կազմվեց բացառապես Քոչարյանի զինակիցներից. ՀՀԿ-ն այնտեղ ընդամենը 2 (երկո¯ւ) ձայն ունի, ու այլևս հարցական է` վերջնահաշվում ով մեղավոր «կնշանակվի»: Իսկ երբ հանձնաժողովի կազմը դիտելիս «փարդի հետևում» նկատում ես նաև Աղվան Հովսեփյանի սիլուետը` Լյովա Խաչատրյանի տեսքով (սա նա է, որը սիրում է առավոտները նստել սեփական բակի ավանակի քարե արձանի վրա ու սուրճ ըմպել, նաև նա է, ով պետք է միանար ընդդիմադիրներին` Աղվանի, իսկ իրականում` Քոչարյանի հորդորով, բայց միևնույն ժամանակ երաշխիքներ էր ուզում, որ իր հետ չպատահի այն, ինչ պատահեց Մյասնիկի ու Հակոբ Հակոբյանի հետ…), հասկանում ես, որ քոչարյանամերձները գործեցին շատ գրագետ ու օպերատիվ` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն` Լյովա Խաչատրյանով արդեն հինգ ձայն են: Իսկ ՕԵԿ-ը, ինչպես միշտ, միջակայքում է, ու դեռ հարց է` հոկտեմբերին, երբ կլսվի հանձնաժողովի զեկույցը, երբ ղարաբաղյան մորատորիումի ստորագրությունը կլինի օրակարգում, ո՞ւմ համար կղողանջի «ջահել, լեզվանի» Արթուրի զանգը: Ի դեպ, փորձագետները նույնքան ճապուկ են գնահատում նաև «Ժառանգության» պահվածքը` հետն էլ հռետորական հարց ուղղում` էդ ո՞նց է ստացվում, որ «Ժառանգությունն» ինչ անում է, Քոչարյանին ձեռնտու է:
Մենք չենք կիսում այդ հարցադրումը, երբեք չենք առնչում Քըրք Քըրքորյանին` Քոչարյանի լավ բարեկամին, վերջիններիս հետ, այլ ընդամենն արձանագրում ենք փորձագետների հարցը: Ի դեպ, վերջին շրջանում ինչ-որ բան այն չէր նաև արմատական ընդդիմության և «Ժառանգության» միջև, չնայած երկուսի խելամտությունն էլ հերիքեց, որպեսզի տան աղբը` դժգոհությունը, դուրս չգա:
Բայց Նյուտոնն էլի եկավ: Բանն այն է, որ այս հանձնաժողովի դեպքում ևս գործեց հակազդեցության օրենքը: ՈՒղիղ Քոչարյանի տնից` «և դու, Ադոնց» չափաբանությամբ. Ավետ Ադոնցը` Քոչարյանի աջ ձեռքն ԱԺ-ում, վերցրեց ու ասաց, որ մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովը չի ընդունի այնպիսի որոշում, որին համաձայն չի լինի հանձնաժողովին խորհրդակցական ձայնով մասնակցող ընդդիմադիր, հասարակական որևէ ներկայացուցիչ: Ավելին, երբ աշնանը կսկսեն «խոսել» Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, ամենևին էլ չի բացառվում, որ խորհրդակցական ձայնի մեջ ներառվեն այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք կատարում է ընդդիմադիրների հարանուն հանձնաժողովը. փաստորեն ելքը մասամբ գտնվել է: Բայց ամառը` աշնան խոստումով թեժ է ստացվում ոչ միայն ներսի մասով, այլև դրսի: Բանն այն է, որ դրսի աշխարհը նույնպես խաչակրաց արշավանք է սկսել: Այդ արշավանքն ունի երկու բևեռ. առաջինում է Քոչարյանը, երկրորդում, առայժմ անտեսանելի մասում` Սերժ Սարգսյանը, եթե նա չհասկանա հղված մեսիջներն ու նրանց ենթատեքստը, եթե վերջինս հրաժարվի ստորագրել վերը նշված փաստաթուղթը, ապա…
