ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գործազրկությունը նվազո՞ւմ է

Գործազրկությունը նվազո՞ւմ է
04.07.2008 | 00:00

Աշխատանք փնտրող անձանց քանակը հանրապետությունում 2008 թ. հունիսի 1-ի դրությամբ կազմում է 91 հազար 600 մարդ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 11 հազար 100 մարդով (12.3%): Նրանց 83,4%-ը (կամ 76 հազար 400-ը) գործազուրկ է: Կանանց տեսակարար կշիռը շարունակում է մնալ բարձր և կազմում է գործազուրկների թվի 74,8%-ը կամ 57 հազար 100 մարդ): Աշխատանք փնտրողների թվաքանակում երիտասարդների (16-30 տարեկան) տեսակարար կշիռը կազմում է 19,8% (կամ 18146 մարդ), իսկ գործազուրկների թվաքանակում` 17,6% (կամ 13425 մարդ): Երիտասարդների շուրջ 9300-ն առաջին անգամ աշխատանք փնտրողներ են: Այս մասին «Իրավունք de facto»-ին տեղեկացրին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից։
Հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը տարեսկզբի նկատմամբ նվազել է 0,3 %-ով և կազմում է 6,4%: Այն միջինից բարձր է Սյունիքի՝ 14,1%, Շիրակի՝ 12,9%, Լոռու՝ 10,7%, Տավուշի` 8,5% մարզերում:
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 3289 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա համեմատ աճել է 483 մարդով (14,7 %): Աշխատանքի տեղավորվածների 58,7%-ը կանայք են, 20,8%-ը (683–ը)՝ երիտասարդներ, 8,7%-ը (285) ` 16-24 տարեկաններ:
Հաշվի առնելով առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը՝ «Զբաղվածության պետական ծառայությունը» պարբերաբար իրականացնում է մասնագիտական ուսուցման դասընթացներ, որոնք ուղղված են գործազուրկների, հաշմանդամների մասնագիտական որակավորման բարձրացմանը կամ վերամասնագիտացմանը: Տարեսկզբից 290 գործազուրկ և 10 հաշմանդամ ընդգրկվել է համակարգչային հաշվապահություն, կահույքագործ, կոշկագործ, տուրիստական օպերատոր, եթերի օպերատոր, հրուշակագործ, պահածոյագործ, մատուցող, խոհարար և այլ մասնագիտությամբ մասնագիտական ուսուցման դասընթացներում:
«Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկների և հաշմանդամների պետական աջակցություն» ծրագրով 19 գործազուրկի տրամադրվել է ֆինանսական աջակցություն:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրում ընդգրկվել է 60 անձ, որոնցից 17-ը՝ հաշմանդամ:
23 գործազուրկի համար ձևակերպվել է վաղաժամկետ կենսաթոշակ:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում մայիս ամսվա ընթացքում 1942 աշխատանք փնտրող ընդգրկվել է ժամանակավոր աշխատանքներում:
2008թ. հունիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստ է ստանում 17206 մարդ:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7295

Մեկնաբանություններ