ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Առնական պահվածքով ու արտաքինով տղամարդու իդեալը փոխարինվել է «փիսիկ տղամարդու» կերպարով»

«Առնական պահվածքով ու արտաքինով տղամարդու իդեալը փոխարինվել է «փիսիկ տղամարդու» կերպարով»
24.06.2008 | 00:00

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԱՐՎԵՍՏԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է` ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՍ, ԻՆՉ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՈՒՆԵՆԱՍ»
Մայիսի 27-ին թողարկվեց ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ նոր` վեցերորդ ձայնասկավառակը` «Ծիրանը»: Ձայնասկավառակը ձայնագրվել է Իտալիայի Միլան քաղաքի «Մուլտիֆլեքս» հայտնի ստուդիայի հետ համատեղ և, ըստ երգչի, համապատասխանում է միջազգային չափանիշերին ու նպաստում միջազգային շուկայում այս ձայնասկավառակի հաջող վաճառքին:
-Համլետ, մեր երգարվեստի ներկայացուցիչները բավարարվում են ներքին շուկայում ճանաչելի լինելո՞վ, թե՞ միջազգային շուկա դուրս գալու համար խանգարող հանգամանքներն են շատ:
- Կարծում եմ` խանգարող հանգամանքներն են շատ, որոնցից առաջինը ֆինանսական խնդիրն է: Անհրաժեշտ է նաև ունենալ միջազգային չափանիշերին համապատասխան երգեցողության տվյալներ, նորացված տեխնիկայով հագեցած ձայնագրման ստուդիաներ: Այս դեպքում վստահ եմ, որ մենք էլ չէինք զիջի միջազգային ճանաչում ունեցող այլազգի աստղերին: Չեմ ուզում ասել, որ ես շատ լավն եմ, այդ պատճառով ինձ հետ համագործակցեցին Իտալիայում: Պարզապես այսօր աշխարհում մեծ տեղ է հատկացվում պրոֆեսիոնալ դասական ու ժողովրդական ժանրերին` անկախ ազգային պատկանելությունից: Երբ «Armenian music center»-ի կողմից ամերիկյան «Sonicbids» ընկերության անցկացրած ինտերնետային մրցույթում ես որպես Հայաստանը ներկայացնող երգիչ աշխարհի 920 հազար պրոֆեսիոնալ երգիչների միջից հռչակվեցի «Ֆոլկի արքա», ևս մեկ անգամ համոզվեցի, որ պրոֆեսիոնալ արվեստը գնահատվում է` որտեղ էլ լինես, և ինչ ազգություն էլ ունենաս:
-Հայ էստրադայում մի տեսակ խառնաշփոթ է տիրում, երգում է` ով ուզում է, ինչպես ուզում է: Ինչպիսի՞ն է ներկայիս ժողովրդականը:
-Յուրաքանչյուր ժանր իր սկզբունքներն ունի, բայց այժմյան հայ էստրադայում շատերը կարողանում են «մատների արանքով» նայել այդ ժանրին և առաջ անցնել` իրենց հռչակելով այդ ժանրի երգիչ: Այս խնդիրը կա նաև ժողովրդական ժանրում, բայց ավելի քիչ, քանի որ էստրադային ժանրում հիմնականում նոր երգեր են գրվում ու երգվում, և չկա մի սահմանագիծ, որը հստակ պահանջներ դնի այդ երգիչների առջև, իսկ ժողովրդականում կա հիմք, աղբյուր, անգամ գրականություն, ըստ որի կարողանում ենք պահպանել հինն ու դրա հիման վրա մատուցել նորը: Այդ պատճառով է, որ ժողովրդականը համեմատաբար քիչ աղավաղված է: Ես այնքան էլ գոհ չեմ այսօրվա մեր երգարվեստից, բայց չեմ էլ ուզում դժգոհել: Երբեմն պետք է ջուրը լիովին պղտորվի, որ վերջնականապես զուլալվի: Անշուշտ, որակյալ գործեր կան, բայց քիչ են: Երգիչն իր երգերով պետք է ճիշտ ու բարձր ճաշակ ձևավորի հանդիսատեսի մեջ, այսօր դա պակասում է: Դա խոսում է նաև տվյալ երգչի ճաշակի մասին: Շատերը կարծում են, որ մի երգ կերգեն, իրենց կճանաչեն, ինքնագիր կխնդրեն, ու այդպես կյանքը հետաքրքիր կանցնի, և, ինչպես ասացի, այդպիսով պղտորում են մաքուր ջրերը` չմտածելով հետևանքների մասին:
-Ժողովրդական ժանրում ի՞նչն է պետք պահպանել:
-Առաջինը` երգելաոճը: Պետք է չաղավաղել և զգույշ մոտենալ այն երգերին, որոնք նախկինում երգվել են: Սա է ժողովրդական երգչի առաքելությունը:
- Ժողովրդական ժանրն այսօր ունի՞ համապատասխան լսարան:
-Այո: Չորս տարի առաջ, երբ ես սկսեցի «Ջեյրանը» երգել, ասում էին` շատ լավ երգ է, բայց ժողգործիքները չեն ընդունվի հանդիսատեսի կողմից, բայց ես համոզված էի, որ կընդունվի, եթե ճիշտ մատուցես: Այդպես էլ եղավ: Այսօր ավելի շատ է պրոպագանդվում ժողովրդական երգը, և վստահ եմ, որ իր դրական արդյունքը կունենա: Տարիներ առաջ այս ժանրը կարծես անուշադրության մատնվեց, և շատերը, հաշվի առնելով այդ հանգամանքը, սկսեցին երգել էստրադային ժանրում: Ես երբեք չեմ դավաճանել այս ժանրին, որովհետև ուզում էի ապացուցել, որ ժողովրդական ժանրը չի կարող անուշադրության մատնվել:
-Եթե հայ երգարվեստը բաժանենք փուլերի, ո՞ր փուլը կհամարեք երգը ճիշտ ներկայացնող ու ամենապրոֆեսիոնալ փուլը:
- Կարծում եմ` 70-80-ական թվականները, որովհետև այդ ժամանակ կար գեղարվեստական խորհուրդ, որտեղ պրոֆեսիոնալ կոմպոզիտորներն ու երաժշտագետները լսում ու գնահատում էին յուրաքանչյուր երգչի նոր կատարում, և նրանց ձեռքում էր այդ երգը հանդիսատեսին ներկայացնելու թույլտվությունը: Այդ ժամանակ, ի տարբերություն այսօրվա, տասնհինգ տարեկան երգիչը չէր կարող սեր կամ բաժանում երգել, և դա ճիշտ էր: Դա ոչ թե մարդու իրավունքների ոտնահարում էր, այլ ամեն ինչ իր չափի մեջ պահելու սկզբունք: Գեղխորհուրդը չէր անտեսում նաև կոմպոզիտորներին և նույն խստությամբ գնահատում էր նրանց նոր ստեղծագործությունները: Այսպիսով` ամեն ինչ վերահսկվում էր, ինչի արդյունքում էլ անորակը զիջում էր որակյալին: Այսօր ես ցավում եմ հատկապես ժողովրդի համար: Նա լսում է այն, ինչ մատուցվում է, և սխալ եմ համարում այն կարծիքը, թե ժողովուրդն է պահանջում այդ անճաշակությունը: Տարիներ առաջ, երբ տարածված չէին հեռուստասերիալները, ժողովուրդը չէ՞ր հասկանում` ինչ է ֆիլմը: Իհարկե հասկանում էր: Իսկ այսօր առանց սերիալների մարդկանց համար կյանքն անհետաքրքիր է դարձել: Ինձ համար ամենաանընդունելին, սակայն, այն է, երբ արական սեռի երգիչները «փիսիկի» պես քնքուշ ձայնով են երգում` իրենց երգին համապատասխանեցնելով նաև արտաքին տեսքը, ինչի պատճառով կարծես փոխվել է նաև մեր երիտասարդ աղջիկների իդեալը, և առնական պահվածքով ու արտաքինով տղամարդու երբեմնի իդեալը փոխարինվել է «փիսիկ տղամարդու» կերպարով:

Զրուցեց Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4918

Մեկնաբանություններ