Նախ` մեջլիս մտավ Թերի Դևիսը. Թերին լիարժեք ֆրազներ արտաբերեց ու հասկացրեց, թե որտեղ են ձմեռում եվրոպական խեցգետինները: Ի դեպ, երբ Քոչարյանը Թերիին չէր ընդունել, արհամարհել, գնացել էր իր բան ու գործին, Դևիսն այն ժամանակ էլ արտաբերել էր «գեյ-պարադ» եզրույթը: Մի խոսքով, սագան Քոչարյանի և Թերիի միջև ավարտվեց` արձակելով Սերժ Սարգսյանի ձեռքերը` շատ հանգիստ «անարգանքի» սյունին գամել քոչարյանական Ամալյանին, ասել է` նույն իրեն` Քոչարյանին, իսկ աշնանը, երբ կնստեն խոսելու Տեր-Պերտրոսյանի հետ, խիղճը հանգիստ վերաբացել «Ա1+»-ը (վաղուց էր խոսվում` կամ բացվում են «Ա1+»-ն ու «Նոյյան տապան»-ը, կամ ստեղծում են նման ազատ մի հեռուստաընկերություն):
Քոչարյանին «համապատասխան» սյունին գամեց նաև ՀԲ վերջին զեկույցը` արձանագրելով, որ ոչ մի բարեփոխում էլ անցած տարիների ընթացքում չի իրականացվել: ՈՒ հենց էդ պահին «թարսի» պես էլ Հայաստանում էր Միջազգային արժութային հիմնադրամի աշխատանքային խումբը` Բրանկոյի (համարյա` Ֆրանկո) գլխավորությամբ, որն արձանագրեց` իրենք «վերի հափփի» բարեփոխչական սպասվելիք այն ծրագրերից, որ նախանշել է այսօրվա, այն է` Տիգրան Սարգսյանի կառավարությունը, աշնանը` «կխառնվեն» այդ ծրագրերին` ուժեղ կաջակցեն, հարկային մասով:
Սա համարենք ոստիկանության նվերը Անտառամեջ գյուղին. այն է` Տիգրան Սարգսյանի նյուտոնյան «պատասխանը»` վարչապետի, նախագահի աշնանային հովերով տառապող Քոչարյանին: Համապատասխանաբար` Միջազգային արժութային հիմնադրամի լուրջ աջակցությունը` աշնանը ծանր պրոբլեմների մեջ հայտնվող «նապառնիկ» Սարգսյանին` Սերժ, որն էլ, ասինք` մտածում է, որ իր բախտը կբերի, ու գերտերությունները չեն բարիշի Ղարաբաղի հարցում, ու ստորագրումը կհետաձգվի:
«Բերել-չբերելու» տիրույթը դուրս է մեր քննարկման ծիրից, մանավանդ որ չհամաձայնողական Ռուսաստանն անձամբ չի ասելու` «յիս իդ պարը չիմ պարել, չիմ պարում». գազ եմ ուզում Ադրբեջանից` ամբողջը և հիմա (այս խնդրին կանդրադառնանք առաջիկայում). բայց որ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում և Սերժ Սարգսյանն ու ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, խոշոր ներս ու դրսի-ելումուտի մեջ են, վիճարկելի չէ: Իսկ այդ ելումուտը հաստատ Հայաստանի սիրուն աչքերի, ներքաղաքական չդադարող լարվածության պատճառով չէ: Խիստ հասկանալի է` դուրսը այս ողջ շիլան եփել է բոլորովին այլ և առաջին հերթին` Ղարաբաղյան խնդրի միջանկյալ (խոսվում է շրջանակային պայմանագրի` հինգ շրջանների մասին, որից հետո խոսակցություն կգնա ԼՂ կարգավիճակի` հանրաքվեի, Լաչինի միջանցքի, Քելբաջարի ճակատագրի շուրջ) լուծման նպատակով:
Դիտենք պարադիգման. հուլիսի կեսերին Ֆրանսիա է մեկնել Լևոն Տեր-Պետրոսյանը. կարծում ենք` մամուլում տեղ գտած այցի նպատակների մասին վարկածները գոյության իրավունք ունեն, սակայն, որքան էլ տարօրինակ է, չի ասվում, որ թե ընդդիմության, թե իշխանության առաջին դեմքերի այցը դեպ Ֆրանսիա` նախ և առաջ ունի Ղարաբաղյան խնդրի քննարկման, սպասվելիք փաստաթղթի շուրջ կողմերի մոտեցումների ճշգրտման նպատակը: Չմոռանանք, որ Ֆրանսիան մշտապես եղել է ոչ միայն հայաստանյան, այսպես ասած` կուրատորը, այլև Ղարաբաղյան հարցի մենեջեր-կոնֆերանսիեն. այդ Ժակն էր` Շիրակ, որ կանչեց Քոչարյանին 97-ին, ասաց` համաձայն ենք, թող պալատական հեղաշրջում լինի, որպես ղարաբաղցի գաս ու` «դվա վ օդնոմ» կոնֆիգուրացիայով լուծես հարցը: Այդ Ժակն էր` քաղաքապետ եղած ժամանակ կաշառակերության մեջ մեղադրվող և մինչև հիմա գործը չկարճված, որ հետո էլ կանչեց Քոչարյանին ու արժանացրեց Պատվո լեգեոնի: Այդ Ժակն էր, որ հետո էլ եկավ Հայաստան ու ասաց. «Այ Ռոբերտ, էսքան ժամանակ քո հետևից «ֆռֆռում ենք», ամագ ենք տալիս, վրադ փող ենք ծախսում, թողնում ենք` սահմանադրություն խախտես, մի քիչ էլ` 27 եղավ ոնց որ ձեր երկրում, ողջ Հայաստանն` իր ակտիվներով դնես որդուդ` Սեդրակիդ գրպանը… ստորագրի` էդ անտեր թուղթը, գնամ»:
«Նետ», ասել էր Քոչարյանը, ու միակտղամարդ գլուխը հենել «պիվի» բաժակին, որը «մատուցանել» էր Պուտին Վլադիմիրը` Սոչիում:
Սա է: Անցանք առաջ: Չէ´, մի բան էլ հիշենք. Ֆրանսիան առաջակայում նախագահելու է ԵՄ-ում, ԵՄ-ն ու Ռուսաստանը վերսկսում են համագործակցության մեծ պայմանագրի քննարկումը, որը սառեցվել էր, քյասար ասենք` Պուտինի պատճառով, և հիմա` Մեդվեդևին քնքշությամբ վերաբերվող Եվրոպան մեծ խաղ է սկսում լիբերալի համբավ ունեցող երիտասարդ առաջնորդի հետ, որովհետև մեծ հույսեր է կապում նրա հետ:
Այսպիսով, հուլիսի կեսերին Փարիզ կմեկնի Սերժ Սարգսյանը, դրանից առաջ` հունիսի վերջին, կլինի Ռուսաստանում, Սերժին տեսնելուց, Ղարաբաղի շուրջ պայմանավորվելուց հետո, ըստ փորձագետների` հուլիսի 3-ին Բաքու կմեկնի Մեդվեդևը` Ալիևի հետ պայմանավորվելու (առաջիկայում սրան ևս կանդրադառնանք):
Հավարտ դիտենք դրսի էմիսարների հայաստանյան աժիոտաժի խրոնոմետրաժային պատկերը, հիշելով, որ մեկ ամսվա ընթացքում ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարները երկու անգամ կանչվեցին Բրյուսել, գրեթե նույնքան` Ռուսաստան: Գումարած` ղարաբաղյան իշխանական պատվիրակության այցերը Գերմանիա, Ռուսաստան` նույն այս օրերին: Այսպիսով, այս օրերին տեղի է ունենում ԵԽԽՎ նստաշրջանը: ԱՄՆ Կոնգրեսը լսում է Հայաստանին առնչվող հարցը, Դեն Ֆրիդն ասում է` Ղարաբաղյան ֆրոնտում պատերազմ չի լինի (ռուս փորձագետներն էլ «Ռեգնումում» հակառակն են ասում), ԱՄՆ Սենատում լսվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հարցը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գալիս են տարածաշրջան…
Լավ, մի անհանգստացեք, բուն զարգացումները լինելու են աշնանը։ Ձգեք գոտիներդ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5675

Մեկնաբանություններ